Գրիգոր Խալաթյանց
Գրիգոր Խալաթյանց | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 15, 1858 կամ 1858[1] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | փետրվարի 8, 1912[2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Թիֆլիս |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | պատմաբան, հայագետ, բանասեր, մշակութային գործիչ, դասախոս, լեզվաբան, բանահավաք, գրականագետ, արևելագետ և գրականագետ |
| Հաստատություն(ներ) | Լազարյան ճեմարան |
| Գործունեության ոլորտ | Հայ գրականություն[3], հայկական բանասիրություն[3], ազգագրություն[3] և բանագիտություն[3] |
| Անդամակցություն | Մոսկվայի հնագիտական ընկերություն |
| Ալմա մատեր | Լազարյան ճեմարան (1877) և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1884) |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1903) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն[3], գրաբար և ռուսերեն[3] |
Գրիգոր Աբրահամի Խալաթյանց (սեպտեմբերի 15, 1858 կամ 1858[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1912[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայագետ, պատմաբան-բանասեր, մանկավարժ, մշակութային գործիչ։ Պատմական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1906)։
Ուսում և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1868-1877 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1877-1880 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա՝ տեղափոխվել պատմա-լեզվաբանական ֆակուլտետը և ավարտել 1884 թվականին։ Այնուհետև կատարելագործվել է Գերմանիայում։ 1886 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Լազարյան ճեմարանում՝ դասավանդելով հայագիտական տարբեր առարկաներ։ 1890 թվականից գլխավորել է նաև հայագիտության ամբիոնը, իսկ 1897-1903 թվականներին եղել ճեմարանի տեսուչը։
Գործուն կերպով մասնակցել է Մոսկվայի, Պետերբուրգի, Թիֆլիսի, Կ. Պոլսի, Էրզրումի, Էջմիածնի հայ մշակութային կյանքին, նպաստել Ռուսաստանում հայագիտության զարգացմանը։ Աշխատակցել է հայ և օտար պարբերական մամուլին։ Գրել է (աշխարհաբար, գրաբար, ռուսերեն և գերմաներեն) ավելի քան 30 գիտական աշխատություն ու հոդված՝ հայ ժողովրդի պատմության, մատենագրության, բանասիրության և ազգագրության տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ։ Խալաթյանցի անդրանիկ գործն է «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի ռուսերեն թարգմանությունը (1881), որը հրատարակվել է նաև գերմաներեն (1886)[4][5]։
Հայ պատմիչներին նվիրված քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խալաթյանցին առանձնապես հետաքրքրել է Մովսես Խորենացին։ Զբաղվելով նրա, Եղիշեի և Ղազար Փարպեցու երկերի աղբյուրների ու դրանց փոխադարձ առնչությունների քննությամբ՝ ուշադրություն է դարձրել այդ երկերում առկա միևնույն նյութերի բովանդակությունից բխող որոշ նմանություններին, դրանք համարել նույնություններ, անգամ՝ արտագրություններ և փորձել տալ դրանց լուսաբանումը։ Սկզբում ընդունելով, որ երեքն էլ V դարի պատմիչներ են և որ Ղազար Փարպեցին մի փոքր ավելի ուշ է գրել առաջիններից, անհիմն կերպով մեղադրել է նրան, պնդելով, թե նա իր «Հայոց պատմություն»-ը գրելիս իբր առատորեն օգտվել, որոշ դեպքերում՝ նույնիսկ արտագրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» և Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկերից, սակայն դիտավորյալ լռել ու չի նշել թե՝ դրանք, թե՝ դրանց հեղինակներին («Ղազար Փարպեցի և գործք նորին», 1883, Խալաթյանցի առաջին գրաբար աշխատությունը)։ Բայց հետո Խալաթյանցը հրաժարվել է այդ տեսակետից և դիտումնավորության մեջ մեղադրել նախ՝ Եղիշեին, ընդունելով, թե նա VII դարի պատմիչ է, հետևաբար օգտվող-արտագրողը նա է («Նամակ առ խմբագրություն Եղիշեի աղբյուրների առթիվ», «ՀԱ», 1895, № 4), իսկ այնուհետև՝ Մովսես Խորենացուն։ Ընկնելով ծայրահեղության մեջ՝ Խալաթյանցը նրան համարել է ոչ վաղ, քան VIII դարի հեղինակ, նրա երկը՝ դիտումնավոր, կողմնակալ գրվածք և անվստահելի աղբյուր։ Ըստ Խալաթյանցի, Մովսես Խորենացին ինքն է հորինել, կազմել «Հայոց վեպ», որի նյութը վերցրել է գլխավորապես Սուրբ Գրքից։ Խալաթյանցի կարծիքով այդ վեպն արհեստական է և կապ չունի իրական պատմության հետ («Հայոց վեպը Մովսես ԽորենացուՊատմության մեջ», 1896, ռուսերեն։ Այս աշխատության համար Խալաթյանցը ստացել է մագիստրոսի կոչում)։ Մովսես Խորենացու և նրա «Հայոց պատմության» աղբյուրների քննությանն են նվիրված Խալաթյանցի նաև այլ աշխատություններ. «Մովսես Խորենացի և յուր աղբյուրները» (1898), «Մովսես Խորենացու նորագույն աղբյուրների մասին» (1898) և այլն։
