Լուկրեցիա Բորջիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուկրեցիա Բորջիա (այլ կիրառումներ)
Լուկրեցիա Բորջիա
իտալ.՝ Lucrezia di Borgia
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1480
ԾննդավայրՍուբյակո, Պապական մարզ
Մահացել էհունիսի 24, 1519[1] (39 տարեկան)
Մահվան վայրՖեռարա, Duchy of Ferrara
ԳերեզմանCorpus Domini Monastery
Քաղաքացիություն Պապական մարզ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունթագավորական կոնսորտ և կառավարիչ
ԱմուսինԱլֆոնսո I դ՛Էստե, Ֆերարայի դուքս, Alfonso of Aragon? և Giovanni Sforza?
Ծնողներհայր՝ Ալեքսանդր VI[2], մայր՝ Vannozza dei Cattanei?[2]
ԵրեխաներErcole II d'Este, Duke of Ferrara?, Rodrigo of Aragon?[3], Ippolito II d'Este?, Francesco d'Este?[3], Isabella Maria d'Este?[3], Alessandro d'Este?, Eleonora d’Este?, Ջովաննի Բորջիա[3] և Alessandro d'Este?[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Lucrezia Borgia Վիքիպահեստում

Լուկրեցիա Բորջիա (իսպ.՝ Lucrecia Borgia, կատ.՝ Lucrècia Borja, լատին․՝ Lucretia Borgia, իտալ.՝ Lucrezia di Borgia, ապրիլի 18, 1480, Սուբյակո, Պապական մարզ - հունիսի 24, 1519[1], Ֆեռարա, Duchy of Ferrara), Հռոմի պապ Ալեքսանդր VI-ի և նրա սիրուհի Վանոցցա դեի Կատանեիի անօրինական դուստրը, ամուսնական ազգանունը՝ կոմսուհի Պեզարո, Բիշելեի դքսուհի, Ֆերարայի կոնսորտ դքսուհի։

Նրա եղբայրներն են եղել Չեզարե, Ջովաննի և Ջոֆրե Բորջիաները։

Արտաքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան Լուկրեցիա Բորջիայի կենդանության օրոք արված արժանահավատ դիմանկարներ։ Համարվում է, որ Պինտուրիկկոյի արած որմնանկարում, որտեղ պատկերված է սուրբ Եկատերինայի բանավեճը կայսեր հետ Վատիկանում գտնվող Բորջիաների առանձնատանը, նրա դիմագծերը արտահայտված են սրբի դեմքին[4]։ Լուկրեցիայի դիմանկարը ամենայն հավանականությամբ նրա մոտ ծառայող նկարիչ Բարտոլոմեո Վենետոյի չստորագրված կանացի նկարն է[5]։

Մելբուռնի Վիկտորիայի ազգային պատկերասրահում պահվում է քահանայի հագուսով պատանու դիմանկար (գնվել է 1965 թվականին որպես անհայտ իտալացի նկարչի դիմանկար), 2008 թվականի նոյեմբերին թանգարանի պահապանները հայտարարել են, որ նկարում ոչ թե պատանի է, այլ Լուկրեցիա Բորջիան[6]։ Սակայն մասնագետներին այդ շշմեցուցիչ հայտարարությունը կասկածելի է թվում[7]։

Ժամանակակիցները Լուկրեցիայի արտաքինը նկարագրել են, երբ նա եղել է քսան տարեկանից փոքր-ինչ ավել[8].

Նա միջահասակ է, հիասքանչ կազմվածքով։ Դեմքը երկարավուն է, քիթը՝ ուղիղ, մազերը ոսկեգույն են, աչքերը՝ անորոշ գույնի։ Բավականին մեծ բերան ունի, ձյունասպիտակ ատամներ, գեղեցիկ բարեկազմ պարանոց, շքեղ կուրծք։ Միշտ ուրախ է և ժպտուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդինալ Ռոդրիգո Բորջիայի դուստրը մանուկ հասակում դաստիարակության է հանձնվել հոր զարմուհուն՝ իսպանուհի Ադրիանա դե Միլային, որի մահացած ամուսինը ծագում էր հռոմեական ազդեցիկ Օրսինի ընտանիքից։ Աղջիկը նրանից տնային լավ կրթություն է ստացել, խոսել է իտալերեն, կատալոներեն և ֆրանսերեն, կարդացել է լատիներեն, հասկացել է պոեզիա, լավ պարել է։ Հոգևորականների կուսակրոնության ուխտի խախտումը արդեն այն ժամանակ ընկալվում էր որպես փոքր մեղանչում, սակայն հայրը թաքցնում էր իր երեխաների առկայությունը (մանավանդ, որ իտալական արիստոկրատիան նրան չէր սիրում որպես օտար իսպանացի), պաշտոնապես նրանց անվանում էին նրա զարմիկներ[9]։

