Jump to content

Ծիծաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիծաղ

Ծիծաղ, մարդկանց և պրիմատների որոշ տեսակներին բնորոշ ռեակցիա, որի դրսևորումները ներառում են յուրահատուկ ձայներ և դեմքի և շնչառական համակարգի մկանների ոչ կամածին շարժումներ։ Որոշ դեպքերում ծիծաղը կարող է լինել նյարդային լարվածության ռեակցիա (նյարդային ծիծաղ) կամ հոգեկան խանգարման հատկանիշ։ Համատեղ ծիծաղը սոցիալականացման, հաղորդակցության ակտիվ գործոն է։ Ծիծաղը կարելի է բնորոշել և որպես անցումային երևույթ կենսաբանականի և մշակութայինի միջև։ Մշակութային բովանդակությունն է, որ առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ծիծաղի նկատմամբ։

Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծաղի և հումորի դրսևումներն ունեն իրենց ուղեղային մեխանիզմները։ Բարբարա Վիլդի տեսության համաձայն՝ ծիծաղը հսկողության է ենթարկվում երկու՝ միմյանցից անկախ մեխանիզմներով։ Առաջին՝ անկախ, ինքնաբերական ծիծաղը, պայմանավորված է ենթակեղևային ազդակներով, և ֆիլոգենետիկական տեսանկյունից ավելի հին է։ Այս անկախ ծիծաղին մասնակցում են տեսաթումբը (թալամուս), ենթատեսաթումբը (հիպոթալամուս), ստորին տեսաթումբը (սուբթալամուս) և նշաձև կորիզը (nucleus amygdaloideum)։ Ծիծաղի երկրորդ ձևը, որը կարելի է համարել ծիծաղի իմիտացիա, գիտակցված ծիծաղն է, որի համար պատասխանատու է գլխուղեղի ճակատային կեղևը։ Հումորի ընկալումը ևս կապված է ճակատային կեղևի ձախ հատվածի ակտիվացման հետ։

Ծիծաղի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները սերտորեն փոխկապակցված են խոսքի և ձայնային ապարատի կենտրոնների հետ։ Նյարդահոգեբան Սերենս Դիկոնը նշում է, որ ծիծաղի կենտրոնների գրգռման դեպքում խոսքի կենտրոնն արգելակվում է։ Իր կառուցվածքով, բովանդակությամբ և հնչողությամբ ծիծաղը խիստ տարբերվում է խոսքից։ Ծիծաղի ընթացքում իսպառ բացակայում է արտասանությունը։ Ձայնային վերլուծությունները ցույց են տվել, որ ծիծաղը կազմված է չեզոք հնչյուններից և չի պարունակում բաղաձայն ու ձայնավոր հնչյուններ[1]։

Կենսաբանական (վարքաբանական և նյարդաֆիզիոլոգիական) փաստերը թույլ են տալիս վերակազմել ծիծաղի ֆիլոգենեզը։ Ինքնաբերական ծիծաղը զարգացել է մետակոմունիկատիվ ազդակից անլուրջ խաղային պայքարի ժամանակ։ Հոմոլոգիական ազդակ առկա է նաև կաթնասունների վարքում։ Ծիծաղի վաղեմությունը հաստատվում է նրանով, որ նրա հսկողության մեխանիզմը տեղայնացված է ուղեղի ենթակեղևում և ենթակա չէ կամքին։ Էվոլյուցիոն առումով նոր ճակատային կեղևի դերը կայանում է անկախ ծիծաղի կանխման մեջ։ Մարդկային ծիծաղն, անկասկած, ինտենսիվ է կապկային նախածիծաղի համեմատ։ Ծիծաղը մարդու մոտ ստացավ մեծ կարևորություն՝ դառնալով անլրջության մետակոմունիկատիվ նշան[2]։

Ծիծաղ և հումոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորի և գիտակցված ծիծաղի ընդհանրականն այն է, որ երկուսն էլ ինքնաժխտման դրսևորումներ են։ Ինքնաժխտումը անհատական, իմաստային, զգայական մակարդակում՝ հումորն է։ Ինքնաժխտումը միջանհատական մակարդակում իրագործվում է ծիծաղի միջոցով։ Ծիծաղի վարակիչ բնույթը ստեղծում է ծիծաղի օբյեկտիվության իլյուզիա։ Խոսելով հումորի սեմանտիկայի մասին՝ թվում է, թե ծիծաղը նրա ռեակցիան է, որը չունի ինքնուրույն նշանակություն։ Իրականում ծիծաղը ոչ թե արդյունքն է, այլ պատճառը։ Ծիծաղը չունի նշանակություն, իսկ հումորն ունի։ Անլուրջ հայտարարությունը իմաստ չի հետապնդում, իսկ մետահաղորդագրությունը՝ ծիծաղը, ունի որոշակի իմաստ։

