Հռետորական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռետորական դպրոց, Հին Հունաստանում և Հռոմում հումանիտար բարձրագույն դպրոցի առավել տարածված տեսակ (ավելի մասնագիտացված փիլիսոփայական և բժշկական դպրոցների կողքին), մ.թ.ա. III դարում Հունաստանում ձևավորված և մ.թ.ա. I դարում Հռոմ անցած ու մինչև անտիկ շրջանի վերջը պահպանված կրթության եռաստիճան համակարգի բարձրագույն օղակը։ Տարրական (գրելու, կարդալու և հաշվելու ուսուցում) և միջնակարգ՝ քերականական դպրոցներից հետո հռետորական դպրոցը հնարավորություն էր ընձեռում տիրապետելու գործնական բառարվեստին։ Հռետորական դպրոցում վարժությունների սկզբնական դասընթացը «պրոգիմնասներն» էին (առակների, պատմվածքների, ճառականոնների, խրատական ասացվածների և այլնի հորինում), հիմնական դասընթացը՝ «արտասանությունները», մտացածին թեմայով հորդորանքի կամ կեղծ դատական գործի վերաբերյալ ելույթի ձևով ճառերը։ Հռետորական դպրոցները սաներին պատրաստում էին առավելապես քաղաքական կարիերայի համար, բայց գնալով բառարվեստը հռետորական դպրոցում դառնում է ինքնանպատակ և սուր քննադատվում պրակտիկ հռետորների (Ցիցերոն, Քվինտիլիանոս, Տակիտոս) կողմից։ Հռետորական դպրոցը մեծ ազդեցություն է ունեցել ուշ շրջանի անտիկ գրականության վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 595