Հռոմուլոս և Հռեմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտոլիումի գայլը, որ կերակրում է Հռոմուլոսին և Հռեմոսին։

Հռոմուլոս և Հռեմոս, երկվորյակ եղբայրներ, ովքեր հիմնադրել են Հռոմը։ Հռոմուլոսը եղել է Հին Հռոմի առաջին թագավորը (մ․թ․ա․ 753-716)։ Իսկ Հռեմոսը, ըստ հին հռոմեական ավանդության, Հռոմի առաջին թագավոր Հռոմուլոսի եղբայրը։

Ծնունդ և մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմուլոսի և Հռեմոսի մայրը՝ Ռեա Սիլվիան, Ալբա Լոնգի օրինական արքա Նումիտորի դուստրն էր, ով գահընկեց էր արել կրտսեր եղբորը՝ Ամուլիուսին։ Ամուլիուսը չէր ցանկանում, որ Նումիտորի զավակները խանգարեն իր փառասիրական նկրտումներին․ Նումիտորի որդին կորավ որսի ժամանակ, իսկ Ռեա Սիլվիային Ամուլիուսը ստիպեց վեստալուհի դառնալ, որը նրան 30 տարվա կուսակրոնության էր դատապարտում։ Ծառայության 4-րդ տարում նրան հայտնվեց Մարսը, ումից և ծնվեցին երկվորյակ եղբայրները։ Բարկացած Ամուլիուսը նրան զնդան նետեց, իսկ նորածիններին հրամայեց զամբյուղ դնել և գցել Տիբեր։ Սակայն զամբյուղը հայտնվում է Պալատին բլրի մոտ, որտեղ նրանց կերակրում է էգ գայլը, իսկ մոր հոգատարությունը փոխարինում են փայտփորն ու կիվիվը։ Արդյունքում բոլոր այս կենդանիները սրբազան են դառնում Հռոմում։ Այնուհետև եղբայրներին իր մոտ է վերցնում արքայի հովիվը՝ Ֆաուստուլը։ Նրա կինը՝ Ակկա Լարենցիան, ով դեռ չէր սփոփվել իր երեխայի մահից հետո, իր խնամքի տակ վերցրեց երկվորյակներին։

Երբ Հռոմուլոսը և Հռեմոսը մեծացան, նրանք վերադարձան Ալբա Լոնգ, որտեղ էլ իմացան իրենց ծննդյան գաղտնիքը։ Նրանք սպանեցին Ամուլիուսին և գահին վերականգնեցին իրենց պապին՝ Նումատորին։

Հռոմի հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարի անց պապի խնդրանքով Հռոմուլոսը և Հռեմոսը ուղևորվեցին Տիբեր՝ Ալբա Լոնգ նոր գաղութի հիմնադրման համար տեղ փնտրելու։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Հռեմոսն ընտրեց Պալատին և Կապիտոլիում բլուրների միջև ընկած տարածքը կամ Ավենտին բլուրը, սակայն Հռոմուլոսը պնդում էր, որ քաղաքը կառուցեն Պալատին բլրի վրա։ Վեճին լուծում տալու համար եղբայրները միմյանցից հեռու նստեցին և սկսեցին սպասել վերևից նշանի։ Հռեմոսը տեսավ 6 թռչող ուրուրների, իսկ Հռոմուլոսը՝ 12 (ավելի ուշ այդ 12-ը մեկնաբանվեց որպես Հռոմի հզորության 12 դարերը)։ Հաղթելով վեճը՝ Հռոմուլոսը Պալատինի վրա սրբազան ակոս արեց, սակայն Հռեմոսը ծաղրելով թռավ դրա վրայով, որը կատաղեցրեց Հռոմուլոսին և ստիպեց վերջինիս սպանել սեփական եղբորը։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ նշաններին դիմելը չօգնեց, վեճ առաջացավ, որի ժամանակ էլ Հռոմուլոսը սպանեց եղբորը։

Զղջալով, որ սպանեց Հռեմոսին, Հռոմուլոսը հիմնադրեց քաղաքը, որին տվեց իր անունը (լատ.՝ Roma) և դարձավ արքա։ Քաղաքի հիմնադրման տարեթիվն է համարվում մ․թ․ա․ 753 թվականի ապրիլի 21-ը, երբ Պալատինի բլրի շուրջ գութանով փորվեց ակոսը, որը սահմանում էր քաղաքի սահմանը։ Ըստ միջնադարյան առասպելի՝ Հռեմոսի որդին՝ Սենին հիմնադրեց Սիենա քաղաքը։

Սկզբնական շրջանում Հռոմուլոսի գլխավոր հոգսը քաղաքի բնակչության թվաքանակի աճն էր։ Այս նպատակով նա եկվորներին նույն իրավունքները, ազատությունը և քաղաքացիությունը տվեց, ինչ որ բնիկներին։ Նրանց համար առանձնացրեց Կապիտոլիումի բլրի հողերը։ Դրա շնորհիվ քաղաք եկան փախստական ստրուկները, աքսորյալները և մյուս քաղաքների և երկրների արկածներ փնտրողները։

Հռոմում քիչ էին կին բնակիչները՝ հարևան ժողովուրդներն ամոթ էին համարում ամուսնանալ թափառականների հետ․ այսպես էին անվանում հռոմեացիներին այդ ժամանակ։ Այդ պատճառով Հռոմուլոսը մի հնարք մտածեց․ քաղաքի հիմնադրումից 4 ամիս անց՝ օգոստոսի 21-ին, նա հանդիսավոր խնջույք կազմակերպեց՝ խաղերով, մարտերով և տարբեր տիպի մարմնամարզական և հեծելազորային վարժություններով։ Խնջույք եկան հռոմեացիների շատ հարևաններ, այդ թվում՝ սաբիններ։ Այն պահին, երբ հանդիսատեսը, հատկապես կանայք տարված էին խաղով, պայմանական նշանով (Հռոմուլոսը հանեց թիկնոցը) հռոմեացիները տոնական կրակ վառեցին և բազմաթիվ զորքը՝ սրերով և նիզակներով հարձակվեց անզեն հյուրերի վրա։ Խառնաշփոթի և հրմշտոցի ժամանակ հռոմեացիները փախցրեցին այնքան կին, որքան կարողացան։ Հռոմուլոսն ինքն իր համար կին վերցրեց սաբինացի Հերսիլիային։ Ինչպես կարծում էին անտիկ պատմիչները՝ հարսնացուին փախցնելով հարսանիքի ավանդույթի սկիզբը դրվեց հենց այդ ժամանակ։

Ըստ Պլուտարքոսի[1]՝ աստղագետ Լուցիուս Տարուտիուս Ֆիրմանուսն ընկերոջ՝ Գայ Տեռենցիուս Վառոյի խնդրանքով փորձեց հաշվել Հռոմուլոսի և Հռեմոսի ծննդյան, ինչպես նաև Հռոմի հիմնադրման տարեթվերը։ Նա որոշեց, որ եղբայրները բեղմնավորվել են մ․թ․ա․ 772 թվականի հունիսի 24-ին՝ արևի խավարման օրը, արևի մայր մտնելուց 3 ժամ անց և լույս աշխարհ են եկել մ․թ․ա․ 771 թվականի մարտի 26-ին, իսկ Հռոմը հիմնադրվել է մ․թ․ա․ 754 թվականի հոկտեմբերի 4-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Плутарх. Сравнительные жизнеописания. — М.: Наука, 1994. «Ромул», 12, 27, 29

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 595 CC-BY-SA-icon-80x15.png