Մինչև 13 տարեկանը Լուկրեցիան երկու անգամ նշանվել է նեապոլիտանական արիստոկրատների հետ, բայց նշանադրությունները հարսանիքի չեն հասել։

Առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1492 թվականին պապ դառնալով՝ Ռոդրիգո Բորջիան 1493 թվականի հունիսին կնության տվեց իր դստերը Ջովաննի Սվորցայի հետ, որը Միլանի դքսության կառավարիչ Լյուդովիկո Սֆորցայի ապօրինի զարմիկն էր, և որի հետ միությունը այդ պահին ձեռնտու էր։ Ջովաննին (կնոջից 13 տարով մեծ այրի տղամարդ) որպես օժիտ 31 000 դուկատ է ստացել և ծառայության է անցել պապական բանակում։ Ամուսնության առաջին ամիսները (ամենաքիչը մինչև 1493 թվականի նոյեմբեր) նրան կնոջ մոտ չեն թողել, քանի որ նա դեռ շատ երիտասարդ էր համարվում ամուսնական մահճի համար[8]։ Հետագայում ամուսիններն ապրել են կամ Հռոմում, կամ Ջովաննիի կալվածքում՝ Պեզարո քաղաքում[5]։

1497 թվականին քաղաքական իրադրության փոփոխության պատճառով (Իտալական պատերազմներ) Բորջիաների ընտանիքի և միլանյան Սֆորցա ընտանիքի միությունը փլուզվել է։ 1497 թվականի մարտին Ջովաննին շտապով լքել է Հռոմը։ Ասում էին, որ Լուկրեցիան զգուշացրել է Ջովաննիին, որ նրան ուզում են սպանել։ Հավանաբար Ջովաննիի սպանության հրամանը միայն խոսակցություն էր, բայց նրա հարաբերությունները Բորջիա ընտանիքի հետ խիստ վատթարացել էին դեռ շատ վաղուց, երբ նա, ըստ որոշ տվյալների, փորձել էր լրտեսել իր հարազատներին նեապոլցիների դեմ 1494-1495 թվականներին, իսկ 1496 թվականին փախել է Հռոմից, որպեսզի չմասնակցի Ալեքսանդր VI-ի պատերազմին ընդդեմ Օրսինիի[5]։

Պապը համոզել է Ջովաննիի հորեղբորը՝ կարդինալ Ասկանիո Սֆորցային, որ անհրաժեշտ է բաժանվելու համաձայնություն տալ, որովհետև ամուսնության կոնսումացիա չէր եղել, այսինքն Ջովաննին իբր թե չէր կարողացել կնոջը կուսազրկել։ Դա ըստ միջնադարյան օրենքի ամուսնալուծության ամենահիմնավոր պատճառներից մեկն էր։ Փեսայի հրաժարվելու դեպքում պապը կարող էր ամուսնալուծել իր իշխանությամբ, այդ ժամանակ Բորջիա ընտանիքը կպահանջեր վերադարձնել Լուկրեցիայի օժիտը։ Չցանկանալով ծաղրի առարկա դառնալ՝ Ջովաննին հրաժարվել է ամուսնալուծությունից՝ պնդելով, որ կինը զրպարտում է իրեն։ Նրան առաջարկել են սեռական կապի մեջ մտնել կնոջ հետ վկաների ներկայությամբ՝ ապացուցելու իր կարողունակությունը, սակայն նա հրաժարվել է (հնարավոր է՝ որոշելով, որ հուզմունքից իրոք ոչինչ չի ստացվի)։ Սֆորցա ընտանիքը Ջովաննիից պահանջել է ընդունել Բորջիաների պայմանները՝ հակառակ դեպքում սպառնալով զրկել նրան իր պաշտպանությունից։ Ընտրություն չունեցող Ջովաննին եկել է Հռոմ՝ ստորագրելու իր սեռական անկարողության փաստաթղթերը, և ամուսնությունը պաշտոնապես կորցրել է իր ուժը 1947 թվականի դեկտեմբերի 22-ին։ Բորջիա ընտանիքի կողմից հրապարակայնորեն խայտառակված լինելով՝ Ջովաննի Սֆորցան սկսել է լուրեր տարածել նախկին կնոջ և նրա հոր միջև արյունապիղծ կապի մասին։

