Հիպոթալամուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիպոթալամուս

Հիպոթալամուս (լատ.՝ hypothalamus), ենթատեսաթումբ, գլխուղեղի բաժին, տեղադրված Է տեսաթմբերի տակ, մտնում է միջանկյալ ուղեղի կազմի մեջ, գոյացնում 3-րդ փորոքի պատերը և հատակը (դիէնցեֆալ շրջան)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոթալամուսից բարակ ոտիկի վրա կախված է ստորին մակուղեղը։ Հիպոթալամուսը վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման բարձրագույն ենթակեղևային կենտրոն է, որը պահպանում է նյութափոխանակության բնականոն մակարդակը, կարգավորում մարսողության, սիրտ-անոթային, ներզատիչ և ֆիզիոլոգիական այլ համակարգերի գործունեությունը։ Հիպոթալամուսը վեգետատիվ ֆունկցիաները հոգեկան և մարմնական ֆունկցիաների հետ կոորդինացնող (համաձայնեցնող) ֆունկցիոնալ համակարգի կարևոր օղակներից է։ Այնտեղ կան 32 զույգ նյարդային կորիզների կուտակումներ։ Հիպոթալամուսը բազմաթիվ նյարդային ուղիներով կապված է կենտրոնական նյարդային համակարգի վերին և ստորին բաժինների հետ։ Հիպոթալամուսի նյարդային բջիջների կորիզներում գոյանում են որոշ հորմոններ (օրինակ, վազոպրեսին), ինչպես նաև կենսաբանական տարբեր ակտիվ նյութեր, որոնք անոթներով և նյարդաթելերով անցնում են հիպոֆիզ ու նպաստում նրա հորմոնների արտազատմանը։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Blausen 0536 HypothalamusLocation.png

Հիպոթալամուսն իրականացնում է ֆունկցիաների նյարդա-հումորալ-հորմոնային հսկողությունը, կարգավորում ներզատիչ գեղձերի ֆունկցիան՝ համապատասխան բջիջների, օրգանների, ֆիզիոլոգիական համակարգերի, ամբողջական օրգանիզմի պահանջներին։ Հիպոթալամուսը հարուստ է անոթների և ընդունիչների (ռեցեպտորներ) ցանցով, որոնցով ընկալում է ջերմաստիճանի, շաքարի, աղերի, ջրի, հորմոնների պարունակության նուրբ տեղաշարժերը օրգանիզմի ներքին միջավայրում։ Վերջինիս բաղադրության և հատկությունների տատանումները պայմանավորում են սննդային և սեռական վարքագիծը կանոնավորող մեխանիզմների գործունեությունը, ապահովում մարմնի կայուն ջերմաստիճանը։ Հիպոթալամուսում կան նյարդային կորիզներ, որոնք կարգավորում են քնի ու արթունության հերթագայումը (հաջորդումը)։ Հիպոթալամուսի ետին բաժիններում գոյություն ունեն կառուցվածքներ, որոնք ծայրամասային սիմպաթո-ադրենալինային ապարատի օգնությամբ իրականացնում են հոգեկան և ֆիզիկական ակտիվ գործունեության վեգետատիվ-ներզատիչ կարգավորումը՝ օրգանիզմի հարմարեցումը արտաքին ու ներքին միջավայրի փոփոխություններին։ Հիպոթալամուսի առջևի բաժինները կարգավորում են առավելապես վերականգնողական, ասիմիլյացիայի պրոցեսները և օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական կայունությունը։

Խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոթալամուսի վնասումից կարող են առաջանալ ներզատիչ գեղձերի, փոխանակային-սնուցողական կամ վեգետատիվ (քնի և արթունության, ջերմակարգավորման, հոգեկան ոլորտի) խանգարումներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 419 CC-BY-SA-icon-80x15.png