Jump to content

Գտչավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գտիչ վանքից)
Գտչավանք
ադրբ.՝ Ktişvəng
Գտչավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱրցախ Արցախ Հադրութի շրջան, Տող գյուղի մոտ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ներկա վիճակկիսականգուն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1241 թվական
Կառուցման ավարտ1248 թվական
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Gtichavank Վիքիպահեստում

Գտչավանք, վանական համալիր, որը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղից 1.8 կմ հյուսիս-արևմուտք` Տողասար կամ Ճգնավորի լեռան հյուսիսարևմտյան լանջի գոգավորությունում։ Նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի տարածքում։ Այժմ գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։

Ըստ 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու` Պարտավի եկեղեցական ժողովին մասնակցել է նաև Գտչավանքի ներկայացուցիչը։

Որպես եպիսկոպոսանիստ հիշատակվում է վաղ միջնադարից։ Սկզբում գտնվել է Առանշահիկ իշխանության, իսկ 8-րդ դարում անցել է Դիզակի ճյուղի հովանավորության տակ։

Վանքի անունով Գտիչ է կոչվել նրանից վերև կառուցված ամրոցը, որը 9-րդ դարում հանդիսանում էր Եսայի Ապու-Մուսեի նստավայր։ 10-րդ դարում Դիզակում հիմնված նոր թագավորության թագավորանիստ կենտրոնն էր։

13-րդ դարի կեսերին Գտչավանքը ընդարձակվել է. ավելացել են նոր շինություններ։ Մելիք Ավանի՝ նույն ինքը Եգանի իշխանության ժամանակ Գտչավանքը հասել էր իր զարգացման գագաթնակետին` դառնալով այդ ժամանակաշրջանի նշանավոր վանական համալիրներից մեկը։

Տեղում պահպանված իրեղեն նյութերը հաստատում են, որ հնագույն ժամանակներում վանքն ավերվել է արաբական տիրապետության ժամանակահատվածում։

15-րդ դարում Գտչավանքը դարձել է նաև մշակութային կենտրոն, ունեցել է գրչատուն։ 1717 թվականին Գտչավանքի գլխավոր եկեղեցու գմբեթը նորոգել է Տողի գյուղացի Սայունը։ 1723 թվականին Մելիք Եգանը եպիսկոպոս Մեսրոպին նշանակել է տվել Գտչավանքի վանահայր։ 19-րդ դարում Գտչավանքի վանահայրն էր Առաքել վարդապետ Կոստանդյանցը, որը գրել է Արցախի մելիքներին նվիրված աշխատություն։ Նրանից օգտվել է Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» երկը գրելիս։

Վանքում հավաքված էին նշանավոր բազմաթիվ գրչագրեր, որոնք հենց ստեղծված էին այստեղի գրչատանը։ 19-րդ դարում Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանցը 18 տարի շարունակ գրել է պատմագիտական և ազգագրական մի ձեռագիր աշխատություն, որից մի փոքր հատոր՝ «Դիզակի մելիքութիւնը» վերնագրով լույս է տեսել Վաղարշապատում՝ 1913 թվականին։ Ձեռագիրն ամբողջությամբ պահվում է Մատենադարանում։

1868 թվականին երկրաշարժից ավերվել է միանավ եկեղեցին, վնասվել գմբեթավոր եկեղեցին, որից հետո Գտչավանքը լքվել և ամայացել է։

Արձանագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի շենքի պատերին պահպանվել են 13-14-րդ դարերի արժեքավոր արձանագրություններ, որոնք պարունակում եմ գավառի տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ կարևորագույն պատմական տեղեկատվություն։

