Քաղաքական աշխարհագրություն
Քաղաքական աշխարհագրություն, հասարակական աշխարհագրական գիտություն, որն ուսումնասիրում է քաղաքաաշխարհագրական երևույթների և գործընթացների տարածական ընդգրկման օրինաչափությունները:
Քաղաքական աշխարհագրության ուսումնասիրման օբյեկտներն են պետությունների.
- քաղաքական և պետական կարգի առանձնահատկությունները
- կառավարման համակարգը
- վարչատարածքային կառուցվածքը
- պետական տարածքների ձևավորման պատմությունը
- քաղաքաաշխարհագրական դիրքը և սահմանները
- բնակչության սոցիալական, կրոնական և ազգային կազմի ուսումնասիրությունը
- կուսակցությունները և քաղաքական ուժերը
- քաղաքական ընտրությունների աշխարհագրական առանձնահատկությունների բացահայտումը և այլն։
Քաղաքական աշխարհագրությունը գտնվում է տարբեր գիտությունների շփման գոտում, ինչի շնորհիվ սերտ կապեր ունի տարբեր հասարակական գիտությունների հետ։ Քաղաքագիտության, պատմության, հասարակագիտության, սոցիոլոգիայի, միջազգային և պետական իրավունքի հետ ունեցած կապերի շնորհիվ քաղաքական աշխարհագրությունը, արդեն իսկ, հասաարակական կյանքի բաղկացուցիչն է։ Միևնույն ժամանակ, այս գիտությունը ընդգրկված է աշխարհագրական գիտությունների կազմում, քանի որ հետազոտության նպատակներից են նաև սոցիալ-տնտեսական տարածաքային միավորների և դրանց բաղադրիչների միջև առկա կապերի ուսումնասիրությունը։
«Քաղաքական աշխարհագրություն» հասկացության հեղինակը 18-րդ դարի ֆրանսիացի տնտեսագետ և քաղաքական գործիչ Ժակ Տյուրգոն է[1]։ Ի սկզբանե, Տյուրգոն այդ ընդհանրական հասկացությունն օգտագործում էր ֆիզիկական և մշակութային աշխարհագրության ու քաղաքական գործընթացների միջև առկա կապերը բացատրելու նպատակով։ Որպես ինքնուրույն գիտություն, քաղաքական աշխարհագրությունն սկսել է զարգանալ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարկ է նշել, որ քաղաքական աշխարհագրության ծագման հիմքում ընկած է տնտեսական աշխարհագրությունը։ Սկզբնական շրջանում քաղաքական աշխարհագետները հետաքրքված էին ֆիզիկաաշխարհագրական, տարածքային, պետական կառավարման, ռազմական և քաղաքական բախումները բացահայտելով։ Մասնավորապես, գիտությունը սերտ կապված էր տարածաշրջանային աշխարհագրության հետ, որի պատճառով մեծ ուշադրություն էր դարձվում մարդու վրա բնական միջավայրի ազդեցության ուսումնասիրմանը։ Այդ ուղղվածությունը իր արձագանքը գտավ գերմանացի աշխարհագետ Ֆրիդրիխ Ռատցելի «գերմ.՝ Politische Geographie» աշխատության մեջ, 1897 թվական[2]։ Իր գրքում Ռատցելը զարգացրեց կենսատարածք հասկացությունը՝ պետության մշակութային զարգացումը կապելով տարածքային էքսպանսիայի՝ նոր տարածությունների տիրանալու քաղաքականության հետ։ 1930-ական թվականներին այս գիրքը դարձավ Գերմանական Երրորդ ռայխի գործողություններն արդարացնող ակադեմիական ձեռնարկը։
Հետազոտողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտասահմանյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական աշխարհագրության մեթդաբանությունը հենվում է աշխարհագրական, և հատկապես՝ քարտեզագրական մեթոդի վրա։ Գիտության տեսության զարգացմանը նպաստել են քաղաքաաշխարհագրական մտածողության հիմնադիր Կարլ Ռիտտերի աշխատությունները։ Իր աշխատություններում Ռիտտերը համադրում էր բնության և մարդկության զարգացման պատմությունները, ինչն էլ հիմք հանդիսացավ անթրոպոգեոգրաֆիա՝ մարդու աշխարհագրություն, գիտության ձևավորմանը։ Ի դեպ, Ռիտտերի այդ գաղափարը հետագայում զարգացրեց Ռատցելը։ Ռատցելը Գաղութային կոմիտեի անդամ էր, ակտիվ պաշտպանում էր Գերմանիայի գաղութատիրական կայսրություն ստեղծելու գաղափարը՝ կարևորելով Գերմանիայի