Մենանդրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենանդրոսի կիսանդրին

Մենանդրոս (հունարեն՝ Μένανδρος, շուրջ 342–291 թթ. մ.թ.ա.), հին հունական կատակերգակ, աթենական նոր կատակերգության գլխավոր ներկայացուցիչ։

Կյանքն ու ստեղծագործությունները[խմբագրել]

Աթենացի է, Դիոպեյֆի որդին, Միջին աթենական կատակերգության կատակերգակ Ալեքսիդեսի բարեկամներից։ Հասարակական գործունեության մասին որևէ տեղեկություն չի պահպանվել։ Ուներ կենսախինդ բնավորություն, հայտնի էր իր սիրավեպերով։ Մերժել է Եգիպտոսի Պտղոմեոս I արքայի Ալեքսանդրիա քաղաք տեղափոխվելու հրավերը։ Մենանդրոսի կատակերգությունների թիվը հասնում է 105-ի կամ 108-ի, սակայն կատակերգակների մրցույթում միայն 8 անգամ է հաղթանակ տարել։ Թեև Մենանդրոսը մեծ հռչակ էր վայելում հելլենիզմի դարաշրջանում, սակայն հետագայում ճաշակի փոփոծության պատճառով Մենանդրոսի և ոչ մի կատակերգություն մինչև մեր օրերը ամբողջությամբ չի հասել։ Հռոմեացի կատակերգակներ Պլավտոսն ու Տերենցիուսը փոխադրել և հարմարեցրել են Մենանդրոսի կատակերգությունները հռոմեական բեմի համար։ Անտիկ հեղինակավոր քերականագետ Արիստոփանես Բյուզանդացին (262 - 185 թթ. մ.թ.ա.) Մենանդրոսին դասում է Հոմերոսից հետո երկրորդը՝ գտնելով նրա ստեղծագործությունների մեջ ոչ թե իրականության արտացոլումը, այլ հենց իրականությունը։ Պլուտարքոսը նշում է Մենանդրոսի կատակերգությունների բարոյախոսական արժեքը, կյաքին մոտիկ լինելը, խոսքի ազնվականությունն ու մաքրությունը՝ դասելով նրան Արիստոփանեսից բարձր։ «Չարժի գնալ թատրոն, — գրում է հույն բարոյախոսը, — եթե այնտեղ չի տրվում Մենանդրոսի գործերից մեկը»։ Հռոմեական հռետոր Քվինտիլիանոսի խոսքերով՝ Մենանդրոսն փառքով գերազանցում է իր բոլոր ժամանակակիցներին։ Մենանդրոսի հռչակը կասկածի տակ չէր առնվում անգամ քրիստոնեական գրողների կողմից. Պողոս առաքյալը, Հիերոնիմոսը, Կյուրեղ Ալեքսանդրիացին գովում էին Մենանդրոսին և մեջբերումներ կատարում նրա իմաստուն խոսքերից։

Մենանդրոսի ստեղծագործությունների հայտնագործությունը 20-րդ դարում[խմբագրել]

Մինջին դարերում Մենանդրոսի ստեղծագործությունները կորսվեցին, պահպանվեցին միայն դրանցից մեջբերումներ, որոնք դարձան լայնորեն շրջանառվող աֆորիզմներ։ Մենանդրոսից պահպանված այդ պատառիկներն առաջին անգամ հրատարակվեցին 1709թ. Ժան լը Քլերքի կողմից Ամստերդամում, 1823 թ. Բեռլինում լույս է տեսնում շատ ավելի ամբողջական ժողովածու։ XIX դարի վերջին Մենանդրոսի ստեղծագործություններից մեզ էր հասել միայն շուրջ 1750 տող։ 1876թ, Կոբբեթի կողմից հրատարակվեց «Ուրվական» կատակերգությունից մի հատված, որը նա հայտնաբերել էր Սինայի վանքում 6-րդ դարի 2 մագաղաթի թերթիկների վրա։ 1897 թ. Եգիպտոսում հայտբաներվեց պապիրուս, որը պարունակում էր Մենանդրոսից 90 տող՝ «Հողագործ» կատակերգության սկիզբը։

