Զբոսաշրջությունն Իտալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրեվի շատրվան, Հռոմ
Սուրբ Պետրոսի Բազիլիկան Հռոմում

Զբոսաշրջությունն Իտալիայում, Իտալիայի տնտեսության եկամտային ոլորտ, հիմնված է վերականգնվող ռեսուրսների վրա։ Իտալիան աշխարհի հինգերորդ երկիրն է ըստ այցելության և չորրորդն ըստ զբոսաշրջության եկամտի։ Զբոսաշրջությունից ստացվող տարեկան եկամուտը կազմում է մոտավորապես 10 միլիարդ ամերիկյան դոլար, ինչը երկրի ՀՆԱ-յի 12 %-ն է։ Բացի չոր վիճակագրությունը, անհրաժեշտ է նշել, որ Հին Հռոմի ժառանգորդը դարձած երկիրը գրավում է զբոսաշրջիկներին դեպի անտիկ աշխարհ կատարվող արտասովոր ուղևորությամբ։ Իտալիան եվրոպական քաղաքակրթության բնօրրանն է, և այն որքան հնարավոր է` պահպանել է իր անցյալն ու միլիոնավոր եվրոներ է ներդնում ճարտարապետական հուշարձանների վերանորոգման համար։ Պիզայի աշտարակի վերանորոգման նախագիծը իտալացի հարկատուներին արժեցել է 25 միլիոն եվրո։ Հռոմի Խաղաղության խորանը ծածկվել է 20 միլիոն եվրո արժողությամբ ապակե սարկոֆագով։ Իտալիայի տեսարժան վայրերի արժեքը քննարկումների ու նուրբ հաշվարկների առիթ է։ Սակայն որպես հիպոթեզ իտալացի տնտեսագետները[1] տեսական հաշվարկներ են արել իտալական զբոսաշրջության մի քանի «ադամանդների» վերաբերյալ։ Կոլիզեյի տեսական արժեքը կազմում է 91 միլիարդ եվրո, Վատիկանի թանգարանինը` 90 միլիարդ, իսկ Տոսկանայի Կյանտիի բլուրները` 4 միլիարդ եվրո։

Իտալիայի տուրիզմի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրության անկումից և դրան հաջորդած բարբարոսների հարձակումների ժամանակաշրջանից հետո ճանապարհորդներին իջևան տալու արտոնությունը պատկանում էր հոգևոր միաբանություններին։ Շատ վանքեր օթևան են դարձել ճամփորդների և ուխտավորների համար` նրանց առաջարկելով առաջին բուժօգնության ծառայություններ, խորհուրդներ ու ուղղություն տալով։ Սակայն ժամանակի ընթացքում հյուրընկալությունն սկսել է գնահատվել գումարի միջոցով։ Այսպես առաջացել են ճանապարհին մոտիկ առաջին տրատորիաները (իտալական ռեստորանի տեսակ), որոնք գումարի դիմաց առաջարկում էին գիշերակաց (երբեմն նաև` զվարճանք թեթև վարքի տեր կանանց հետ)։ Իտալիայում վճարովի զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ առաջին վկայությունը կարելի է համարել գերմանացի եպիսկոպոս Wolfger-ի Ծախսերի գիրքը (Volchero di Erla, 1204 թվական), որտեղ մանրամասնորեն նկարագրված են երկու հոգու կեցության ծախսերը (ներառյալ հացի և գինու վճարը)։

Նեապոլի տաճար
Melendugno լողափ (Սալենտո)

Ուխտագնացների համար առաջին ուղեցույցն Իտալիայում լույս է տեսել 12-րդ դարում։ Ձեռագիրը կոչվում էր Mirabilia Urbis Romae («Հռոմ քաղաքի հրաշքները») և ներառում էր տեսարժան վայրերի նկարագրություն, պատմություններ և լեգենդներ քրիստոնեական ու հեթանոսական հուշարձանների մասին։ Միջնադարյան զբոսաշրջությունն բացառապես կրոնական հիմք ուներ։ Կաթոլիկ եկեղեցին արել էր ամեն հնարավորը` ուխտագնացների խմբերին դեպի Իտալիայի սուրբ վայրերն ուղղորդելու համար։ Հաղթաթղթերից մեկն անկասկած Ասսիզի քաղաքն էր` Իտալիայի հովանավոր Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզացու ծննդավայրը։