Իսկ երբ Նորին պայծառափայլությունը հարցրեց, թե արդյոք պապի հայտարարությունը ճիշտ է ամուսնական պարտականություններ իրականացնելու անկարողության և այն մասին, որ Լուկրեցիայի հետ նրա ամուսնությունը, ըստ էության, կեղծ է, նա կտրականապես հակադարձեց։ Ընդհակառակը, կնոջ հետ նա հաճախակի հարաբերություններ ուներ։ Սակայն պապը նրանից խլել է Լուկրեցիային, որպեսզի ինքն օգտվի նրանից։ Վերջում նա հայտնեց այն ամենը, ինչ մտածում է Նորին սրբության մասին[8],- այսպես է նկարագրել Ջովաննիի պահվածքը Ֆերարայի դեսպանը իր տիրոջն ուղղված նամակում։

Ինցեստի մասին Ջովաննիի տարածած լուրը տարածվեց տարբեր կողմերով և վառ մանրամասներ ձեռք բերեց։

Արտամուսնական հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննիի հետ ձգձգված ամուսնալուծության, ինչպես նաև այդ թեմայով բազմաթիվ քննարկումների, բամբասանքների և ասեկոսեների ժամանակ Լուկրեցիան պապական հանձնաժողովին երդմամբ վկայել է, որ ինքը կույս է և պատրաստ է զննության ենթարկվել, մինչդեռ 1497 թվականի վերջին Լուկրեցիան հավանաբար արդեն երեխայի էր սպասում։ 1497 թվականի ամռանը նա Հռոմից մեկնել է Սուրբ Սիքստի դոմինիկյան վանք։ 1498 թվականի գարնանը հակասական լուրեր ի հայտ եկան նրա երեխայի ծնվելու մասին[8]։

Լուկրեցիան հավանաբար ինտիմ հարաբերություններ էր ունեցել Հռոմի պապի կամեռլենգո Պեդրո Կալդերոնի (Պերոտտո) հետ, որը լրաբեր էր ծառայում հոր և դստեր միջև։ Վենետիկյան դեսպան Պաոլո Կապելլոյի նամակները պատմում են, որ Չեզարե Բորջիան իբր սրով վազում էր պապական պալատով քրոջ սիրեկանի՝ Պերոտտոյի հետևից, և սրով հարվածել նրան հենց պապի աչքի առաջ[4]։ Ճիշտ է դա, թե հորինվածք է, բայց Պերոտտոյից ազատվել են. ավելի ուշ՝ 1498 թվականի փետրվարին, երիտասարդի դիակը գտել են Տիբերում[10]։

1498 թվականի գարնանը Բորջիաների ընտանիքում նորածին է հայտնվել՝ Ջովաննի Բորջիան։ 1501 թվականին այս երեխայի վերաբերյալ երկու պապական կոնդակներ են հռչակվել։ Մեկով երեխայի հայր էր անվանվում Չեզարեն։ Երկրորդ կոնդակով, որը տարիներ անց է հայտնաբերվել Լուկրեցիայի թղթերում, հայր է անվանվել է Ալեքսանդր VI-ը։ Լուկրեցիան ոչ մի տեղ չի հիշատակվել, բայց հավանաբար Ջովաննին այն երեխան է եղել, որին Լուկրեցիան ունեցել է սպանված սիրեկանից[8][4]։ 1502 թվականին Ջովաննի Բորջիան դարձել է Կամերինոյի դուքսը։ Կամերինոն Չեզարեի նվաճած տարածքներից մեկն էր պապի համար։ Ալեքսանդր VI-ի մահից հետո Ջովաննին տեղափոխվել է Լուկրեցիայի և նրա երրորդ ամուսնու մոտ՝ Ֆերարա, որտեղ նա մեծացել է որպես արյունակից եղբայր։ Սակայն այն փաստը, որ Լուկրեցիայի երրորդ ամուսինը՝ Ֆերարայի դուքսը, Ջովաննիին հանգիստ վերաբերվում էր որպես նրա եղբոր, կարող է նշանակել, որ նա իսկապես Ալեքսանդր VI-ի երեխան էր անհայտ մորից, իսկ Լուկրեցիայի երեխան լիովին կարող էր մահացած լինել մանուկ հասակում կամ մահացած ծնվել, կամ ընդհանրապես լինել բամբասողների հորինվածք[8][9]։

