Jump to content

Կամբեճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամբեճան, Կամբիճան, Կամբեճ, Կապիճան, Կամբեխճան, Քամբեճան (հուն. Καμβυσηνη, արաբ. Qambĭrān), գավառ Անդրկուրյան կամ Խորին Հայքում, Կուր գետի և Կապ-կոհ լեռնագոտու միջև, Կամբեճ (Իորի) և Աղվան (Ալազան) գետերի ստորին հովտում։

Մ.թ.ա. II դ. սկզբից հայաբնակ Կամբեճան մտել է վերամիավորված Մեծ Հայքի պետության մեջ։ I դ. հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնը Կամբեճանը անվանում է Հայոց ծայր հյուսիս և «ձնառատ» գավառ, որն արևմուտքից սահմանակից էր Վիրքին, արևելքից՝ Աղվանքին։ V դ. մտել է Աղվանից մարզպանության, իսկ V դ. վերջից՝ Հայոց Արևելից կողմանքում ստեղծված Առանշահիկ թագավորության մեջ։ Վաչագան Բարեպաշտ թագավորի օրոք (478-510) Կամբեճանում հիմնավորապես հաստատվել է քրիստոնեությունը, կարգվել «եպիսկոպոս և երիցունս և հայեցողս ի Կամբեճս»։ Այնուհետև Կամբեճանը մտել է Գարդմանքի Միհրանյանների իշխանության մեջ։ Արաբական տիրապետության ժամանակ (VIII -IX դդ.) Կամբեճանը միացած էր Կուրի աջափնյակի հայ իշխանություններին։ Խաչենի տեր Ատրներսեհի (Սահլի որդի) թոռ և Գրիգոր-Համամի որդի Ատրներսեհ Բ ժառանգական իրավունքով տիրել է նաև Կամբեճանին և հարակից հողերին։ 910 թվականին նրա հիմնած թագավորությունն ընդգրկել է բուն Կամբեճանը, վրացական Հերեթ երկրամասը (որի անունով կոչվել է թագավորությունը) և բուն Աղվանքի Շաքի նահանգը (որի անունով հաճախ կոչվել է թագավորությունն արաբական աղբյուրներում)։ 958 թվականին Անանիա Մոկացի կաթողիկոսի՝ Արցախում գումարած քաղկեդոնական ժողովին, որին ներկա էին Հայաստանի հյուսիսարևելյան նահանգների իշխաններն ու բարձրաստիճան հոգևորականները, մասնակցում էր նաև Ատրներսեհ Բ-ի որդին և հաջորդը՝ Կամբեճան-Հերեթի թագավոր Իշխանակը։ Իշխանակի մայր Դինարը Վրաց իշխանաց իշխան Գուրգենի քույրն էր, դավանանքով՝ քաղկեդոնական։ Նրա ջանքերով Կամբեճանի բնակչության զգալի մասը դարձավ քաղկեդոնական, որի հետևանքով այնտեղ աստիճանաբար ուժեղացավ վրացական կրոնական ու քաղաքական ազդեցությունը։ Այնուհանդերձ հետագա դարերում ևս Կամբեճան-Հերեթի վարչատնտեսական ու մշակութային կյանքում որոշիչ դեր են խաղացել հայերը, հատկապես ուշ միջնադարում, երբ Ուտիքից ու Արցախից հարյուրավոր հայ ընտանիքներ, թուրք, ցեղերի ճնշմամբ, հաստատվեցին այնտեղ։ Ենթադրվում է, որ Կամբեճան-Հերեթի թագավորանիստ կենտրոնը գտնվել է Ալազանի աջափնյակում։ Վրաց Հերակլ II թագավորը XVIII դ. Կամբեճանում կառուցել է Սիղնաղ բերդաքաղաքը, որի բնակիչները հիմնականում Խաչենից գաղթած հայերն էին։ Նրանք ունեին Սբ. Գևորգ և Սբ. Կարապետ եկեղեցիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 200