Համաձայն վանքի եկեղեցու հյուսիսային պատի արձանագրության՝ վանքի գլխավոր եկեղեցին կառուցել են Ամարաս վանքից այստեղ տեղափոխված Տեր Սարգիս և Տեր Վրդանես եղբայրներ եպիսկոպոսները։ Շինարարությունը սկսվել է 1241 թվականին և տևել է 7 տարի՝ ավարտվելով 1248 թվականին։ Այս արձանագրությունները հաստատում են այն դեպքերի իրողությունը, որ մելիք Եգանը, Գտչավանքի վանահայր Ղուկաս վարդապետը, մելիք Եսային նորոգել են վանքի կաթողիկեն, բարեկարգել մելիքանիստ Տող գյուղը, վերանորոգել Սուրբ Ստեփանոս, Սուրբ Հովհաննես և Թեժ եկեղեցիները։ Այս երկու եպիսկոպոսներն այստեղ են հավաքել թաթար-մոնղոլների արշավներից կործանված Ամարաս վանքի միաբաններին, ովքեր դեռ ողջ էին։

Այդ արձանագրության մեջ նշվում են ոչ միայն վանքի շինարարության հետ կապված տվյալներ, այլ նաև որոշակիությամբ վկայակոչված են վանքապատկան տարածությունները։ Դրանք վանքին է նվիրել Դիզակի Գագիկ թագավորը ժառանգորդներն ու այլ նվիրատուներ։

«...ի յԱղուանոյ գետոյ մինչ ի Երասխն, մինչ ի Աւազն Գատուհատի, Վակունիս Վաղազնագետով, ի Քարատնիս և Խոզանագետով, Զառիստ իւր գետովն. Հաքարի Հազարագետովն, Քրտագետ իւր գետովն, իւր սահմանովն, Դիզակ, Բելուկան իւր գետովն և հայրենիքն եկեղեցիւոյս տուինք, Փարախն ու Գոտանոցն, Եկեղեցաձորն իւր սահմանովն...»:
- Մ. Բարխուդարյան, Արցախ. «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 81

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտչավանքի ընդհանուր տեսքը
Գտչավանքի հատակագիծը

Գտչավանքի հուշարձանն իր արվեստով, բարձր ճարտարապետական առանձնահատկություններով հայ բազմադարյան ճարտարապետության նշանավոր կոթողներից մեկն է։ Արցախ աշխարհի քարագործ վարպետները չեն պարփակվել իրենց ճարտարապետական միջավայրում։ Նրանք հայակական մյուս նահանգներից վերցրել են ավելի նորն ու գեղեցիկը։ Շքեղ բնության հետ ունեցած ներդաշնակությամբ, համալիրների տարբեր մասերի համամասնությունների համաչափություններով, ճակատային պատերի հարդարանքի զուսպ ձևերով ինքնատիպ է։

«Առհասարակ, ներքին և արտաքին կողմերից Գտչավանքի ճարտարապետությունը կրում է Բագրատունյաց ոճի կնիք»։
- Լեո, Իմ հիշատակարանը, Շուշի, 1885, էջ 247

Գլխավոր եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտչավանքի գլխավոր եկեղեցին

Համալիրի գլխավոր զարդն է գլխավոր եկեղեցին։ Եկեղեցու ճարտարապետությունը թե դրսից և թե ներսից պարզ է, ծանրաբեռնված չէ դեկորատիվ զարդաքանդակներով։

Եկեղեցին միջին մեծության կառուցված է։ Չափերը՝ 10 x 7.5 մ։ Արտաքուստ ուղղանկյուն է, ներսից՝ խաչաձև հատակագծով, ուղղանկյուն խաչթևերով։ Ունի այդ ժամանակաշրջանին հատուկ գմբեթավոր դահլիճի հորինվածք, մեկ զույգ որմնամույթերով և երկհարկ ավանդատներով՝ բեմի կիսաշրջանաձև աբսիդի երկու կողմերում։ Վերնահարկի խորանների դռները բացվում են աբսիդի մեջ, որտեղից բարձրանում են քարե սանդուխքով։

Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է դեղնագույն, սրբատաշ խոշոր քարերով։ Եկեղեցու որմնամույթերը միանում են աղեղնաձև կամարներով, որոնք իրենց վրա կրում են գմբեթը, որ բարձր է ու ոչ սրածայր վեղարով։ Այն ունի գլանաձև թմբուկ և հովհարաձև ծածկ, կառուցված է երկթեք ելուններ ունեցող սալերով։ Կաթողիկեի ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով։ Լուսամուտների երեսակալները ներառված են ուղղանկյունաձև, զարդանախշ խոնչաների մեջ։