Այս կոնդակների հետ կապված տարածվել են մեղադրանքները ոչ միայն հոր և դստեր միջև արյունապիղծ կապի մասին, այլև մեղադրանքը Լուկրեցիայի և երեք հարազատ եղբայրների հետ կապի մասին։ Ավելի ուշ չարակամ անձանց ասեկոսեները դրսևորվել են Ալեքսանդր VI-ին (նրա համաձայնությամբ են բաժանել Նեապոլի թագավորությունը) տանել չկարողացող նեապոլցի սատիրիկ բանաստեղծ Սանաձարոյի երկտող դամբանականում.

«Այստեղ իբր թե հանգչում է Լուկրեցիան, ըստ էության՝ Թաիսը,
Ալեքսանդրի դուստրը, և՛ հարսը, և՛ կինը[11]»։

Այնուամենայնիվ, բոլոր տեսակի սեռական շեղումներն ընդհանուր առմամբ իտալական բամբասանքների սիրելի թեմաներն էին։ Այսպես, Բորջիաների ժամանակակից Պերուջայի ղեկավարի՝ Ջանպաոլո Բալոնիի մասին պատմում էին, որ նա դեսպանների էր ընդունում՝ իր հարազատ քրոջ հետ անկողնում պառկած[8]։

Երկրորդ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեպի ամրոցի ամրոցապարսպի աշտարակներից մեկը

1498 թվականի հունիսի 21-ին Հռոմում Լուկրեցիան ամուսնացել է Բիշելեի դուքս և Սալերնոյի իշխան Ալֆոնսոյի՝ Նեապոլի արքա Ալֆոնսո II-ի ապօրինի որդու հետ[5]։ Նա մի տարով փոքր էր կնոջից։ Բացի դա պապը պլանավորել էր նաև Չեզարե Բորջայի ամուսնությունը Նեապոլի թագավոր Ֆեդերիգոյի օրինական դստեր՝ Կառլոտայի հետ, որը դաստիարակվել էր ֆրանսիական արքունիքում։ Լուկրեցիայի ամուսնությունը նրա զարմիկի հետ միայն քայլ էր այդ միությունն ստեղծելու համար (որն այդպես էլ չկայացավ հարսնացուի կտրուկ հրաժարվելու պատճառով)[4]։

Նորապսակները բնակվել են Հռոմում, Լուկրեցիայի առաջին հղիությունն ավարտվել է վիժմամբ։ 1499 թվականի օգոստոսին Ալեքսանդր VI-ի և Չեզարեի մտերմությունը ֆրանսիացիների հետ վախեցրել է նեապոլական իշխող ընտանիքին, և երիտասարդ Ալֆոնսոն հեռացել է Հռոմից, թեպետ շուտով վերադարձել է կնոջ մոտ։ Հղի Լուկրեցիային հայրը չի ուղարկել նրա մոտ, այլ նշանակել է Սպոլետո քաղաքի կառավարիչ[5]։ Իր իշխանության մի քանի ամիսների ընթացքում նա կարողացել է հաշտեցնել Սպոլետոյի բնակիչներին իրենց թշնամիների՝ հարևան Տեռնի քաղաքի բնակիչների հետ[12]։ Բացի այդ, հայրը նաև դստերը նվիրել է Նեպի ամրոցը, որը կարդինալից բռնագրավել էր Սֆորցա ընտանիքը։

1499 թվականի նոյեմբերի 1-ին Լուկրեցիան Հռոմում ունեցել է որդուն։ Այդ տղան՝ Բիշելե դուքս Ռոդրիգոն, մահացել է 1512 թվականին 13 տարեկանում՝ մոր կենսագրությունում նշանակալի հետք չթողնելով։

