Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Օսիա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ
Ху́ссар Ирыстоны автономон облæст
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կարգավիճակ Ինքնավար մարզ
Մտնում է Վրացական ԽՍՀ
Ներառում է Դզաուի, Զնաուրի, Լենինգորի, Ցխինվալի շրջաններ
Վարչկենտրոն Ցխինվալ
Հիմնական լեզու ռուսերեն, վրացերեն, օսերեն
Բնակչություն (1989)
98 527
(1,8 %)
Խտություն 131
Ազգային կազմ օսեր, վրացիներ, ռուսներ
Տարածք 3 900 կմ²
(5,6 %)
Tskhinval location in Georgia.png
Tskhinval location in SO.PNG
Հիմնադրված է 1922-1990 թ.
Պատմական շրջան(ներ) Ալանիա
Ժամային գոտի + 4
Հապավում Հարավ-օսական ԻՄ
Կոորդինատներ: 42°20′ հս․ լ. 44°0′ ավ. ե. / 42.333° հս․. լ. 44.000° ավ. ե. / 42.333; 44.000

Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ, (վրաց.՝ სამხრეთ ოსეთის ავტონომიური ოლქი, օսերեն՝ Ху́ссар Ирыстоны автономон облæст), վարչատարածքային միավոր Վրացական ԽՍՀ կազմում։ Ստեղծվել է 1922 թվականի ապրիլի 20-ին, կազմալուծվել 1990 թվականի դեկտեմբերի 11-ին։ Սահմանակից է ՌԽՖՍՀ Հյուսիսային Օսիայի ԻԽՍՀ-ին։

Մինչ կազմավորվելը մտնում էր Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921), ավելի վաղ՝ Ռուսական կայսրության Թիֆլիսի և Քութայիսի նահանգների մեջ։

Բնակչությունը կազմել է 98 527 մարդ (1989 թվականի համամիութենական մարդահամար[1]), մեծամասնությունը՝ օսեր։ Բնակչության 51 %-ը կամ 50 268 մարդ, բնակվել է քաղաքներում, գերազանցապես՝ մայրաքաղաք Ցխինվալում։ Ուներ մեկ քաղաք և 4 քտա։

Տարածությունը 3 900 կմ2 է։ Բաժանվում է 4 վարչական շրջանի։ Բաժանվում է 4 վարչատարածքային շրջանի կամ մունիցիպալիտետի՝ Դզաուի, Զնաուրի, Լենինգորի, Ցխինվալի։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Օսիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մեծ Կովկասի լեռնաշղթաները։

Հյուսիսում լեռնագագաթները հասնում են 3000-3500 մ և ավելի բարձրության (Խալացա լեռ, 3938 մ)։ Հարավային մասը, 700-900 մ բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հյուսիսային եզրամասը։ Մարզի տարածքի մոտ 90%-ը գտնվում է ավելի քան 1000 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման փոխվում է ըստ բարձրության՝ հարավում շոգ ամռանը հաջորդում է չափավոր ցուրտ ձմեռը (Ցխինվալիում ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 20,7 °C է, ամենացուրտ ամսվանը՝ - 1,5 °C), միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, իսկ ծայր հյուսիսում՝ ցուրտ կլիման, որտեղ տարեկան միջին ջերմաստիճանը 0 °C է։

Ջրագրություն և հողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան տեղումները 500-1000 մմ են։ Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա և այլն), ունեն հիդրոէներգիայի զգալի պաշարներ։ Առավել խոշոր լճերն են Կելիստբան և Էրցոն։ Նախալեռնային գոտում հիմնականում սևահողանման, ավելի բարձր՝ մուգ-գորշ լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողեր են։

Բուսական ու կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքի 48%-ը ծածկված է անտառներով ու թփուտներով։ Հիմնական ծառատեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, եղևնին։ Կենդանիներից կան գայլ, արջ, աղվես, լուսան և այլն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Օսիայի բնակչության մեծամասնությունը եղել և մնում են) օսերը, բնակվում են նաև վրացիներ, ռուսներ և այլք։ Միջին խտությունը 25.3 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 51% (1989)։ Բնակչությունը գլխավորապես կենտրոնացած է հարավային ցածրադիր և միջլեռնային մասերում։

Մարզում կա 1 քաղաք (Ցխինվալ) և 4 քտա (այդ թվում՝ Զավա կուրորտը)։

տեսարան մայրաքաղաք Ցխինվալից

Ստորև ներկայացվում է Հարավային Օսիայի ԻՄ բնակչությունը՝ հիմնադրումից մինչև լուծարումն ընկած ժամանակահատվածում[2]։

