Հռանդեայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռանդեայի ճակատամարտ
Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64)
Հռանդեայի ճակատամարտ.jpg
Հռանդեայի ճակատամարտի սխեման
Թվական 62 թվականի գարուն
Վայր Հռանդեա
Արդյունք Հայ-պարթևական ուժերի կատարյալ հաղթանակ, Հռանդեայի պայմանագիր
Հակառակորդներ
Արշակունիների թագավորություն Արշակունիների թագավորություն
Պարթևստան Պարթևստան
Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Հրամանատարներ
Տրդատ Ա
Վաղարշ Ա
Կորբուլոն
Պետոս
Կողմերի ուժեր
անհայտ 46-47 հազար հետևակ, 20-21 հազար հեծյալ

Հռանդեայի ճակատամարտ, հայ-պարթևական և հռոմեական զինված ուժերի միջև 62 թվականի գարնանը Հռանդեա կոչվող վայրում տեղի ունենցած ռազմական բախում։ Հայկական բանակն առաջնորդում էր Տրդատ Ա-ն, պարթևականը՝ Վաղարշ Ա-ն, իսկ հռոմեականը՝ Պետոսը։ Հայկական այրուձիու օգնությամբ Տրդատը 61 թվականին կարողանում է Հայկական Տավրոսի լեռներում կասեցնել հռոմեական լեգեոնների առաջխաղացումը դեպի Տիգրանակերտ։ Դրանից հետո Պետոսը ձմեռում է Հռանդեա կոչվող վայրում, որտեղ 62 թվականի գարնանը սկսվում են գլխավոր ռազմական գործողությունները։ Հայ-պարթևական ուժերը հարձակվում են հռոմեական լեգեոնների վրա, պաշարում նրանց, ապա ստիպում հանձնվել[1]։

Հռոմեական լեգեոններն անցնում են հայերի նիզակների լծի տակով, որը ամենաստորացուցիչ պատիժն էր զինվորականի համար, ապա փախչում և հեռանում Մեծ Հայքի տարածքից։ Երկու տարի անց՝ 64 թվականին, ճակատամարտի նույն վայրում կնքվում է Հռանդեայի պայմանագիրը[1], որով Տրդատ Ա-ն հռչակվում է հայոց արքա և հիմնադրում հայ Արշակունիների արքայատոհմը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշեսյանների թագավորության անկումից հետո Հայաստանը հայտնվեց ճգնաժամային իրավիճակում, քանի որ Հռոմի և Պարթևստանի կողմից Հայաստանում գահ էին բարձրանում դրածո արքաներ, որոնք բոլորը դառնում էին հայ ժողովրդի և ավագանու զոհը, քանի որ ժոովրդականություն չէին վայելում։ Հայաստանի դրածո արքաներից միակը, որը կարողացավ մինչև իր կյանքի վերջ խաղաղ թագավորել և իր մահով մեռնել, Զենոնն էր, որին հայ ժողովուրդը տվել է իր սիրելի արքայի անունն՝ Արտաշես։ Նա պատմության մեջ հայտնի է որպես Զենոն-Արտաշես։ Վերջինիս մահից հետո Հայաստանում օրակարգային էր նոր արքայատոհմի հաստատումը և այդ խնդիրը ցանկանում էր լուծել հայոց ավագանին։

Նույն ժամանակ Հայաստանի հարևան Պարթևստանում իշխում էր Վաղարշ Ա-ն, որը ուներ երկու եղբայր՝ Տրդատը և Բակուրը։ Հեռատեսություն դրսևորելով՝ պարթև Վաղարշ Ա արքան հասկանում է, որ շատ հաճախ Արևելքի միապետների ընտանիքներում արքաների դեմ դավադրություններ են կազմակերպվում հենց հարազատների կողմից, որոնք ցանկանում են բազմել գահին։ Վաղարշ Ա-ն մտադրություն ուներ իր եղբայրներին նստեցնել հարևան երկրների գահերին ու այդպիսով լուծել երկու հարց. այդ երկրները դարձնել Պարթևստանի դաշնակից և զերծ պահել իր գահը դավադրություններից։

Նա նախատեսում էր Տրդատին թագավոր դարձնել Հայաստանում, իսկ Բակուրին՝ Ատրպատականում։ Վաղարշ Ա-ն Բակուրին կարողանում է հեշտությամբ Ատրպատականի արքա դարձնել, իսկ Տրդատին Հայաստանի արքա դարձնելը երկար ժամանակ էր պահանջում, քանի որ Պարթևստանը պետք է բախվեր Արևելքի հզորագույն կայսրության՝ Հռոմեական կայսրության հետ։ Սկսվում է հռոմեա-պարթևական պատերազմը, որը տևում է ավելի քան 10 տարի[2]։

Ներոն կայսրն Արևելք է ուղարկում Կորբուլոնին, որը ներխուժում է Հայաստան և սկսում շարժվել դեպի Արտաշատ։ Նույն ժամանակ լեռնական ցեղերը սկսում են ասպատակել պարթևական տարածքները և Վաղարշ Ա-ն ստիպված հանում է զորքրերը Հայաստանից և սկսում պատերազմել լեռնական ցեղերի դեմ։ Միայնակ մնալով` Տրդատը նահանջում է Ատրպատական, որտեղ իշխում էր իր եղբայր Բակուրը։ Կորբուլոնը գրավում է Արտաշատը, ավերում այն, ապա շարժվում դեպի Տիգրանակերտ և այն նույնպես գրավում։ Նա կարծում էր, որ պատերազմն ավարտվել է և ինքը վերջնական հաղթանակ է տոնել հայ-պարթևական ուժերի նկատմամբ։ Այդ պատճառով նա Հայաստանում դրածո արքա է նշանակում Տիգրան Զ-ին, նրա մոտ թողնում 5 հազարանոց բանակ և հեռանում Հայաստանից։

Հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմի առաջին փուլ՝ 58-60 թվականներ

Ավարտելով լեռնականների հետ պատերազմը՝ Վաղարշը մեծ զորքով վերադառնում է Հայաստան, իր զորքը միավորում հայկական զորքի հետ և գահընկեց անում Տիգրան Զ-ին, որը շուտով փախչում է երկրից։ Հասկանալով, որ չի կարող հաղթել հայ-պարթևական ուժերին՝ Կորբուլոնը զինադադար է կնքում նրանց հետ և միևնույն պահին դիմում նաև Ներոն կայսրին՝ խնդրանքով, որ իրեն փոխարինի և նոր զորավար ուղարկի Արևելք։ Ներոնն Արևելք է ուղարկում Պետոս զորավարին, որը 61 թվականին ժամանում է Արևելք և նույն թվականի ամռանը, ներխուժելով Հայաստան, սկսում հռոմեա-պարթևական պատերազմի երկրորդ փուլը[2]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետոսի Արևելք ժամանելուց հետո Կորբուլոնը զորքը բաժանում է երկու մասի։ Նա Պետոսին է հանձնում 1-ին, 2-րդ, 5-րդ լեգեոնները, պոնտական, գալատիական ու կապադովկիական օգնական զորքերը, իսկ իր մոտ պահում 6-րդ, 9-րդ և 10-րդ լեգեոնները և սիրիական զորքերը։ Պետոսը Հայաստան սկսում է շարժվել միայն 61 թվականի ամռանը, իսկ Կորբուլոնն այդ ընթացքում պատրաստվում էր պարթևական նոր հարձակմանը և ամրացնում էր իր դիրքերը Եփրատի աջ ափին։

Պետոսը Մելիտինեի վրայով արշավում է Ծոփք, գրավում մի քանի բերդեր և շարունակում իր ռազմաերթը դեպի Հայկական Տավրոս, որտեղ սակայն հետ է մղվում Տրդատի ուժերի կողմից և ստիպված իջնում Խարբերդի դաշտ, որտեղ գտնվում էին նաև այլ հռոմեական ուժեր։ Իր զորքի մի մասը նա տեղադրում է Արշամաշատում, իսկ մնացած մասով շարժվում ոչ հեռու գտնվող Հռանդեա բնակատեղի, որը գտնվում էր Արածանիի ափին[2]։