Նեապոլի թուլացած թագավորական տների միավորումն այլևս պետք չէր Չեզարեին։ 1500 թվականի հուլիսի 15-ի երեկոյան Լուկրեցիայի ամուսնուն Հռոմում Սուրբ Պետրոսի բազիլիկայի մոտ դանակի մի քանի հարված են հասցրել։ Ալֆոնսոն վնասվածք է ստացել վզին, թևին և ազդրին, սակայն ողջ է մնացել, նրան փրկել է ժամանակին հասած պահակախումբը։ Լուկրեցիան մեկ ամիս խնամել է ամուսնուն, սակայն օգոստոսի 18-ին նա խեղդամահ է արվել իր անկողնում։ Վենետիկի և Ֆլորենցիայի դեսպանները իրենց ղեկավարությանը գրել են, որ սպանողը եղել է Միքելե դե Կորելլան՝ Չեզարե Բորջայի վստահված անձը, որին աներորդին իբր թե մինչ այդ սպառնացել էր[4]։ Այնուամենայնիվ, հայտնի է եղել, սպանվածը էլի թշնամիներ է ունեցել հռոմեացի բարոնների շրջանում[4]։ Նրան թաղել են գրեթե գաղտնի։

Լուկրեցիայի նվիրել է Սերմոնետա ամրոցը, որը պապը վերցրել էր Կաետանի տոհմից։ Նա սկսել է աշխատել Վատիկանում պապի գրասենյակում՝ հոր բացակայության ժամանակ պատասխանելով նամակներին։ Այդ կերպ դեռևս երիտասարդ տարիքում նա ցուցաբերել է կազմակերպչական հստակ կարողություններ։

Երրորդ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ժամանակ անց Ալեքսանդր VI-ն սկսել է մտածել աղջկա նոր, առավել շահավետ ամուսնության մասին։ Նրա ձեռքն առաջարկել են երիտասարդ այրի Ալֆոնսո I դ'Էստեին՝ Պապական մարզի ամենազորեղ կուսակալներից մեկի՝ Ֆերարայի դքսի ավագ որդուն և ժառանգին։ Նա շատ ավելի հաջող տարբերակ էր, քան Լուկրեցիայի առաջին երկու ամուսինները՝ իշխող գերդաստաններրի ոչ հարուստ ապօրինի զավակները։ Այս ամուսնության մեջ ևս առկա է եղել քաղաքական երանգ. խոսքը Պապի և Ֆերարա ընտանիքի հավանական միության մասին էր՝ ընդդեմ իրենց հյուսիսային հարևան Վենետիկի նկրտումների։ Սկզբնապես հայր ու որդին հրաժարվել են Լուկրեցիայի վատ համբավի պատճառով. Հռոմում Ֆերարայի դեսպանը գրել է, որ նա զրպարտել է առաջին ամուսնուն և ապօրինի զավակ է ունեցել[8]։ Սակայն Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XII-ի դրդմամբ և 100 000 հսկայական օժիտի առկայությամբ ստիպված էին համաձայնվել։ Ֆերարայի նոր դեսպանն այսպես է նկարագրել դքսի ապագա հարսնացուին.

Մադոննա Լուկրեցիան բարձր աստիճանի խելացի և հիասքանչ է, ինչպես նաև բացառիկ սիրալիր։ Նա համեստ է, նուրբ սիրտ ու հիանալի շարժուձև ունի։ Բացի այդ, նա ճշմարիտ աստվածավախ քրիստոնյա է։ Վաղը նա գալու է խոստովանության և սուրբծննդյան շաբաթվա ընթացքում հաղորդություն է ընդունելու։ Նա շատ գեղեցիկ է, սակայն նրա դյութիչ վարքագիծն ամենաշատն է գրավում։ Կարճ ասած, նրա բնույթն այնպիսին է, որ անհնար է նրա մեջ մեղսավորության նշույլ գտնել[8]։

