Պիացցա Նավոնա
Պիացցա Նավոնա | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ponte?[1] |
wikimapia քարտեզին | |
OpenStreetMap քարտեզին | |
Յանդեքս քարտեզին | |
Գուգլ քարտեզին | |
![]() | |
![]() |
«Պիացցա Նավոնա» (իտալերեն՝ Piazza Navona) լայնարձակ ուղղանկյունաձև հրապարակ է Հին Հռոմի կենտրոնում։ Այն կառուցված է Դոմիցիանոս Մարզադաշտի[2](իտալերեն՝ Stadio di Domiziano) տեղում, Պանթեոնի արևմտյան կողմում։ 15-19 դարերում այն քաղաքական շուկան է եղել։ 1869 թվականից սկսած շուկան[3] տեղափոխվել է մոտակա Կամպո դե Ֆիորի (իտալերեն՝ Campo de' Fiori),(բառացի՝ «ծաղիկների դաշտ») հրապարակ։ Ներկայումս Նավոնա հրապարակում կազմակերպվում է Սուրբ Ծննդյան շուկան։
Հրապարակի անվանումը առաջացել է «agone» բառից։ Մինչև 4-րդ դարը Դոմիցիանոս մարզադաշտում անցկացվել են մրցախաղեր՝ agones: Բառը միջին դարերում վերափոխվում է campus agonis կամ in agone, ապա n’agone, և վերջնական տարբերակում՝ navone/navona[4]: Միջին դարերում հրապարակը նաև հայտնի էր «Ալեքսանդրի կրկես» անունով։ Բազմաթիվ միջնադարյան փաստաթղթերում պատահում է Campus agonis կամ agon անվամբ (կայսր Օտտոն IIIի փաստ.)
Ճարտարապետական կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմիցիանոս մարզադաշտը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մ.թ.ա. 46 թվականին Հուլիոս Կեսարը կառուցեց առաջին մարզադաշտը Մարսի դաշտում՝ մարզիկների մրցման համար։ Հետագայում 85 թվականին այն ընդլայնվեց Դոմիցիանոս կայսեր կողմից[5]։ Մարզադաշտը ուներ 275մ երկարություն և 106մ լայնություն, որը հատկացված էր 15 հազ. հանդիսատեսի համար[6]։ Այն ձևավորված էր արվեստի հունական ոճի նմուշերով։ Երկու հիմնական մուտքերը գտնվում էին եզրային կողմերում։ Այնտեղ անցկացվում էին վազքի, սկավառակի նետման, ձեռնամարտի մրցույթներ։ Այստեղ է նաև անցկացվել Կարակալլա արքայի (186 - 217)որդու հարսանեկան-տոնական խաղերը։ 15-րդ դարում մարզադաշտը վերափոխվեց հրապարակի, սակայն դեռևս նրա մնացորդներից կան շրջակայքում[7]։
Շատրվանները[խմբագրել | խմբագրել կոդը]
15-րդ դարի վերջին տարիներին, երբ քաղաքական շուկան Կամպիդոջլիոյից տեղափոխվեց Պիացցա Նավոնա, Իննոկենտիոս X Պապի օրոք (1644-1655 թթ.) այն դարձավ հասարակության համար նշանակություն ունեցող վայր և վերափոխվեց բարոկկո ոճով հռոմեական ճարտարապետության և արվեստի մի առանձնահատուկ օրինակի։ Այն ներառում է կարևոր քանդակագործական և ճարտարապետական ստեղծագործություններ։ Հրապարակի կենտրոնում գտնվում է Լորենցո Բերնինիի կողմից ստեղծված Չորս գետերի շատրվանը (իտալերեն՝ Fontana dei Quattro Fiumi), որի կենտրոնում վեր է խոյանում Մաքսենտիուսի Կրկեսից մաս-մաս բերված Դոմիցիանոսի Սյունը (16.54մ)[8]։ Այն ստեղծվել է Դոմիցիանոս կայսեր պատվերով հիերոգլիֆները գրվել են Հռոմում[9]։ Մաքսենտիուսի Կրկեսի կառուցումից հետո այն տեղադրվեց արենայի կենտորնում։ 1651 թվականին կրկեսի ավերակներում հայտնաբերումից հետո, Իննոկենտիոս X հրամայեց այն տեղադրել Նավոնա հրապարակում։ Սյան գագաթը զարդարում է Պամֆիլի ընտանիքի խորհրդանիշը՝ մետաղե աղավնի՝ ձիթապտղի ճյուղով։ Սյունը շրջապատված է 4 արձաններով, որոնք խորհրդանշում են աշխարհի 4 մասերի գլխավոր գետերի՝ Նեղոսի, Գանգեսի, Դանուբի և Լա Պլատայի աստվածներին։ Պիացցա Նավոնա հրապարակում կան ևս երկու շատրվաններ։ Հարավային ծայրում «Fontana del Moro» է՝ Մավրի շատրվանը, որը կերտել է Ջիոկամո դելա Պորտան (1575թ.), որին հետագայում Բերնինին ավելացրեց Մավրի արձանը։ Հյուսիսային ծայրում է գտնվում Ջակոմո դելա Պորտայի կողմից ստեղծված Նեպտունի շատրվանը (1574թ.), որում Նեպտունի արձանը տեղադրվել է 1878 թվականին Անտոնիո Դելլա Բիտտայի կողմից, որպեսզի այն ներդաշնակ լինի Մավրի շատրվանի հետ։
Պալատները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պալացցո Բրասկին (իտալերեն՝ Palazzo Braschi) պալատ է, որը կառուցել է Կոզիմո Մորելին (իտալերեն՝ Cosimo Morelli) Լուիջի Բրասկի Օնեստիի համար 1792 թվականին։ Շինարարական աշխատանքները ընդատվել են Ֆրանսիական շրջափակման ժամանակ, և 1811 թվականին ավարտվեց պալատի կառուցումը։ Սակայն Բրասկի ընտանիքը կորցրեց իր ունեցվածքը, և իտալական կառավարությունը գնեց այն 1871 թվականին։ Պալատի անկյունում գտնվում է Պասկվինոյի մարմարե արձանը (մ.թ.ա. 2-րդ դար լատ.՝ Mastro Pasquino), որը հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ժամանակ 1501 թվականին։ 1952 թվականից սկսած պալատում է գտնվում «Հռոմի թանգարանը» (իտալերեն՝ Museo di Roma)[10]:
- Պալացցո Պամֆիլին (իտալերեն՝ Palazzo Pamphilj) պալատ է՝ կառուցված Ինոկենտիոս X Պապի պատվերով։ Ճարտարապետներն են Ռեյնալդին և Բորրոմինին։ 1920 թվականից սկսած Բրազիլիայի դեսպանատունը զբաղեցնում է պալատը։
- Պալացցո Տորես Լանչելոտտին (իտալերեն՝ Palazzo Torres Lancelotti) կառուցվել է Պիրրո Լիգորիոյի կողմից 1552 թվականին Սալերնոյի արքեպիսկոպոս՝ Լյուդովիկո դե Տորրեսի համար։
- Պալացցո դե Կուպիսը (իտալերեն՝ Palazzo de Cupis) կառուցվել է 1450-1520 թվականներին Ջիովաննի Դոմենիկիոյի և Բեռնառդինո դե Կուպիսի պատվերով։
Եկեղեցիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Իննոկենտիոս X Պապի պատվերով 1652 թվականին ճարտարապետներ Ջիռոամոն և Կառլո Ռեյնալդին սկսեցին կառուցել Սանտ Անյեզե ին Ագոնե (իտալերեն՝ S. Agnese in Agone, լատ.՝ Sanctae Agnetis in Agone) եկեղեցին[11]։ Մեկ տարի անց շինարարական աշխատանքները գլխավորեց Բորրոմինին։ Նա շինության ճակատային մասը բարձրացրեց՝ երկու կողմերում զանգակատներ կառուցելով, որոնց մուտքը հրապարակի կողմից պիտի լիներ, և կենտրոնական մասը կառուցեց մեծ գմբեթով։ Եկեղեցու ներսում կահավորված է բարոկկոյի ոճով՝ թանկարժեք քարերով, ոսկով և արհեստական մարմարով։
Սանտա Մարիա դել Սակրո Կուորե (իտալերեն՝ Nostra Signora del Sacro Cuore նաև իտալերեն՝ San Giacomo degli Spagnoli) եկեղեցին գտնվում է Պամֆիլի պալատի դիմաց։ 12-րդ դարում եկեղեցին կառուցվել է Դոմիցիանոս մարզադաշտի ավերակների վրա, և մինչև 1807 թվականը հանդիսանում էր իսպանական ազգային եկեղեցին Հռոմում[12]։
Գրականության մեջ և ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրապարակը նշվում է Դեն Բրաունի «Հրեշտակներ և հրեշներ» (2000 թ.) առեղծվածային բեստսելլերում։ 2008 թվականին հունիս ամսվա ընթացքում Ռոն Հովարդը նկարահանեց համանուն ֆիլմի մի քանի տեսարաններ Պիացցա Նավոնայի հարավային հատվածում (գլխ. դերում՝ Թոմ Հենքս)։
- Ռեժիսոր Մայք Նիկոլսը ևս նկարահանումներ է իրականացրել հրապարակում 1970 թվականին Ջոզեֆ Հելերի «Ծուղակ-22» վիպակի հիման վրա։
- Չորս գետերի շատրվանը տեղ է գտել ամերիկյան «Շատրվանում երեք մետաղադրամ» ֆիլմում, որտեղ հերոսները մետաղադրամներ են նետում և ցանկություն պահում։
- «Եվրոպական արձակուդներ» (ռեժ.՝ Էմի Հեքերլինգ) ամերիկյան կատակերգությունում։
- «Երեկ, այսօր և վաղը» իտալական կատակերգությունում (1964 թ.) Սոֆի Լորենի հերոսուհի Մարան ապրում է մի երկհարկանի բնակարանում, որտեղից երևում է Պիացցա Նավոնան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Roth, Leland M. (1993). Understanding Architecture: Its Elements, History and Meaning (First ed.). Boulder, CO: Westview Press. p. 233. ISBN 0-06-430158-3.
- ↑ Alfred von Reumont. Geschichte der Stadt Rom. — Berlin. — С. 433.
- ↑ Platner, Ernst u.a. Beschreibung der Stadt Rom. — Sttutgart, Tübingen.:373
- ↑ Suet. Dom. 5
- ↑ Lacus Curtius. Stadium Domitiani
- ↑ Roma antiqua. Stadion des Domitian (Piazza Navona)
- ↑ Edward Chaney, "Roma Britannica and the Cultural Memory of Egypt: Lord Arundel and the Obelisk of Domitian", in Roma Britannica: Art Patronage and Cultural Exchange in Eighteenth-Century Rome, eds. D. Marshall, K. Wolfe and S. Russell, British School at Rome, 2011, pp. 147–70
- ↑ Amanda Claridge,Judith Toms,Tony Cubberley. Rome: an Oxford archaeological guide.:211
- ↑ «Museo di Roma»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-29-ին։ Վերցված է 2016-07-05
- ↑ Peter Cornelius Claussen. Sant Agnese in Agone // Corpus Cosmatorum. — Stuttgart, 2002. — С. 46-50.
- ↑ Ներկայումս իսպանական ազգային եկեղեցին Հռոմում Սանտա Մարիա դի Մոնսերրատոն է
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Bird's eye view of Piazza Navona"
- Bernini Fountains Video Introduction
- https://independent-travellers.com/italy/rome/old_rome
- Piazza Navona-Navona Square Archived 2020-01-20 at the Wayback Machine.
|
|