Մարկոս Կրասսոս
| Մարկոս Կրասսոս |
|
|---|---|
| Ծնվել է | մ. թ. ա. 115[1] կամ մ.թ.ա. 120-ականներ |
| Ծննդավայր | Հռոմ |
| Մահացել է | մ. թ. ա. 53[1] |
| Մահվան վայր | Խառան |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և զինվոր |
| Ծնողներ | հայր՝ Publius Licinius Crassus Dives |
| Զբաղեցրած պաշտոններ | Հռոմեական հանրապետության կոնսուլ և հինհռոմեացի սենատոր |
| Marcus Licinius Crassus Վիքիպահեստում | |
Մարկոս Լիկինիոս Կրասոս (լատ.՝ Marcus Licinius Crassus; մ. թ. ա. 115[1] կամ -120, Հռոմ - մ. թ. ա. 53[1], Խառան), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ, եռապետ, իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Մեծ հարստություն է կուտակել Սուլլայի պրոսկրիպցիաների ժամանակ։ 71-ին Գնեոս Պոմպեոսի հետ ճնշել է Սպարտակի ապստամբությունը։ 70-ին ընտրվել է կոնսուլ։ 60-ին Հուլիոս Կեսարի և Պոմպեոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ.թ.ա. 55-ին երկրորդ անգամ ընտրվել է կոնսուլ, ստացել Ասորիքի կառավարումը։
Մ.թ.ա. 54-ին հարձակվել է Պարթևաստանի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն Մեծ Հայքը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ Միջագետքի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ.թ.ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է Հռոմի և Պարթևաստանի սահման հանդիսացող Եփրատ գետը՝ նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20, 000 և գերի վերցվում մոտավորապես 10, 000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար[2]։ Պարթևական զորավար Սուրենը Մեծ Հայքում գտնվող պարթևաց արքա Որոդես II-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է Արտաշատում՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
- ↑ Սարգիս Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն, էջ 112
|
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |