Ալեքսանդր VI
Ալեքսանդր VI (լատին․՝ Alexander PP. VI; մինչև Պապ ձեռնադրվելը՝ Ռոդրիգո Բորջիա (իտալերեն արտասանությամբ) (կատ.՝ Roderic de Borja i Borja, իսպ.՝ Rodrigo de Borja y Borja, իտալ.՝ Rodrigo Borgia); ենթդ․ հունվարի 1, 1431[1][2], Խատիվա, Kingdom of Valencia, Արագոնյան թագ[3] - օգոստոսի 18, 1503[4][1], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի պապ 1492 թվականի օգոստոսի 11-ից մինչև 1503 թվականի օգոստոսի 18։ Եղել է իսպանական Բորջիա ծագում ունեցող երկրորդ Հռոմի պապը[7]։
Զգալիորեն ընդարձակել է պապի կողմից հսկվող Պապական մարզի սահմանները՝ վերածելով կենտրոնացված պետության։ Նրա համար պապականության աշխարհիկ հետաքրքրությունները, իր հարազատների բարձրացումը և Վատիկանի դիվանագիտական կապերի ընդլայնումը ավելի մեծ հետաքրքրություն էին առաջացնում, քան եկեղեցու բարեկարգումը և նրա բարոյական հեղինակության պահպանումը։
Վերածննդի դարաշրջանում հանդես եկած մի շարք պապերի նման նա նույնպես եղել է պահպանողական և զբաղվել է հերետիկոսության վերացմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1453 թվականի հունվարի 1-ին Վալենսիայից ոչ հեռու գտնվող Խատիվա ավանում[8]։ Նրա ծնողները եղել են Խոֆրե Հիլ դե Բորխա ի Էսկրիվան (իտալ.՝ Jofré Llançol i Escrivà, 1390-1437) և նրա հեռավոր ազգականուհի Իզաբելան։ Վերջինիս ծննդյան անունը եղել է Բորխա ի Լյանսոլ։ Նա եղել է կարդինալ Ալոնսո Դե Բորխայի (Ալֆոնսո դե Բորջիա) քույրը։ Ալեքսանդրը ունեցել է 4 քույր և եղբայր։ Նրա մոր եղբայրը՝ Կալիկստ III-ը 1455 թվականին դարձել է Հռոմի պապ։ 1456 թվականին Ռոդրիգոն Հռոմում դարձել է կարդինալ-սարկավագ։ 1457 թվականին դարձել է Կաթոլիկ եկեղեցու փոխնախագահ։ Սակայն նա քահանա է օծվել 1468 թվականին[9]։ Այդ պաշտոնում նրա նշանակումը կապված է եղել մորեղբոր բարձր դիրքի հետ, բայց Ռոդրիգո Բորջիան իրեն դրսևորել է որպես հմուտ կառավարիչ։
1458 թվականին մորեղբոր մահից հետո Ռոդրիգո Բորջիան Հռոմում միայնակ է մնում։ Նրա հարազատ եղբայրը՝ Պեդրո Լուիսը, որը ղեկավարում էր պապական բանակը, փախչում է Չիվիտավեկյա և մեռնում միայնության մեջ։ Մնացած հարազատները նույնպես փախչում են։ Այն փաստը, որ Ռոդրիգոն անծանոթ քաղաքում միայնակ կարողացել է պահպանել իր կարևոր դերը, խոսում է նրա հետախուզական և դիվանագիտական տաղանդի մասին[10]։ Այդ տարիների մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա ստվերում է մնացել, բայց ունեցել է մեծ իշխանություն (Իսպանիայի և Իտալիայի մի շարք մարզերում եղել է արքեպիսկոպոս, եպիսկոպոս, աբբա)։ Դա էլ նրան հնարավորություն է տվել դառնալու իր ժամանակի ամենահարուստ 8 կարդինալներից մեկը[11]։
1472 թվականին նա առաջին անգամ այցելել է իսպանական Վալենսիայում գտնվող իր թեմ՝ Արագոնի թագավորի որդու՝ Ֆերդինանդ II-ի հետ հանդիպելու համար։ Ռոդրիգոն պետք է Ֆերդինանդին թույլ տար ամուսնանալ Իզաբելլա Կաստիլիայի հետ։ Իզաբելլան և Ֆերդինանդը ազգականներ էին և դա համապատասխանում էր եկեղեցու հետաքրքրություններին։ Փաստորեն Ռոդրիգոն այդ քայլով անցնում է Իզաբելլա Կաստիլիայի կողմը՝ սեփական եղբոր դեմ պատերազմում[12]։
1492 թվականի օգոստոսի 6-11-ի կարդինալների ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]1492 թվականին Ինոկենտիոս VIII պապի մահից հետո երկու հիմնական կարդինալների՝ Ջուլիանո դելլա Ռովերեի և Ասկիանո Սֆորցայի ուժերը հավասար էին։ 19-րդ դարի պատմաբանների կարծիքով, կոնկլավի մեջտեղում Բորջիան կաշառել է Սֆորցային։ Վերջինս հանել է իր թեկնածությունը և իր թեմերի ու եպիսկոպոսությունների հետ սկսել է աջակցել Բորջիա պապին[13]։ Սակայն 20-րդ դարում ուսումնասիրված կոնկլավի փաստաթղթերից պարզ է դառնում, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չի եղել։ Հենց առաջին քվեարկության ժամանակ էլ Բորջիան եղել է առաջատար թեկնածուներից մեկը[14]։ Կարդինալները նրան են ընտրել, որովհետև Բորջիան հայտնի է եղել իր վարչական կարողություններով և քաղաքական պատկերարացումներով[11]։ Նախընտրական մրցույթները տեղի են ունեցել կոնկլավի նախօրեին[14]։
Քաղաքականությունը առաջին իտալական պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի բոլոր պապերի քաղաքական ամբիցիաները ավանդաբար սահմանափակված էին այն իրաղությամբ, որ պապական քաղաքները ցրված էին Հռոմի հյուսիսում և արևելքում։ Դրանք դե ֆակտո ղեկավարվում էին ֆեոդալական ծագում ունեցող անկախ իշխանների կողմից, ինչպիսիք էին Մալատեստները, Բենտիվոյոները և այլք։ Նրանք նույնիսկ հարկ չէին վճարում Հռոմի պապին։ Հռոմում պապերը թշնամական հարաբերությունների մեջ էին Կոլոննաների և Օրսինիների հետ, որոնք դարերի ընթացքում իրենց ձեռքերում կուտակել էին հսկայական հարստություն և հողատարածքներ, և ավանդաբար մեծ ազդեցություն ունեին քաղաքի բնակիչների վրա[15][16]։
Պապը սկզբում փորձել է ապավինել իր հին ընկերներին՝ իսպանական միապետներին, որոնց շնորհվել էր կաթոլիկ թագավորների կոչում։ 1493 թվականի մայիսի 4-ին թողարկել է «Inter caetera» կոնդակը[17]։ Նրա ավագ որդին՝ Պիերո Լուիջին, Ֆերդինանդ II թագավորից ստացել է Գանդիայի հերցոգությունը, որը նրա մահից հետո անցել է հաջորդ որդուն՝ Ջովանիին[18]։
Նոր հովվապետի թշնամիների կուսակցությունը պապական արքունիքում ղեկավարել է կարդինալ դելա Ռովերը (ապագա Հռոմի պապ Հուլիոս II): Վախենալով իր կյանքի համար՝ նա 1494 թվականին փախել է Ֆրանսիա։ Այստեղ ապաստան է գտել Կառլ VIII թագավորի արքունիքում, որը իր բանակով պատրաստվում էր գրավել Նեապոլի թագավորությունը (որպես Անջու Վալոու դինաստիայի նեապոլիտանական թագավորի ժառանգ)։ Դելլա Ռովերեի ազդեցության տակ թագավորը սպառնացել է պաշտոնազրկել Բորջիային[19][20]։
1495 թվականի սկզբին Ալեքսանդրը Կառլ VIII թագավորին Հռոմում շնորհել է անհատական լսարան։ Դրանից հետո ֆրանսիական թագավորը այլևս չի համարձակվել հակադրվել նրան։ Ֆրանսիական հրոսակների ժամանումը Իտալիա և նրանց շարժումը դեպի հարավ տագնապի մեջ էր դրել Իտալիայի և Վենետիկի հանրապետության կառավարիչներին։ Կայսր Մաքսիմիլիան նույնպես միացել է Ֆրանսիայի դեմ ուղղված Սուրբ լիգային։ Դիվանագիտական ակտիվությունը և իսպանացիների անմիջական ներխուժումը հնարավորություն են տվել որոշ ժամանակ չեզոքացնել Իտալիայում ֆրանսիական հրոսակների սպառնալիքը։ 1495-ի մայիսին Ֆրանսիայի թագավորը ստիպված է եղել նահանջել։
