Հուլիոս I (Հռոմի պապ)
Հուլիոս I Iulius I | ||
![]() | ||
| ||
---|---|---|
337 փետրվարի 6 — 352 ապրիլի 12 | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Մարկոս | |
Հաջորդող | Լիբերիոս | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, Հռոմի Պապ և գրող | |
Ծնունդ | 280 Հռոմ, Հռոմեական կայսրություն[1] | |
Մահ | ապրիլի 13, 352 Հռոմ, Իտալիա | |
Թաղված է | Սանտա Մարիա ին Տրաստևերե |
Հուլիոս I (280, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1] - ապրիլի 13, 352, Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի եպիսկոպոս 337 թվականի փետրվարի 6-ից մինչև 352 թվականի ապրիլի 12-ը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագումով բնիկ հռոմեական ընտանիքից էր, հռոմեական եկեցեղու գլուխ է ընտրվել 337 թվականին, մահացել է 352 թվականին: Նրան վիճակվեց գործել այն ժամանակաշրջանում, երբ քրիստոնեությունը, հազիվ ազատագրված լինելով հեթանոս պետության հալածանքներից, պառակտվում էր ուղղահավատների և արիոսականների կամ սրանց հարող ուսմունքների միջև ծագած դաժան պայքարում: Կոնստանտին Մեծի որդին՝ Կոստանդիոսը, որին բաժին էր հասել Արևելքը, բացահայտ աջակցում էր Նիկեայի տիեզերաժողովի կողմից դատապարտված կրոնական ուսմունքը: Նիկեական ուսմունքի կողմնակիցները ապաստան գտան Արևմուտքում: Հռոմեական եկեղեցին սկզբնապես ավանդույթ էր դարձել դավանաբանական առումով կողմնակից լինել միջին, համեմատաբար լայն տարածում ունեցող կարծիքների, այսինքն՝ հավանություն էր տալիս համընդհանուր ճանաչում գտած ուղղափառությանը: Տվյալ դեպքում նման ավանդույթը ամրապնդվեց նաև պապի կողմից դրսևորվող առանձնահատուկ ձգտմամբ՝ որպես հիմնական դավանանք հռչակել Հիսուս Քրիստոսի աստվածությունը և նրա՝ Հայր Աստծո հետ հավասար լինելը: Իր նախորդների բռնած ուղուն հավատարիմ՝ Հուլիոս I-ը բարեհաճորեն ընդունեց Հռոմում ապաստան փնտրող ուղղափառության ջատագով Աթանաս Ալեքսանդրացուն:
340 թվականին Հռոմում հավաքված արևմտյան եպիսկոպոսների ժողովը (պապը իզուր հրավիրել էր արևելյան հոգևոր պետերին, չափավոր արիոսականներին, Եվսեբիոս Նիկոդեմիացուն) Աթանասի, ինչպես նաև Մարկել Անկիրացու դեմ հնչած մեղադրանքները ճանաչեց անհիմն: Հուլիոս I-ը ուղերձ հղեց կայսրության արևելյան մասի եպիսկոպոսներին, որում եռանդագին պաշտպանում էր պապի կողմից Հռոմում հրավիրված ժողովի՝ դավանաբանական հարցերը քննելու իրավունքը:
340 թվականի հռոմեական ժողովում ընդունված վճիռը հաստատվեց 343 թվականին, բարձրագույն հոգևորականության մեկ այլ համագումարում, որը հրավիրվել էր Կոնստանդիոսի համաձայնությամբ: Այստեղ, սակայն, նույնպես մեծամասնություն էին կազմում արևմտյան եպիսկոպոսները. արևելյաններից շատերը (արիոսականները), դժգոհ լինելով իրենց իսկ պնդմամբ գահընկեց արված Աթանասի ներկայությունից, հրաժարվեցին մասնակցել համաժողովին: Հոսիոսը՝ Կորդովայի եպիսկոպոսը, ով հայտնի էր որպես նիկեական ուսմունքի ջատագով, համաժողովին առաջարկեց որպես Պողոս առաքյալի (ում ընդունված ավանդույթն արդեն ուղղակիորեն անվանում էր հռոմեական եկեղեցու հիմնադիր) և Հուլիոս հանդեպ հատուկ հարգանքի նշան հռոմեական աթոռին ապագայում ևս գավառական եպիսկոպոսական սինոդների՝ որևէ մեկին եպիսկոպոսական աստիճանից զրկելու մասին որոշումները բողոքարկելու իրավունք շնորհվի: Պապը պետք է նմանատիպ վճիռները հաստատելու կամ չեղարկելու իրավունք ունենար և ամենավերջում՝ գործընթացի նոր քննության համար հարևան գավառների եպիսկոպոսներից, որոնց մի մասին նշանակում էր պապը, հատուկ տրիբունալ հրավիրել: Այս տրիբունալը պետք է գործերը քններ պապի կողմից ուղարկված լեգատ-դիտորդի ներկայությամբ: Հոսիոսի առաջարկը ընդունվեց Սարդիկյան ժողովին մասնակից ամդամների մեծ մասի կողմից, բայց արևելյան եպիսկոպոսները, ովքեր հեռացան Ֆիլիպոպոլ, բողոքարկեցին և նույնիսկ Հուլիոսին և Հոսիոսին հայտարարեցին գահընկեց արված: Երբ Կոնստանդիոսի փոփոխված տրամադրության արդյունքում Աթանասին վերադարձվեց եպիսկոպոսական տիտղոսը, Հուլիոս I-ը Ալեքսանդրիայի բնակչությանը ուղերձ հղեց՝ գովերգելով ճշմարիտ հովվի նկատմամբ նրանց հավատարմությունը: Այսպիսով, Հուլիոս I-ի օրոք հռոմեական եկեղեցում արևելյան և արևմտյան հոգևորականության միջև տեղի ունեցավ առաջին կոնֆլիկտը: Խստաբարո կյանքի և Հռոմի գերակայությունը հաստատակամ առաջ մղելու, ինչպես նաև քաղաքը նոր եկեղեցիներով զարդարելու համար Հուլիոս I-ը հետագայում սրբադասվել է (նրա հիշատակին նվիրված տոնը նշվում է ապրիլի 12-ին):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|