Ծիծաղը և հումորն ունեն փիլիսոփայական, հոգեբանական և նշանաբանական ասպեկտներ։ Հումորը հակադրված է մարդկային բոլոր զգացումներին։ Դա միակ զգացումն է, որն իրատեսական չէ և ամբողջությամբ սուբյեկտիվ է։ Հումորը արտաքին աշխարհում ոչ մի օբյեկտ չունի, հետևաբար չունի նաև սեմանտիկա։ Կան ուղղակի հումորային տեքստեր, որոնք սեմանտիկական ծանրաբեռնվածություն չեն կրում։ Հումորի ողջ իմաստը հենված է հակադրման վրա։ Հակադրում, որը գոյություն ունի լուրջի և անլուրջի միջև։

«Ծիծաղելի» հասկացությունը հոգեբանական և լեզվական ֆիկցիա է՝ զուրկ որևիցե բովանդակությունից։ Օբյեկտը սուբյեկտին արտաքին, ձևական առիթ է տալիս՝ անցնելու ոչ լուրջ հարաբերությունների։ Հումորի հիմքում սուբյեկտի չեզոքացնող մետահարաբերությունն է դեպի իր սեփական անլրջությունը։ Հումորի իրական օբյեկտները մտքերը, զգացումները և բառերն են։ Իսկ մեխանիզմը հետապնդում է վերը թվարկածների ոչնչացումը բովանդակային առումով և իրականության հետ կապի խախտումը։ Հումորի գործառույթը մտքի ծանրաբեռնվածությունից ազատագրումն է։

Հումորը սուբյեկտիվ դիալեկտիկա է, խաղային ինքնահերքում։ Սուբյեկտի ռեֆլեքսիան իր սեփական աշխարհարընկալման դեմ։ Հիմնական հակասությունը, որն ընկած է «ծիծաղելիի» հիմքում միանգամայն սուբյեկտիվ է։ Այն բխում է հոգեբանական հավասարությունների հաշտեցման անհնարինությունից։ Հակասությունները կարող են լինել գեղագիտական, հոգեբանական, ինտելեկտուալ։

Խուտուտից դեպի հումոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Դարվինը հետևյալ միտքն է արտահայտել. «Հաճախ ասում են,որ ծիծաղելի միտքը խուտուտ է տալիս երևակայությունը, այդ գործողությունն իրենից ներկայացնում է նույն մարմին խուտուտ տալու իրավիճակը»[3]։ Իսկ Ուիլյամ Մակ Դուգալը ծիծաղը դիտարկում է որպես հումորի պրիմիտիվ դրսևորում[4]։

Ստացվում է, որ մարմնական ռեակցիան (խուտուտ) կապված է հոգեբանական ֆենոմենի՝ ծիծաղի և հումորի հետ։ Քանի որ խուտուտն անմիջականորեն կապված է ծիծաղի և հումորի հետ և՛ մարդկանց, և՛ կապիկների մոտ, կարող է լույս սփռել ծիծաղի կենսաբանական մեխանիզմների վրա։ Հեղինակների մեծ մասը խուտուտից առաջացած ծիծաղը դիտարկում են որպես պարզագույն ֆիզիոլոգիական ռեակցիա։ Թվում է, թե խուտուտից առաջացած ծիծաղը կենդանական ծագում ունի, իսկ հոգեբանական գործոններից առաջացած ծիծաղը՝ մարդկային։ Այս հանգամանքից ելնելով՝ կարելի է ծիծաղի հիմքերը փնտրել խուտուտի հետ պատճառական կապում։

Ծիծաղից դեպի հումոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծաղն, ըստ Յոհան Հայզինգայի՝ բնածին անգիտակցական մետակոմմունիկատիվ խաղային ազդակ է, որը դրսևորվում է հատկապես «բացասական» խաղի ժամանակ, երբ դիտավորյալ խախտվում են խաղի կանոնները։ Այս դեպքում դրսևորվում է նախածիծաղը, որը զարգացել է ծիսականացված մեղմ կծումներից, և, ըստ էության, մարդկային հասարակության մեջ մինչ օրս կրում է ծիծաղի գլխավոր պատճառի «պատվավոր տեղում» իր բազմաթիվ երանգներով։ Ծիծաղի սկզբնական և կարևորագույն իմաստն այն է, որ տեղեկացնում է խախտված նորմի անլրջության մասին։