Պատերազմից հետո Ալեքսանդր VI-ը սկսել է վարել նոր քաղաքականություն։ Նա աստիճանաբար սկսել է մեծացնել իր իշխանությունը որպես Կենտրոնական Իտալիայի աշխարհիկ տիրակալ, խուսավարել ֆրանսիացիների և իսպանացիների միջև՝ չհնազանդվելով ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին[21]։
Անկարգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Բորջիայի ձեռքում ուժեղ գործիք է եղել կարդինալական գլխարկների բաժանումը։ Նրա իշխանության տարիներին 43 նոր կարդինալ է նշանակվել։ Դա հիմնականում քաղաքական նկատառումներ է ունեցել[22]։ Նրա որդին՝ Չեզարեն, կարդինալ է դարձել 18 տարեկանում, պապի սիրուհի Ջուլիայի եղբայր Ալեսանդրո Ֆարենզեն՝ 25 տարեկանում։ Աշխարհիկ և եկեղեցական բազմաթիվ կարևոր պաշտոնները տրվել են պապի արագոնացի բարեկամներին, և պապի համար նախատեսված ավանդական ընտանեվարությունը Ալեքսանդր Բորջիայի օրոք հասել է նոր չափերի։
1497 թվականի հունիսի 14-ին Տիբերից դուրս է բերվել Գանդիայի հերցոգ Ջովաննիի մարմինը, ով Վալենսիայի թագավորությունից վերադարձել էր հոր դեմ դուրս եկած անհնազանդ ազնվականների դեմ պատերազմ մղելու համար։ Ավելի ուշ շատերը սկսել են խոսել, որ նախանձի պատճառով եղբոր հետ հաշվեհարդար է տեսել Չեզարեն[23]։ Այնուամենայնիվ ավելի հավանական է, որ դա եղել է Օրսինի տոհմի վրեժը կամ էլ հենց նրա սիրավեպի արդյունքը[24][25]։ Սեփական ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը ազդել է Բորջիայի վրա։ Նա խոստացել է հոգևորականության ճոխությունների դեմ օրենքներ ընդունել։ Սակայն այդպես էլ լուրջ ռեֆորմներ չեն իրականացել, որովհետև նույնիսկ բարձր հոգևորականությունը պատրաստ չի եղել դրան[24]։
Հատկապես հայտնի է Ալեքսանդր VI-ի և Ջիրոլամո Սավոնարոլայի թշնամությունը։ Վերջինս դատապարտում էր բարձր հոգևորականության չարաշահումները և բացասաբար ընդունում պապի գերագույն իշխանությունը։ 1498 թվականին թույլ չի տվել, ոչ Ֆլորենցիան միանա հակաֆրանսիական լիգային։ Նա չի ունեցել ոչ մի պետական պաշտոն, բայց բարոյական հեղինակության շնորհիվ կառավարել է պետության քաղաքական համակարգը։ Պապը փորձել է հակառակորդին իր կողմը քաշել՝ նրան առաջարկելով նախ Ֆլորենցիայի արքեպիսկոպոսությունը, ապա կարդինալի պաշտոնը։ Սավոնարոլան հրաժարվել է։ 1497 թվականին Սուրբ Մարկոսի եկեղեցին հանել է դոմինիկյան միաբանության կազմից և ենթարկել հռոմեական նահանգին։ Խռովարարին՝ Սավոնարոլային, արգելել են քարոզչությամբ զբաղվել։ Նա պետք է ներկայանար Վատիկան և բացատրություն ներկայացներ իր վարվելակերպի վերաբերյալ։ Նա հրաժարվել է գնալ, որի արդյունքում վտարվել է եկեղեցուց։ 1498 թվականի մայիսի 23-ին հսկայական ամբոխի մեջ նրան կախաղան են բարձրացրել, իսկ հետո մարմինը այրել[26]։
Իտալիան այդ տարիներին լցվել էր Լուկրեցիայի, Բորջիայի և երեք եղբայրների արյունապղծիչ հարաբերությունների մասին անորոշ լուրերով։ Ժամանակակիցները նույնիսկ կասկածում էին, որ փողի համար պապը թունավորել է հարուստ կարդինալներին։ Ըստ օրենքի, նրանց կարողությունը մահից հետո անցնում էր եկեղեցու տնօրինությանը։ Հնարավոր է, որ նա օգտագործել է իսպանական բզեզի փոշի (կանտարելու) կամ մկնդեղ։ 1504 թվականին Հուլիոս II պապի օրոք նախկին կարդինալ Միկելի ծառան խոստովանել է, որ իր տիրոջը թունավորել է Բորջիայի հրամանով[27]։
Հովանավորչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի պապ դառնալուց անմիջապես հետո նա ձեռնամուխ է եղել Հռոմի բարեկարգմանը։ Նրա օրոք վերականգնվել է Սուրբ Հրեշտակի հին ամրոցը (միևնույն ժամանակ ամրոցում ստորգետնյա բանտային է խցեր կառուցել տվել)։ Ամրապնդելով Տոր դի Նոնա թաղամասը՝ քաղաքը պաշտպանել է ծովային հարձակումներից։ Այդ պատճառով Ալեքսանդր VI-ին կարելի է համարել Լեոգրադի հիմնադիր[11]։ 1500 թվականին նրա օրոք մեծ շքեղությամբ կազմակերպվել է Քրիստոսի ծննդյան 1500 ամյակը։
Ալեքսանդր Բորջիան եղել է մեկենաս և արվեստի սիրահար։ Նրա նախաձեռնությամբ Հռոմում իրականացվել են բազմաթիվ ճարտարապետական աշխատանքներ[28]։ Նրա պատվերով են աշխատել Պիետրո Պերուջինոն և Դոնատո Բրամանտեն[11]։ Բորջիա պապի նախագծերից մեկը եղել է Սանտա Մարիա Մոջորե տաճարի նկարազարդումը։ Պապը հովանավորել է հռոմեական համալսարանը և աջակցել է պրոֆեսորներին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապի մահվանից տասներկու օր առաջ նա իր որդու՝ Չեզարեի հետ ընթրել է կարդինալ Ադրիանո դա Կորնետոյի առանձնատանը։ Ընթրիքի բոլոր ներկայացուցիչները հիվանդացել են։ Նրանց մոտ տենդ է սկսվել։ Ալեքսանդր VI-ը մահացել է 1503 թվականի օգոստոսի 18-ին[7]։ Սովորաբար օգոստոսին շոգի և համաճարակների ժամանակ ազնվականները հեռանում էին Հռոմից՝ գնալով ավելի զով վայրեր։ Այդ տարի երկու օտար բանակների (ֆրանսիական և իսպանական) ներկայությունը քաղաքի մոտ ստիպել է Պապին մնալ քաղաքում և տագնապով հետևել իրավիճակին[29]։
Տենդի ընթացքում փսխումները և մարմնի արագ քայքայումը սկսել են կասկածի տեղիք տալ մարդկանց։ Նրանք մտածում էին, որ Պապին թունավորել են։ Հռոմի պապ Լև X-ը մեղադրում էր Կորնտետոյին[30]։ Շատերը պատմում էին, որ Ալեքսանդրը պատահմամբ կերել է այն թունավորված խնձորը, որը նա Չեզարեի համար էր պատրաստել։ Ոմանք էլ նշում էին, որ նա խմել է այն թունավորված գինին, որը ինքն ու որդին էին պատրաստել մյուս կարդինալների համար[30]։ Սակայն այս բոլոր լեգենդները տարբեր ապացույցների շնորհիվ ներկայումս հերքվել են մի շարք գիտնականների կողմից։ Նրանք կարծում են, որ Պապի մահվան պատճառը հավանաբար եղել է աղիքային ինֆեկցիան կամ քրոնիկ սուր մալարիան[29][31]։
Քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով Հռոմի պապին թաղել են Սուրբ Պետրոսի եկեղեցում՝ գրեթե գաղտնի՝ առանց պատշաճ թաղման արարողության։ 1610 թվականին մոխիրը տեղափոխվել է Սանտա Մարիա դի Մոնսերատո իսպանական եկեղեցի։ Չեզարեն, ինքն էլ է ծանր հիվանդացել։ Չկարողանալով վերահսկողության տակ վերցնել պապական նոր ընտրությունները՝ նա կորցրել է իշխանությունը[32]։
Սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրը VI-ը, ենթադրաբար, ունեցել է բազմաթիվ անօրինական երեխաներ։ Սակայն նա չի խախտել պարկեշտությունը և երբեք չի ընդունել իր հավանական երեխաներից ոչ մեկին։ Այդ պատճառով նրա անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի[10]։ Նրա սիրուհիներից հայտնի է Վանոցցա դեի Կատանեին։ Նրանք ունեցել են 3 որդի և դուստր։ Հաջորդ սիրուհին եղել է Ջուլիա Ֆարնեզեն։ Ենթադրյալ երեխաներ՝