հերցոգյան ամրոց Ֆերարայում

Ոչ կրոնական զբոսաշրջությունն Իտալիայում ծնվել է Վերածննդի ժամանակաշրջանում, երբ շատ եվրոպական ազնվականներ սկսել են այցելել Վերածննդի կենտրոններ (Ֆլորենցիա, Հռոմ)` քանդակագործության, գեղանկարչության ու գրականության արվեստն ուսումնասիրելու։ 1700-1800-ական թվականներին Եվրոպայի ազնվական երկտասարդության շրջանում տարածված են դառնում ուղևորությունները դեպի Հարավային Եվրոպա` հին հունական քաղաքակրթության ու անտիկ Հռոմի վերաբերյալ գիտելիքը խորացնելու նպատակով։ Այդպես են վարվել Գյոթեն, Շատոբրիանը, Ստենդալը, Շելլին և հարյուրավոր այլ հայտնի եվրոպացի գրողներ։ Ստեղծվում է մշակութային զբոսաշրջության կոնցեպցիան, այնուհետև` Առողջարանային տուրիզմն ու ի վերջո` գործարար տուրիզմը (գործարքներ արտասովոր վայրերում)։ Զբոսաշրջության ծովափնյա ձևը, որը կապված է նաև վիլլաների ու տարածքների գնման հետ, հազվադեպ բնույթ էր կրում։ Իտալիան իներցիայով շեշտը դնում էր առավելապես անտիկ տեսարժան վայրերի, պատմության, մշակույթի ու արվեստի վրա` օտարերկրացի զբոսաշրջիկներին գրավելու նպատակով։ Սակայն 20-րդ դարի 60-ական թվականներին փոփոխություններ են նկատվում։ Առաջին քայլը դառնում է իտալական կառավարության որոշումը Սարդինիայի շրջանում տնտեսական փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Զբոսաշրջությունն առաջնահերթություն է դառնում, իսկ 1962 թվականը կարելի է համարել Իտալիայի զբոսաշրջության նոր հրաշքի` ծովափնյա Սարդինիայի ծննդյան պաշտոնական օրը։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում սկսում են հայտնվել նոր զանգվածային զբոսաշրջության, դեռևս թույլ, բայց առաջ գնացող առաջին ալիքները։ Հյուրանոցային կառույցների սեփականատերերն ու նոր ներդրողները հասկանում են, որ քանակը որոշիչ է դառնում։ Արդյունքում, 2011 թվականին Իտալիան արդեն տիրապետում էր հյուրանոցային համալիրների բավականին մեծ ծավալի։ 2011 թվականին Պինոկիո (այլ կիրառումներ)յի հայրենիքը զբոսաշրջության ոոլորտում ստացել է մոտավորապես 30 միլիարդ եվրո եկամուտ։ Ըստ ISTAT-ի տվյալների (2011)` Իտալիայի հյուրանոցային ֆոնդը ներառում է ավելի քան 145.358 հյուրընկալով կառույց։ Դրանցից 69.202-ը մասնավոր տներ ու վիլլաներ են, 33.967-ը` հյուրանոցներ, 20.437-ը` Bed and breakfast (B&B, Նախաճաշ և գիշերակաց) հյուրանոցներ, ագրոտուրիզմ առաջարկող 15.217 տներ, 2570 քեմփինգ և տուրիստական գյուղեր։

Ծովափնյա առողջարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20-րդ դարի 60-ական թվականները ծովափնյա զբոսաշրջությունն Իտալիայում զբոսաշրջության հատուկ ճյուղ չէր։ Միջազգային ծովափնյա զբոսաշրջության կղզյակները զարգանում էին հիմնականում Ամալֆիում, Կապրիում, Վերսիլիայում, Իսկյայում, Սան Ռեմոյում և մի շարք այլ վայրերում։ Իտալիայում առափնյա գծի երկարությունը 7455 կմ է։ Կղզիների հետ միասին ծովափնյա Իտալիայի պատկերը հսկայածավալ է։ Միջերկրական ծովի ավազանում գտնվող որևէ այլ պետություն չունի ծովային լադշաֆտի այն բազմազանությունը, որ ունի Իտալիան։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իտալիան բացահայտվել է մասսայական ծովափնյա տուրիզմի համար։

Հարավային Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի հարավը

Հարավային Իտալիան երկրի մակրոշրջան է, որը ներառում է կղզային Իտալիան (Սիցիլիա, Սարդինիա) և մայրցամաքային Աբրուցո, Բազիլիկատա, Կալաբրիա, Մոլիզե, Կամպանիա, Ապուլիա շրջանները։ Հարավային Իտալիայի ափերը ողողում են երեք ծով.

