Jump to content

Չորս կայսրերի տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չորս կայսրերի տարի, պատմագիտության մեջ կիրառվող եզր, որը կապված է Հռոմեական կայսրությունում մեր թվարկության 69 թվականին տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։ Մասնավորապես այդ տարին նշանավորվում է նրանով, որ կայսերական Հռոմում հաջորդաբար կառավարում են չորս կայսրեր՝ Գալբան, Օտոնը, Վիտելլիոսը և Վեսպասիանոսը[1]։ Ներոն կայսեր սպանությունից հետո Հռոմում ստեղծվում է անորոշ քաղաքական իրադրություն, որի պայմաններում գահն անցնում է ազդեցիկ պատրիկ Գալբային, որը Հիսպանիայի ապստամբությունից հետո մեծ ժողովրդականություն էր վայելում կայսրությունում։ Սակայն, մի քանի ամիս կառավարելուց հետո Գալբան սպանվում է՝ դառնալով զինվորական դավադրության զոհ։ Հաջորդիվ գահն անցնում է դավադրության կազմակերպիչ Օտոնին, որը ևս սակայն չի կարողանում երկար կառավարել։ 69 թվականի ապրիլի 14-ին Բետրիակի ճակատամարտում Օտոնի զորքերը ջախջախվում են գահի մեկ այլ հավակնորդ՝ Վիտելլիոսի բանակի կողմից, իսկ վերջինս նախապես իմանալով այդ պարտության մասին ինքնասպան է լինում։ Արդյունքում՝ 69 թվականի ապրիլի 14-ին կայսերական գահն անցնում է Վիտելլիոսին, որն իր կառավարման կարճ ժամանակահատվածում կարողանում է աչքի ընկել իր նախնիններից շատ ավելի դաժան կեցվածքով և ընչաքաղցությամբ։ Վեիտելլիոսն արժանանում է միևնույն ճակատագրին, ինչ որ Օտոնը։ Վերջինիս իշխանությունը ևս լեգիտիմ չէր Հռոմեական կայսրությունում, որն էլ լավ առիթ էր գահի հավակնորդ Վեսպասիանոս Տիտոս Փլավիոսի համար։ Նույն տարում Ալեքսանդրիայում Վեսպասիանոսն ինքն իրեն հռչակում է Հռոմի կայսր։ Նրա կողմից էին Ասորիքի, Հուդայի և արևելյան մի քանի այլ պրովինցիաներում գտնվող լեգեոնները։ Անտոնիոս Պրիմոսի գլխավորությամբ նրանք շարժվում են դեպի Հռոմ, գրավում են այն և սպանում գործող կայսր Վիտելիոսին։ Այսպիսով՝ չորս կայսրերի տարին ավարտվում է Վեսպասիանոս կայսեր թագադրմամբ։ Վերջինս իր հերթին Հռոմում սկիզբ է դնում նոր արքայատոհմի՝ Փլավիոսների ժառանգական իշխանությանը։

Կայսրերի շարունակական փոփոխություններն իրենց հետևանքներն են ունենում երկրի սոցիալ-քաղաքական և ռազմական կյանքի վրա։ Ներոնի մահից հետո բռնկված քաղաքացիական պատերազմն ու զանգվածային անհնազանդություններն ընդունում են ավելի մեծ ծավալներ, կայսրության տարբեր հատվածներում բռնկվում են անջատողական ապստամբություններ, որի պայմաններում առաջանում էր ռազմական կենտրոնացվածության խնդիր։ Թերևս, այս շրջանի գլխավոր հետևանքը կարելի է համարել բատավյան ապստամբությունը, որը դժվարությամբ ճնշվում է հռոմեական լեգենոնների կողմից։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական ճգնաժամի ակունքներ՝ Ներոնի սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներոն Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս` Հռոմեական կայսրության գահակալը 54-68 թվականներին։

