Հասարակական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասարակական հարաբերություններ, բազմապիսի կապեր, որոնք առաջանում են սոցիալական խմբերի, դասակարգերի, ազգերի միջև ու դրանց ներսում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի և գործունեության պրոցեսում։ Բաժանվում են առաջնային (նյութական) և երկրորդային (գաղափարական) հարաբերությունների։ Նյութական (տնտեսական, արտադրական) հասարակական հարաբերությունները մարդկանց կամքից և գիտակցությունից անկախ, օբյեկտիվ անհրաժեշտությամբ գոյացող, նյութական բարիքների արտադրությանն ուղղված գործունեության հետևանք են։ Գաղափարական (քաղաքական, իրավական, բարոյական և այլն) հասարակական հարաբերություններն առաջանում են նյութական հասարակական հարաբերությունների բազայի վրա և վերջինի վերնաշենքն են։ Անհատները հասարակական հարաբերություններում հանդես են գալիս որպես սոցիալական որևէ հանրության, խմբի անդամ, ներկայացուցիչ։ Հասարակական հարաբերություններy դիալեկտիկական փոխազդեցության մեջ են մարդկանց անձնական հարաբերությունների հետ և որոշում են այդ հարաբերությունների էական կողմերը։ Սոցիալական տարբեր խմբերի, հանրությունների, կազմակերպությունների հասարակական հարաբերությունները որոշվում են արտադրական հարաբերությունների պատմականորեն որոշակի համակարգում ունեցած նրանց տեղով, սոցիալական այլ խմբերի հետ ունեցած փոխհարաբերություններով։ Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիայի համար հասարակական հարաբերությունները պատմականորեն կոնկրետ և յուրահատուկ են։ Սեփականության տվյալ ձևի արմատական առանձնահատկություններն արտահայտող հարաբերությունները կայուն են, համեմատաբար տևական, իսկ հասարակության ներսում, դասակարգային փոխհարաբերություններում կատարվող փոփոխություններն արտացոլող հասարակական հարաբերություններ՝ դինամիկ։ Քանի դեռ հասարակական հարաբերությունների փոփոխությունը չի շոշափում տվյալ հասարակական, ֆորմացիայի հիմքերը՝ սեփականության տիրապետող ձևերը, այն կրում է էվոլյուցիոն բնույթ, հակառակ դեպքում ստանում է հեղափոխական բնույթ։ Կապիտալիստական (նաև ստրկատիրական, ֆեոդալական) հասարակարգում նյութական հասարակական հարաբերություններ ունեն հակամարտ բնույթ, մարդկանց ռեալ հարաբերությունները դրսեվորվում են իրերի հարաբերությունների ձևով։ Հակամարտ հասարակական հարաբերությունները վերանում են սոցիալիստական հեղափոխության ընթացքում։ Սոցիալիզմը հաստատում է որակապես նոր, գիտակցաբար, պլանաչափորեն զարգացող հասարակական հարաբերություններ, որոնք անընդհատ կատարելագործվում են և աստիճանաբար վերածվում կոմունիստականի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png