Հին Հռոմի սոցիալական դասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնը՝ արքունական պաշտոնյային բնորոշ յուրօրինակ տոգայով։ Հին Հռոմի սոցիալական դասերն առավել վառ առտահայտված էին քաղաքացիների վերնահագուստների մեջ։

Հին Հռոմի սոցիալական դասեր, հռոմեական քաղաքային կյանքի անբաժանելի մաս կազմող հասարակական աստիճանակարգություն։ Ազատ հռոմեացիները բաժանվում էին մի քանի դասերի՝ կախված ծագումից և գույքային վիճակից։ Որոշ դասերի ներկայացուցիչներ չունեին քաղաքացիության իրավունք, բայց և այնպես օժտված էին մի շարք տարրական իրավունքներով, որոնցից անմասն չէին մնացել անգամ ստրուկները։

Պատրիկներ և պլեբեյներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմում սոցիալական դասերի տարանջատված լինելու ամենավառ դրսևորումը պատրիկների և պլեբեյների օրինակն է։ Քաղաք-պետության հիմնադիր Հռոմուլոսից սերող պատրիկները զբաղեցնում էին Հանրապետական Հռոմի կառավարչական վերնախավը՝ պետական կառավարումը համարելով իրենց անքակտելի մենաշնորհը[1]։ Ի տարբերություն պատրիկների՝ պլեբեյները, ովքեր ներկայացնում էին Հռոմի միջին և ստորին խավերը, ստիպված էին իրենց իրավունքները ձեռք բերել պայքարի եղանակով։ Նրանք ծառայում էին հռոմեական բանակում, սակայն ի տարբերություն պատրիկների՝ գրավված տարածքներից հողաբաժին չէին ստանում։ Արգելվում էր նաև այս երկու խավերի ներկայացուցիչների ամուսնությունը։ Հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված է Հին Հռոմի պատմության մեջ իր ուրույն նշանակությունն ունեցող պատրիկների և պլեբեյների պայքարի ժամանակաշրջանը, որը փաստացիորեն սկսվել է մ․թ․ա․ 494 թվականին՝ նախկինում եղած հակասությունների հիման վրա։ Այդ տարում քաղաքի պլեբեյները լքում են Հռոմը՝ հաստատվելով մոտակա բլրի վրա։ Առանց աշխատուժի և զինուժի մնացած Հռոմի աշխարհահամակարգերը ճգնաժամ են ապրում և երկրում սկսվում է ներքաղաքական հակասություններ։ Այս ամենի հիման վրա պատրիկները ստիպված եղան որոշակի զիջումների գնալ՝ ի շահ պլեբեյների։ Պլեբեյներին իրավունք վերապահվեց ամեն տարի ընտրելու սենատորական հատուկ պաշտոնյաներ, որոնք Հին Հռոմում կոչվում էին ժողովրդական տրիբուններ։

Յուրաքանչյուր պլեբեյ կարող էր դիմել դիմել տրիբունին՝ իր իրավունքների օժանդակման և պաշտպանության պահանջով։ Տրիբունը որպես պետական մարմին ուներ օրենսդրական լիազորությունների լայն շրջանակ։ Վերջինս իրավունք ուներ արգելք դնել կոնսուլների և անգամ սենատի ընդունած որոշումների վրա, երե դրանք սահմանափակում էին ստորին դասի իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Չնայած այս համակարգի իրավաչափությանն ու տեսակարար լիարժեքությանը՝ այն չէր կարողանում լիարժեքորեն պահպանել երկրի աստիճանակարգային հավասարակշռությունը։ Մ․թ․ա․ 451 թվականին պլեբեյների կողմից ընտրված տասանձնյա խորհուրդը կազմում է գրավոր օրենքներ, որոնք փորագրվում են 12 պղնձե սալիկների վրա և դրվում Հռոմի ֆորումում։ Նոր ընդունված օրենքները պաշտպանում էին պլեբեյների բնական իրավունքները, հիմնարար ազատությունները, անձնական և սեփականության անձեռնմխելիությունը, իսկ այս ամենի դեմ ուղղված քայլեր իրականացնողների համար սահմանում էր մահապատիժ։ Մ․թ․ա․ 3-րդ դարը նշանավորվում է դարակազմիկ այս պայքարի ավարտով։ Պլեբեյները հասնում են լիակատար հաղթանակի՝ պատրիկների հետ հայտվելով սոցիալական աստիճանակարգության միևնույն սանդղակի վրա։ Պլեբեյները ճանաչվում են Հռոմի լիիրավ քաղաքացի, իսկ նույն օրինագծի երկրորդ մասով Հռոմում վերացավ քաղաքացիների ստրկությունը՝ սահմանելով, որ ստրուկ կարող է լինել միայն օտարը։ Այսպիսով՝ պատրիկներն ու պլեբեյները ձևավորում են Հռոմեական պետության բնակչությունը։ Քաղաքացու դիրքը շուտով հասարակության մեջ սկսում է որոշվել ծագումնաբանությամբ, այլև ունեցվածքով։ Երկրի ամենահարուստ դասակարգը նոբիլիտետն էր, որը կազմված էր պատրիկներից և պլեբեյներից։ Հեծյալների միջին դասակարգն իր մեջ էր ներառում առևտրականներին, վաշխառուներին և նավատերերին։ Հռոմի հասարակ քաղաքացիներին՝ գյուղացիներին և արհեստավորներին, սկսեցին անվանել պլեբս՝ ժողովուրդ։ Հռոմի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար էին։

Քաղաքացիություն չունեցող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմում կանայք քաղաքացիության իրավունք չունեինք, սակայն ծնվում էին ազատ։ Նախքան ամուսնական կապերի հաստատումը՝ յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ պատկանում է իր հորական կողմից սոցիալական դասին։ Ամուսնությունից հետո կինը սկսում է պատկանել իր ամուսնու սոցիալական դասին։ Ազատ կանայք կարող էին ամուսնանալ, բայց ոչ սենատորների և հեծյալների հետ։ Ինչպես կանայք, այդպես էլ օտար պետությունների քաղաքացիները Հռոմեական Հանրապետությունում (հետագայում՝ կայսրությունում) իրավունքներ չունեին, սակայն ունեին հիմնարար ազատություններ։ Կայսրության տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակություն հաստատած օտարերկրյա պետությունների քաղաքացիենրը հայտնի էին պերեգրինսներ անվանումով։ Հին Հռոմի բանակը մեծ մասամբ կազմվում էր ազատագրված ստրուկներից, որոնք հռոմեական իրավունքի ներգործությամբ վերածվել էին հասարակ քաղաքացու։ Նրանց երեխաներն անկախ ծագումից ծնվելու էին որպես Հռոմի լիարժեք քաղաքացիներ (կայսրության ժամանակահատվածում): Ողջ հանրապետությունում նրանց կարգավիճակը փոխվում էր սերնդե սերունդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հին աշխարհի պատմություն», գեղ․ խմբագիր՝ Ա․ Բաղդասարյան, սրբագրիչ՝ Ն․ Փարսադանյան, հեղինակներ՝ Ա․Վ․ Քոսյան, Ա․Է․ Խաչիկյան, «Զանգակ» հրատարակչություն, Երևան