Բոնիփակիոս II (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոնիփակիոս II
Boniface II.jpg
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Հռոմ, Օստգոթների թագավորություն
Մահ հոկտեմբերի 17, 532
Հռոմ, Օստգոթների թագավորություն
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար


Հռոմի պապ Բոնիփակիոս II, (լատ.` Bonifatius II), կառավարել է 530 թվականի սեպտեմբերի 17-ից, մինչև նրա մահը՝ 532 թվականի հոկտեմբերի 17[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Liber Pontificalis-ը Բոնիփակիոսին սխալմամբ հիշատակում է որպես Առաքելական գահին նստած գերմանական ծագման առաջին Պապ. իրականում նա ծագում էր հին օստգոթական ցեղից: Նրա հայրը՝ Ֆլավիոս Սիգիսբալդը, 437 թվականին եղել է Հռոմի հյուպատոսը:

Բոնիփակիոսը Հռոմեական եկեղեցուն ծառայել է վաղ տարիքից, և Փելիքս IV-ի պոնտիֆիկատի ժամանակ ստացել է ավագ սարկավագի աստիճան: Այդ կարգավիճակում նա կարողացավ բավականին ազդեցիկ դառնալ թե՛ եկեղեցու հիերարխիայում, թե՛ աշխարհիկ միջավայրում։ Նրա բարձր դիրքը հատուկ նշանակություն ուներ, քանի որ Բոնիփակիոսը դարձավ միակ պապը, ով նշանակվեց իր նախորդի կողմից, այլ ոչ թե ընտրվեց ըստ Կանոնակարգի: Դեռևս 499 թվականին, հոգևորականության շրջանում պառակտումներից խուսափելու համար, Հռոմի Պապ Սիմմաքոսը հաստատեց, որ Պապը կենդանության օրոք կարող է նշանակել իր իրավահաջորդին: Այս իրավունքը, որը, հասկանալի պատճառներով, չընդունվեց Սենատի և ժողովրդի կողմից, ըստ էության եպիսկոպոսներին զրկում էր Պապ ընտրելու իրավասությունից: Այդ օրենքը չեղյալ հայտարարվեց միայն երեսուն տարի անց՝ 535 թվականին Ագապետոս I Պապի կողմից և այլևս չվերականգնվեց:

Բոնիփակիոսը պետք է հակազդեր գերմանացիների շրջանում տարածված արիոսականությանը և, հետևաբար, նշանակվեց Հռոմի պապ Փելիքս IV (III)-ի կամքի համաձայն, առանց ընտրություններ անցկացնելու, ինչը դժգոհություն առաջացրեց Հռոմում: Փելիքսը սպառնաց արտաքսել բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեին հնազանդվել Բոնիփակիոսին, սակայն պապի մահն, այնուամենայնիվ, իր հետ հաշվեհարդար բերեց:

Երկու Պապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի Պապ Փելիքսի մահվան օրը՝ 530 թվականի սեպտեմբերի 22-ին Բոնիփակիոսը օծվեց Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկում, սակայն հռոմեական 70 պաստորներից 60-ը հրաժարվեցին ճանաչել նրան և հակապապ ընտրեցին Դիոսկորոսին։ Նրանք վախենում էին եկեղեցու գործերի վրա Աթալարիխ թագավորի ազդեցության ուժեղացումից։ Հռոմի եկեղեցին արդեն գրեթե ընկղմվում էր նոր պառակտման մեջ, սակայն այն տևեց ընդամենը քսաներկու օր. հոկտեմբերի 14-ին Դիոսկորոսը հանկարծամահ եղավ՝ որպես միակ օրինական թողնելով Բոնիփակիոսին:

