Հռոմեա-պարսկական պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռոմեա-պարսկական պատերազմներ
Bas relief nagsh-e-rostam al.jpg
Փորագրություն , որի վրա պատկերված է պարսից արքա Շապուհ Ա-ն, ում առաջ պատկերված են հռոմեական կայսրեր Վալերիանոսն ու Ֆիլիպ Արաբը
Թվական Մ.թ.ա. 92- մ.թ. 629 թվականներ
Վայր Հայկական լեռնաշխարհ, Միջագետք, Փոքր Ասիա, Եգիպտոս, Լևանտ, Միջագետք, Սիրիա, Ատրպատական, Բալկանյան թերակղզի
Պատճառ Երկու կայսրությունների ծավալապաշտական նկրտումներ
Արդյունք Վերջնական՝ մի կողմից ոչնչացում և մյուսի կտրուկ թուլացում


Հին Հռոմը, Պարթևաստանն ու Սելևկյան կայսրությունը մ.թ.ա. 200 թվականին: Շուտով երկուսն էլ կներխուժեն Սելևկյանների տարածք և կվերածվեն տարածաշրջանի հզորագույն կայսրությունների:

Հռոմեա-պարսկական պատերազմներ, պատերազմների շարք հունա-հռոմեական աշխարհի և իրար հաջորդող երկու իրանական կայսրությունների (Պարթևաստան և Սասանյաններ) միջև։ Ճակատամարտերը Հռոմի հանրապետության և Պարթևաստանի միջև սկսվել են մ.թ.ա. 92 թվականին։ Հետագայում դրանք շարունակվեցին նրանց իրավահաջորդ Հռոմեական կայսրության և Սասանյանների միջև։ Դրանք ավարտվեցին միայն արաբական նվաճումներով մ.թ. 7-րդ դարում, որին նախորդել էր կործանիչ 602-628 թվականներին տեղի ունեցած բյուզանդա-սասանյան պատերազմը։

Չնայած պատերազմը հռոմեացիների և պարթևների կամ Սասանյանների միջև շարունակվեց մոտ 7 դար, սահմանը մնում էր համեմատաբար կայուն։ Ռազմական գործողությունները հիմնականում ներառում էին քաղաքների, ամրությունների, նահանգների գրավում, թալանում և փոխանակում։ Ոչ մի կողմը չուներ բավականաչափ նյութական և մարդկային ռեսուրս, որպեսզի վարի երկարատև արշավանքներ սահմաններից շատ հեռու։ Իհարկե երկուսն էլ կատարում էին նվաճումներ սահմանից այն կողմ, սակայն ժամանակի հետ նախկին իրավիճակը հիմնականում վերականգնվում էր։ Հավասարակշռությունը սկսվեց փոխվել 2-րդ դարում, երբ հռոմեացիները, օգտվելով պարթև Արշակունիների թուլացումից, գրավեցին մի շարք տարածքներ հյուսիսային Միջագետքում: Վերջինիս հետևանքով նոր սահմանն անցնում էր ոչ թե Եփրատ գետով, այլ Տիգրիսով:

Ռեսուրսների ծախսը պատերազմների վրա վերջիվերջո ճակատագրական եղավ երկու կայսրությունների համար։ 6-րդ և 7-րդ դարերի երկարատև պատերազմները թողեցին նրանց խոցելի մուսուլման արաբների արշավանքների առջև։ Օգտվելով նրանց միջև երկարատև պատերազմից՝ արաբները հեշտությամբ գրավեցին Սասանյան Պարսկաստանը, իսկ Արևելահռոմեական կայսրությունը կորցրեց Սիրիան, Պաղեստինը, Արևմտյան Հայաստանը, Եգիպտոսն ու հյուսիսային Աֆրիկան: 721 տարի տևած այս հակամարտությունը համարվում է պատմության մեջ ամենաերկարատևը։

Պատմական տեղեկանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ջեյմս Հովարդ-Ջոնսթոնի «մ.թ.ա. 3-րդ դարից մինչև մ.թ. 7-րդ դարը (արևելքում) շարժվում էին կայսրերի հավակնություններով, ովքեր կարողացել էին տարածքային բաժանումների նկատմամբ գերիշխող կայուն սահմաններ ապահովել»[1]: Հռոմեացիներն ու պարթևները կապ հաստատեցին գրավելով Սելևկյան կայսրության տարբեր շրջանները։

Մ.թ.ա. 3-րդ դարում պարթևները գաղթեցին Միջին Ասիայի տափաստաններից մինչև հյուսիսային Իրան ընկած տարածքները։ Չնայած սկզբնական շրջանում նրանք ենթարկվում էին Սելևկյաններին, մ.թ.ա. 2-րդ դարում նրանք անկախացան և սկսեցին ծավալվել իրենց հարևանի հաշվին։ Շուտով նրանք արդեն Սելևկյան կայսրությունից գրավել էին ողջ Իրանն ու Միջագետքը։ Պարթև Արշակունիները կարողացան ետ մղել Սելևկյանների մի քանի հակահարձակումներ և գրավել տարածքներ հարավային Ասիայում[2]: Հետագայում պարթև Արշակունիներին հաջողվեց ճյուղեր հիմնել Մեծ Հայքում և Աղվանքում: Միաժամանակ հռոմեացիները մ.թ.ա. 2-րդ դարի սկզբում, Մագնեսիայի ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ, դուրս մղեցին Սելևկյաններին Փոքր Ասիայից: Մ.թ.ա. 64 թվականին Պոմպեոսը գրավեց Տիգրան Մեծի կողմից իրեն հանձնված Սիրիան, որի հետևանքով Սելևկյանների պետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Հռոմեական պետության արևելյան սահմանը հասավ Եփրատ գետին, որտեղ ավարտվում էր պարթևների արևմտյան սահմանը։[2]

Հռոմեա-պարթևական պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի հանրապետությունն ընդդեմ Պարթևաստանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևներն առաջին անգամ սկսեցին մուտք գործել արևմուտք Միհրդատ Ա-ի օրոք, իսկ Միհրդատ Բ-ն մ.թ.ա. 105 թվականին արդեն փորձում էր Սուլլայի հետ կնքել դաշինք[3]: Երբ Լուկուլլոսը ներխուժեց Տիգրան Մեծի Հայկական կայսրություն մ.թ.ա. 69 թվականին, նա կապ էր պահպանում պարթև Հրահատ Գ-ի հետ, որպեսզի համոզի նրան չօգնել հայերին։ Չնայած պարթևները պահպանեցին չեզոքություն, Լուկուլոսը մտածում էր հարձակվել նրանց վրա[4]: Մ.թ.ա. 66-65 թվականներին Պոմպեոսը համոզեց Հրահատին ներխուժել Մեծ Հայք։ Սակայն նրանց հարաբերությունները վատացան, երբ Պոմպեոսը վճռեց պարթևների կողմից իրենցը համարվող Հայկական Միջագետքի բախտը հօգուտ Տիգրան Մեծի։ Հրահատը կարողացավ ետ վերցնել Տիգրան Մեծի կողմից գրաված տարածքների մեծ մասը, բացի Օսրոյենեից, որն ընկավ հռոմեացիների ազդեցության տակ[5]:

Մ.թ.ա. 53 թվականին Հռոմի եռապետերից Կրասոսը ներխուժեց Միջագետք և ջախջախիչ պարտություն կրեց պարթև հրամանատար Սուրենից; այս Հռոմի ամենածանր պարտությունն էր սկսած Հաննիբալի կողմից Կաննեի ճակատամարտում կրած պարտությունից հետո[6]: Հաջորդ տարի պարթևներն ասպատակեցին հռոմեական Սիրիան, իսկ մ.թ.ա. 51 թվականին խոշոր արշավանք կազմակերպեցին, սակայն շրջապատվեցին, ջախջախվեցին և նահանջեցին[7]:

Կեսարյան քաղաքացիական պատերազմի ընթացքում Պարթևաստանը հիմնականում պահպանում էր չեզոքություն։ Սակայն նրանք կապ էին պաշտպանում Պոմպեոսի հետ, ում պարտությունից հետո, պարթևական բանակն օգնության հասավ Պոմպեոսի հրամանատարներից Բասուսին։ Վերջինս շրջափակված էր Կեսարին կողմնակից ուժերի կողմից։ Հուլիոս Կեսարը պատրաստվում էր արշավել Պարթևաստան, սակայն նրա մահն ազատեց պարթևներին նոր հռոմեական հարձակումից։ Պարթևներն օգնում էին Բրուտոսին և նրանց մի զորաջոկատ մասնակցում էր մ.թ.ա. 42 թվականի Ֆիլիպպայի ճակատամարտում[8]: Կրասոսի պարտությունից հետո պարթևները մ.թ.ա. 40 թվականին, Բրուտոսի նախկին աջակից հռոմեացիների հետ միասին ներխուժեցին Հռոմի տիրույթներ։ Նրանք հեշտությամբ ասպատակեցին Սիրիան և մտան Հրեաստան, որտեղ նրանք գահազրկեցին Հռոմի դաշնակից Հիրկանոսին և գահին բազմեցրին իրենց թեկնածուին՝ Անտիգոնոսին։ Մի պահ թվում էր, թե Հռոմի ողջ արևելյան նահանգները կընկնեն Պարթևաստանի հսկողության տակ։ Սակայն քաղաքացիական պատերազմների ավարտը վերածնեց հռոմեացիների նախկին հզորությունը Ասիայում[9]: Մարկոս Անտոնիոսը ուղարկել էր Վենտիդիոս զորավարին կանգնեցնելու Բրուտոսի կողմնակիցներին, ովքեր ներխուժել էին Փոքր Ասիա։ Վերջիններիս և պարթևների միասնական ուժը ջախջախվեց և ոչնչացվեց։ Երկրորդ պարտությունից հետո պարթևները նահանջեցին Սիրիայից։ Մ.թ.ա 38 թվականին պարթևական զորքը դարձյալ ներխուժեց Հռոմի տիրույթներ, սակայն նրանց նկատմամբ վճռական հաղթանակն տարավ Վենտիդիոսը։ Մ.թ.ա. 37 թվականին Հրեաստանում հռոմեացիների օգնությամբ Անտիգոնուսի փոխարեն գահ բարձրացավ Հերովդեսը[10]: Շուտով Մարկոս Անտոնիոսը ահռելի բանակով մտավ Ատրպատական: Սակայն նրա պաշարողական մեքենաները ոչնչացվեցին, իսկ բանակը, անկարող լինելով գրավել պարթևական հենակետերը, մեծ զոհերով նահանջեց Մեծ Հայք։ Անհաջողության մեջ նա մեղադրեց Արտավազդ Բ արքային, ում գերի վերցրեց, իսկ հետագայում սպանեց։ Անտոնիոսը հռոմեական կայազորեր թողեց Մեծ Հայքում, որոնց պարթևների օգնությամբ ոչնչացրեց Արտավազդի տղան՝ Արտաշես Բ-ն։ Որոշ ժամանակ տարածաշրջանում գերիշխում էր Պարթևաստանը[11]:

Հռոմեական կայսրությունն ընդդեմ Պարթևաստանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևաստանն իրեն ենթակա թագավորություններով և հարևաններով մ.թ. 1 թվականին:

Լարվածությունը գնալով մեծանում էր երկու գերտերությունների միջև, սակայն մ.թ. 1 թվականին նրանք կարողացան համաձայնության գալ և խուսափել պատերազմից։ Այդ արվեց այն պատճառով, որ պարթևները համաձայնվեցին ետ քաշել զորքերը Մեծ Հայքից և ճանաչել այն հռոմեական ազդեցության գոտի։ Սակայն հակամարտությունը Հռոմի և Պարթևաստանի միջև Մեծ Հայքի նկատմամբ իշխանություն հաստատելու համար միայն աճում էր[12]: Մ.թ. 36 թվականին պարթև Արտավան Գ-ն փորձեց իր տղային դարձնել հայոց արքա, որը սակայն ձախողվեց հռոմեացիների միջամտության պատճառով[13]: Մ.թ. 58 թվականին պատերազմ ծագեց Պարթևաստանի և Հռոմեական կայսրության միջև, երբ Վաղարշի եղբայր Տրդատը դարձավ Մեծ Հայքի արքա[14]: Հռոմեացիները հարձակվեցին և գահին բազմեցրին իրենց թեկնածուին, սակայն 63 թվականին կրած պարտության հետևանքով ստիպված ճանաչեցին Տրդատին հայոց արքա, բայց պայմանով, որ նա իր թագը ստանա Հռոմի կայսրից[15]:

2-րդ դարի պատերազմները նշանավորվեցին Հռոմեական կայսրության հաղթանակներով իր ախոյան Պարթևաստանի նկատմամբ։ 114 թվականին կայսր Տրայանոսը ներխուժեց Մեծ Հայք ու Միջագետք և դրանք 115 թվականին վերածեց հռոմեական նահանգների։ Կայսրը գրավեց նաև պարթևների մայրաքաղաք Տիզբոնն ու հասավ մինչև Պարսից ծոց[16]: Սակայն շուտով նոր նվաճված տարածքներում բարձրացված ապստամբությունները գումարվեցին հրեական խռովությունների հետ կայսրության ողջ տարածքով մեկ և հռոմեական լեգեոնները տիպված էին նահանջել։ Տրայանոսին հաջողվեց ճնշել ապստամբություններն ու պարթևական գահին բազմեցնել իրեն ենթակա թեկնածուի։ Սակայն նա այդպես էլ չհասցրեց այդ տարածքները լրիվ մտցնել հռոմեական համակարգի մեջ և նրա մահով 117 թվականին այդ տարածքները դարձյալ անցան պարթևներին[17]:

Տրայանոսի պարթևական արշավանքը փոխեց հռոմեական ռազմավարությունը, և, չնայած իր հաջորդ Հադրիանոս կայսրը լքեց այդ տարածքները, հետագա կայսրերը սկսեցին փորձել կատարել նվաճումներ Պարթևաստանի հաշվին. մի բան, որ ոչ մեկ մինչ այդ չէր փորձել[18]:

161 թվականին Մեծ Հայքի նկատմամբ գերիշխանություն հաստատելու պատճառով ևս մեկ պատերազմ սկսվեց։ Վաղարշ Դ-ին հաջողվեց հաղթել հռոմեացիներին, գրավել Եդեսիան ու ասպատակել Սիրիան։ 163 թվականին կայսերական ուժերի հակահարձակման հետևանքով պարթևները պարտվեցին, իսկ Մեծ Հայքում գահ բարձրացավ Հռոմի թեկնածուն։ Հաջորդ տարի հռոմեացիները երկու անգամ ջախջախեցին պարթևերին Միջագետքում և 165 թվականին թալնեցին Տիզբոնը։ 195–197 թվականներին Սեպտիմիոս Սևերոս կայսեր արշավանքների հետևանքով կայսրությանն անցան տարածքներ հյուսիսային Միջագետքում, այդ թվում Մծբին ու Սինգարա բերդերը։ Սեպտիմիոսը ևս մեկ անգամ ոչնչացրեց Տիզբոնը[19]: 216 թվականին տեղի ունեցավ հռոմեացիների վերջին արշավանքներ ընդդեմ պարթևների, որի ընթացքում գրավեց ու թալանվեց Արբելան: Սակայն 217 թվականին կրած պարտության հետևանքով հռոմեացիները պարտավորվեցին փոխհատուցել պատճառած վնասները[20]:

Հռոմեա-սասանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի հակամարտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

226 թվականին պարթև Արշակունիները պարտություն կրեցին պարսիկ Սասանյաններից, ովքեր դարձան Իրանական բարձրավանդակի նոր գերիշխող ուժը։ Առաջին Սասանյան արքա Արդաշիր Ա-ն 230 թվականին ասպատակեց Միջագետքն ու Սիրիան և հռոմեացիներից պահանջեց հանձնել Աքեմենյան կայսրության բոլոր նախկին տարածքները[21]: Ձախողված բանակցություններց հետո, 232 թվականին, կայսր Ալեքսանդր Սևերոսն արշավեց և հաղթեց Արդաշիրին[22]: Իր գահակալության վերջում՝ 238-240 թվականներին, Արդաշիրը դարձյալ հարձակվեց և գրավեց ու թալանեց մի շարք քաղաքներ, այդ թվում Խառանն ու Մծբինը[23]: Հակամարտությունը սրվեց Արդաշիրի հաջորդի՝ Շապուհի օրոք, ով հարձակվեց Միջագետքում հռոմեական տիրույթների վրա։ 243 թվականին նա պարտություն կրեց և հռոմեացիները վերագրավեցին Խառանն ու Մծբինը[24]: Խրախուսվելով այդ հաջողությունների, հռոմեական Գորդիան III կայսրը շարունակեց առաջխաղացումը Եփրատի երկայնքով, սակայն 244 թվականին Տիզբոնի մոտակայքում պարտություն կրեց[25]: Գորդիանի հաջորդ Ֆիլիպ Արաբն արագորեն հաշտություն կնքեց պարսիկների հետ։

Հռոմեական կայսրությունն այդ ժամանակ գտնվում էր 3-րդ դարի ճգանաժամի մեջ, որի ընթացքում այնտեղ կարճատև իշխանության էին գալիս բազմաթիվ կայսրեր։ Գումարելով դրան գերմանական հարձակումները կայսրության վրա, Շապուհի համար հիանալի ժամանակ էր եկել արշավելու ընդդեմ հռոմեացիների։ Շապուհին հաջողվեց ժամանակավորեապես գրավել Մեծ Հայքը և հաղթել հռոմեացիներին 253 թվականին։ Վերջինիս հետևանքով շուտով նա թալանեց անպաշտպան մնացած Անտիոք քաղաքը[24]: Շապուհը փորձեց զարգացնել հաջողություններն ու ներխուժեց Փոքր Ասիա, սակայն նորաստեղծ Պալմիրիայի իշխանի հարձակումները կանգնեցրին նրան, որի հետևանքով նա լքեց Անտիոքը[26]:

Հուլիանոսի անհաջող արշավանքները 363 թվականին, որի հետևանքով կայսրությունը կորցրեց 299 թվականին նվաճված տարածքները:

Հռոմեացիները 283 թվականին հաջող արշավանք կազմակերպեցին Սասանյան Պարսկաստան և երրորդ անգամ գրավեցին ու թալանեցին Տիզբոնը։ Հռոմեացիները հավանաբար կշարունակեին իրենց հաղթարշավը, եթե կայսրը չվախճանվեր այդ տարվա դեկտեմբերին[27]:

Դիոկղետիանոսի օրոք կարճատև խաղաղությունից հետո, պարսիկները ներխուժեցին Մեծ Հայք և ջախջախեցին հռոմեացիներին Խառանի մոտ 296 կամ 297 թվականին[28]: Հռոմեացիները կարողացան հաղթանակել 298 թվականի Սատաղի ճակատամարտում, որտեղ նրանց ձեռքն ընկավ արքայական գանձարանն ու շահի հարեմը։ Կնքված հաշտության պայմանագրի շնորհիվ հռոմեացիները ստացան Տիգրիս և Մեծ Զաբ գետերի միջև ընկած տարածքները։ Այս մի քանի տասնամյակի ընթացքում տարված ամենավճռական հռոմեական հաղթանակն էր. նախկինում կորցրած բոլոր տարածքներն ու վիճելի տարածքներն անցնում էին հռոմեացիներին, իսկ Մեծ Հայքը դուրս էի գալիս պարսիկների վերահսկողությունից[29]:

299 թվականի սահմանները գոյություն ունեցան մինչև 330-ական թվականները, երբ Շապուհ Բ Երկարակյացը սկսեց իր բազմաթիվ հարձակվողական արշավանքներից առաջինը։ Չնայած նրա մի շարք հաղթանակներին, նրա արշավանքները կարճատև ազդեցություն էին ունենում միայն. Մծբինի երեք պարսկական պաշարումները ետ մղվեցին։ Չնայած Շապուհին հաջողվեց գրավել Ամիդն ու Սինգարան, երկուսն էլ շուտով ետ գրավվեցին հռոմեացիների կողմից[28]: 350-ական թվականներին Շապուհը զբաղված էր Միջին Ասիայի քոչվորների հետ պատերազմելով։ Սակայն արդեն 359 թվականին նա դարձյալ գրավեց Ամիդը։ Այս դրդեց 363 թվականին Հուլիանոս Ուրացող կայսերը կազմակերպել մեծ արշավանք և նա Եփրատի երկայնքով հասավ մինչև Տիզբոն[30]: Հուլիանոսը հաղթեց Տիզբոնի մերձակայքում տեղի ունեցած ճակատամարտը, սակայն, անկարող լինելով գրավել քաղաքը, սկսեց նահանջել Տիգրիս գետի երկայնքով։ Պարսիկների անդադար հարձակումների պատճառով հռոմեական բանակի վիճակը ծանր էր։ Դրան գումարվեց նաև Հուլիանոսի մահը հռոմեա-պարսակական ընդհարումներից մեկի ընթացքում։ Նրա հաջորդ Հովիանոսը ստիպված էր հաշտության պայմանագիր կնքել, որի պայմանները բավական ծանր էին հռոմեացիների համար։ Հռոմեական կայսրությունը Սասանյան Պարսկաստանին հանձնեց Տիգրիսից արևելք գտնվող տարածքները, Մծբինը, Սինգարան և համաձայնվեց չօժանդակել Մեծ Հայքին պարսիկների դեմ[31]: 387 թվականին Շապուհ Բ-ի և Թեոդոսիոս Ա Մեծի միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Մեծ Հայքը բաժանվում էր երկու կայսրությունների միջև։ Այս ժամանակաշրջանում երկու պետությունն էլ խնդիրներ ունեին բարբարոսական ցեղերի հետ. Հռոմեական կայսրություն էին ներխուժում գերմանական ցեղերը, ալաններն ու հոները, իսկ Սասանյան Պարսկաստան՝ հոներն ու հեփթաղները: Այս ընթացքում տեղի ունեցան ընդամենը երկու փոքր ընդհարումներ՝ 421-422 և 440 թվականներին[32]:

Բյուզանդա-սասանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիոսի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի սահմանը Մեծ Հայքի կիսումից հետո:

Պատերազմ բռկվեց, երբ պարսից Կավադ Ա-ն, կայսրությունից հարկ ստանալու նպատակով, հարձակվեց և 502 թվականին գրավեց անպաշտպան Կարին (Թեոդոսիոպոլիս քաղաքը)[33]: Շուտով նա պաշարեց Ամիդը։ Պաշարումը տևեց երեք ամիս և չնայած պաշտպանների հերոսական դիմադրությանը, բերդը վերջիվերջո ընկավ[34]: 503 թվականին հռոմեացիներն Ամիդի անհաջող պաշարում իրականացրին։ Նույն ժամանակ պարսիկները ներխուժեցին Օսրոենե և նույնպես անհաջողության մատնվեցին Եդեսիան պաշարելիս[35]: Վերջապես 504 թվականին հռոմեացիներին մեծ ջանքերի գնով հաջողվեց ետ գրավել Ամիդը։ Նույն տարում կնքվեց ժամանակավոր հաշտություն. այս պայմանավորված էր կովկասյան հոների ներխուժմամբ Հայաստան: Երկարատև բանակացությունների հետո 506 թվականի նոյեմբերին կնքվեց հաշտության պայմանագիր[36]: 505 թվականին Անաստասիոս կայսրը հրամայեց Դարա բերդաքաղաքի կառուցումը, որը դառնալու հռոմեական գլխավոր ռազմական հենակետը տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ կարգի բերվեցին Եդեսիայի, Բատնեյի և Ամիդի պաշտպանությունները։ Չնայած Անաստասիոս կայսեր օրոք ոչ մի նոր խոշորածավալ ռազմական հակամարտություն տեղի չունեցավ, հարաբերությունները երկու պետությունների միջև մնում էին լարված։ Այս հատկապես անկառու էր երևում Դարայի կառուցման ժամանակ, քանի որ մի քանի տասնամյակ առաջ կնքված պայմանագրով սահմանի երկայնքով նոր ռազմական ամրությունների կառուցումն արգելված էր։ Արդեն 508 թվականին Դարան կառուցված էր։

Վրացական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու կայսրությունները 477 թվականին:

524-25 թվականներին Կավադն առաջարկեց Հուստինոս Ա կայսերը որդեգրել իր տղային, սակայն բանակցությունները ձախողվեցին[37]: Լարվածությունը վերածվեց պատերազմի 524 կամ 525 թվականին, երբ Վիրքը Գուրգեն արքայի ղեկավարությամբ Սասանյանների տիրապետությունից ինքնակամ մտավ Արևելահռոմեական (Բյուզանդական) կայսրության կազմի մեջ[38]: 526 և 527 թվականների ռազմական գործողություններ տեղի ունեցան Հայաստանում, Վիրքում և Միջագետքում[39]: Պատերազմի առաջին փուլում հաջողությունն ուղեկցում էր պարսիկներին. 527 թվականին Վիրքը գրավեց, հռոմեական հարձակումները ետ մղվեցին, իսկ Թանուրիս և Մելաբասա բերդերին օգնության եկող հռոմեական զորքերը ջախջախվեցին[40]: Այս անհաջողությունները դրդեցին Հուստինիանոս Ա կայսերը վերակազմավորել կայսրության ռազմական համակարգը[41]:

Դարայի ճակատամարտում զորքերի տեղաբաշխումը:

530 թվականին պարսկական մեծ հարձակումը Միջագետք ձախողվեց Բելիսարիոսի կողմից, ով ջարդեց պարսիկներին Դարայի մերձակայքում։ Նույն ժամանակ պարսկական մեկ այլ հարձակում Հայաստանում կանգնեցվեց Սատաղի մոտ։ 531 թվականին Բելիսարիոսը պարտություն կրեց պարսից զորքերից, ում օժանդակում էին արաբական Լախմիդների ցեղը։ Նույն տարում հռոմեացիներին հաջողվեց գրավել մի շարք բերդեր Հայաստանում, իսկ պարսիկները գրավեցին երկու բերդ Լազիկայում[42]: Բանակցությունները երկու պետության միջև մտան փակուղի[43]: 532 թվականի գարնանը բանակցությունները վերսկսվեցին և սեպտեմբերին կնքվեց «Առհավետ հաշտություն», որը դիմացավ 8 տարուց էլ քիչ։ Վերականգնվեցին մինչպատերազմյան սահմանները և կայսրությունը համաձայնվեց Պարսկաստանին վճարել 5,000 կգ ոսկի: Վիրքը մնաց Պարսկաստանի կազմում[44]:

Հուստինիանոսն ընդդեմ Խոսրովի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրությունն ու Սասանյան Պարսկաստանը Հուստինիանոսի օրոք
     Հռոմեական կայսրություն      Վերանվաճված Հուստնիանոսի օրոք      Սասանյան կայսրություն      Սասանյանների վասալները

540 թվականին, վախենալով, որ արևմտյան հողերի վերանվաճումից հետո Հռոմեական կայսրությունը կհարձակվի իր վրա, Խոսրով Ա Սասանյանը հարձակվեց և ասպատակեց Սիրիան և Միջագետքը։ Բազմաթիվ քաղաքներ թալանելուց հետո, նա գրավեց և թալանեց մեծագույն քաղաքներից մեկը՝ Անտիոքը, որի բնակչությունը գերեվարվեց Պարսկաստան[45]: Բելիսարիոսը շտապ ետ կանչվեց Իտալիայից և պատերազմը 541 թվականին շարունակվեց անորոշ ելքով։ 542 թվականին Խոսրովը ներխուժեց Միջագետք[46]: Սակայն իմանալով Բելիսարիոսի առաջխաղացման մասին, նա նահանջեց և թալանեց Կալինիկում քաղաքը[47]: Հաջորդող պարսկական հարձակումները ետ մղվեցին և շուտով պարսիկները Դարայի մոտակայքում պարտության մատնվեցին[48]: 543 թվականին հռոմեացիները պաշարեցին Պարսկահայաստանի գլխավոր քաղաք Դվինը, սակայն պարտության մատնվեցին։ 544 թվականին Խոսրովը անհաջող պաշարեց Եդեսիան և, հարկ ստանալով քաղաքից, հեռացավ[49]: Պարսկական նահանջը դրդեց հռոմեացինեին սկսել հաշտության բանակցություններ[50]: 545 թվականին կնքվեց հնգամյա հաշտություն, որն ապահովեց հռոմեական տարեկան վճարումներով Սասանյան Պարսկաստանին[51]:

Հռոմեա-սասանյան սահմանը 565 թվականին. Լազիկան գտնվում է Հռոմեական կայսրության կազմում:

548 թվականի սկզբներին Լազիկայի արքա Գուբազը, հոգնելով պարսկական ճնշումներից, խնդրում է Հուստինանոսին վերականգնել հռոմեական գերիշխանությունը տարածաշրջանում։ Կայսրն օգտվեց հնարավորությունից և 548-9 թվականներին հռոմեա-լազական միասնական ուժերը մի շարք հաղթանակներ տոնեցին պարսիկների նկատմամբ, սակայն չկարողացան գրավել կարևորագույն պարսկական բերդ Պետրան։ Վերջինս ընկավ միայն 551 թվականին, սակայն այդ նույն տարում պարսկական խոշոր արշավանքն ավարտվեց արևելյան Լազիկայի գրավմամբ[52]: Շուտով 545 թվականի հաշտությունը երկարաձգվեց ևս 5 տարով, պայմանով, որ հռոմեացիները տարեկան 900 կգ ոսկի հարկ վճարեն[53]: Այս հաշտությունը չէր տարածվում Լազիկայի վրա։ Չնայած այնտեղ ռազմական գործողությունները շարունակվեցին ևս մի քանի տարի, ոչ մի կողմը չէր հասնում վճռական հաջողության[54]: Հեփթաղների հարձակումների պատճառով, Խոսրովը 562 թվականին կնքեց նոր պայամանագիր, որը պետք է ապահովեր նրանց 50-ամյա հաշտություն։ Պարսիկները համաձայնվեցին թողնել Լազիկան, իսկ հռոմեացինրը՝ տարեկան վճարել 30,000 սոլիդուս[55]: Երկու կողմն էլ համաձայնվեցին չկառուցել նոր ամրություններ սահմանի մոտակայքում և չխոչընդոտել դիվանագետների և առևտրականների տեղաշարժին[56]:

Պատերազմ Հայաստանի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

571 թվականին պատերազմը վերսկսվեց, Մարզպանական Հայաստանում և Վիրքում ծագած ապստամբության պատճառով։ Պատերազմը տեղի էր ունենում նույնիսկ Եմենում ու Սիրիական անապատում, որտեղ իրար դեմ էին պայքարում հռոմեական և պարսից դրածոները[57]: Հուտսին Բ-ն օգնություն ցւոյց տվեց հայերին և նրա ուղարկած զորքերը ջախջախեցին պարսիկներին Միջագետքում[58]: Սակայն հրամանատարի փոփոխությունն ու անձամբ Խոսրովի ժամանումը բերեց հռոմեացիների նահանջին։ Խոսրովը ասպատակեց Սիրիան և գրավեց Դարան։ Հռոմեացիները անհաջող փորձ կատարեցին գրավելու Մծբինը։ Առաջին անգամ հռոմեական մեծագույն ռազմական հենակետ Դարան ընկավ պարսիկները ձեռքը։ Հռոմեացիները ստիպված վճարեցին 45,000 սոլիդուս, որի շնորհիվ Միջագետքում կնքվեց միամյա, իսկ հետագայում՝ հնգամյա հաշտություն[59]: Սակայն Հայկական լեռնաշխարհում և անապատներում կռիվները շարունակվում էին[60]: 575 թվականին Խոսրովը փորձեց ուժեղացնել ճնշումը կայսրության վրա և ներխուժեց Փոքր Ասիա։ Այնտեղ նա գրավեց ու թալանեց Սեբաստիան, սակայն Մալաթիայի մոտակայքում նա կրեց ջախջախիչ պարտություն և նահանջեց[61]:

Պատերազմ Հայաստանի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

571 թվականին պատերազմը վերսկսվեց, Մարզպանական Հայաստանում և Վիրքում ծագած ապստամբության պատճառով։ Պատերազմը տեղի էր ունենում նույնիսկ Եմենում ու Սիրիական անապատում, որտեղ իրար դեմ էին պայքարում հռոմեական և պարսից դրածոները[57]: Հուտսին Բ-ն օգնություն ցւոյց տվեց հայերին և նրա ուղարկած զորքերը ջախջախեցին պարսիկներին Միջագետքում[58]: Սակայն հրամանատարի փոփոխությունն ու անձամբ Խոսրովի ժամանումը բերեց հռոմեացիների նահանջին։ Խոսրովը ասպատակեց Սիրիան և գրավեց Դարան։ Հռոմեացիները անհաջող փորձ կատարեցին գրավելու Մծբինը։ Առաջին անգամ հռոմեական մեծագույն ռազմական հենակետ Դարան ընկավ պարսիկները ձեռքը։ Հռոմեացիները ստիպված վճարեցին 45,000 սոլիդուս, որի շնորհիվ Միջագետքում կնքվեց միամյա, իսկ հետագայում՝ հնգամյա հաշտությու[59]: Սակայն Հայկական լեռնաշխարհում և անապատներում կռիվները շարունկավում էին[60]: 575 թվականին Խոսրովը փորձեց ուժեղացնել ճնշումը կայսրության վրա և ներխուժեց Փոքր Ասիա։ Այնտեղ նա գրավեց ու թալանեց Սեբաստիան, սակայն Մալաթիայի մոտակայքում նա կրեց ջախջախիչ օարտություն և նահանջեց[61]:

Սասանյան Պարսկաստանն ու Արևելահռոմեական կայսրությունը 600 թվականին:

Հռոմեացիներն օգտվեցին պարսիկների պարտությունից և ներխուժեցին Ատրպատական[61]: Խոսրովը ցանկանում էր հաշտություն կնքել, սակայն Հայաստանում տարած հաղթանակից հետո, մտափոխվեց։ Հայաստանում հռոմեացիներն իրենց գործողություններով օտարել էին շատ հայերի[62]: 578 թվականի գարնանը Միջագետքում պատերազմական գործողությունները վերսկսվեցին պարսկական ասպատակություններով։ Զորավար Մորիկի ղեկավարությամբ հռոմեացիները ներխուժեցին պարսկական Միջագետք ու գրավեցին Սինգարա բերդը։ Խոսրովը սկսեց հաշտության բանակցությունները 579 թվականին, սակայն մահացավ հենց նույն տարում։ Նրա հաջորդ Հորմիզդ Գ-ն շարունակեց ռազմական հակամարտությունը[63]:

Հռոմեա-պարսկական սահմանները 4-7-րդ դարերում:

580-ական թվականների ընթացքում պատերազմը շարունակվում էր անորոշ ելքով։ 582 թվականին Մորիկը մեծ հաղթանակ տոնեց, սակայն չզարգացրեց հաջողությունը. նա շտապեց վերադառնալ Կոստանդնուպոլիս, որպեսզի փորձեր դառնալ կայսր[64]: 586 թվականի հռոմեական հաղթանակը ևս չփոխեց ուժերի հարաբերակցությունը[65]:

589 թվականին դավաճանության պատճառով պարսիկները գրավեցին Մարտիրուպոլիսը, սակայն այդ տարում պարսից հրամանատար Վահրամ Չոբինը, ում նվաստացրել էր Հորմիզդը, ապստամբեց։ 590 թվականին Հորմիզդը հեղաշրջման արդյունքում գահազրկվեց և նրա փոխարեն գահ բարձրացավ տղան՝ Խոսրով Բ Փարվեզը: Սակայն Չոբինը շարունակեց ապստամբությունը և ջախջապեց Խոսրովին, ով փախավ Արևելահռոմեական կայսրություն։ Վահրամ Չոբինը հռչակվեց Պարսկաստանի նոր շահնշահ։ Մորիկի օգնությամբ Խոսրովն ապստամբություն բարձրացրեց Չոբինի դեմ և 591 թվականին կարողացավ ետ վերադարձնել գահը։ Օգնության դիմաց հռոմեացիները ետ ստացան ոչ միայն Դարան և Մարտուրոպոլիսը, այլև Վիրքի արևմտյան մասն ու Մարզպանական Հայաստանի կեսից ավելին[66]:

Գագաթնակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական և Սասանյան կայսրությունները 600 թվականին:

602 թվականին Բալկաններում արշավող հռոմեական բանակը Փոկասի գլխավորությամբ ապստամբեց և շարժվեց Կոստանդնուպոլիս։ Մորիկն ու նրա ընտանիքը սպանվեցին, իսկ Փոկասը հռչակվեց նոր կայսր։ Խոսրով Բ-ն օգտագործեց այս որպես պատճառ սկսելու նոր պատերազմ[67]: Պատերազմի առաջին փուլում պարսիկներին ուղեկցում էր չտեսնված հաջողություն։ Խոսրովին ուղղակիորեն աջակցում էր Մորիկի ենթադրյալ տղան և անուղղակիորեն՝ հռոմեացի Նարսես զորավարի ապստամբությունը[68]: 603 թվականին պարսից ուժերը հաղթեց հռոմեացիներին Միջագետքում և պաշարեցին Դարան։ Չնայած Եվրոպայից բերված օգնական ուժերին, պարսիկները 604 թվականին տոնեցին ևս մեկ հաղթանակ և իննամսյա պաշարումից հետո գրավեցին Դարան։ Հաջորդող տարիների ընթացքում պարսիկները մեկը մյուսի հետևից գրավեցին Միջագետքի հռոմեական բոլոր հենակետերը[69]: Միևնույն ժամանակ պարսիկները ջախջախեցին Հայաստանում գտնվող հռոմեացիներին և գրավեցին ողջ Կովկասը[70]:

Հայազգի Հերակլիոս Ա-ն հեղաշրջում իրակացրեց և 610 թվականին հռչակվեց կայսր[71]: 611 թվականին պարսիկներն արդեն ներխուժեցին Սիրիա և Փոքր Ասիա։ Նույն տարում ընկավ Կեսարիան[72]: 612 թվականին Հերակլիոսը կազմակերպեց խոշոր հակահարձակում և դուրս մղեց պարսիկներին Փոքր Ասիայից և շարժվեց Սիրիա։ Անտիոքի մերձակայքում կայսրը ջախջախիչ պարտություն կրեց պարսից հրամանատարներ Շահրբարազից և Շահին Վահմանզադեգանից, որի հետևանքով հռոմեական պաշտպանական համակարգը փլուզվեց[73]: Հաջորդ մեկ տասնամյակի ընթացքում պարսիկները գրավեցին Պաղեստինն ու Եգիպտոսը[74]: Նրանք շարունակեցին իրենց առաջխաղացումը Փոքր Ասիայի ասպատակություններով։ Միևնույն ժամանակ ավարներն ու սլավոնները օգտվեցին իրադրությունից և գրավեցին Բալկանների մեծ մասը. Արևելահռոմեական կայսրությունը կործանման եզրին էր[75]:

Ուշ հռոմեական շրջանի արծաթե մետաղադրամ, որի վրա մակագրված է լատ.՝ Deus adiuta Romanis:

Այս տարիների ընթացքում Հերակլիոսը փորձում էր վերականգնել բանակը և պահպանել փլուզվող տնտեսությունը։ Պատրիարք Սերգիուսն առաջարկեց կայսրին հանձնել եկեղեցու ողջ ոսկին ու արծաթը, որի շնորհիվ Հերակլիոսին հաջողվեց կյանքի կոչել իր ծրագրերը[76]: 622 թվականին Հերակլիոսը թողեց մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, Փոքր Ասիայում հավաքեց իր զորքերին, նրանց հետ կատարեց բազմաթիվ զինավարժություններ և բարձրացրեց նրանց ռազմական ոգին։ Շուտով նա սկսեց հակահարձակում, որը ստացավ սրբազան պատերազմի աստիճան[77]: Հայաստանում նա պարտության մատնեց պարսկական մի քանի ուժերի, այդ թվում Շահրբարազին[78]: 623 թվականին նա հաշտություն կնքեց ավարների հետ, իսկ արդեն 624 թվականին ջախջախեց Խոսրովին Ատրպատականում[79]: 625 թվականին Հայաստանում Հերակլիոսը ջախջախեց Շահրբարազին, Շահինին և Շահրապլականին[80]: 626 թվականին պարսիկները Շահրբարազի գլխավորությամբ և ավարներն ու սլավոններն անհաջող ելքով պաշարեցին Կոստանդնուպոլիսը[81]: Իսկ պարսկական մեկ այլ բանակ Շահինի գլխավորությամբ ջախջախիչ պարտություն կրեց Հերակլիոսի եղբորից՝ Թեոդորից[82]:

Խոսրով Բ-ի սպանությունը, 16-րդ դարի մանրանկար:

Միաժամանակ Հերակլիոսի դաշնակից գյոկթյուրքերը հարձակվեցին Կովկասում պարսկական տիրույթների վրա և գրավեցին Թիֆլիսը[83]: 627 թվականի վերջում Հերակլիոսն իրականացրեց ձմեռային արշավանք Միջագետք, որտեղ չնայած նրան լքեցին թյուրքական օգնական ուժերը, նա Նինվեի մոտակայքում ջարդեց պարսիկներին։ Շարժելով հարավ Տիգրիսի երկայնքով, նա թալանեց Խոսրովի մեծ պալատը Դաստակերտում։ Նա անկարող եղավ գրավել Տիզբոնը Նահրավանդի ջրանցքի կամրջիների ոչնչացման պատճառով։ Այս պարտությունների հետևանքով Խոսրովը գահազրկվեց իր որդու՝ Կավադ Բ-ի կողմից։ Վերջինս համաձայնվեց վերադարձնել բոլոր գրաված տարածքները և ետ բերել սահմանները ետպատերազմյան դրության[84]: Հերակլիոսը 629 թվականին մեծ արարողակարգով ետ վերադարձրեց Խաչափայտը Երուսաղեմ[85]:

Հետագայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վերջին պատերազմի կործանիչ ազդեցությունն ու շուրջ մեկ դար տևած անդադար ռազմական գործողությունները կործանման եզրին էին հասցրել երկու գերտերություններին։ Կավադ Բ-ն գահակալեց ընդամենը մի քանի ամիս. նրա մահվանից հետո Պարսկաստանը խրվեց քաղաքացիական պատերազմների մեջ։ Սասանյան Պարսկաստանի տնտեսությունը քայքայված էր, Խոսրովի արշավանքների հետևանքով հարկերը բարձր էին, իսկ ֆեոդալական մասնատվածությունը գալով խորանում էր[86]: Հռոմեական կայսրությունը նույնպես ողբալի վիճակում էր[87]: Փոքր Ասիայի տնտեսություն քայքայված էր, Բալկանյան թերակղզին գտնվում էր սլավոնների ձեռքում, իսկ պարսիկներից ետ գրաված տարածքների նկատմամբ իշխանությունը դեռևս թույլ էր։

Բյուզանդական կայսրությունը 626 թվականին, բծավոր տարածքները գտնվում են Սասանյան արշավանքների վտանգի տակ
Բյուզանդական կայսրությունը 650 թվականին: Այս ժամանակ Սասանյան Պարսկաստանը և կայսրության տարածքների կեսի հետ գտնվում էր Արաբական խալիֆայության հսկողության տակ

Երկու պետությունից ոչ մեկին էլ չտրվեց վերականգնվեու հնարավորություն. շուտով սկսվեցին արաբական արշավանքները։ Այս երկարատև պատերազմները ճանապարհ բացեցին իսլամի տարածման համար[88]: Սասանյան կայսրությունը արագորեն գրավեց և ոչնչացվեց, իսկ Արևելահռոմեական (Բյուզանդական) կայսրությունը կորցրեց Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսն ու հյուսիսային Աֆրիկան, որի հետևանքով այն ընդգրկում էր ընդամենը Փոքր Ասիան և տարածքներ Բալկաններում ու Իտալիայում[89]: Այդ քայքայված տարածքները ենթարկվում էին անընդհատ ասպատակությունների, որի հետևանքով ավարտվեց անցումը դասական քաղաքային քաղաքակրթությունից առավել գյուղական, միջնադարյան հասարակության ձևի։ Սակայն ի տարբերություն Պարսկաստանի, Հռոմեական կայսրությունը դիմակայեց արաբական հարձակումներին և ետ մղեց Կոստանդնուպոլսի վրա արաբական երկու հարձակումները[90]: Հետագայում կայսրությունը արաբներին ժամանակավորապես կորցրեց նաև Կրետեն և հարավային Իտալիայի մի մասը, սակայն հետագայում դուրս մղեց նրանց։

