Ստեփանոս I (Հռոմի պապ)
Ստեփանոս I լատ.՝ Stephanus I | ||
![]() | ||
| ||
---|---|---|
մայիսի 12 254 թվական — օգոստոսի 2 257 թվական | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Ղուկիոս I | |
Հաջորդող | Սիքստոս II | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
Ծնունդ | 3-րդ դար Հռոմ[1][2] | |
Մահ | օգոստոսի 2, 257 Հռոմ, Հռոմեական կայսրություն | |
Թաղված է | Hvar Cathedral |
Ստեփանոս I (լատ.՝ Stephanus I, 3-րդ դար, Հռոմ[1][2] - օգոստոսի 2, 257, Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի եպիսկոպոս 254 թվականի մայիսի 12–ից մինչև 257 թվականի օգոստոսի 2–ը։ Համարվում է Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների սուրբ նահատակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփանոսը ծնվել է Հռոմում, բայց հունական ծագում ուներ։ Նա եպիսկոպոս է դարձել Ղուկիոս I–ի օրոք, ով Ստեփանոսին նշանակել էր իրեն փոխարինող, որպես սարկավագ ծառայելուց հետո։
Ստեփանոսը հայտնի է իր՝ կարթագենացի եպիսկոպոս Կիպրիանոսի հետ հերետիկոսների մկրտության թույլատրելիության հարցի շուրջ բանավեճով։ Դեցիոս կայսեր հետապնդումներից հետո 250–251 թվականներին տարաձայնություններ առաջացան առ այն, թե ինչպես վերաբերվել հավատքի մեջ անկում ապրածներին, և Ստեփանոսը հրահանգեց Լիոնի եպիսկոպոս Ֆաուստինիոսին միջոցներ ձեռնարկել Մարկիանոսի՝ Առլի եպիսկոպոսի դեմ, ով մերժում էր ուրացողների ապաշխարությունը և համակրում էր Նովատիանոսի կողմնակիցներին, ովքեր ավելի ուշ որակվեցին որպես հերետիկոսներ։ Կիպրիանոսի՝ պապին հասցեագրված ուղերձից կարելի է հետևություն անել, որ աֆրիկյան եպիսկոպոսները Հռոմին սպառնացել են եկեղեցու պառակտմամբ։ Ստեփանոսը գտնում էր, որ քրիստոնեական հավատքին վերադառնալու համար պետք չէ կրկնակի մկրտվել՝ այն դեպքում, երբ Կիպրիանոսը և հռոմեական Աֆրիկա պրովինցիայի մի քանի այլ եպիսկոպոսներ պարտադիր էին համարում վերամկրտությունը։ Արդյունքում Ստեփանոսի դիրքորոշումը գերակշռություն ձեռք բերեց Լատինական եկեղեցիում, սակայն Արևելյան եկեղեցիներում այդ հարցը այդպես էլ չհստակեցվեց[3]։ Վեճի աստառը իսպանական եպիսկոպոսների նկատմամբ վերադասության հարցն էր, որին հավակնում էին ինչպես Հռոմը, այնպես էլ Կարթագենը։
Ստեփանոսը հիշատակվում է նաև Լեոնի և Աստորգայի եպիսկոպոսների վերահաստատման հրովարտակներում. նրանք գահընկեց էին արվել, իսկ հետո՝ զղջացել էին։
354 թվականի Depositio episcoporum–ը Ստեփանոս I պապին չի ներկայացրել որպես նահատակ և նրա համար երկրպագության օր չի սահմանել[4], չնայած, որ նա հիշատակվում է Ոսկե Լեգենդի մեջ՝ թե 257 թվականին Վալերիանոս I կայսրը վերսկսել է քրիստոնյաների հանդեպ հալածանքները։ Ոսկե Լեգենդի համաձայն 257 թվականի օգոստոսի 2–ին պապը նստել է պապական գահին և պատարագ է մատուցել իր հոտի համար, որի ժամանակ կայսեր մարդիկ ներս են մտել և գլխատել են նրան [5]։ XVIII դարում լեգենդ էր տարածվել, թե պապական գահին դեռ պահպանված են Ստեփանոսի արյան հետքերը։
Պահպանվել են Ստեփանոս I–ի ուղերձները և հրովարտակները։ Ստեփանոս I–ը համարվում է Հվար խորվաթական քաղաքի հովանավորը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://w2.vatican.va/content/vatican/en/holy-father/stefano-i.html
- ↑ Mann, Horace (1912). «Pope St. Stephen I» in The Catholic Encyclopedia. Vol. 14. New York: Robert Appleton Company.
- ↑ «Calendarium Romanum» (Libreria Editrice Vaticana, 1969), p. 133
- ↑ The golden legend: readings on the saints By Jacobus de Voragine, William Granger Ryan
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Стефан, римские папы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|