Հումորը օնթոգենետիկական և ֆիլոգենետիկական տեսանկյունից ունի երկու ակունք՝ կեղծ ագրեսիա (պսևդոագրեսիա) և խաղային հակավարքի ոչ ագրեսիվ դրսևորումներ։ Անթրոպոգենեզի վաղագույն փուլերում՝ հավանաբար մինչ խոսքի և մշակույթի ծագումը, կեղծ ագրեսիան շատ մեծ դեր է խաղացել մարդացման գործընթացում։ Այդ վարքն է, որ դառնում է խաղային կանոնների խախտման առաջին դրսևորումը։ Խոսքի և մշակույթի ձևավորումը նպաստում են խաղային հակաագրեսիայի զարգացմանը՝ նրան տալով մշակութային դրսևորումների երանգ։ Ծիծաղը՝ էվոլյուցիոն նախնին է, որը ծնվել է խաղի ժամանակ հակաագրեսիայի ձևով խաղային կանոնները խախտելուց և որպես հականորմ՝ պահպանվել է մարդկության գոյության ողջ ընթացքում՝ մինչ օրս։

Ծիծաղի և հումորի կապը կարելի է դիտարկել որպես բացասական խաղի երկու բաղադրիչների կապ, ինքնահերքման զույգ դրսևորում։ Հումորը երկրորդական է ծիծաղի նկատմամբ։ Այն սոցիալական խաղի արդյունքն է։

Կարելի է դիտարկել երկու տիպի խաղ՝ խաղ կանոններով և անկանոն խաղ։ Կանոններով խաղը (որտեղ կան դերեր) ինչ-որ առումով հոմանիշ է մշակույթին։ Այս խաղը զուտ մարդկային է՝ «արհեստականության» արդյունք։ Այն չունի կենսաբանական արմատներ։ Առանց կանոննեի խաղը պրիմատների սոցիալական խաղի ժառանգությունն է։ Ի տարբերություն նրանց՝ մարդու մոտ այն դրսևորվում է մետախաղի ձևով՝ որպես ռեֆլեքսիա մշակույթի և մշակութային դերերի առիթով։ Այս առիթով կարելի է նշել հնագույն տոնական ծեսերը, որոնց բոլոր նշանակությունները ժամանակավորապես փոփոխված են։ Երկու տիպի խաղերի նախադրյալը խաղային շրջանակն է։ Բայց եթե կանոններով խաղի մասին է խոսքը, շրջանակը թափանցիկ է, որի հետևանքով այդ խաղը հիմնված է լիարժեք նշանների վրա, ապա առանց կանոնների խաղի շրջանակը հերմետիկ է։ Նշանները, որոնք ներթափանցում են շրջանակի մեջ դադարում են այլևս նշան լինել։

Ծիծաղը ոչ թե «խոսում է», այլ գոռում է։ «Այն նշան չէ, ուստի հականշանային իմաստն է ծիծաղի հիմնական բնութագիրը»[5]։

Խոսքային խաղի երկու տիպերի՝ հեգնանքի (իրոնիայի) և հումորի միաձուլումը մեկ հասկացության՝ կոմիկականի համակարգում սխալական է։ Հեգնանքը կանոններով խաղի տարատեսակ է։ Լուրջ ֆանտազիայի և ստի նման այն հիմնված է լիարժեք նշանների վրա։ Հեգնանքը փոխում է իր արտահայտման մոդուսը՝ թողնելով անփոփոխ, անխախտ րեֆերենցիան և պրոպերենցիան։ Հումորը անկանոն խաղի տարատեսակ է։ Նա ոչնչացնում է ռեֆերենցիան, ինչի շնորհիվ պրոպոզիցիան դառնում է ոչ բարվորակ։ Իսկ մոդուսը՝ ոչ ռելյատիվ։ Այսպիսով, հումորի էությունը կայանում է հետևյալում. փոխել կոմունիկացիան՝ հիմված սիմվոլների վրա։ Կարելի է ենթադրել, որ հումորը և ծիծաղը ոչ թե ինդիվիդուալ կամ խմբային ռեակցիա են, այլ՝ տեսակային։ Դա շատ խորքային կոնֆլիկտի արդյունք է։ Կոնֆլիկտ, որը գոյություն է ունեցել պրիմատների մոտ ճանաչողական-կոմունիկատիվ հատկությունների և ապագա խոսքի միջև։ Խոսքի ծագումը «հեղափոխություն» էր էվոլյուցիայի մեջ, և միանգամայն հավանական է, որ այն հանգեցրել է նյարդահոգեբանական աններդաշնակության։ Մարդը խոսող պրիմատ է, ժամանակ առ ժամանակ ընբոստանում է սեմիոզայի դեմ, որն էլ հիմնված է սիմվոլներ վրա։ Լեզվի մակարդակում բողոքը դրսևորվում է հումորի ձևով, իսկ խոսքի մակարդակում՝ ծիծաղի ձևով։ Չբավարարվելով լեզվական նշանների հոգեբանական գործառույթներով՝ ծիծաղը, փաստորեն, դրանք քայքայում է ֆիզիկապես։ Այն հակադրվում է խոսքի նկատմամբ, ինչպես հումորը՝ լեզվի նկատմամբ։