Ադրիատիկ ծով (Աբրուցո, Մոլիզե, Ապուլիա)

Հոնիական ծով (Կամպանիա, Բազիլիկատա, Կալաբրիա, Սարդինիա և Սիցիլիա)

Տիրենյան ծով (Կամպանիա, Բազիլիկատա, Կալաբրիա, Սարդինիա)

Հարավային Իտալիայի ամենամեծ քաղաքներն են. Բարի, Պալերմո, Նեապոլ, Կալիարի, Կատանիա, Ռեջիո դի Կալաբրիա, Մեսինա։

Օտարերկրյա զբոսաշրջիկների նախընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա այցելող զբոսաշրջիկների մեծ մասը պատկանում են երկու` 35-44 և 45-64 տարիքային խմբերի։ Առաջին խումբը հիմնականում հետաքրքրվում է մշակութային տուրիզմով, իսկ երկրորդ տարիքային խմբին առավել հետաքրքիր են զբոսաշրջության լեռնային, ագրո կամ էնոգաստրոնոմիկ (հունարենից` «էնո»` գինի, «գաստրո», ստամոքս) տեսակները։ Ընդհանուր առմամբ, «արվեստների քաղաքներ» պայմանական անվանումով զբոսաշրջությունն օտարերկրացի զբոսաշրջիկների այցելությունների հիմնական շարժիչ մոտիվն է։ Աշխարհագրության տեսանկյունից առավել տարածված են Իտալիայի կենտրոնական ու հյուսիսային շրջանները։ Ըստ 2012 թվականի տվյալների, զբոսաշրջիկների միայն 13 տոկոսն են ընտրել երկրի հարավային շրջանի տուրիստական կենտրոնները։ Այստեղ, ինչպես և ենթադրվում է, զբոսաշրջիկներն ընտրում են ծովափնյա հանգիստը։ Հարավային Իտալիայի առավելություն կարելի է համարել նաև հարուստ խոհանոցը, համեմատաբար մատչելի գները և երկարակեցությանը նպաստող կլիման։

Պիցա Napoletana

Ծովափնյա, լեռնային, ջրային, մշակութային ու զբոսաշրջության այլ տեսակների տարբերությունները կապված են զբոսաշրջիկների նպատակների հետ։ Երիտասարդները ձգտում են կարճ ժամանակահատվածում շատ մեծ տեղեկություններ ստանալ Իտալիայի վերաբերյալ, և շատ հաճախ մեկշաբաթյա ուղևորությունները դեպի Իտալիա ունենում են հարուստ ծրագրեր, որոնք ներառում են տարբեր էքսկուրսիաներ և գիշերակաց տարբեր քաղաքներում։ Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Իտալիայում առաջին տեղերում են Հռոմը, Միլանը, Վենետիկն ու Ֆլորենցիան։ Հյուրընկալության ու ապահովության առումով առաջին տեղում Սարդինիան է, պատմական արժեքներով առաջատարը Հռոմն է։ Հարուստ ու բազմազան խոհանոցով առաջատար են Աբրուցոն, Կալաբրիան ու Կամպանիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Торгово-промышленная палата итальянской провинции Монца и Брианца (L’Ufficio studi della Camera di commercio di Monza e Brianza). Il brand dei paesaggi da cartolina italiani vale più di 20 miliardi di euro. Монца, 17 августа 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andrea Jelardi. Storia del viaggio e del turismo in Italia. — Milano: Mursia, 2012. — ISBN 978-8842549277.
  • Berrino Annunziata. Storia del turismo in Italia. — Il Mulino, 2011. — ISBN 9788815146670.
  • Sofia La Francesca. Il turismo in Italia. — Le Monnier università, 2003. — ISBN 9788800860505.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]