Համաճարակ, էպիդեմիա, միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։ Համաճարակի բռնկմանը նպաստող նախադրյալներն են սանիտարական կանոնների խախտումը, վարակի աղբյուրների, փոխանցողների և բնակչության ընկալունության առկայությունը, առողջապահական օրգանների անբավարար կանխարգելիչ աշխատանքը և այլն։ Տվյալ վայրի և տվյալ պատմական պայմանների համար սովորական (նվազագույն) հիվանդությունը կոչվում է սպորադիկ, երբ արձանագրվում են հիվանդության իրար հետ կապ չունեցող առանձին դեպքեր։ Ոչ մեծ տերիտորիայում (մեկ բնակավայր, քաղաքի կամ ավանի մի մաս, հանրակացարան, զորանոց) հիվանդության տարածումը, որն ընթանում է կարճ ժամանակամիջոցում, անվանում են համաճարակային բռնկում, իսկ մեծ տերիտորիաներում, երբեմն մի քանի երկրներում կամ մայրցամաքներում, բնակչության զանգվածային ախտահարումը՝ աշխարհավարակ (պանդեմիա)։ Երբ վարակիչ հիվանդությունը որոշակի տերիտորիայում գրանցվում է մշտապես և շատ տարիների ընթացքում, անվանում են տեղաճարակ (էնդեմիա) կամ հիվանդության տեղաճարակայնություն, իսկ որոշակի տերիտորիայում երկարատև գրանցվող և վատ պայմանների հետ կապված հիվանդությունը (որովայնային տիֆ, դիզենտերիա, բծավոր տիֆ)՝ վիճակագրական համաճարակայնություն։ Եթե հիվանդությունը կապված է բնական որոշակի պայմանների առկայության հետ (օրինակ, ժանտախտի հարուցիչի մշտական շրջանառությունը ավազամկների, արջամկների, գետնասկյուռների միջև), անվանում են իսկական տեղաճարակայնություն։ Տվյալ բնակավայրին ոչ բնորոշ, այլ երկրներից ներմուծված վարակիչ հիվանդությունները կոչվում են էկզոտիկ՝ տարաշխարհիկ։ Նկատվում են վարակիչ հիվանդությունների քանակական տատանումներ՝ կապված տարվա եղանակների հետ (սեզոնականություն), որոնք պայմանավորված են փոխանցողների ակտիվության սեզոնային տատանումներով, վարակի աղբյուր հանդիսացող որոշ կենդանիների կյանքի առանձնահատկություններով (օրինակ, արջամկների և գետնասկյուռների ձմեռային քունը ընդհատում է դրանց շփումը մարդկանց հետ, և կանխվում է ժանաախտի տարածումը)։ Ամռան ամիսներին, մրգի և բանջարի օգտագործման հետ կապված, մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների թիվը։ Համաճարակ կենդանիների, էպիզոոտիա, համաճարակային պրոցեսների ինտենսիվության բարձրացում, որն արտահայտվում է վարակիչ հիվանդությունների (դաբաղ, ժանտախտներ, խոշոր եղջերավորների պերիպննմոնիա են) առավել լայն տարածմամբ։ Այն կարող է ընդգրկել տնտեսությունը, շրջանը, մարզը կամ երկիրը։ Համաճարակը բնորոշվում է հիվանդությունների զանգվածային բռնկումներով, վարակի աղբյուրների ընդհանրությամբ, գաղտնի շրջանի տևողության սահմաններում հիվանդության միաժամանակյա կամ հաջորդական առաջացմամբ և հիվանդության առանձին դեպքերի տարածքային մոտիկությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 93)։