Ծիծաղի ուսումնասիրման ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութաբանական մոտեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծաղի իրական պատճառը ոչ ավել ոչ պակաս՝ մարդկային վիճակն է։ Ցնցելով մեր մարմինը՝ ծիծաղը մեզ ազատում է ոչ միայն խոսքից, այլ նաև մտքերից ու զգացումներից՝ բերելով ժամանակավոր երանելի անգիտակից և անզգա վիճակի, զրկելով գործելու ունակությունից։ Այդ «հոգու թափահարումը» կարճատև ու բժշկող հանգիստ է խոսքերից, որոնք մարդը գցել է իր ուսերին անթրոպոգենեզի և մշակութագենեզի գործընթացում։ Բնությունը ժամանակավոր «վրեժ է լուծում» մշակույթից և մտնում մրցակցության մեջ։

Ծիծաղը մինչխոսքային հաղորդակցության համակարգի ժառանգումն է։ Ենթակեղևի գործառույթը ենթարկվում է կեղևին էվոլյուցիայի ընթացքում, մասնավորապես՝ լեզվայինի. ծիծաղի իմաստը սեղմված էր հետ՝ «տոհմականն ու անգիտակցականը»։ Սակայն ծիծաղը կոնվենցիալ նշանի վերածելու փորձերը անհաջողությունների են մատնվում, քանի որ լեզվային նշանները պետք է ենթարկվեն կամային հսկողությանը այն ժամանակ, երբ ծիծաղը ակամա է։ Մեր նախնիների մոտ ծագելով որպես մետակոմունիկատիվ «հականշան»` ծիծաղը շարունակում է մնալ ինքնուրույն, ապրել իր կյանքով և լինել խոսքի հակադրյալը։ Ծիծաղը մարդուն չի վերադարձնում մշակույթից բնություն, այլ նաև հիշեցնում է նրա մշակութային ապաստարանի արհեստականության մասին։ Ծիծաղի խորը անգիտակցությունից, անկառավարելիությունից և «անթափանցելիությունից» մշակույթը փորձում է փոխել այդ մետակոմունիկատիվ բարեկարգման ազդանշանի իրական իմաստը՝ տարբեր, արհեսատական իմաստներով։ Սակայն հույզերը և բնածին վարքային բարդույթներ, որոնք նախկինում կոչվում էին բնազդային և անկանխելի արտահայտիչ շարժումներ, ունեն էվոլյուցիոն բավական մեծպաշար։ Եվ մեր բնության այդ դրսևորումներից մշակույթի կողմից փոփոխման չեն ենթարկվել անճանաչելիության աստիճան. ծիծաղն էլ բացառություն չէ։ Ավելի օտար է ծիծաղի էության այն տարածված միտքը, որ նա իր բնույթով խիստ կապված է չարի և բռնության, դատապարտման ու թշնամիների հետ։ Այս միտքը խորը արմատավորված է առօրյա գիտակցության մեջ (այստեղից են «քմծիծաղ», «ծաղրանք» հասկացությունները) և ծիծաղի տեսություններում։ Իրոք, ծիծաղը եղել է արյունոտ ծիսակատարությունների մաս, սակայն ոչինչ չի մատնանշում, որ այդ ծիսակատարություններն արտացոլում են նրա բնությթը։