Նրա բանակը կազմված էր հռոմեական և Հռոմին հպատակ ժողովուրդների զորքերից։ Բուն հռոմեական զորքը կազմում էր 23480 հետևակ և 10130 հեծյալ, որի թվում նաև Կորբուլոնի ուղարկած օգնական ուժերը՝ 3000 հեծելազոր և 8000 հետևակ, եթե դրան էլ ավելացնենք Հռոմին հպատակ այլ ժողովուրդների ուղարկած օժանդակ զորքերի քանակը, կստացվի, որ Հռանդեայի ճակատամարտին մասնակցել են 46-47 հազար հետևակ և 20-21 հազար հեծյալ։ Հայոց զորքի մասին տեղեկություններ չեն պահպանվել, սակայն հռոմեական կողմի լռությունից կարելի է ենթադրել, որ այն իր թվաքանակով չի գերազանցում հռոմեական բանակին։

Երկու կողմերը սպասում էին գարնան գալուն․ Պետոսն իր ռազմական գործողությունները վերսկսելու համար, իսկ Վաղարշը և Տրդատը՝ Ներոն կայսրից բանակցությունների վերջնական պատասխան ստանալու համար։ Ի վերջո, 62 թվականի գարնանը վերադառնում են Վաղարշի պատվիրակները և հայտնում բանակցությունների տապալման վերաբերյալ, որից հետո վերսկսվում են ռազմական գործողությունները հայ-պարթևական և հռոմեական ուժերի միջև[2]։

Տրդատը սկսում է շարժվել Տիգրանակերտից դեպի Արշամաշատ, իսկ Վաղարշ Ա-ն, հասկանալով, որ Ասորիքի վրա հարձակվելը անտեղի զոհերի առիթ կդառնա, քանի որ Կորբուլոնը լավ ամրացրել էր այն, որոշում է ներխուժել Հայաստան և օգնել Տրդատին։ Դրա հետևանքով Պետոսն Արշամաշատի մոտ հայտնվում է շրջափակման մեջ, որից դուրս գալու համար իր 3000-անոց հետևազորը շարում է Հայկական Տավրոսի լեռների հարևան բարձրունքներում, ապա ռազմադաշտի մի մասում դիրքավորվում է հռոմեական բանակի թագ ու պսակը համարվող պաննոնական հեծելազորը, իսկ մի կոհորտ ուղարկվում է Արշամաշատ, որտեղ գտնվում էր Պետոսի ընտանիքը։ Այս մասնատումների հետևանքով ընկնում է հռոմեական բանակի արդյունավետությունը, քանի որ նրանք կարող էին ավելի լավ արդյունք տալ միավորված ուժերով։ Ճակատամարտի առաջին փուլում Պետոսը չի կարողանում դիմադրել հայկական ուժերի հարվածներին և ստիպված նահանջում է մինչև Հռանդեա։ Նա օգնություն է խնդրում նաև Կորբուլոնից, որը, ինչպես նշում է Տակտիկոսը, չի շտապում օգնության ձեռք մեկնել իր հայրենակցին, «...որպեսզի վտանգի մեծացման հետ աճի և փրկելու փառքը»։

Հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմի երկրորդ փուլ՝ 61-63 թվականներ