1926 1939 1959 1970 1979 1989
օսեր 60 351 (69,1 %) 72 266 (68,1 %) 63 698 (65,8 %) 66 073 (66,5 %) 65 077 (66,4 %) 65 232 (66,2 %)
վրացիներ 23 538 (26,9 %) 27 525 (25,9 %) 26 584 (27,5 %) 28 125 (28,3 %) 28 187 (28,8 %) 28 544 (28,9 %)
ռուսներ 0 157 (0,2 %) 2 111 (2,0 %) 2 380 (2,5 %) 1 574 (1,6 %) 2 046 (2,1 %) 2 128 (2,1 %)
հայեր 1 374 (1,6 %) 1 537 (1,4 %) 1 555 (1,6 %) 1 254 (1,3 %) 953 (1,0 %) 984 (1,0 %)
հրեաներ 1 739 (2,0 %) 1 979 (1,9 %) 1 723 (1,8 %) 1 485 (1,5 %) 654 (0,7 %) 396 (0,4 %)
այլ 216 (0,2 %) 700 (0,7 %) 867 (0,9 %) 910 (0,9 %) 1 071 (1,1 %) 1 242 (1,2 %)
Ընդհանուր 87 375 106 118 96 807 99 421 97 988 98 527

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականի հունվարի 1-ի տվյալներով Հարավային Օսիայում կար հիվանդանոցային 22 հիմնարկ՝ 1 400 մահճակալով (1000 բնակչին՝ 12,8 մահճակալ), աշխատում էին 334 բժիշկ (285 բնակչին՝ 1 բժիշկ)։ Գործում են Զավա կուրորտը, Բագիատի, Վեզուրա, Լեսե, Նագուտնի, Էիսի բալնեոլոգիական և կլիմայական բուժավայրերը, 7 առողջարան, հանգըստ- յան տուն։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917) Հարավային Օսիայի տարածքում կար 38 դպրոց (1 800 սովորող)։ Միջնակարգ, բարձրագույն ուսումնական հաստատություններ չեն եղել։

1977/78 ուսումնական տարում 182 հանրակրթական դպրոցներում սովորել են 24 000, 1 պրոֆտեխնիկական ուսումնարանում՝ 238, 4 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններում՝ 800 սովորող, Ցխինվալիի մանկավարժական ինստուտում՝ 2 000 ուսանող։

1976 թվականին 16 նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվել է ավելի քան 2 000 երեխա։ Ցխինվալում է գտնվում Վրացական ԽՍՀ ԳԱ Հարավային Օսիայի ԳՀԻ-ն։

Հարավային Օսիա գործում էր 1 թատրոն, 166 մասսայական գրադարան, 88 ակումբային հիմնարկ, 66 մշտական կինոսարքավորում։

Լույս են տեսնում «Սովետոն Իրիստոն» («Սովետական Օսեթիա», 1924 թվականից, օսերեն), «Սաբչոտա Օսեթի» («Սովետական Օսեթիա», 1933 թվականից, վրացերեն) մարզային թերթերը։ Մարզն ընդունում է կենտրոնական հեռուստատեսության 1-ին ծրագիրը։ Ռադիոն հաղորդումներ է տալիս համամիութենական, հանրապետական և տեղական ծրագրերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Օսիայի տարածքը բնակեցված է եղել հին քարի դարից։ Օսերի նախնիներ ալանների մի մասը մ. թ. 1-ին դարում մշտական բնակություն է հաստատել Կուրի վտակ Լյախվայի ավազանում։

Վաղ միջնադարում հարավային ալան-օսերն ու Թերեքի ափին (Հյուսիսային Կովկաս) նստակյաց կյանքի անցած նրանց ցեղակիցները միավորված էին մեկ միասնական ռազմաավատական կազմավորման մեջ։ 12-րդ դարում Վրաց թագավորությունն իր տիրապետությանը ենթարկեց Հարավային Օսիան, որը 1801 թվականին Վրաստանի կազմում միացավ Ռուսական կայսրությանը։

մ.թ.ա. 4-րդ դարում գտնված սկավառակ

Չնայած երկրամասում հաստատվեց գաղութային վարչակարգ, միացումն ունեցավ առաջադիմական նշանակություն. այն նպաստեց Հարավային Օսիայի սոցիալ-տնտեսական զարգացմանը, Ռուսաստանի մյուս քրիստոնյա ժողովուրդների հետ մշակութային կապերի ամրապնդմանը։ 19-րդ դարի առաջին կեսին ցարիզմի գաղութային քաղաքականությունը առաջ բերեց գյուղացիների զինված ելույթներ։ 1864 թվականին Հարավային Օսիայում վերացվեց ճորտատիրական իրավունքը, բայց գյուղացիները շարունակում էին կատարել ֆեոդալական պարհակներ։

19-րդ դարի վերջից Հարավային Օսիայում ազատագրական շարժումը տեղի էր ունենում բանվոր դասակարգի պայքարի ազդեցությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մենշևիկները Վրաստանում ստեղծեցին բուրժուական կառավարություն: Հարավային Օսիան անջատվեց Խորհրդային Ռուսաստանից։ Մենշևիկյան կառավարության տապալումից (1921 թվականի փետրվար) հետո Վրացական ԽՍՀ կազմում 1922 թվականի ապրիլի 20-ին կազմավորվեց Հարավային Օսիայի ԻՄ-ը։

Մինչպատերազմյան հնգամյակների տարիներին (1929-40) մարզում վերացվեց տնտեսական և մշակութային հետամնացությունը, ստեղծվեց տեղական արդյունաբերություն, կոլեկտիվացվեց գյուղատնտեսությունը։ Կուլտուրական հեղափոխության ընթացքում վերացվեցին տոհմատիրության մնացուկները, ձևավորվեցին բանվոր դասակարգի և մտավորականության ազգային կադրերը։ Օս ժողովուրդը կազմավորվեց որպես սոցիալիստական ազգ։

1941-45 թվականներին Հարավային Օսիան մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին։ Շուրջ 5 500 զինվորների շնորհվեցին կառավարական պարգևներ, 8 մարդ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։ 1950-70-ական թվականներին մարզի տնտեսությունը շարունակում էր հաջողությամբ զարգանալ։

Ձեռք բերած հաջողությունների համար մարզը 1967 թվականի օգոստոսին պարգևատրվել է Լենինի, 1972-ին (ի նշանավորումն Հարավային Օսիայի ԻՄ-ի կազմավորման 50-ամյակի)՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Օսիան ինդուստրիալ-ագրարային մարզ է։

Cart in Akhalgori.jpg

Արդյունաբերության ճյուղերից զարգացած են հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, փայտամշակումը, շինանյութերի (աղյուս, կղմինդր և այլն), սննդի, քիմիական արդյունաբերությունը։ Կառուցվել են մի շարք ՀԷԿ-եր Ցխինվալի, Կեխվայի, Լենինգորի և այլն։

Արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը կենտրոնացած է Ցխինվալում։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հանդակները կազմում են մարզի տարածքի 48%-ը (1976), վարելահողերը՝ 22 300 հա (1977)։ Գերակշռում են հացահատիկային կուլտուրաները (ցորեն, եգիպտացորեն և այլն)։ Լեռնային շրջաններում մշակում են կարտոֆիլ, ցածրադիր մասերում՝ բանջարաբոստանային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ։ Հարավ-արևելքում զարգացած են պտղաբուծությունն ու խաղողագործությունը։ Հողագործությունը ոռոգովի է (շուրջ 10 000 հա)։ Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է։ Բուծում են նաև խոշոր եղջերավոր անասուններ և խոզեր։ Զարգանում է թռչնաբուծությունը։

Հարավային Օսիան խճուղիներով կապված է Թբիլիսիի և Վրաստանի արևմտյան շրջանների հետ։ Երկաթուղով (33 կմ) Ցխինվալին միացած է Գորի կայարանին։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Օսիայի տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները էնեոլիթի դարաշրջանի պաշտամունքային կառույցների և բնակատեղիների ավերակներ են, Կոբանյան մշակույթի մետաղե և խեցեղեն իրեր։ Հարավային Օսիայի՝ հիմնականում Վրաստանի և Աբխազիայի ճարտարապետական դպրոցներին առնչվող միջնադարյան ճարտարապետության մեջ դրսևորվել են նաև տեղական շինարարական ավանդույթները (Արմազի, 864, Տիգվա, 1152, Իկորաա, 1172, քարաշեն, խաչաձև-գմբեթավոր տաճարները, 17-րդ դարի պալատ՝ Զագինա գյուղում)։