Անկախ նրանից, թե մարդն ինչպես է իրեն դրսևորում, նա մշակույթի կողմից սահմանված որոշակի դեր է խաղում։ Իր բնածին հատկանիշները մարդը սահմանում է որպես խաղի հատկանիշ, ինչպես դերասանը սահմանում է իր բեմական հագուստը, դիմահարդարումը, դեկորացիաները, սակայն մարդը սխալվում է։ Բեմական հագուստ, դիմահարդարում, դեկորացիաներ և այլն, սրանք մշակույթի սեփականությունն են, իսկ ահա հույզերը և բնածին արտահայտիչ զգացումները՝ ուրիշ առանձնահատկություն ունեն։ Սրանք ոչ միայն նշաններ են, սիմվոլներ, գաղափարական մետաֆորաներ։ Նրանք ունեն իրենց սեփական էությունը, սեփական կյանքը։ Եվ միայն նրանց մշակութային, մասնավորապես՝ կրոնական մասից դեպի գոյաբանականը տեղափոխվելիս ենք գտնում այն հարցի պատասխանը, թե ինչու է ծիծաղը իրենից ներկայացնում հսկայական առեղծված, լացը՝ ոչ[6]։

Հոգեբանական մոտեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրախությունը հրճվանքի համակեցությունն է ծիծաղի հետ։ Սակայն, արդյո՞ք, մարդը չի կարող ուրախանալ առանց ծիծաղելու։ Եվ արդյո՞ք ծիծաղն արտահայտում է միան ուրախություն. ուրախությունն այստեղ երկրորդական է։

Ե՛վ ծիծաղը, և՛ լացը մարդու առեղծվածային առանձնահատկություններից են։ Ֆիզիոլիգիական տեսանկյունից՝ երկուսն էլ վեգետատիվ ռեֆլեքսներ են, իսկ հոգեբանական առումով՝ արտահայտիչ շարժումներով ուղեկցվող զգացումներ։ Նշված երկրորդ ասպեկտին հատկապես մեծ ուշադրություն է դարձրել Դարվինն իր «Մարդկանց և կենդանիների հույզերի արտահայտումը»[3] մենագրության մեջ։ Նշված աշխատության մեջ էլ Դարվինը նշում է, որ հույզի արտահայտումը դեմքի վրա բնածին և էվոլյուցիոն հարմարվողականության արդյունք է։ Տարբեր ռասաների մարդիկ միևնույն կերպ են արտահայտում ծիծաղի և լացի հույզերն իրենց դեմքի վրա։ Նա նշում է նաև, որ էմոցիաների միմիկական արտահայտումները ուժեղացնում են տեսահաղորդակցության հնարավորությունները և նպաստում տեսակի գոյատևմանը։

Ինչ վերաբերում է նախնադարյան հույզերին, այդ հարցը հեշտությամբ է լուծվում էվոլյուցիոն- համեմատական մոտեցաման օգնությամբ[7][8]։

Հետաքրքրական է Ուիլյամ Ջեյմսի մոտեցումը հույզերի մարմնական դրսևորումների վերաբերյալ. նա տեղափոխել է պատճառը և հետևանքը՝ նշելով, որ առաջնային է հենց «արտահայտչականությունը» (միմիկան), իսկ այն, որը համարվում էր «արտահայտվող»` հույզերը, ընդամենը հոգեբանական արձագանքներ են, միմիկայի արտացոլման հետ ոչ մի նշանակություն չունեն։ Եթե այսպես է, ապա հույզերի արտահայտման հարցը մղվում է երկրորդ պլան. («ոչ թե դեմքն է հոգու հայելին, այլ հոգին է դեմքի հայելին»)։ Ըստ Ջեյմսի՝ հույզերի հետազոտման գլխավոր խնդիրը պետք է կայանա նախ և առաջ դրանց պատճառները գտնելու մեջ, որոնցով էլ որոշակի ազդակներ առաջացնում են մարմանական ռեակցիաներ։

Ընդհանուր առմամբ, այդպիսի մոտեցումը դժգոհություն չի առաջացնում։ Փոխադարձ կապ կա ուղեղի գործունեության և միմիկայի միջև։ Մի կողմից այստեղից հետևում է, որ երկու տարբերակն էլ հնարավոր է՝ դեմքը՝ հոգու հայելի, հոգին՝ դեմքի։ Մի կողմից էլ պարզ է, որ «արտահայտիչ շարժումները» իրենց բնույթով բնազդային սոցիալական ազդանշաններ են, մյուս կողմից էլ՝ որ մարդու հոգեկան կյանքը անչափ հարուստ է, քան կենդանիներինը, և ավելի բարձր մակարդակի է՝ լեզվական, ոչ թե բնազդային[9]։

Վարքաբանական (էթոլոգիական) մոտեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծաղի ուսումնասիրման այս մոտեցումը մատնացույց է անում ծիծաղի նմանությունը կենդանիների շարժողական ակտիվության հետ։ Այս տերմինով էլ վարքաբանները նշում են վարքի ոչ ադեկվատ ռեակցիաները, որոնք կոնֆլիկտերի շարժառիթներով են առաջանում[10]

