Յոզեֆ Մարկվարտ
Յոզեֆ Մարկվարտ Josef Markwart | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1864[1][2] Գերմանիա |
Մահացել է | փետրվարի 4, 1930[1][2] (65 տարեկան) Բեռլին, Գերմանական ռայխ, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և արևելագետ |
Գործունեության ոլորտ | պատմություն[3] և արևելագիտություն[3] |
Ալմա մատեր | Թյուբինգենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
![]() |
Յոզեֆ Մարկվարտ (գերմ.՝ Josef Markwart, դեկտեմբերի 9, 1864[1][2], Գերմանիա - փետրվարի 4, 1930[1][2], Բեռլին, Գերմանական ռայխ, Գերմանիա), գերմանացի արևելագետ, հայագետ, բանասեր, լեզվաբան, աշխարհագրագետ։
Սովորել է Թյուբինգենի համալսարանում։ 1894 - 1900 թթ.-ին եղել է նույն համալսարանի պրիվատ դոցենտ, 1900 - 1911 թթ.-ին՝ Լեյդենի (Հոլանդիա) Նիդերլանդական ազգագրական թանգարանի ավանդապահ, դասախոս, 1912 թ.-ից՝ Բեռլինի համալսարանի դասախոս, որտեղ 1920 թ.-ին հիմնել է իրանական և հայկական բանասիրության ամբիոն և վարել մինչև կյանքի վերջը։
Դոկտորի աստիճան է ստացել 1893 թ.-ին՝ հույն պատմիչ Կտեսիասի (մ.թ.ա. V - IV դդ.) կորած երկի մասին գրած աշխատության համար։ Համընդհանուր ճանաչման է արժանացել իրանագիտության, կովկասագիտության, հայագիտության բնագավառներում կատարած հետազոտությունների համար։ Մարկվարտն օգտագործել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներ, ուսումնասիրություններում քննել է հայերի, արաբների, հույների, պարսիկների, թուրքերի, մոնղոլների, ռուսների, հրեաների, աղվանների, վրացիների, ղփչաղների, աֆրիկյան երկրների (Նիգերիա, Սուդան, Մալի, Գվինեա, Գանա, Եթովպիա, Եգիպտոս) և այլ ժողովուրդների պատմության տարբեր խնդիրներ։ Նրա «Երանշահրն ըստ կեղծ Մովսես Խորենացու Աշխարհացույցի» (գերմ., 1901 թ.) երկը (որը շարադրված է Անանիա Շիրակացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի և այլ աղբյուրների հիման վրա) ճանաչված է Իրանի ու Կենտրոնական Ասիայի պատմական աշխարհագրության բնագավառում կատարված ներդրումներից ամենանշանավորը։ Երևանի Շենգավիթ համայնքում կա փողոց Մարկվարտի անունով։
Մարկվարտի հայագիտական ավանդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայագիտության համար կարևոր են հայկական աղբյուրներում կատարված բնագրական ճշգրտումները։ Մարկվարտի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքն սկսվում է Մեսրոպ Մաշտոցին նվիրված հետազոտությամբ (գերմաներեն, 1917 թ.), որը 1902 թ.-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում (Համբուրգ), իսկ 1905 թ.-ին՝ արժանացել Լազարյան ճեմարանի մրցանակին։ Մյուս հետազոտությունների նյութերն են՝ Հարավային Հայաստանն ու Տիգրիսի ակունքներն ըստ հույն և արաբ աշխարհագիրների, Արտաքսատա - Արմաստիկա երթուղին, հայերի բնօրրանը, հայոց Արշակունիները, Բագրատունիները, ինչպես և Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Մովսես Կաղանկատվացուն և այլոց վերաբերող հարցեր։
Մարկվարտն ունի նաև բազմաթիվ անտիպ երկեր (պահվում են Հռոմի «Pontificio instituto Biblico» գրադարանում), որոնք վերաբերում են հայերի ծագմանը («Հայերը և փռյուգիացիները»), հայկական հին գաղթավայրերին («Հայերը որպես գաղթաբնակներ հին դարերում և վաղ միջնադարում»), առանձին թագավորություններին («Հայոց մասնակի թագավորությունների ժամանակագրությունը»), Արշակունյաց թագավորության հիմնադրմանը («Սեբեոսի նախնական պատմությունը»), Անանուն զրուցագրին (կեղծ Շապուհ Բագրատունի), Կորյունին («Վարք Մաշտոցի»), Փավստոս Բուզանդին, Մանազկերտի 726 թ.-ի ժողովին, մազքութներին և այլ հարցերի լուսաբանմանը։
Մարկվարտը և Հայկական հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկվարտը հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։ Նշավակել է աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականությունը («Կոմանների ցեղի մասին», գերմ., 1914 թ.), քննադատել և համաշխարհային հասարակական դատին ներկայացրել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վարած քաղաքականությունը։ Հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մարկվարտը հայերեն է թարգմանել իր անուն-ազգանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Czech National Authority Database
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբգարյան, Գ. Վ. (1965) Յոզեֆ Մարկվարտ (Մահվան 100-ամյակի առթիվ). Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 149-156. Archived 2011-06-06 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 325)։ ![]() |
|
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Փետրվարի 4 մահեր
- 1930 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի հայագետներ
- Գերմանացի արևելագետներ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Գերմանացի աշխարհագրագետներ
- Գերմանացի պատմաբաններ