Պետրոսի միակ ժառանգորդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոսկորոսի մահից անմիջապես հետո հրավիրված Սինոդի ժամանակ Բոնիփակիոսը իր նախկին մրցակցին բանադրելու մասին հրաման արձակեց՝ ստիպելով քահանաներին, որոնք աջակցել էին Դիոսկորոսին, ստորագրել այն և ընդունել, որ Դիոսկորոսը չի ենթարկվել Հռոմի Պապ Փելիքսի հրամանին: Պաստորներից յուրաքանչյուրը պետք է իր ափսոսանքը հայտներ Դիոսկորոսի ընտրություններին իր մասնակցության համար և խոստանար ենթարկվել Պապին։

Երկրորդ Սինոդի ժամանակ, որը գումարվեց Սուրբ Պետրոսի տաճարում 531 թվականին, Բոնիփակիոսը ներկայացրեց մի դրույթ, որը հաստատում էր իր իրավահաջորդին նշանակելու պապի իրավունքը և որպես այդպիսին նշանակեց սարկավագ Վիգիլիոսին: Հռոմեական հոգևորականները ստորագրեցին այս դրույթը և խոստացան կատարել այն: Սենատի և թագավորական պալատի բացասական արձագանքը, սակայն, հանգեցրեց Հռոմի պապի գործողությունների քննարկման համար ևս մեկ խորհուրդ հրավիրելուն: Չսպասելով Սենատի և թագավորի դատին՝ Բոնիփակիոսը նախընտրեց հոգևորականության և Սենատի առջև այրել այդ փաստաթուղթը: Չորս տարի անց Հռոմի Պապ Ագապետոս I-ը նույնպիսի հանդիսավորությամբ չեղյալ հայտարարեց Դիոսկորոսի բանադրանքը և իր իրավահաջորդին ընտրելու պապի իրավունքը: Փելիքս IV-ը, այսպիսով, միակ պապն էր, ով իրականացրեց Սիմմաքոսի կողմից 499 թվականին առաջարկված՝ Պապի կողմից իրավահաջորդի նշանակման իրավունքը:

Պոնտիֆիկատի հիմնական իրադարձությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնիփակիոսը առանձնահատուկ ակտիվություն ցուցաբերեց Եկեղեցու կազմակերպությունների ամրապնդման գործում։  Նրա պոնտիֆիկատը բնութագրվում է ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան եկեղեցու գործերի նկատմամբ ուշադրությամբ: Իր կառավարման սկզբում Բոնիփակիոսը հաստատեց Արավսիոնական երկրորդ ժողովի ակտերը, որով վերջ դրվեց կիսապելագիական բանավեճին։ 

Բոնիփակիոսին նաև խնդրանքով դիմել են Աֆրիկյան եպիսկոպոսները, որոնց եկեղեցական կազմակերպությունը ավերել էին վանդալները. խնդրանքն էր հաստատել Կարթագենի արտաքսված արքեպիսկոպոսի իրավունքները, որին Պապը արձագանքել համաձայնությամբ:

531 թվականին Կոստանդնուպոլսի պատրիարքը անօրինական հայտարարեց Թեսալիայում՝ Լարիս արքեպիսկոպոսի կողմից Ստեփանոսի ընտրությունները: Չնայած ուժեղ ճնշմանը, Ստեփանոսը դիմում է Հռոմին, որով նա հաստատում էր հռոմեական գահի՝ այս հարցերի նկատմամբ ունեցած լիազորությունները:

Բոնիփակիոսը 531 թվականի դեկտեմբերի 7-ից 9-ը գումարեց չորրորդ Սինոդը, որը պապական իրավասության վեճերին վերաբերող մոտ քսանհինգ զեկույցներ լսեց, բայց այս Սինոդի արդյունքները մեզ հայտնի չեն:

Բոնիփակիոս II-ը մահացել և թաղվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում՝ 532 թ. հոկտեմբերի 17-ին[1]: Նրա կողմից իշխանության չարաշահման պատճառով նա Հռոմի միակ պապն է, որը սրբերի շարքին չի դասվել:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wikisource-logo.svg Peterson, John Bertram (1913)։ «Pope Boniface II»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]