Սովորական, նորմալ պայմաններում մարդկանց ծիծաղը չափազանց կարծրատիպային է և վարակիչ։ Այդ գծերը բնորոշ են բնազդներին, որոնք ունեն ազդանշանային գործառույթ և էթոլոգիայում կոչվում են սոցիալական ռելիզեր (releaser)[11]: Ծիծաղը, ռելիզեր է, որն ունի հանդարտացման գործառույթ և հայտնվել է ծիսականացման ճանապարհով՝ ագրեսիվ ռեֆլեքսի հիմքի վրա։ Կենդանական աշխարհում լայն տարածում ունի սպառնալիքը ողջունելի դարձնելու երևույթը, որը բազմաթիվ զուգահեռներ ունի մարդկային հասարակությունում։ Թաքնված իմաստ ունի այդ վարքը։ Էթոլոգիական փաստերը վկայում են, որ ծիծաղի էվոլյուցիոն նախնին եղել է, այսպես կոչված, թույլ կիսաբաց բերանի դիսպլեյը այլ կեպ ասած՝ «խաղադեմք»` ծիսականացված խայթ կապիկների կողմից կիրառվող խաղային ագրեսիայի ժամանակ։ Այդ ազդանշանով կապիկը իր խաղընկերոջը հասկացնում է, որ լուրջ չէ իր հարձակումը։ Հավանական է, որ հենց այստեղից է ծագում խուտուտի երևույթը։

Ինչպես հաճախ պնդում են, խուտուտը «հաճելի խթանում» չէ, այլ՝ խաղային ագրեսիա։ Կապիկները գիտեն, որ «խաղային դեմքը» սոցիալական ռելիզոր է։ Դրա համար էլ նրանք իրենց բերանը ձեռքով ծածկում են, երբ չեն ցանկանում այլևս խաղալ։ Մարդկային ծիծաղն էլ է չափազանց սոցիալական և, շատ դեպքերում, գործում է ինչպես խաղային ազդանշան։ Մարդիկ, ի տարբերություն կապիկների, ընդունակ են հսկել իրենց միմիկան և ծիծաղել «շինծու» ծիծաղով, սակայն նորմայում մարդկային ծիծաղը ակամայից է և ոչ պակաս ինստինկտիվ, քան կապիկների «ծիծաղը»։ Ինքն իրենով ծիծաղը վարակիչ է նույնիսկ առանց հումորի։ Բացի այդ ապացուցված է, որ հումորը և ծիծաղը հասարակության մեջ գործում են որպես «մեղմացնող երևույթ»` նվազեցնելով ագրեսիայի և թշնամանքի մակարդակը վերաձևավորելով կոնֆլիկտային իրավիճակը` խաղայինի։ Ելնելով էթոլոգիական փաստերից, թվում է, թե ծիծաղի առաջնային ֆունկցիան կայանում է ագրեսիայի կանխման մեջ։ Բայց կապիկների համար ներխմբային ագրեսիայի խնդիրը ոչ պակաս կարևոր է, քան մարդկանց մոտ։ Ստացվում է, որ ծիծաղը միայն մարդկային որակ չէ, կապիկների մոտ ևս գտնում ենք դրա սաղմերը։

Շատ տեսաբաններ նշում են, որ մարդանման կապիկներին բնորոշ են հումորի նախադրյալներ, որոնք դրսևորման որոշ պայմաններում առաջանում է հումորը։ Այդպիսի գլխավոր պայմաններից է կապիկների կողմից մարդկային սիմվոլիկ հաղորդակցության յուրացումը։ Հարկ է նկատել, որ հենց ազատազրկումն է կապիկների մոտ արթնացնում այն վարքը, որ բացակայում է բնությունում։ Մասնավորապես վանդակում շիմպանզեների մոտ՝ առանց վարժեցնոլու երբեմն ի հայտ են գալիս կոպիտ, պրակտիկ հումորի նշաններ։ Մարդկանց կողմից արգելնքները բերում են նրան, որ խախտվում են խաղի ձևով վարքը, որը չափազանց նման է մարդկային հասարակության մի քանի՝ ոչ պակաս կոպիտ, ծիծաղելի տոնական ավանդույթներին[10]։

