Տեքստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեքստ (լատիներեն՝ texstum - բառերի կապ, հյուսվածք), գրական երկի բնագիրը այն ձևով, ինչպես որ ստեղծվել է հեղինակի կողմից։ Գրական բնագրերի գիտական ճշտման և հրատարակության խնդրով զբաղվում է գրականագիտության բաժիններից մեկը՝ տեքստաբանությունը։ Տեքստ են կոչվում նաև այն խոսքերը, որոնք գրվում են երաժշտական ստեղծագործության (օպերա, ռոմանս, երգ) հիմքում։[1]

Տեքստի կոհեզիա[խմբագրել]

Տեքստի մասին ուսմունքի առանցքային հասկացություններից մեկն է կոհեզիան՝ տեքստի տարբեր մասերի՝ միմյանց կապակցման յուրահատուկ միջոցների ամբողջականությունը։ Խոսքը տեքստային կապակցությունների տարբեր ձևերի մասին է, առանց որոնց անհնար է միասնական լեզվական հաղորդակցական գործընթացի իրականացումը։ Տեքստի տարբեր մասերը, որոնք երբեմն նշանակալից հեռավորության վրա են գտնվում միմյանցից, այս կամ այն կերպ կապակցված են լինում։ Կապի այդ միջոցների, ձևերի նշանակման համար գործածվում է վերջերս շրջանառության մեջ մտած կոհեզիա եզրույթը։ (Լատիներեն cohaesus – կապակցված, կցվածություն, անգլերեն cohesion - կապակցում): Կոհեզիան կապի հատուկ տեսակներ են, որոնք ապահովում են առանձին հաղորդումների, փաստերի, գործողությունների և այլնի շարունակականությունը (континуум), այսինքն՝ տրամաբանական հաջորդականությունը, փոխկապվածությունը։ Կոհեզիան տեքստի տարբեր կառուցվածքային բաղադրատարրերի կապակցման հատկությունն է և հիմնվում է այդ էլեմենտների՝ տեքստի այլ էլեմենտների հետ կապի վրա։ Ամբողջական տեքստի մակարդակում կոհեզիան հանգեցնում է տեքստի նոր հատկության՝ ամբողջականության կամ կոհերենտության։ Կոհեզիան տեքստի կառուցվածքա-իմաստային հատկությունն է՝ պայմանավորված կապակցման տարբեր միջոցներով (քերականական կամ լեզվական), որոնք ձևավորում են նրա կառուցվածքը։ Լինելով տեքստի կապակցվածության ձևերից մեկը՝ այն ներկայացնում է որպես խոսքի հաղորդակցական որակ, լեզվական և քերականական միջոցների խումբ՝ տեքստի միավորների միջև կապերի արտահայտման համար, որն ապահովում է կապակցված և ձևավորված խոսքի կառուցումը, ինչպես նաև տեքստի տարբեր հատվածների փոխպայմանավորվածությունն ու փոխկապվածությունը։

Գիտական գրականության մեջ տեքստի տարբեր կառուցվածքային միավորների՝ միմյանց կապակցման միջոցներից են համարվում մասնավորապես կոհեզիայի քերականական ձևերը (կապերն ու շաղկապները, դերբայական դարձվածները), բառային և շարահյուսական կրկնություները, զուգահեռ կառուցվածքները, պատկերավոր և զուգորդական կապակցությունները, լեզվական կրկնությունն իր տեսակներով (հոմանիշներ, հականիշներ և այլն), հնչյունաբանական (ինտոնացիա/հնչերանգ), ձևաբանական (դեմքի ձևերի, խոնարհման, կապերի օգտագործում, կապական բառեր, դերանուններ), շարահյուսական (բառերի շարադասությունը, շարահյուսական զուգահեռականություն), ոճաբանական (տարբեր տրոպներ, ձևեր, հնարներ, բազմիմաստություն, աստիճանավորում և այլն) միջոցները։

Կոհեզիան տեքստում կարող է իրագործվել ամենատարածված տարատեսակ համարվող լեզվական կրկնության կամ լեզվական կապի, վերջինիս ենթատեսակների՝ հոմանիշային կրկնության, կապակցում ընդհանրացման, մասի և ամբողջի հարաբերության, հականշության (վերջին չորս տեսակը կոչվում են իմաստային կրիկնություն) միջոցով։ Տեքստի կոհեզիայի տարատեսակ է դիտարկվում նաև տեքստային հակադրությունը։ Կոհեզիայի տարածված ձևերից է նաև անաֆորային հղումների օգտագործումը (օրինակ՝ դերանունների օգնությամբ), ինչպես նաև էլիպսիսը։ Վերջինս տեքստում ենթադրվող լեզվական միավորի բացթողումն է։ Կոհեզիայի միջոցներից է նաև թեմատիկ բառապաշարի ընտրությունը, երբ բառապաշարը պատկանում է միևնույն իմաստային դաշտին։ Այսինքն լեզվական կապակցումն իրագործվում է տեքստային հատվածի բառախմբերի՝ միմյանց կապակցումով։ Ընդ որում՝ այդ բառախմբերը պատկանում են միևնույն թեմային։ Այսպիսով կոհեզիան դիտարկվում է ոչ միայն ուղղակի բառազույգերի՝ այլև բավականին երկար բառաշարքերի (իմաստով մոտ), իսկ տեքստի մակարդակում՝ նրա տարբեր կառուցվածքային մաս-միավորների (հատվածների) միջև գործող կապի հատուկ տեսակ, որը պայմանավորվում է խոսքային հաղորդմամբ, հեղինակային պայմանական իմաստավորմամբ և լեզվական համակարգի առանձնահատկություններով։

Աղբյուրներ[խմբագրել]

  • И. Р. Галперин, Текст как обьект лингвистического исследования, М., 1974.
  • Краткая литературная энциклопедия, М., 1968.
  • Ю. М. Скребнев, Лингвостилистика и его отношение к стилистике текста и лингвопоэтике. Теортические проблемы стилистики текста. Тезисы докладов, Казань, 1985.
  • Т. В. Жеребило, Словарь лингвистических терминов.

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 288։