Արշակունիներին նվիրված քննդատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ Արշակունիների և նրանց մասին Մովսես Խորենացու տեղեկությունների առնչությունների խնդրին է նվիրված «Հայ Արշակունիները Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ» (1903, ռուսերեն) ստվարածավալ աշխատությունը՝ Խալաթյանցի գլուխգործոցը, որի համար Պետերբուրգի կայսերական ակադեմիան Խալաթյանցին շնորհել է դոկտորի կոչում։ 1903 թվականին Խալաթյանցը մասնակցել է նաև արևելագետների միջազգային համաժողովին (Համբուրգ), որտեղ գերմաներեն լեզվով երկու դասախոսություն է կարդացել հնագույն հայոց պատմության վերաբերյալ։ Հայ ժողովրդի պատմությանն է նվիրված նաև «Ակնարկ Հայաստանի պատմության...» (1910, ռուսերեն) մեծարժեք երկը, որում Խալաթյանցը շարադրել է երկրի քաղաքական ու տնտեսական պատմությունը հնագույն շրջանից մինչև քրիստոնեության պաշտոնական մուտքը Հայաստան։
Այլ աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խալաթյանցի բանասիրական գործերից ուշագրավ է «Հայ ժողովրդական հեքիաթների ընդհանուր ուրվագիծ» (1885 ռուսերեն, նաև՝ գերմաներեն 1886) աշխատությունը, որում աշխատել է ցույց տալ հայոց, սլավոնների և գերմանացիների ժողովրդական հեքիաթների միջև եղած կապը։ Գիտության համար չափազանց արժեքավոր էին «Ա և Բ Մնացորդաց գրքերի նորագիւտ հայ թարգմանութհւնը» (1896) և «Գիրք Մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան» (1899) երկերի հրատարակությունները, որոնք անմիջապես իրենց վրա բևեռեցին նշանավոր արևելագետների ու հայագետների ուշադրությունը և որոնք կարևոր ներդրում են Սուրբ Գրոց հայ թարգմանության պատմության լուսաբանման, ընդհանրապես, Աստվածաշնչի պատմության ուսումնասիրման համար։ «Ծրագիր հայ ազգագրության և ազգային իրավաբանական սովորությունների» (1887) գործով Խալաթյանցը մատնանշել է այն ուղին, որով պետք է ընթանա ազգագիր-բանահավաքը (տես Ազգագրական հարցարան)՝ Խալաթյանցի նախաձեռնությամբ է հիմնվել «Էմինյան ազգագրական ժողովածուին (անձամբ խմբագրել է 1—8 գրքերը)։ Թեպետ Խալաթյանցը որոշ երկերում թույլ է տվել սխալ դրույթներ ու տեսակետներ, որոնք հետագայում մերժել է հայագիտությունը, սակայն այսօր էլ Խալաթյանցի բազմաթիվ երկեր պահպանել են իրենց գիտական արժեքը։
Խալաթյանցը թաղվել է Թիֆլիսում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազար Փարպեցի եւ գործք նորին ։ Պատմական եւ գրական քննութիւն, 1883։
- Общий очерк армянских сказок, 1885.
- Ծրագիր հայ ազգագրութեան եւ ազգային իրաւաբանական սովորութիւնների, 1887։
- Մովսէս Խորենացու "Հայոց պատմութիւնը" : Քննադատութիւն, 1890։
- Եղիշէի Վարդանանց պատմութիւնը, 1892։
- Զենոբ Գլակ, Վնտ., 1893:
- Ընտիր երկասիրութիւններ։ Երեք հատորով, 1893։
- Մարաբա Մծուրնացի կամ կեղծ-Ագաթանգեղոս։ Համեմատական ուսումնասիրութիւն, 1896։
- Յիշատակարան աղէտից, պատմական վիպասանութիւն, 1897։
- Մարաբա Մծուրնացի կամ կեղծ Ագաթանգեղոս, Վնտ., 1898:
- Գիրք մնացորդաց ըստ հնագոյն հայ թարգմանութեան, 1899։
- Армянские Аршакиды в "Истории Армении" Моисея Хоренскаго : Опыт критики источников, 1903.
- Հայ Արշակունիք ըստ Մովս. Խորենացւոյ կամ նոր ուսումնասիրութիւններ Մովս. Խորենացւոյ մասին, 1906։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շահնազարյան Ա., Պրոֆ. Գրիգոր Աբրահամյան Խալաթյան, «ԱՀ», 1912, գիրք 12, № l։
- Աբրահամյան Ռ., Գրիգոր Խալաթյանց («Արարատ», 1912, 3)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1036629864 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=5200
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
- ↑ «Շահազիզ, Ե. (1950) Գրիգոր Աբրահամի Խալաթյանցը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Է (7-8). pp. 49-55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Խալաթյանց» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 704)։ |
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 1912 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Լազարյան ճեմարանի սաներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բանասերներ
- Հայ հայագետներ
- Հայ մանկավարժներ
- Հայ մշակութային գործիչներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Պատմական գիտությունների դոկտորներ