Չնայած նրան, որ տասնյակ տեսաբաններ փորձել են բացատրել հումորի իմաստը, այս երևույթը մնում է բավական առեղծվածային։ Հավանաբար, դրա ավելի խորը ակունքներին է վերաբերում արդեն հիշատակված հնագույն տոնական ավանդույթները, որը դասվում է «հակառակ վարքին»։ Արտասահմանյան վարքաբանները նման երևույթներն անվանում են «սիմվոլիկ ինվերսիա», իսկ ռուսական դպրոցի մշակութաբանները՝ անվանում են «հակավարք»։ Կիրառվում են նաև ուրիշ անվանումներ՝ «պարոդիաներ», «կարնավալիզացիա»։ Հակավարքային տոների ժամանակ խստագույն արգելքները խախտվում էին համընդհանուր ուրախ ծիծաղի նեքրո։ Դրանց հիմնական ֆունկցիան կայանում էր, հավանաբար, հոգեկան լարվածություններից բեռնաթափման մեջ[12]։ Մյուս իմասն էլ այն է, թե մարդիկ միմյանց ներկայացնում էին «ինչպես է պետք» կամ «ինչպես պետք չէ»` այդպիսով պահպանում էին հասարակական կարգը։ Կամ, ինչպես նշում է Զիգմունդ Ֆրոյդը, տոնակատարությունը թույլատրելիի, ավելին` պարտադիրի է արգելվածի հանդիսավոր խախտումը[13]։

Ընդհանրապես արխայիկ գիտակցությունը «խուսափում է» ամեն վերացականից և ձգտում է կոնկրետության։ Հատկապես սխալ վարքը պետք է ոչ միայն ժխտվեր, այլ պետք է ցուցադրվեր գոնե դիտավորյալ, որը ստեղծում էր դրդապատճառների կոնֆլիկտ, որը փոփոխված ակտիվության, այսինքն՝ ծիծաղի ազատ արձակման նախադրյալ է։ Հակավարքային ծիսակատարությունների համընկնումը տարբեր ազգերի մոտ առաջացել է մարդու հոգեկանի ընդհանուր օրինաչափություններով, ինչպես օրինակ՝ եվրոպական պարահանդեսը, բարեկենդանը։ Անհատական մակարդակով հակավարքը ցուցադրվում է ծիսական ծաղրածուներով, որոնց դերը հասարակությունում հակասական է։ Նրանք ընկալվում էին որպես գերբնական էակներ։ Համապատասխանաբար առաջացնում են և՛ ծիծաղ, և՛ վախ։

Փիլիսոփայական մոտեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիծաղի, համապատասխանաբար հումորի, մշակութային բովանդակության վերլուծությանն անդրադարձել են շատ փիլիսոփաներ։ Տարբերելով կատակերգականը և ողբերգակը՝ Արիստոտելը նշել է, որ կատակերգությունը ձգտում է պատկերել վատ մարդկանց, իսկ ողբերգությունը` հակառակը։ Նա նշում է, որ կատակերգությունը վատ մարդկանց կրկնօրինակումն է, քանի որ ծիծաղելին բացասական վարքի մասն է կազմում` ծիծաղելին սխալմունք է և տգեղություն, որ ոչ ոքի ցավ չի պատճառում։ Ըստ Թոմաս Հոբսի, ով «գերազանցության տեսության» հեղինակն է, համարում էր, որ ծամածռությունները, որոնք անվանվում են ծիծաղ, ոչ թե չարի դեմ տարած հաղթանակի վեհությունն են արտահայտում, այլ մարդկության էգոիստական և փառասիրության հպարտությունը։ Բացասականի նկատմամբ հաղթանակը նշանակում է, որ միայն մարդկային հաճույքի համար են գրվում կարակերգությունները։ Ծիծաղելու համար անհրաժեշտ է անցնել մետամակարդակի և եզրակացություն անել, ոչ թե նկարագրվածը, այլ պատմվածքի բուն բնույթը։ Գրվածքը հասկանալու և ծիծաղելու համար չի պահանջվում հումորի զգացում[14]։

Ծիծաղի ուսումնասիրությանն անդրադարձել է նաև Էմանուել Կանտը։ Կանտը նշում է, որ ծիծաղի պատճառ կարող է ծառայել մտքի պատկերացումների խաղը, որի միջոցով ոչինչ չի իմաստավորվում և այդ խաղից ստացած հաճույքը կարող է հասցնել աֆեկտի։ Ծիծաղը, ըստ նրա, աֆեկտ է, որն առաջանում է հանկարծակի՝ ոչնչի լարված սպասումից։ Ծիծաղող մարդը հրաժարվում է զգացողությունից, գնահատականներից, մոռանում է ինչ-որ բանի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Ծիծաղը ինչպես և մահը արդարացիորեն համարվում են մեծագույն հավասարիչ։ Կոմիկ «դեգրադացիան» վերադարձնում է մարդուն զարգացման ստորին մակարդակի, այնպես որ մարդը դադարում է տարբերել լավը վատից, ողջամտությունը անմտությունից, գեղեցիկը տգեղից և այլն։ Եթե օբյեկտը մեզանից ինչ որ չափով բարձր է, մենք մտովի այն իջեցնում ենք ծիծաղով, որի արդյունքում իջնում ենք ինքներս[15]։