Եկեղեցու ճակատային հարդարանքի մեջ առանձնանում են լուսամուտների կամարները, եռանկյունի խորշերի պսակները։ Միաժամանակ նկատելի են հնավանդ և նորարարական դեկորատիվ միջոցների զուգակցման լուծումներ։ Հարդարանքի որոշ մոտիվներ իրենց նմանակներն ունեն Ամարասի Սուրբ Գրիգորիսի դամբարանի զարդաքանդակների և Գանձասարի եկեղեցու խորշերի կամարային պսակների հետ։

Գտչավանքի վանական համալիրի գավթի ներսը

Գավիթը զգալի չափով լայն է և հատկանշանական է հյուսիսային մասում կանգնած սյան առկայությամբ, որը ընդլայնում է ներսի տարածությունը։ Կիսամշակ բազալտից ու կրաքարերից կառուցված թաղածածկ գավիթ-ժամատունը բազմության համար հավաքատեղի լինելուց բացի, ծառայել է նաև որպես իշխանական դամբարան։ Գավթի հատակի տապանաքարերը մշակված են գեղեցիկ և նուրբ ժանյակներով, բոլորագիր տապանագրերով։

Միանավ եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտչավանքի վանական համալիրի գավթի ներսի խաչքարը

Գլխավոր եկեղեցու և գավթի հյուսիսային պատի կողմից կից է միանավ, թաղածածկ, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին։ Նրա ծածկը փլվել է, խաթարվել են կողապատերի վերնամասերը։ Նկատելի են 17-րդ դաևի վերանորոգումների հետքեր։ Հարավային մուտքով կապված է գավթի հետ, այսինքն վանքի երկու եկեղեցիներն էլ կապված են գավթի հետ։ Պատերի մեջ դրված են քանդակազարդ և արձանագրություններով հարուստ խաչքարեր, որոնցից մեկի վրա նշված է 1000 թվական[1]։ Սա ապացույցն է, որ այժմյան եկեղեցու տեղում հնում եղել է այլ քարաշեն եկեղեցի։

Գտչավանքի վանական համալիրի միանավ եկեղեցին

Բազմաթիվ են այստեղի բարձրարվեստ խաչքարերը, որոնցից ամենահինը թվագրվում է 9-րդ դարի, իսկ ամենանորը՝ 19-րդ դարի։ Իրենց չափերով, զարդանախշերի ոսկերչական նրբությամբ,ճարտարապետական-գեղարվեստականկատարելությամբ առանձնանում են երկու խոշոր խաչքարեր, որոնք ագուցված էին գլխավոր եկեղեցու մուտքի երկու կողմերում[2]։ Խաչքարերից հյուսիսայինը տեղափոխվել և ներկայումս գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հին վեհարանում[3]։

Հարավային խաչքարի վրա գրված էր.

«Թվին ՈՂԵ (1246 թվական) Ես տէր Վրդանէս կանգնեցի զխաչս իր փրկութիւն հոգւոյ իմոյ»։
- Ս. Գ. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982 թվական, էջ 184

Հյուսիսայի խաչքարի վրա գրված էր.

«Ես... եպիսկոպոս կանգնեցի խաչս...»:
- Ս. Գ. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության ՀՍԱՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ։ Երևան, ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1982 թվական, էջ 184

Համալիրի այլ կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան կողմում դեռ պահպանվել են բնակելի շինությունների և պարսպի ավերակներ։ Գերեզմանոցը տարածվում է վանքի շուրջ, որի մեծ մասը ավերված է։ Շատ քիչ թվով տապանաքարերը թաղված են գետնի մեջ, իսկ մեծ մասը պատված են հողով, խաչքարերն ընկած են գետնին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Շ. Մկրտչյան, Հադրութի շրջանի եկեղեցական և պատմական հուշարձաններ, Էջմիածին, 1977 թվական, հ Գ, էջ 43
  2. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 222 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  3. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=45005

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895
  • Բ․ Ուլուբաբյան, Մ․ Հասրաթյան Գտիչի վանքի (1241) ընդհանուր տեսքը հարավ-արևելքից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 190