- Վանոցցա դեի Կատանեից
- Ջովաննի (իսպաներեն Խուան, 1475, 1476 կամ 1477-1497), Գանդիայի երկրորդ հերցոգ, Սեսսայի հերցոգ[10][33]
- Չեզարե (1474, 1475 կամ 1476-1507), Ռոմանիայի և Վալենտինուայի հերցոգ[10][33]
- Լուկրեցիա (1480-1519), Պեզարոյի, Բիշելեի, Ֆերրարայի հերցոգուհի[10][33]
- Ջոֆֆրե (1481/82-1516/1517), Սկվիլաչեյի իշխան[10][33]
-
Ջովաննի Բորջիա, Գանդիայի երկրորդ հերցոգը
-
Չեզարե Բորջիայի դիմանկարը
-
Լուկրեցիա Բորջիայի ենթադրյալ դիմանկարը (հեղինակ՝ Բարտալոմեո Վենետո)
-
Ջոֆրե Բորջիա (1482–1517), Սկվիլաչեի արքայազն
- անհայտ մայրերից
- Պետրո Լուիջի (իսպաներեն Պեդրո Լուիս) (1460-1488), Գանդիայի առաջին հերցոգ[10],
- Ջիրոլամա (1469-1483),
- Իզաբելա (1471-1541),
- Ռոդրիգո (1503-1527), ավելի ուշ Լև X հայտարարել է Ալեքսանդր VI-ի որդու և անհայտ կնոջ մասին (մեկ այլ տարբերակի համաձայն, եղել է Ֆրանչեսկո դե Բորջիայի՝ Կոզենցայի կարդինալի անօրինական որդին)[33],
- Ջովաննի (1498-1547), անհայտ ծագումով երեխա, որը հետագայում հայտարարվել է Ալեքսանդր VI-ի և անհայտ կնոջ որդին (հնարվոր է, որ նա եղել է Լուկրեցիա Բորջիայի անօրինական որդին)[33]
- Ջուլիա Ֆարնեզեից
- Լաուրա Օրսինի (1492-1505/08), հավանաբար ծնվել է մոր և կարդինալ Բորջիայի միջև կապի ժամանակ[34]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության և հրապարակախոսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրք | Հեղինակ | Ծանոթագրություններ |
---|---|---|
«Նովելինո» ժողովածուի 15-րդ նովելը | Մազուչչո Սալեռնիտանո | Ներկայացնում է ապագա պապի սիրային հարաբերություններից մեկի մասին։ |
«Կոմս Մոնտե-Քրիստո» | Ալեքսանդր Դյումա | Կարդինալ Սպադան Ալեքսանդր VI-ի կողմից թունավորվելու վախից էր, որ իր գանձերը թաքցրեց Մոնտեքրիստո կղզում։ |
«Բորջիա ընտանիքը» | Ալեքսանդր Դյումա | |
«Երկնագույն գիրք» | Միխայիլ Զոշչենկո | Բորջիա պապի լեգենդար ինքնաթունավորման պատմության մասին հեղինակը գրել է «Ձախողումներ» բաժնի նախաբանում։ |
«Սրբազան ավազակաորջ» | Լեո Տաքսիլ | Ռոդրիգո Բորջիայի կյանքին և գործունեությանն է նվիրված գրքի «Ալեքսանդր Վեցերորդ» գլուխը |
«Չեզարե Բորջիայի կյանքը» | Ռաֆայել Սաբատինի | Ալեքսանդր VI-ը համարվում է գրքի առանցքային կերպարներից մեկը։ |
«Ընտանիք» | Մարիո Պյուզո | Գիրքը նվիրված է Ռոդրիգո Բորջիային և նրա ընտանիքին |
«Յոթ բլուրների տիրամայրը» և «Լուսապսակ Լուկրեցիան» | Էլեանոր Հիբերտ | |
«Աստվածների քաղաքը։ Բորջիա ընտանիքի պատմությունը» | Սեսիլիա Հոլանդ | |
«Բորջիայի հարսնացուն» | Ջին Կալոգրիդիս | |
«Առաջին դոնը» | Մարիո Պյուզո |
Կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ/Հեռուստասերիալ | Տարի | Երկիր | Հեղինակ | Բորջիայի դերակատար | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|
«Բարոյազանց պատմություն» | 1973 թվական | Ֆրանսիա | Վալերիան Բորովչիկ | Յակոպո Բերինացի | |
