Իրավունքի աղբյուրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իրավունքի աղբյուրը իրավական նորմերի արտահայտման ձևն է, որն ունի համընդհանուր բնույթ: «Իրավունքի աղբյուր» տերմինը առաջացել է հռոմեական իրավունքում: Հռոմեացի պատմաբան Տիտոս Լիվիոսը Տասներկու աղյուսակները անվանել է մասնավոր և հանրային իրավունքի աղբյուր:[1]: Այստեղ Տիտոս Լիվիոսը «աղբյուր» տերմինն օգտագործել է արմատ իմաստով, որից ծաղկել է հռոմեական իրավունքի ծառը, այսինքն` այն սկիզբը, որից սկսել է հռոմեական իրավունքի զարգացումը[2]:

Հռոմի XII աղյուսակները

Իրավունքի աղբյուրների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներպետական իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի աղբյուրների տեսակները բազմազան են, կախված թե որ իրավական ընտանիքին է պատկանում տվյալ պետությունը: Պատմականորեն իրավագիտությանը հայտնի բազմաթիվ իրավունքի աղբյուրների տեսակներից, այժմ առավել կարևոր և ավելի տարածված են իրավական սովորույթը, նորմատիվ-իրավական ակտը, պայմանագրերը, դատական նախադեպերը և այլն: Մի շարք պետություններում իրավունքի աղբյուրների թվին է դասվում նաև կրոնական տեքստեր պարունակող գրքերը, օրինակ` Ղուրան, Տանախ և այլն: Հռոմեական իրավունքի զարգացման ուշ շրջանում իրավունքի աղբյուր էր հանդիսանում նաև հռոմեական իրավաբանների գործունեությունը, Մագիստրների էդիկտները և այլն[3]:

Միջազգային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային իրավունքի աղբյուրները թվարկված են Արդարադատության Միջազգային դատարանի կանոնադրության մեջ [1], ըստ որի Դատարանը, որը պարտավոր է իրեն հանձնված վեճերը կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա, կիրառում է.

  • ա) միջազգային կոնվենցիաները, ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ, որոնք սահմանում են վիճող պետությունների կողմից հստակորեն ճանաչված կանոններ,
  • բ) միջազգային սովորույթը` որպես համընդհանուր պրակտիկայի ապացույց` ճանաչված որպես իրավական նորմ,
  • գ) քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքները,
  • դ) 59-րդ հոդվածում նշված վերապահումով` տարբեր ազգությունների հանրային իրավունքի բնագավառի առավել որակյալ մասնագետների դատական որոշումները եւ հայեցակարգերը` որպես օժանդակ միջոց իրավական նորմերի սահմանման համար:

Իրավունքի աղբյուրների աստիճանակարգումը(հիերարխիան) ՀՀ իրավական համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի աղբյուրների դասակարգումը վերաբերվում է նորմատիվ իրավական ակտերին, որոնք դասակարգվում են 2 խմբի` օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր: Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի օրենսդրական ակտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտերը` Սահմանադրություն, սահմանադրական օրենքներ եւ օրենքներ: Նույն օրենքի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է հանդիսանում Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերը[4]։ Այս դասակարգման հիմքում ընկած է ակտի իրավական ուժը: Օրենքներն իրենց հերթին լինում են` սահմանադրական և ընթացիկ: Սահմանադրական օրենքների մեջ ներառված են պետությունների սահմանադրությունները, սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները և այն օրենքները, որոնք նախատեսված են սահմանադրությամբ: ՀՀ իրավական համակարգի առավել մեծ իրավաբանակ ուժ ունեցող օրենքը (գերագույն օրենք) հանդիսանում է ՀՀ Սահմանադրությունը: Այն օրենքները, որոնք սահմանադրական չեն, հանդիսանում են ընթացիկ կամ հասարակ օրենքներ[5]:

ՀՀ իրավական համակարգում կարևոր դեր ունեն միջազգային պայմանագրերը, հռչակագրերը և այլ փաստաթղթերը: Բոլոր օրենքները և ենթաօրենսդրական ակտերը պետք է համապատասխան են Միջազգային պայմանագրերին և ՀՀ Սահմանադրությանը, իսկ Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխան են ՀՀ Սահմանադրությանը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ միջազգային հանրային իրավունքի նորմերով (այսուհետ՝ միջազգային իրավունք) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության եւ միջազգային իրավունքի սուբյեկտի, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպության կամ միավորման միջեւ ստորագրված եւ սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած եւ Հայաստանի Հանրապետության համար պարտադիր դարձած գրավոր համաձայնություն է, որը տվյալ միջազգային պայմանագրով որոշված կարգավորման առարկայի առնչությամբ պայմանագրի կողմերի համար սահմանում է իրավունքներ եւ պարտականություններ, փոփոխում կամ դադարեցնում է դրանք։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաեւ ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագիրը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է սույն օրենքով եւ միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով։ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում նաեւ սույն օրենքով սահմանված կարգով կնքված միջազգային պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին պայմանագիրը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. fons omnis publici privatique iuris,Livy XII, 34
  2. Римское право. Учебник (2018) // Новицкий И. Б, էջ 12
  3. Римское право. Учебник (2018) // Новицкий И. Б, բաժին 1
  4. հոդված 2 . «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, ընդունված 21.03.2018
  5. Теория государства и права. Марченко М.Н.
  6. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, 22.02.2007