Սկսվում է ճակատամարտի երկրորդ և վճռորոշ փուլը, որտեղ մարտական ոգին կորցրած հռոմեացիները չեն կարողանում վերադասավորվել և մարտի բռնվել հայ-պարթևական ուժերի դեմ, որոնք անընդհատ գրոհներով փորձում էին նրանց մարտի հրավիրել, սակայն ականատես էին լինում միայն պաշտպանական գործողությունների։ Ի վերջո, տեսնելով իր զորքի խուճապահար և անմարտունակ վիճակը, Պետոսը զինադադար է խնդրում Վաղարշից, որը մերժվում է։ Պետոսը ստիպված է լինում նորից զինադադար խնդրել Վաղարշից, որն այս անգամ ընդունվում է։ Ըստ հետազոտողների՝ հռոմեական բանակը մեծ թվով զոհեր էր տվել, այդ պատճառով էլ Վաղարշը համաձայնվել էր հաշտություն կնքել։ Բանակցությունների արդյունքում Վաղարշը թույլատրում է նրանց հեռանալ ռազմադաշտից, սակայն հռոմեական ամբողջ բանակը պետք է անցներ հայերի նիզակալծի տակով, որն ամենաստորացուցիչ պատիժն էր զինվորականների համար։ Հայերի լծի տակով անցնելուց առաջ առգրավվում է հռոմեական լեգեոնների ամբողջ զինամթերքը։

Տակտիկոսը հավաստիացնում է, որ Պետոսի զորքերը ոչ թե հեռանում, այլ սարսափահար փախչում էին Հայաստանից, քանի որ օրական 20-25 կմ անցնելու փոոխարեն նրանք անցնում էին 60-65 կմ։ Ցավոք, ճակատամարտի ընթացքում տված կորուստների մասին թվեր չեն պահպանվել[2]։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռանդեայի ճակատամարտի արդյունքում հռոմեական դիրքերը տարածաշրջանում թուլացան, որի արդյունքում 63 թվականին նորից հռոմեական բանակի ղեկավար նշանակվեց Կորբուլոնը, որը ուներ պատերազմելու և բանակցելու արտակարգ լիզորություններ։ Նա 64 թվականին ներխուժում է Հայաստան, սակայն չի համարձակվում պատերազմ սկսել, այլ Վաղարշ Ա-ի հետ բանակցությունների մեջ է մտնում և նրանից խնդրում, որ Տրդատը ներկայանա Հռոմ և հենց Ներոն կայսրից ստանա Հայաստանի թագը։

Գառնու հեթանոսական տաճարը, որը կառուցվել է Տրդատ Ա–ի կողմից։

Վաղարշը և Տրդատը համաձայնվում են, սակայն վերջինս պահանջում է, որ պայմանագիրը ստորագրվի հենց Հռանդեայում, որտեղ հռոմեական ուժերը 2 տարի առաջ ջախջախիչ պարտություն էին կրել՝ ցանկանալով ընդգծել, որ նա հայոց թագը նվաճել է հռոմեական ուժերին հաղթելով։ Ըստ պայմանագրի՝

Ի վերջո, 65 թվականի վերջին Տրդատը 3500 թիկնապահների հետ մեկնում է Հռոմ և Ներոն կայսրի կողմից թագադրվում Հռոմի հրապարակում։ Նրա ճանապարհորդությունը երկար է տևում, որովհետև նա հրաժարվում է նավով անցնել Միջերկրական ծովի վրայով, քանի որ դա հակասում էր պարթևական կրոնին։ Ներոն կայսրը նրան տալիս է նաև մի մեծ գումար՝ 50 միլիոն դինար-դրաքմե, որի միջոցով Տրդատը պետք է վերանորոգեր ավերված Արտաշատ մայարքաղաքը։ Հռոմում տեսնելով մի գեղեցիկ շինություն՝ Տրդատը 66 թվականին վերադառնում է Հայաստան և կառուցում նրա նման մի կառույց, որը նվիրված էր Արեգ-Միհրին[4]։ Այն հետագայում հայտնի դարձավ Գառնիի հեթանոսական տաճար անվամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Տրդատ «Ա»․ Հռանդեայի ճակատամարտը»։ operativ.am (հայերեն)։ Վերցված է 2019-25-08 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՅԵՐԻ ՏԱՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ (54—64 ԹԹ.)։ ԿՈՐԲՈԻԼՈՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԱՐՏԱՇԱՏ»։ armenianhouse.org (հայերեն)։ Վերցված է 2019-25-08 
  3. «Կարևորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը»։ arak29.am (հայերեն)։ Վերցված է 2019-28-08 
  4. «Excursion to Garni Temple and Geghard Monastery»։ findarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2019-28-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]