Ռազմավարություն և մարտավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Հռոմն ու Պարթևաստանը սկսեցին իրենց պայքարը մ.թ.ա. 1-ին դարում, թվում էր թե պարթևներին կհաջողվի հասնել մինչև Էգեյան ծով, սակայն հռոմեացիները կարողացան ետ մղել դարի կեսերին կազմակերպված պարթևական խոշոր արշավանքն ու հզորացրին ճնշումը Պարթևաստանի վրա։ Հռոմեացիներն օգտվում էին պարթևների թուլությունից, որն ըստ Ջորջ Ռոուլինսոնի կայանում էր նրանում, որ «պարթևական ռազմական համակարգը նախատեսված էր պետության պաշտպանության, ոչ թե նվաճումների համար»: Ի տարբերություն նրանց, հռոմեացիները անընդհատ ձևափոխում էին իրենց ռազմավարությունը և արդեն Տրայանոսի օրոք կարող էին հաջող հարձակումներ իրականացնել Պարթևաստան[91]: Ինչպես Սասանյանները 3-րդ դարի վերջում և 4-րդ դարում, պարթև Արշակունիները ևս չէին պաշտպանում Միջագետքը հռոմեական հարձակումներից։ Սակայն Իրանական սարահարթին գրեթե երբեք վտանգ չէր սպառնում, իսկ հռոմեացիները չէին կարող կարճ ժամանակում վերջնական գրավել այդպիսի մեծ տարածք ինչպիսին Միջագետքն է[92]:

Սակայն 4-րդ դարից սկսած արդեն պարսիկներն էին հարձակվում։ Նրանք համարում էին, որ պարթևների օրոք հռոմեացիներին հանձնված տարածքներն իրականում իրենց են պատկանում[93]: Ի տարբերություն պարթևների, պարսից Սասանյանների օրոք պետությունն ավելի կենտրոնացված էր, որի օգնությամբ նրանք ավելի լավ էին օգտագործում իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսները[92]: Ընդհանուր առմամբ հռոմեացիները համարում էին Սասանյաններին ավելի վտանգավոր ախոյան, քան պարթևներին։ Իրենց հերթին Սասանյանները համարում էին հռոմեացիներին իրենց հավասար կայսրություն[94]:

Սասանյաններն ու Արշակունիների հիմանակն ուժը կատաֆրակտներն էին՝ ծանր, զրահապատ ազնվական հեծելազոր։ Նրանք նաև բավական մեծ քանակությամբ օգտագործում էին հեծյալ նետաձիգներ, իսկ երբեմն էլ Ինդոսի հովտից բերված մարտական փղեր։ Սակայն նրանց հետևակը անհամեմատ թույլ էր հռոմեականից[95]: Պատերազմների հետ միասին երկու ախոյան գերտերությունների բանակում էլ մեծանում էր ծանր հեծելազոր դերը։ Ի տարբերություն հռոմեացիների, ովքեր մասնագիտացած էին պաշարման արվեստի մեջ, պարթևներն ընդունակ չէին կազմակերպելու կանոնավոր պաշարում։ Սակայն Սասանյանների երևան գալով, իրավիճակը կտրուկ փոխվեց. վերջիններս հռոմեացիների նման հիանալի օգտագործում էին պաշարողական տարբեր մեքենաներ[96]:

Մ.թ. 1-ին դարից մինչև 7-րդ դարը հռոմեացիները պաշտպանում էին իրենց արևելյան սահմանները պաշտպանական գծերի՝ լիմեսների միջոցով[97]: Նույն մարտավարությունը սկսած Շապուհ Բ Երկարակյացից կիրառում էին նաև պարսիկները[98]:

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերի ընկած կայսր Վալերիանոսի նվաստացումը պարսից Շապուհի կողմից:

Հռոմեա-պարսկական պատերազմները հիմնակում համարվում են «ապարդյուն»[99]: Հետաքրքիր է, որ հռոմեացի պատմիչ Դիո Կասիոսն ասես կանխագուշակում է, որ երկու գերտերության միջև «ռազմական գործողություններն իրենցից ներկայացնում են չավարտվող ցիկլ»[100]: Իրականում 7 դար տևած ռազմական գործողությունների հետևանքով երկու կայսրությունների միջև սահմանը մնում էր համեմատաբար կայուն։ Ինչպես բնութագրել է պատմաբան Ֆրայը.

Aquote1.png Կարելի է ունենալ այն տպավորությունը, որ այս երկու պետության միջև պատերազմներում թափված արյունը բերում էր այնքան քիչ օգուտ, ինչքան Առաջին համաշխարհային պատերազմի խրամատային ահավոր կռիվների շնորհիվ ձեռք բերված մի քանի մետր հողը: Aquote2.png