տեսարան Մեծ Կովկաս լեռնաշղթայից

18-19-րդ դարերի Հարավային Օսիայի ժող. բնակարանը հատակագծում ուղղանկյուն, հարթ ծածկի կենտրոնում՝ երդիկավոր, բրգաձև «գմբեթով» (գվիրգվինի) քարաշեն կառույց էր։ Դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերից են՝ ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունը, մետաղի գեղարվեստական մշակումը, փայտի փորագրությունը։ Բնորոշ են արծաթյա պատիճով ըմպեղջյուրները, փորագրազարդ զենքերը։

19-րդ դարի վերջին Կ. Լ. Խեթագուրովը սկզբնավորել է օսեթական հաստոցային գեղանկարչությունը և գրաֆիկան։ Խորհրդային շրջանում վերակառուցվում է Ցխինվալը, մեծ ծավալ է ստացել արդյունաբերական, կուլտուր-կենցաղային և բնակելի շենքերի շինարարությունը։

Նշանակալից է գեղանկարիչ Մ. Ս. Տուգանովի դերը Հարավային Օսիայի խորհրդային կերպարվեստի կազմավորման գործում։ 1950-80-ական թվականներին զարգանում են հաստոցային գեղանկարչությունը (Ա. Ի. Գասիև, Գ. Վ. Դոգուզով, Վ. Դ. Կոզաև, Ս. Վ. Մինասով, Բ. Ի. Սանակոև և ուրիշներ), դիմաքանդակը և մոնումենտալ քանդակագործությունը (Վ. Ն. Կոկոն, Վ. Դ. Քելեխսաե, Ա. Վ. Պլիե և ուրիշներ), մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը (Մ. Ի. Կոկոն և ուրիշներ), բեմանկարչությունը (Տ. Ա. Գագլոե, Ա. Գ. Զասեև, Ռ. Բ. Չոչին, և ուրիշներ), հաստոցային և գրքի ձևավորման գրաֆիկան (Ա. Դ. Վանեև, Ի, վ. Զեյրանաշվիլի, Ա. Մ. Սանժերովսկայա, Վ. Գ. Ցխովրեբով և ուրիշներ), դեկորատիվ-կիրառական արվեստը (Խ. Լ. Զասեև, Գ. Պ. Մամիտով, Մ. Ֆ. Գուբաև, Դ. Վ. Նիկոլեյշվիլի և ուրիշներ)։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսական լեզգինկա

Օսերեն առաջին սիրողական ներկայացումները բեմադրվել են 1904-ին, Թիֆլիսում և Օրջոնիկիձեում։ 1931 թվականին Ցխինվալիում ստեղծվել է պրոֆեսիոնալ թատրոն (1939 թվականին կոչվել է Կ. Լ. Խեթագուրովի անունով), ուր ներկայացվել է նրա «Դունյա» (1939) պիեսը և բեմականացվել «Ֆաթիմա» (1959) պոեմը։ Տեղացի հեղինակների հետ թատրոնն ստեղծել է ներկայացումներ՝ Շավլոխովի «Հովիվների ագարակը» (1940), Գագլոևի «Զալինա» (1956), Բրիտաևի «Ամրան» (1971)tևն։ Բեմադրվել են նաև ռուս և արտասահմանյան դասականների, խորհրդային դրամատուրգների պիեսներ։

Թատրոնի զարգացմանը նպաստել են Վրացական ԽՍՀ արտիստներ Ա. Մ. Զաթիևան, Զ. Ա. Գագլոևան, Ն. Զ. Չոչիևան, Դ. Ի. Մամիևը, Ի. Դ. Ցխվիրաշվիլին, ռեժիսորներ Զ. Չաբիևան, Վ. Մուրգուլիան, Դ. Կաբիսովը, Վ. Կաիրովը, նկարիչներ Մ. Ս. Տուգանովը, Տ. Ա. Դագլոևը, կոմպոզիտորներ Բ. Ա. Դալանը, Ն. Ի. Դուդիաշվիլին և ուրիշներ։ 1935 թվականին թատրոնի կազմի մեջ մտել է նաև վրաց. թատերախումբը։ Օսական թատերախմբի դերասաններից են (1977) Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ Դ. Տաուգազովը, Բ. Ա. Ցխովրեբովը, Ն. Զ. Չաբիևան, Վրացական ՍՍՀ և Հյուսիսային Օսիայի ԻԽՍՀ մի շարք վաստակավոր արտիստներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png