Կանտը հրաժարվում է «կատակերգական» և «ծիծաղելի» հասկացություններից. նա խոսում է միայն ծիծաղի առիթի մասին։ Երբեք ծիծաղը ուղղված չի եղել ինչ-որ մեկի դեմ։ Արտաքին աշխարհում դրա համար կան միայն առիթներ։ Իրական և միակ պատճառը միշտ մեզանում է։ Ծիծաղը չի բավարարվում ձևի և միջոցի դերով, ծիծաղը ձգտում է դառնալ բովանդակություն և նպատակ` անջատելով և դուրս մղելով ցանկացած լրջություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wild B. Rodden F. A. Grodd W. Ruch W. Neural correlates of laughter and humour// Brain. 2003, Vol. 126, p. 2121-2138.
  2. Deacon T. The neural circuitry underlying primate calls and human language// Language Origin: A Multidisciplinary Approach/ Eds. Bichakjian B. Nocentini A. Dordrecht: Kluwer, 1992, p. 245-246.
  3. 3,0 3,1 Дарвин Ч. Выражение эмоций у человека и животных, М. 1953.
  4. McDougall W. An Introduction to Social Psychology. L.: Methuen, 1931, p. 395
  5. Хейзинга Й. Homo Ludens, В тени завтрошнего дня. М.: Прогресс, 1992
  6. Козницев А.Г. Феномен «смех-плач»: о различии сходного, Санкт-Петербург, 2010
  7. Козницев А.Г. Смех, плач, зевота: Психология чувств или этология общения? Этология человека на пороге XXI века. М. 1999
  8. Keith-Spiegel, P. C. Early Conceptions of Humor: Varieties and Issues. In Goldstein & McGhee, NY, 1972
  9. Джемс У. Психология, М.: Педагогока, 1991. С. 332-351
  10. 10,0 10,1 Козинцев А.Г. Человек и смех, Санкт-Петерург, Алтейа, 2007.
  11. http://psychology.academic.ru/7025/%D0%A0%D0%95%D0%9B%D0%98%D0%97%D0%95%D0%A0
  12. Абрамян Л. Беседы у дерева, М. 2005
  13. Фрейд З. Тотем и табу. М. 1997, с. 412
  14. Гоббс Т. Человческая природа, М. 1989, с. 507-514
  15. Кант. И. Критика способности суждения. М. 1994. С. 68.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Фрейд З. Остроумие и его отношение к бессознательному, СПб: Университетскач книга, 1997.
  • Рюмина М.Т. Эстетика смеха: Смех как виртуальная реальность. М. УРСС, 2003.
  • Deacon T. The neural circuitry underlying primate calls and human language// Language Origin: A Multidisciplinary Approach/ Eds.Bichakjian B. Nocentini A. Dordrecht: Kluwer, 1992.
  • Карасёв Л. В. Философия смеха М., 1996. - 224 с.
  • Козинцев А. Г. Об истоках антиповедения, смеха и юмора (этюд о щекотке) // Смех: истоки и функции / Под ред. А. Г. Козинцева. СПб.: Наука, 2002. С. 5-43.
  • Пропп В. Я. Проблемы комизма и смеха. - М.: Лабиринт, 1999. - 288 с.
  • Селли Дж. Смех его физиология и психология. СПб. Изд. В.И. Губинского 1905г. 96 с.
  • Столович Л. Н. Философия. Эстетика. Смех. СПб.; Тарту: 1999. 384 с.
  • Сяо Цзинъюй (КНР) Эстетика смеха М. М. Бахтина и китайская народная смеховая культура // Вестник Московского университета. Серия 7. Философия. № 1. 2006. С. 73-82.
  • Феноменология смеха: Карикатура, пародия, гротеск в современной культуре : Сб. ст. / М-во культуры РФ. Рос. ин-т культурологии; Отв. ред. и сост. В. П. Шестаков; Ред. А. В. Вислова. - М., 2002. - 272 с.
  • Marteinson, Peter, On the Problem of the Comic: A Philosophical Study on the Origins of Laughter, Legas Press, Ottawa, 2006.
  • Бергсон Анри - «Смех». Presses Universitaires de France, 1940-Издательство «Искусство», 1992.
Ընթերցե՛ք «ծիծաղ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։