«Բորջիա» հեռուստասերիալ | 1981 թվական | Մեծ Բրիտանիա | Մարկ Շիվաս | Ադոլֆո Չելի | Այս սերիալը Բորջիա ընտանիքի մասին ամենաճշգրիտ պատմական փաստերը ներկայացնող սերիալներից է։ |
«Թույներ կամ թունավորումների համաշխարհային պատմություն» | 2001 թվական | Ռուսաստան | Կարեն Շահնազարով | Օլեգ Բասիլաշվիլի | Ալեքսանդր VI-ը ֆիլմի առանցքային կերպարներից մեկն է։ |
«Կոնկլավ» | 2006 թվական | (նկարահանվել է Կանադա - Գերմանիա երկրների համագործակցության արդյունքում) | Քրիստոֆեր Շրու | Մանու Ֆույոլա | Էկրանավորել է 1458 թվականի կոնկլավի իրադարձությունները։ |
«Բորջիա» ֆիլմ | 2006 թվականին | Իսպանիա | Անտոնիո Էրնանդես | Լուիս Օմար | |
«Բորջիա» պատմական հեռուստասերիալ | 2011-2013 թվականներ | (նկարահանվել է Կանադա - Հունգարիա - Իռլանդիա երկրների համագործակցության արդյունքում) | Նիլ Ջորդան | Ջերեմի Այրոնսը[35]։ | |
«Բորջիա» հեռուստասերիալը | 2011-2014 թվականներ | (նկարահանվել է Ֆրանսիա - Գերմանիա - Չեխիա - Իտալիա երկրների համագործակցության արդյունքում) | Թոմ Ֆոնտանան | Ջոն Դոմանը։ | Հիմնված է պատմական փաստերի վրա։ |
«Իզաբելլա» հեռուստասերիալ | 2011-2014 | Իսպանիա | Ջորդի Ֆրեյդս | Խորխե Բոսչ |
Վիդեոխաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոդրիգո Բորջիան իսպանացի էր։ Նա համարվում է Assassin’s Creed II համակարգչային խաղի գլխավոր հերոսը։ Assassin’s Creed: Brotherhood խաղում արդեն նա համարվում է որպես երկրորդական հերոս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 Picotti G. B. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960. — Vol. 2.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20161205171607/http://webdept.fiu.edu/~mirandas/bios1456.htm#Borja
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 7,0 7,1 Salvador Miranda. «The Cardinals of the Holy Roman Church - Biographical Dictionary - Consistory of September 17, 1456». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Alexander VI». enciclopedia.cat. Արխիվացված է օրիգինալից 2020-06-17-ին. Վերցված է 2021-10-30-ին.
- ↑ David M. Cheney. «Pope Alexander VI (Rodrigo de Borja) [Catholic-Hierarchy]». www.catholic-hierarchy.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Маллет М. 5. Кардинал Родриго Борджиа // Борджиа - взлет и падение династии Ренессанса = The Borgias: The Rise and Fall of a Renaissance Dynasty / Пер. Ю. Кирюковой.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «CATHOLIC ENCYCLOPEDIA: Pope Alexander VI». www.newadvent.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Клула И. ПЕРВАЯ ЧАСТЬ. Взлет семьи Борджиа. ГЛАВА III. Удачливая карьера кардинала Родриго // Борджиа / Пер. С.В. Пригорницкой. — Ростов-н/Д, 1997.
- ↑ Pastor L. BOOK II. ALEXANDER VI., 1492 1497. Election of Alexander VI // The history of the popes from the close of the Middle Ages: drawn from the secret archives of the Vatican and other original sources. — London : K. Paul, Trench, Trubner, 1899-01-01. — Т. 5. — 660 с.