Երկու պետությունն էլ արդարացնում էին պատերազմները գաղափարախոսությամբ. հռոմեացիները, որպես խաղաղության և կարգ ու կանոնի պահապաններ, իսկ Սասանյանները որպես Աքեմենյանների ժառանգներ։ Իսկ Հռոմեական կայսրության քրիստոնեացումից սկսած, պատերազմները երբեմն ընդունում էին կրոնական բնույթ[101]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովարդ-Ջոնսթոն (2006), 1
  2. 2,0 2,1 Բոլ (2000), 12-13; Դիգնաս-Վինթեր (2007), 9 (PDF)
  3. Պլուտարքոս, Սուլլա, 5, 3–6
    * Մաքեյ (2004), 149; Շերվին-Ուայթ (1994), 262
  4. Բիվար (1993), 46
    * Շերվին-Ուայթ (1994), 262–263
  5. Շերվին-Ուայթ (1994), 264
  6. Պլուտարքոս, Կրասոս, 23–32
    * Մաքեյ (2004), 150
  7. Բիվար (1993), 56
  8. Հուստին, լատ.՝ Historiarum Philippicarum, XLII 4
    * Բիվար (1993), 56–57
  9. Բիվար (1993), 57
  10. Հուստին, լատ.՝ Historiarum Philippicarum, XLII 4; Պլուտարքոս, Անտոնիոս, 33–34
    * Բիվար (1993), 57–58
  11. Դիո Կասիոս, «Հռոմեական պատմություն», XLIX, 27–33
    * Բիվար (1993), 58–65
  12. Սիկեր (2000), 162
  13. Սիկեր (2000), 162–163
  14. Տակիտոս, Տարեգրություն, XII 50–51
    * Սիքեր (2000), 163
  15. Տակիտոս, Տարեգրություն, XV.27–29
    * Ռոուլինսոն(2007), 286–287
  16. Սիքեր (2000), 167
  17. Դիո Կասիոս, Հռոմեական պատմություն, LXVIII, 33
    * Sicker (2000), 167–168
  18. Լայթֆութ (1990), 115; Սիքեր (2000), 167–168
  19. Հերոդիան, Հռոմեական պատմություն, III, 9.1–12
    Քեմփբել (2005), 6–7; Ռոուլինսոն (2007), 337–338
  20. Հերոդիան, Հռոմեական պատմություն, IV, 10.1–15.9
    Քեմփբել (2005), 20
  21. Հերոդիան, Հռոմեական պատմություն, VI, 2.1–6; Դիո Կասիոս, Հռոմեական պատմություն, LXXX, 4.1–2
    * Dodgeon–Greatrex–Lieu (2002), I, 16
  22. Հերոդիան, Հռոմեական պատմություն, VI, 5.1–6
    * Դոջեոն–Գրիտրեքս–Լյու(2002), I, 24–28; Ֆրայ (1993), 124
  23. Ֆրայ (1993), 124–125; Սաութերն (2001), 234–235
  24. 24,0 24,1 Ֆրայ (1993), 125
  25. Վիկտոր Ավրելիոս, լատ.՝ Liber de Caesaribus, 27.7–8
    * Ֆրայ (1993), 125; Սաութերն (2001), 235
  26. Լակտանտիուս, լատ.՝ De Mortibus Persecutorum, 5
    * Ֆրայ (1993), 126; Սաութերն (2001), 238
  27. Վիկտոր Ավրելիոս, լատ.՝ Liber de Caesaribus, 38.2–4; Էվտրոպիոս, Հռոմեական պատմության համառոտագրություն, IX, 18.1
    * Ֆրայ (1993), 128; Սաութերն (2001), 241
  28. 28,0 28,1 Ֆրայ(1993), 130; Սաութերն (2001), 242
  29. Վիկտոր Ավրելիոս, լատ.՝ Liber de Caesaribus, 39.33–36; Էվտրոպիուս, Հռոմեական պատմության համառոտագրություն, IX, 24–25.1
    * Ֆրայ (1993), 130–131; Սաութերն (2001), 243
  30. Ֆրայ (1993), 137
  31. Ֆրայ (1993), 138
  32. Բյուրի (1923), XIV.1; Ֆրայ (1993), 145; Գրետրիքս-Լյու (2002), II, 37–51
  33. Պրոկոպիոս, Պատերազմներ, I.7.1–2
    * Գրետրիքս–Լյու (2002), II, 62
  34. Զաքարի Հռետոր, լատ.՝ Historia Ecclesiastica, VII, 3–4
    * Գրետրիքս–Լյու (2002), II, 63
  35. Գրետրիքս–Լյու (2002), I I, 69–71
  36. Պրոկոպիոս, Պատերազմներ, I.9.24
    * Գրետրիքս–Լյու(2002), II, 77
  37. Պրոկոպիոս, Պատերազմներ, I.11.23–30
    * Գրետրիքս (2005), 487; Գրետրիքսևndash;Լյու(2002), II, 81–82
  38. Greatrex–Lieu (2002), II, 82
  39. Greatrex–Lieu (2002), II, 84
  40. Zacharias Rhetor, Historia Ecclesiastica, IX, 2
    * Greatrex–Lieu (2002), II, 83, 86
  41. Գրետրիքս–Լյու (2002), II, 85
  42. Գրետրիքս–Լյու (2002), II, 92–96
  43. Գրետրիքս–Լյու(2002), II, 93
  44. Էվանս(2000), 118; Գրետրիքս–Լյու (2002), II, 96–97
  45. Գրետրիքս–Լյու(2002), II, 102
  46. Պրոկոպիոս, Պատերազմենր, II.20.17–19
    * Գրետրիքս–Լյու(2002), II, 109–110
  47. Պրոկոպիոս, Պատերազմներ, II.21.30–32
    * Գրետրիքս–Լյու(2002), II, 110
  48. Կորիպոս, լատ.՝ Johannidos, I.68–98
    * Գրետրիքս–Լյու(2002), II, 111
  49. Գրետրիքս-Լյու (2002), II, 113
  50. Procopius, Wars, 28.7–11
    * Greatrex (2005), 489; Greatrex–Lieu (2002), II, 113
  51. Procopius, Wars, 28.7–11
    * Evans, Justinian (527–565 AD); Greatrex–Lieu (2002), II, 113
  52. Թրեդգոլդ (1997), 204–207
  53. Թրեդգոլդ (1997), 209
  54. Ֆառոխ (2007), 236
  55. Մենանդեր Պրոտեկտոր, Պատմություն, մաս. 6.1
  56. Էվանս, Հուստինիանոս
  57. 57,0 57,1 Հովհաննես Էփիֆանիա, Պատմություն, 2 AncientSites.com
  58. 58,0 58,1 Թրեդգոլդ (1997), 222
  59. 59,0 59,1 Գրետրիքս–Լյու(2002), II, 152; Լութ (2005), 113
  60. 60,0 60,1 Թեոփանես, Ժամանակագրություն, 246.11–27
    * Ուիթբի (2000), 92–94
  61. 61,0 61,1 61,2 Թեոֆիլակտ, Պատմություն, I, 9.4 (PDF)
    Թրեդգոլդ (1997), 224; Ուիթբի (2000), 95
  62. Թրեդգոլդ (1997), 224; Ուիթբի (2000), 95–96
  63. Սովարդ, [1] (PDF); Թրեդգոլդ (1997), 225; Ուիթբի(2000), 96
  64. Սովարդ, [2] (PDF); Թրեդգոլդ (1997), 226; Ուիթբի (2000), 96
  65. Գրետրիքս–Լյու (2002), II, 168-169
  66. Թեոֆիլակտ, V, Պատմություն, I, 3.11 (PDF) և 15.1 (PDF)
    * Լյութ (2005), 115; Թրեդգոլդ (1997), 231–232
  67. Ֆոս (1975), 722
  68. Թեոֆանես, Ժամանակագրություն, 290–293
    * Գրետրիքս–Լյու (2002), II, 183–184
  69. Թեոֆանես, Ժամանակագրություն, 292–293
    * Գրետրիքս–Լյու (2002), II, 185–186
  70. Գրետրիքս–Լյու (2002), II, 186–187
  71. Հալդոն (1997), 41; Շպեկ (1984), 178.
  72. Գրետրիքս–Լյու (2002), II, 188–189
  73. Գրետրիքս–Լյու (2002), II, 189–190
  74. Գրետրիքս–Լյու (2002), II, 190–193, 196
  75. Հովարդ-Ջոնսթոն (2006), 85
  76. Գրետրիքս–Լյու (2002), II, 196
  77. Թեոփանես, Ժամանակագրություն, 303–304, 307
    * Կամերոն (1979), 23; Գրաբար (1984), 37
  78. Թեոփանես, Ժամանակագրություն, 304.25–306.7
    * Գերտրիքս–Լյու (2002), II, 199
  79. Թեոփանես, Ժամանակագրություն, 306–308
    * Գրետրիքս–Լյու (2002), II, 199–202
  80. Թեոփանես, Ժամանակագրություն, 308–312
    * Գրետրիքս–Լյու (2002), II, 202–205
  81. Թեոփանես, Ժամանակագրություն, 316
    * Կամերոն (1979), 5–6, 20–22
  82. Թեոփանես, Ժամանակագրություն, 315–316
    * Ֆառոխ–Մաք Բրայդ (2005), 56
  83. Գրետրիքս–Լյու (2002), II, 209–212
  84. Թեոփանես, Ժամանակագրություն, 317–327
    * Գրետրիքս–Լյու (2002), II, 217–227
  85. Հալդոն (1997), 46; Բայնս (1912), Շպեկ (1984), 178
  86. Հովարդ-Ջոնսթոն (2006), 9
  87. Հալդոն (1997), 43–45, 66, 71, 114–15
  88. Լիսկա (1998), 170
  89. Հալդոն (1997), 49–50
  90. Հալդոն (1997), 61–62; Հովարդ-Ջոնսթոն(2006), 9
  91. Ռոուլինսոն (2007), 199
  92. 92,0 92,1 Ուիլեր (2007), 259
  93. Ֆրայ (2005), 473
  94. Գրետրիքս (2005), 478; Ֆրայ (2005), 472
  95. Կոռնուել, Սասանյան Պարսկաստանի ռազմական ուժերի ընդհանուր բնութագիր; Սիդնել (2006), 273
  96. Քեմփբել–Հուք (2005), 57–59; Գաբա (1966), 51–73
  97. Շալիդ (1984), 24–25; Վագստաֆ (1985), 123–125
  98. Ֆրայ (1993), 139; Լևի (1994), 192
  99. Բրազիեր (2001), 42
  100. ԴԻո Կասիոս, Հռոմեական պատմություն, LXXV, 3.2–3
    * Գարնսեյ–Սալեր(1987), 8
  101. Բարնս (1985), 126

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]