Վարանդայի հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարանդայի հովիտ, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում տարածք, որը տեղակայված է Քիրսի և նրա Մրխաթուն և Խաչմաչ լեռնաճյուղերի միջև։ Հյուսիսում սահմանակից է Կարկառի, հարավ-արևելքից Ամարասի հովիտներին, հարավ-արևմուտքից Տողաձորին։ Հովտի միջով հոսում է Վարանդա գետը։ Այս հովտում արձանագրվել են շատ պատմաճարտարապետական կոթողներ, և դա հիմք է հանդիսացել հետագա ուսումնասիրությունների համար[1]։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրերը հիմնականում տեղաբաշխված են այնտեղ, որտեղ կան կենսագործունեություն ծավալելու նախապայմաններ, օրինակ՝ հողագործությամբ կամ այգեգործությամբ զբաղվելու անհրաժեշտ ռելիեֆ, կլիմա և այլն։ Այս շրջանում ամենամեծ ու հայտնի գյուղը Ավետարանոցն է։ Այն դեռևս 5-րդ դարից հիշատակվող գյուղ է, ուշ միջնադարում եղել է Վարանդայի մելիքության վարչական կենտրոնը։ Նրանից դեպի Շուշի Սղնախն է՝ Արցախի նշանավոր զորանոցը։ Հարավային եզրին Կարմիր գյուղն է, որը հաճախ կոչվում է նաև Դռնավազ, նրանից հարավ՝ Շոշկավանքի հարևանությամբ՝ Խաչմանը։

Լեռների գագաթամերձ լանջերին փռված են Սարուշենն ու Սխտորաշենը՝ Բիլիբիլաք և Փիրումաշեն ավերակ բնակատեղիներով հանդերձ։ Ավետարանոցից ներքև Մադաթշենն է՝ 19-րդ դարի ռուսական բանակի հայ զորավար Վալերի Մադաթովի հայրենի գյուղը, նրա կողքին Թուխնակալ գյուղատեղին է, ապա Ներքին և Վերին Սզնեք գյուղերը։ Ներքևում՝ բլրի գագաթին են գտնվում Սարգսաշենն ու Ղարաբուլաղը։ Անտառի մեջ, Ղևոնդաց անապատի հարավարևմտյան կողմում Մոշխմհատ, Զարդարաշեն գյուղերն են, Մրխթաունի արևելյան թևում Շեխերն է, իսկ ձորում, անմիջապես Վարանդայի ափերին՝ Կարմիր Շուկան, Վերին Թաղավարդը, ներքին Թաղավարդը՝ հայտնի վաղ հայկական շրջանի դամբարանադաշտերով, միջնադարյան եկեղեցիներով, վանքերով, բերդ-ամրոցներով։ Թաղավարդ, Զարդարաշեն, Շեխեր, Սարգսաշեն, Սխտորաշեն և Կարմիր շուկա բնակավայրերը գտնվում են Մարտունու շրջանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). ԼՂՀ պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջ 169. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)