Եսայի Աբու-Մուսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսայի Աբու-Մուսե
 
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր անհայտ
Մայր Անանուն

Եսայի Աբու Մուսե Եռանշահիկ (նաև՝ Ապումուսէ, Ապամուսէ, Աբուսահլ, Մուսէ, Յիսայի, անհայտ[1] - անհայտ), Հարավային Արցախի իշխան IX դարում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IX դարի 40-ական թվականներին, սեփական տիրույթներին միացնելով քեռուց ժառանգած կալվածները (Արցախի Վերին Վայկունիք, Բերդաձոր, Սիսական, Մյուս Հաբանդ, Պարսականք, Մուխանք, Ուտիքի Տռի գավառները), դարձել է Արցախի ամենահզոր իշխանը՝ տիրելով ամբողջ Հարավային Արցախին և Ուտիքի մի մասին։ 840 թ. պարտության է մատնել իր տիրույթների վրա հարձակված բաղասականցիներին։ Աբու Մուսեն, Մովսես Կաղանկատվացու բնորոշմամբ, խաղաղության մարդ էր, բայց երբ հարկ եղավ, նա ցույց տվեց իր զորավարական տաղանդը և լեռնցու անօրինակ խիզախությունը։

850-ական թվականներին Հայաստան ներխուժած արաբական զորավար Բուղա Շարաբին ասպատակելով Սասունը, Վասպուրականը, Արցախի մի մասը և Ուտիքը՝ արշավել է Հարավային Արցախ։ Դաժան էր Բուղա Շարաբին և այդ դաժանությունը արտահայտվում է Քթիշ ամրոցի մոտ, Իշխանագետի վրա գտնվող Արյունոտ ջրաղաց և Թաղալ աղբյուր ավանդությունների մեջ։ Հաղթական արշավով հասնելով Պարտավ Բուղան թուղթ ուղարկեց Քթիշի իշխանին, հոխորտանքով առաջարկելով կամավոր գալ իր ոտքերը։ Ստանալով բռնակալի նամակըþ Եսայի Աբու Մուսեն հրամայեց ժողովրդին քաշվել լեռները, իսկ ինքն ամրացավ Քթիշ ամրոցում։ Նա արժանի պատասխան ուղարկեց Բուղային․ «Ինձնից հեռանաս՝ խաղաղություն է, իսկ եթե ոչ, պատերազմ է, կռիվ, ճակատամարտ»։

Կարդալով իշխանի պատասխանը՝ Բուղան կատաղեց։ Հասնելով Քթիշ ամրոց՝ Բուղան համոզվեց, որ այն հեշտ չի նվաճի և բանակ դրեց նրա արևելյան պարիսպների տակ։ Նախ նա հրամայեց ամրոցներ շինել և ապա կանգնեցրեց հզոր բաբաններ՝ բերդի պարիսպները խորտակելու համար։ Մինչև հիմա էլ Տող գյուղում սկե տափ կոչվող տեղում մնում են Բուղայի շինած ճամբար-ամրոցի հետքերը։ Փորձեց նաև լեռան ստորոտը մի քանի տեղով փորելով՝ թունելներով հասնել ամրոց, բայց բոլոր ջանքերը անցան իզուր։ Պաշարելով Քթիշը՝ Բուղան մի ամբողջ տարի մնաց այդտեղ, ձեռնարկելով 28 գրոհ, բայց ամեն անգամ ջախջախվեց նրա բանակը և ետ շպրտվեց։ Կատաղած զորավարը իշխանին առաջարկեց կամավոր իջնել բերդից, եթե ոչ, ապա ինքը կհրամայի իր բանակում գտնվող հազարավոր հայ գերիներին մորթել և նրանց արյան գետով պտտեցնել Իշխանաձորի ջրաղացը։ տեսնելով, որ Աբու Մուսեն չի ենթարկվում իրեն, բուղան հրամայեց մորթել իր մոտ գտնվոց բոլոր հայերին։ Բայց կոտորածը սկսելուն պես, ասես գետնի տակից, դուրս եկան Աբու Մուսեի զինվորները և հողմացրիվ արին Բուղայի մարդասպաններին ու նույն արագությամբ էլ անհետացան։ Իշխանաձորում, Գտիչ /Քթիշ/ վանքի ուղղությամբ այսօր էլ մնում են Արյունոտ ջրաղացի ավերակները՝ որպես այդ դաժանության վկա։

Քթիշ ամրոցի հետ է կապված նաև Թաղալ աղբյուրի ավանդությունը։ Թաղալ աղբյուրը գտնվում է Տումու հանդում, Բերդասարի /Բերդաքար/ ստորոտում։ Պատմում են, որ Քթիշ ամրոցին ջուր է տալիս Թաղալ աղբյուրը։ Բուղայի ջանքերը՝ ամրոցի ջուրը կտրելու համար, անցան իզուր։ նա չէր կարող իմանալ, որ բերդը կարող է ջուր ստանալ այդքան հեռվից, գետնի տակ թաղված խեցեղեն խողովակներով։ Թաղալ աղբյուրը 12 կմ հեռու է ամրոցից։

Բուղան որոշել էր ինչ գնով էլ լինի, հայտնաբերել բերդի ջուրը... Վերջապես նա գտավ մի պառավ, որը, կաշառք վերցնելով, խորհուրդ տվեց 7 օր ծարավ պահել մի ջորի և բաց թողել բերդի շուրջը։ Այդպես էլ արին... ծարավ ջորին հասավ աղբյուրի ակունքին, սկսեց սմբակներով քանդել գետինը։ Թշնամին, քանդելով ջորու ցույց տված տեղը, գտավ ջրի ակունքը և ավերեց։

Շատ շուտով Բուղան համոզվեց, որ Քթիշը խմելու ջրի ուրիշ աղբյուր ունի։ Իր պատիվը խայտառակելուց փրկելու համար նա հրամայեց պարզել դրոշները, փողեր փչել և գունդ առ գունդ շարժվել սարն ի վեր։ Աբու Մուսեն արևածագից առաջ իր բանակով արդեն դուրս էր եկել բերդից և բերդի մուտքի առջև սեպաձև կանգնել։ Ոչ ոք չէր շարժվում տեղից, մինչև թշնամին բոլորովին մոտեցավ իրենց։ Ապա սեպի պես խրվեցին թշնամու բանակի մեջ և ջարդեցին նրան։

Պարտություն կրելով՝ Բուղան նամակով խոստովանել է Բաղդադի խալիֆին, որ անպարտելի է Քթիշի տերը։ Ավելի ասպետ գտնվեց արցախցի իշխանը՝ հայտարարելով, որ իր կռիվը ոչ թե խալիֆի դեմ է, այլ իր իրավունքները չճանաչող մի բռնակալի։ Բաղդադից ստացված գրության համաձայն, որով իշխանը անմեղ է Ճանաչվել, Եսայի Աբու Մուսեն դադարեցրել է պայքարը և գնացել Բուղայի մոտ, որը նրան ընդունել է մեծ պատիվներով, սակայն 853 թվականին ուղարկել է Բաղդադ՝ որպես գերի։ Աբու Մուսեի իշխանական սերունդը հետագայում էլ շարունակեց ապրել անմատչելի ամրոցի մոտ՝ Տումի արքայական գյուղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 523