Ներոն Կլավդիոս Կեսարը կամ պարզապես Ներոնը եղել է Հռոմեական կայսրության բոլոր ժամանակների ամենանշանավոր գահակալներից մեկը։ Ներոնը վարում էր խիստ կենտրոնացված քաղաքականություն՝ այդ ճանապարհին անգութ գտնվելով շատերի հանդեպ։ 65 թվականին տեղի է ունեցած Պիզոնի ապստամբությունն անմիջականորեն ուղղված էր Ներոնի իշխանավարման դադարեցմանն ու հանրապետական կարգերի վերականգնմանը։ Սակայն, կայսեր հրամանով ապստամբությունը խստագույնս ճնշվում է հռոմեական լեգեոնների կողմից, իսկ կազմակերպիչները դատապարտվում են մահվան։ 68 թվականի մարտին գալիացի կառավարիչ Գայոս Հուլիոս Վինդեքսն ապստամբում է Ներոնի հարկահավաքների դեմ։ Ապստամբությունը ճնշելու հրաման է տրվում Վերին Գերմանիայի կառավարիչ Լուկիոս Վերգինիոս Հռուֆուսին։ Վինդեքսն օգնության է կանչում Տարակոնյան Հիսպանիայի կառավարիչ Սերվիոս Սուլպիկիոս Գալբային՝ խոստանալով հետագայում աջակցություն տրամադրել կայսր դառնալու համար։

Նույն տարվա մայիս ամսին Բիսանտիումի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Վերգինիոսի զորքը հեշտությամբ հաղթում է Վինդեքսին, ով ինքնասպան է լինում։ Սակայն, այս ապստամբությունը ճնշելով` Վերգինիոսի լեգեոնները փորձում են կայսր հռչակել իրենց հրամանատարին։ Վերգինիոսը հրաժարվում է դուրս գալ կայսեր դեմ, սակայն լեգեոնների դժգոհությունը և Իսպանիայում Գալբայի դիմակայությունը Ներոնին ծանր կացության մեջ են դնում։ Հռոմի կայսր Ներոնը մեր թվարկության 68 թվականին ինքնասպան է լինում՝ կտրելով իր կոկորդը։ Այսպիսով, Ներոնը դառնում է հանրապետական և կայսերական Հռոմի պատմության առաջին գահակալը, որը դիմել է ինքնասպանության։ Փաստացիորեն՝ Ներոնը դառնում է Հռոմի առաջին կայսերական արքայատոհմի վերջին օրինական ներկայացուցիչը։ Վերջինիս մահվանից հետո Հռոմում բռնկվում է քաղաքացիական պատերազմ, որոնք ընկալվում էին որպես գահակալական կռիվներ։ Նրա սպանությունից հետո Հռոմեական կայսրությունում սկիզբ է դրվում «չորս կայսրերի տարվան»։ Ներոնի մահվանից հետո Հռոմում բոլորը քաջատեղյակ էին, որ երկրի հաջորդ գահակալը լինելու է Պիրենեյան թերակղզում մինչև վերջին շունչը մարտնչող Գալբան։

Սերվիուս Սուլպիցիուս Գալբան հռոմեական գահին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոռնելիոս Տակիտոսը «Չորս կայսրերի տարվա» մասին

Ես անցնում եմ մի ժամանակաշրջանի պատմության, որը լի է դժբախտություններով, հալածանքներով, երկպառակտությամբ, անմիաբանությամբ և հակասություններով։ Շրջան, որի ժամանակ բռնությունը գերիշխում էր նույնիսկ խաղաղության պայմաններում։ Չորս պրինցեպսներ, որոնք մահացել են բռնի ճանապարհով, երեք քաղաքացիական պատերազմներ, և մի շարք արտաքին և նմանօրինակ բախումներ, արևելքի հաջողություններ և արևմուտքի դժբախտություններ՝ Իլարիայի խռովություն, Գալիայի անկայունություն, Բրիտանիայի նվաճում և շուտափույթ կորուստ․․․

Ներոն կայսեր մահվանից անմիջապես հետո Հիսպանիայի նախկին կառավարիչ Գալբան բազմում է հռոմեական գահին։ Իրադարձությունների այդ շրջադարձը հակոտնյա էր գերմանական լեգեոնների սպասումներին և սա էր պատճառը, որ վերջիններիս մինչև վերջ Գալբայի չեն տալիս իրենց հավատարմությունը, փոխարենը՝ նրա հասցեին հնչեցնելով մեղադրանքներ և ապստամբության կազմակերպման սպառնալիքներ։ Ի պատասխան գերմանական լեգեոնների ամպագոռգոռ հայտարարություններին և հոխորտանքներին՝ նորընտիր կայսրն առանց ժամանակ վատնելու վերացնում է իր իշխանության առջև առկախ գերմանական խնդիրը՝ լեգեոնների հրամանատար Ռաֆուսին պաշտոնանկ հայտարարելով։ Այդ պաշտոնում վերջինիս փոխարինում է Ավլոս Վիտելլիոսը։