1501 թվականի փետրվարի 2-ին նա մեծ շքախմբով մեկնել է Ֆեռարա։ Իր երկրորդ ամուսնուց որդուն՝ Ռոդրիգոյին, նա ավանդույթի համաձայն չի տարել իր հետ նոր ընտանիք։ Թեպետ Էստեի ընտանիքը դժկամորեն է համաձայնություն տվել ամուսնությանը, սակայն Լուկրեցիան ամենայն հավանականությամբ կարողացել է ժամանակի ընթացքում լեզու գտնել սկեսրոջ և ամուսնու հետ, Ալֆոնսոն հատուկ դեր է հատկացրել նրան և կանոնավոր գիշերել է նրա ննջարանում[8]։ 1503 թվականին Ալեքսանդր VI-ի մահից հետո ամուսնությունը կորցրել է քաղաքական նշանակությունը, սակայն Ալֆոնսոն չի փորձել ազատվել կնոջից (Հռոմի պապ Հուլիոս II-ից պահանջելով Ջովաննի Սֆորցայի հետ նրա ամուսնալուծությունը համարել անօրինական և հետ ուղարկել նրան), թեպետ նրան ակնարկել էին այդ տարբերակը[8]։

Այդ ամուսնության ընթացքում Լուկրեցիան մի քանի անգամ հղիացել է, սակայն առողջությունը թույլ էր, նա մի քանի անգամ վիժել է և նորածինների մահ տեսել։ Նրա առաջին հղիությունը 1502 թվականին ավարտվել է ծանր հիվանդությամբ և մեռած աղջնակի ծնունդով։ Միայն 1508 թվականին է նա կարողացել ամուսնուն պարգևել երկար սպասված ժառանգորդին՝ Էրկոլեին[5]։

Ֆեռարա դքսության կառավարիչների ամրոցը

1503 թվականի սկզբին նա ծանոթացել է բանաստեղծ և փիլիսոփա Պիետրո Բեմբոյի հետ, նրանք վարել են երկար և նուրբ նամակագրություն՝ միմյանց ուղարկելով բանաստեղծություններ և դիմանկարներ, սակայն 1503 թվականի ավարտին հավանաբար այլևս իրար հետ չեն հանդիպել։ Շատ հնարավոր է, որ նրանց միջև կապ չի եղել, իսկ Լուկրեցիան ուղղակի եղել է բանաստեղծի կատարյալ սիրեցյալը՝ համաձայն այդ դարաշրջանի կուրտուազական ավանդույթների[8]։ Բեմբոն հետագայում աշխատել է որպես Ֆեռարաների թշնամի Հռոմի պապ Լեո X-ի անձնական քարտուղար։ Հետագայում Լուկրեցիան աստիճանաբար մտերմացել է Մանտովայի մարքիզ Ֆրանչեսկո Գոնզագոյի հետ, կամ այն պատճառով, որ անախորժություն պատճառի նրա կնոջը՝ Իզաբելա դ՛Էստեին՝ Ալֆոնսոյի քրոջը (որն արհամարհում էր Լուկրեցիային), կամ էլ հույս ուներ, որ Ֆրանչեսկոն կարող էր օգնել իր ամեն ինչ կորցրած եղբորը՝ Չեզարեին[9] (Ֆրանչեսկոն նույնիսկ Իսպանիա դեսպանորդ է ուղարկել՝ նրան ազատելու խնդրանքով)։ Նրանց նամակագրությունը շարունակվել է մինչև 1519 թվականի սկզբին Ֆրանչեսկոյի մահը։ Հնարավոր է, որ նրանց նամակագրության գաղտնիքների հետ է կապված 1508 թվականին Ֆեռարայում բանաստեղծ Էրկոլե Ստրոցիի հանելուկային սպանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.elsborja.cat/rutes/lucrecia-borja-i-ferrara-1501-1519/vida-privada-de-lucrecia-borja/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.treccani.it/enciclopedia/lucrezia-borgia-duchessa-di-ferrara_%28Dizionario-Biografico%29/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Клула, 1997
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Беллончи, 2003
  6. Britt Smith. NGV’s Renaissance mystery woman revealed // The Age, November 25, 2008. www.theage.com.au(անգլ.)
  7. Maike Vogt-Luerssen, Holger M. Luerssen, Martin H. Luerssen. Lucrezia Borgia — The Life of a Pope’s Daughter in the Renaissance. CreateSpace, 2010. — pp. 90-91. ISBN 1-4537-2740-X, ISBN 978-1-4537-2740-9(անգլ.)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Брэдфорд, 2006
  9. 9,0 9,1 9,2 Mallet, 1969
  10. Иоганн Бурхард. «Дневник о римских городских делах (фрагменты 1483-1506)». Восточная Литература: Средневековые исторические источники Востока и Запада. www.vostlit.info. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  11. Jacopo Sannazaro (Wikiquote)
  12. Gregorovius, 1909