Շրջադարձային եղավ 1905թվականը, երբ Եգիպտոսում, Ափրոդիտոպոլ հին քաղաքի տեղում գտնվեց պապիրուսից փաստաթղթերի մի կյուտ, որոնց մեջ՝ Մենանդրոսի կատակերգությունների հավաքածու գրքի մնացորդներ։ Ընդամենը գտնվեց 1300 տող Մենանդրոսի 5 կատակերգություններից, որոնք են՝ «Միջնորդական դատարան», «Սամիուհի», «Կտրված հյուսը», «Հերոսը» և մեկ անանաւոն ստեղծագործություն։ Պապիրուսի վրա գտածոների քանակը գնալով ավելանում էր. 1959թ. հրատարակվեց «Փնթփնթանը» կատակերգության գրեթե ամբողջական տեքստը և «Սամիուհի» ու «Վահան» կատակերգություններից նոր բավականին նշանակալից հատվածներ։ 1901 - 1960 թթ. Փայումի օասիսում գտնված մումիաների վրա որպես ծածկույթ ծառայող պապիրուսների փաթաթաններում հայտնաբերվեց Մենանդրոսի «Սիկիոնցիներ» կատակերգության տեքսը պարունակող մ.թ.ա III դարի թղթափաթեթ։ Հայտնագործությունները շարունակվում են առ այսօր։ Այսպես, 2003թ. հայտնաբերվեց 9րդ դարի մագաղաթ պալիմպսեստ, որն իր մեջ պարունակում էր «Փնթփնթանը» կատակերգության հատվածներ և 200 տող Մենանդրոսի մեկ այլ՝ դեռևս չնույնականացված կատակերգությունից[1][2]։

Հայտնի մեջբերումներ[խմբագրել]

Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում (Ա Կորնթ, 15։33) մեջբերում է Մենանդրոսին՝ «Մի՛ խաբուէ՛ք. վատ խօսքերը ապականում են լաւ բարքերը» (գրաբար` «Մի՛ խաբիք. Ապականեն զբարս քաղցունս բանք չարք»

Ամբողջությամբ կամ մասամբ պահպանված կատակերգությունները[խմբագրել]

  • Aspis («Վահան»; պահպանվել է մոտավորապես կեսը)
  • Dyskolos («Փնթփնթանը» Մենանդրոսի միակ կատակերգությունը, որը պահպանվել է ամբողջությամբ)
  • Epitrepontes («Միջնորդական դատարան» կամ «Մարդիկ հաշտարար դատարանում»; պահպանվել է գրեթե ամբողջությամբ)
  • Perikeiromene («Կտրված հյուսը» կամ «Վարսերը կտրած աղջիկը»; մոտավորապես կեսը)
  • Samia («Սամիուհի» կամ «Աղջիկ Սամոս կղզուց»; պահպանվել է կատակերգության շուրջ 4/5–ը)
  • Sikyonioi կամ Sikyonios («Սիկիոնացիներ»; պահպանվել է մոտ կեսը)

Հղումներ[խմբագրել]

  1. Dieter Harlfinger, Warten auf Menander im Vatikan. 400 griechische Komödienverse in einer syrischen Palimpsest-Handschrift entdeckt, in: Forum Classicum, 2004. Տե'ս այստեղ Անգլերեն թարգմանության համար։
  2. F. D’Aiuto: Graeca in codici orientali della Biblioteca Vaticana (con i resti di un manoscritto tardoantico delle commedie di Menandro), in: Tra Oriente e Occidente. Scritture e libri greci fra le regioni orientali di Bisanzio e l’Italia, a cura di Lidia Perria, Rom 2003 (= Testi e studi bizantino-neoellenici XIV), S. 227-296 (esp. 266-283 and plates 13-14)