տեղը և դերը աշխարհում[3]։ Միևնույն ժամանակ Ռատցելը հրապարակեց մի քանի աշխատություններ, որտեղ անդրադառնում էր քաղաքաաշխարհագրական հետազոտություններին և զարգացումներին։ Մեծ արժեք են ներկայացնում «Քաղաքական տարածության ուսումնասիրություն» (1895 թվական), «Պետությունը և հողը»(1886 թվական), «Քաղաքական աշխարհագրություն. պետությունների, առևտրի և պատերազմների աշխարհագրություն»(1897 թվական) աշխատությունները։ Իր «Քաղաքական աշխարհագրություն» աշխատության մեջ, աշխարհագրական պայմանների և երևույթների օրինակով, նա բացատրում էր պետությունների ներքին և արտաքին քաղաքականությունների տարբերությունները, միջազգային հարաբերությունները և կոնֆլիկտները՝ մեծ ազդեցություն ունենալով քաղաքաաշխարհագրական մտածողության զարգացման վրա։
20-րդ դարի սկզբին, քաղաքաաշխարհագրության զարգացմանը մեծապես նպաստել են հայտնի սոցիալոգ և աշխարհագետ, ֆրանսիացի Կարլ Ադոլֆ Զիգֆրիդի հետազոտությունները։ Զիգֆրիդը նաև համարվում է Էլեկտորալ կամ Ընտրության աշխարհագրության ուսումնասիրման մեթոդիկայում բնական ընտրության մոդելի կիրառման հեղինակը[4]։ Այդ մեթոդի միջոցով նա բացատրում էր ընտրողների խմբերի նախասիրությունները՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական, պատմամշակութային և բնական գործոններով։ Զիգֆրիդը ընդգծում էր, որ հնարավոր չէ բացատրել և կանխատեսել տարբեր շրջաններում ընտրությունների արդյունքը՝ պայմանավորված տարբեր բնական և հասարակական գործոնների ազդեցությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայն տարածում գտավ ամերիկացի աշխարհագետ Ռիչարդ Հարթսհորնի հայեցակարգը, ըստ որի ցանկացած պետության կայունությունը և ամբողջականությունը կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ կան «կենտրոնաձիգ» և «կենտրոնախույս» ուժերը հավասարակշռող գործիքներ։ Ըստ նրա, այդ պայմանը հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ հասարակության մեջ կա ազգային ինքնագիտակցում, պետական սահմանները պաշտպանելու և նախկինում կորցրած տարածքները վերադարձնելու ձգտում։ Այս «ազգային գաղափար» համարվող հայեցակարգը հայտնի դարձավ Իրրեդենտիզմ անունը (իտալ.՝ irredento,ռուս.՝ ирредентизм):
Մինչև 1970-ական թվականները նկատվում էր քաղաքական աշխարհագրության նկատմամբ հետաքրքրության անկում, որի պատճառով գիտական ուսումնասիրություններ գրեթե չէին իրականացվում։ Սակայն 1975 թվականից գիտության զարգացումը կրկին թափ առավ՝ ձեռք բերելով մեծ հեղինակություն, իսկ հետազոտություններին ուղղված ֆինանսական ներդրումները կրկին աճեցին։ Սկսեցին թողարկվել թեմատիկ ամսագրեր, գիտական մենագրություններ, հոդվածներ, ատլասներ և տեղեկատուներ։ Վերջին 30-40 տարում Քաղաքական աշխարհագրությունը ընդարձակվեց՝ ընդգրկելով քաղաքական երկրագրություն, ընտրությունների աշխարհագրություն, լիմոլոգիա (գիտություն պետական սահմանների մասին), քաղաքական տարածաշրջանային (տեղական ինքնակառավարման, վարչատարածքային բաժանման մասին), քաղաքական կոնֆլիկտոլոգիա և աշխարհաքաղաքականություն գիտությունները։
Ռուս հետազոտողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում «քաղաքական աշխարհագրություն» հասկացությունը առաջին անգամ առաջարկել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսորներ Հ.Վինցհեյմը և Գ.Կրաֆտը։ Ավելի ուշ, իրենց աշխատություններում հասկացությունն օգտագործել են Վ. Տատիշևը և Մ. Լոմոնոսովը։ 1758-72 թվականին լույս տեսավ «Քաղաքական աշխարհագրություն» վերնագրով առաջին դասագիրքը, որի հեղինակներն էին Ի.Գրեչը և Ս.Նակովալնին։ 18-19րդ դարերում քաղաքաաշխարհագրական հարցերն իրենց արտացոլումն են գտել Ա.Ռադիշևի, Պ.Չելիշևի, Կ.Արսենևի, Կ.Գերմանի և Պ.Սեմյոնով Տյանշանսկու աշխատություններում։