Գերմանական հավատարմության նկատմամբ քաղաքական վստահության կորուստը հանգեցնում է վերջիններիս հանդեպ կայսեր կենտրոնախույս քայլերին։ Հենց այս ամենի արդյունքում էլ բռնկվում է բատավյան համաժողովրդական ապստամբությունը։ Չնայած իր գործադրած մեծ ջանքերին՝ Գալբան ոչ մի կերպ չէր ընդունվում ժողովրդի կողմից։ Այս ամենը շտկելու համար նա ոչնչացնում կամ հսկայական չափով տուգանում էր այն քաղաքներին, ովքեր անմիջապես չէին ճանաչում իրեն կայսեր պաշտոնում որպես հռոմեացի ժողովրդի բարձրագույն գահակալ։ Ստանձնելով Հռոմի տիրակալության ղեկը՝ Գալբան առ ոչինչ է հայտարարում նաև Ներոնի կատարած բոլոր բարեփոխումները՝ այդ թվում և բազմաթիվ կաևոր անձանց տրամադրվող բենեֆիսը։ Իր նախորդների պես Գալբան ևս չափազանց վախեցել է դավադրությունից և նույնիսկ կասկածի պարագայում առանց դատավարության մահապատժի է ենթարկել բազմաթիվ սենատորների։ Գալբայի անվճռական քաղաքականության հետևանքով դժգոհությունների ալիք էր կուտակվել նաև հռոմեական լեգեոնների շրջանում։ Գլխավոր պատճառն այն էր, որ Ներոնին փոխարինելուց հետո Գալբան հրաժարվել էր վճարել այն պարգևները, որոնք Նիմֆիդիոսը խոստացել էր կայսեր անունով։ Ավելին, 69 թվականի առաջին օրը՝ գերմանական լեգեոնները հրաժարվում են հավատարմության երդում տալ կայսերը։ Հաջորդ օրը՝ վերջիններս Վիտելլիոսին հռչակում են իրենց կայսր։

Տեսնելով այս ամենը՝ Գալբան խուճապի մեջ է ընկնում։ Իրավիճակը գլխիվայր շուռ է գալիս այն ժամանակ, երբ գործող կայսրը երիտասարդ սենատոր Լուցիոս Կալպուրնիուս Պիսո Լիցինիանոսին ճանաչում է որպես իր օրինական իրավահաջորդ։ Այս ճղճիմ քայլով Գալբան վիրավորում էր հռոմեական բարձր ազնվականությանը, նախ և առաջ՝ գահի ազդեցիկ և հավակնոտ թեկնածու Մարկոս Սալվիոս Օտոնին։ Շուտով Օտոնը կաշառում է պրետորիանական լեգեոնի զինվորներին, որոնք էլ ռազմական ապստամբություն են բարձրացնում գործող իշխանությունների դեմ։ Լսելով հեղաշրջման փորձի մասին կայսրը գնում է զինվորներին ընդառաջ՝ փորձելով կայունացնել իրավիճակը։ Սակայն, դա նրան չի հաջողվում, քանզի Օտոնի զինվորները սպանում են և՛ կայսերը, և՛ վերջինիս կողմից գահի իրավահաջորդի պաշտոնում անօրինաբար կարգված Լուցիոս Կալպուրնիուս Պիսո Լիցինիանոսին։

Մարկոս Սալվիոս Օտոնի իշխանավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական դավադրության արդյունքում Գալբան սպանվում է, իսկ սենատը նույն օրը Օտոնին ճանաչում է Հռոմի կայսր։ Ակնկալվում էր, որ Օտոնը աշխարհակալ երկիրը կառավարելու էր բռնապետական կարգերով՝ աննախադեպ դաժանությամբ լի, մինչդեռ վերջինս ի սատար է կանգնում խաղաղությանը՝ նպաստելով կայունացմանն ու զարգացմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Martin, Ronald H. (1981). Tacitus and the Writing of History. University of California Press: Manchester University Press. էջեր 104-105. ISBN 0520044274.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորս կայսրերի տարի» հոդվածին։