- ↑ 14,0 14,1 Маллет М. 6. Александр VI: избрание и первые годы понтификата. 1492-1494 // Указ. соч..
- ↑ Маллет М. 2. Папская область в пятнадцатом веке // Указ. соч..
- ↑ G. Hibbert The Borgias and Their Enemies 1431-1519. — NY, 2008..
- ↑ Александр VI. — Хроники открытия Америки. Книга I. М.: Академический проект, 2000«Булла "INTER CAETERA" (= Среди прочих)». Восточная литература. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «The history and characters». Palau Ducal dels Borja (անգլերեն). www.palauducal.com. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
- ↑ Клула И. ВТОРАЯ ЧАСТЬ. Правление Александра VI. ГЛАВА I. В компании богов // Указ. соч..
- ↑ Pastor L. BOOK II. ALEXANDER VI., 1492 1497. Death of Ferrante of Naples. Alliance between Alfonso II. of Naples and the Pope. Invasion of Italy by Charles VIII // Указ. соч..
- ↑ Маллет М. 8. Продвижение Борджиа (1498-1502) // Указ. соч..
- ↑ Salvador Miranda. «The Cardinals of the Holy Roman Church - Cardinals of the 15th Century - Alexander VI (1492-1503)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Клула И. ВТОРАЯ ЧАСТЬ. Правление Александра VI. ГЛАВА III. Скверные дети // Указ. соч..
- ↑ 24,0 24,1 Маллет М. Глава VII. Борджиа в трудном положении // Указ. соч..
- ↑ Pastor L. Expulsion of the French from Naples. The Pope's Schemes of Reform // Указ. соч.. — Т. 5.
- ↑ Soderini, Piero // 1911 Encyclopædia Britannica. — Т. Volume 25.
- ↑ Salvador Miranda. «The Cardinals of the Holy Roman Church - Biographical Dictionary - Consistory of November 21, 1468». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Pastor L. BOOK I. ALEXANDER VI., 1492-1503. Alexander VI as a Patron of Art // Указ. соч.. — Т. 6.
- ↑ 29,0 29,1 Маллет М. 11. Смерть Александра // Указ. соч..
- ↑ 30,0 30,1 Клула И. ТРЕТЬЯ ЧАСТЬ. Правление Александра VI. ГЛАВА 4. Свидание с дьяволом // Указ. соч..
- ↑ 'The Cambridge Modern History. Vol. 1. Cambridge University Press, 1902. Page 241
- ↑ Клула И. ТРЕТЬЯ ЧАСТЬ. Отблески заката. ГЛАВА I.Одинокий хищник // Указ. соч..
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 Брэдфорд С. Перечень действующих лиц // Лукреция Борджиа. — М., 2008.
- ↑ Маллет М. 12. Династия Борджиа // Борджиа -- взлет и падение династии Ренессанса.
- ↑ «Rodrigo Borgia (Character)». IMDb. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիարիո Բորջիա - Բորջիա(Իսպաներեն)
- 1494: Ինչպես միջնադարյան Իսպանիայում ընտանեկան թշնամանքը կիսեց աշխարհը Արխիվացված 2012-09-04 Wayback Machine
- Borja – Wikipedia, la enciclopedia libre (Իսպաներեն)
- Borgia – Wikipedia, la enciclopedia libre (Իսպաներեն)
- Borja o Borgia Արխիվացված 2019-12-22 Wayback Machine (Իսպաներեն)
- Francisco Fernández de Bethencourt – Historia Genealógica y Heráldica Española, Casa Real y Grandes de España, tomo cuarto Արխիվացված 2019-04-01 Wayback Machine (Իսպաներեն)
- Una rama subsistente del linaje Borja en América española, por Jaime de Salazar y Acha, Académico de Número de la Real Academia Matritense de Heráldica y Genealogía Արխիվացված 2012-04-12 Wayback Machine (Իսպաներեն)
- Boletín de la Real Academia Matritense de Heráldica y Genealogía Արխիվացված 2012-07-03 Wayback Machine (Իսպաներեն)
- Thirty-Two Years with Alexander VI, The Catholic Historical Review, vol. 8, no. 1, April 1922, pp. 55–58.[1] [2]
- genealogische Aufstellung Wayback Machine (արխիվացված 18 Հունվար 2012) (spanisch)
- The Prince by Niccolò Machiavelli – Pope Alexander VI mentioned in chapters 3, 6 and 18