Սովետական շրջանում քաղաքաաշխարհագրական մտածողության զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել Կ.Մարքսը, Ֆ.Էնգելսը և Վ.Ի.Լենինը։ Հատկապես կարևոր են Լենինի աշխատությունները. «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» (1899), «Հողագործության մեջ կապիտալիզմի զարգացման օրենքներին վերաբերող նոր տվյալներ» (1915), «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի զարգացման բարձրագույն աստիճան» (1916), «Պետությունը և հեղափոխությունը» (1917) և այլն։ Նա առաջինն էր, ով մանրամասն անդրադարձել է Ռուսաստանի վարչատարածքային բաժանմանը, հիմնավորել տնտեսական շրջանացում կատարելու անհրաժեշտությունը, անդրադարձել է ԱՄՆ տնտեսական շրջանացմանը (արդյունաբերական հյուսիս, գաղութացված արևմուտք և ստրկատիրական հարավ):
Իր աշխատություններում Լենինը տնտեսական շրջանը ներկայացրել է որպես նյութական արտադրության հետ անմիջապես կապ ունեցող պատմահասարակական կատեգորիա։
ԲՈՒՀ-երի ուսանողների համար նախատեսված ռուսական առաջին լուրջ գիտական աշխատությունը գրվել է աշխարհագետ Մարկ Գոլուբչիկի կողմից, որը հրատարակվել է 1998 թվականին[5][6]։
Սովետական և ռուսական քաղաքաաշխարհագրական գիտության զարգացման մեջ նաև մեծ ներդրում են ունեցել Վ.Կոլոսովը (Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Աշխարհագրական ֆակուլտետ), Ա.Լուկյանովը, Ռ.Տուրովսկին. Ն.Միրոնենկոն (Մոսկվայի պետական համալսարան, Աշխարհագրական ֆակուլտետ), Ն.Կալեդինը(Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան), Կ.Ակսյոնովը(Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան) և այլք։ Իրենց աշխատություններում նրանք ցույց են տվել պետության և շրջանի քաղաքաաշխարհագրական դիրքի ազդեցությունը բնակչության տարաբնակեցման, արտադրական ուժերի զարգացման և տեղաբաշխման վրա։ Իսկ քարտեզագրման ժամանակ, որպես հիմք էին ընդունել պետությունների հետևյալ խմբավորումը. սոցիալիստական, զարգացած կապիտալիստական, զարգացող, զարգացող՝ սոցիալիստական ուղղվածության և այլն։ Սովետական աշխարհագետները քաղաքական քարտեզը դիտարկում էին որպես տնտեսական աշխարհագրության անբաժանելի մաս, իսկ որոշ գիտնականներ քաղաքական աշխարհագրությունը համարում էին ինքնուրույն գիտություն, որը կապված է տնտեսական աշխարհագրության հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ТЮРГО • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Ratzel, Friedrich (1897). «Politische Geographie». R. Oldenbourg. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Моро-Дефарж Ф. Введение в геополитику. Глава 3». grachev62.narod.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «ЭЛЕКТОРАЛЬНАЯ ГЕОГРАФИЯ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Мордовский государственный университет имени Н. П. Огарева». www.mrsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Учебное пособие». StudFiles (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://economicus.ru/cgi-ise/gallery/frame_rightn.pl?type=in&links=./in/turgot/brief/turgot_b1.txt&img=brief.gif&name=turgot https://www.spektrum.de/lexikon/geographie/politische-geographie/6127 https://www.geopolitica.ru/article/fratcel https://www.electoralgeography.com/ru/articles/ http://socialarea-journal.ru/article/2185/full
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքական աշխարհագրություն» հոդվածին։ |
|