Ատելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատելությունը խորը և ծայրահեղ հուզական խորշում է։ Այն կարող է ուղղված լինել անհատների, խմբերի, գոյակցությունների, առարկաների, վարքագծերի կամ գաղափարների։ Ատելությունը սովորաբար զուգորդվում է զայրույթի, զզվանքի և թշնամանքի հետ։

Էթնոլեզվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Վ․ Անդերհիլլը իր Էթնոլեզվաբանություն և մշակութային մտապատկերներ․ ճշմարտություն, սեր, ատելություն և պատերազմ աշխատության մեջ (2012) քննարկում է ատելության ծագումն ու փոխաբերական արտահայտումները տարբեր լեզուներում։ Նա շեշտում է, որ սերն ու ատելությունը սոցիալական են և մշակութային հորինվածքներ։ Այս պատճառով էլ ատելությունը պատմականորեն հաստատված է։ Թեև ճիշտ է ասել, որ միևնույն հույզն է առկա անգլերենում(hate), ֆրանսերենում(haine) և գերմաներենում(Hass), ատելությունը տատանվում է այն ձևերի մեջ, որոնցում այն ի հայտ է գալիս։ Ֆրանսերեն J'ai la haine արտահայտության մեջ մի որոշակի՝ առանց առնչությունների ատելություն է արտահայտվում, որի համարժեքը չկա հայերենում։ Մինչդեռ ինչպես անգլերենի, այնպես էլ հայերենի կրողների համար ատելը առարկա կամ անձ է ենթադրում, և, հետևաբար, հարաբերություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ, ֆրանսերեն J'ai la haine(բառացի՝ ես ատելություն ունեմ) ձևը խափանում է անձին ուղղված զգացմունքի գաղափարը։ Սա ֆրուստրացիայի, անզգայության և կատաղության մի ձև է, որը խմորվում է անձի ներսում, սակայն արտաքին աշխարհի հետ հարաբերություն չի հաստատում՝ բացի ոչնչացման մի աննպատակ ցանկությունից։ Անդերհիլլը՝ հետևելով Ֆիլիպ Ռոժերին, հակաամերիկանիզմի ֆրանսիական արտահայտությունները համարում է մշակութային ատելություն։

Հոգեվերլուծական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծողներից Զիգմունդ Ֆրոյդը սահմանել է ատելությունը որպես էգոյի վիճակ, որը ցանկանում է ոչնչացնել իր ապերջանկության պատճառը[1]։ Ավելի վերջերս, Penguin Dictionary of Psychology-ն սահմանում է ատելությունը որպես «խորը, շարունակական, սաստիկ զգացմունք, որը արտահայտում է կատաղություն, զայրույթ և թշանամանք որևէ անձի, խմբի կամ առարկայի հանդեպ»[2]։ Քանի որ ատելությունը համարվում է երկարատև, շատ հոգեբաններ այն համարում են ավելի վարքագիծ կամ հակում, քան ժամանակավոր զգացմունքային վիճակ։

Նյարդաբանական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատելության նյարդային առնչությունները ուսումնասիրվել են ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերման գործարկմամբ։ Այս փորձում մարդկանց ուղեղները սկանավորվել են այն ընթացքում, երբ նրանք նայում էին այն մարդկանց նկարները, ում ատում էին։ Արդյունքները ցույց տվեցին, որ նկատվում է ակտիվացում մարդու գլխուղեղի միջին առաջնային գալարում, բրտմարմնի աջ մասում, երկկողմանիորեն նախաշարժողական կեղևում, ճակատային բլթում և երկկողմանիորեն կղզյակային կեղևում[3]։

Իրավական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատելության հիմքի վրա արված հանցանքը, որը անգլալեզու աշխարհում հայտնի է որպես hate crime (բառացի՝ ատելության հանցանք), ընդհանրապես հասկացվում է որպես հանցագործություն, որը իրականացվում է ատելությունից ելնելով։ Այսպիսի հանցանքներ գործող անձինք թիրախավորում են իրենց զոհերին՝ ելնելով նրանց՝ որոշակի սոցիալական խմբի պատկանելությունից, սովորաբար ռասայից, սեռից, գենդերային ինքնությունից, հաշմանդամությունից, կրոնից, հոգեկան հիվանությունից, սեռական կողմնորոշումից, լեզվական ունակություններից, գաղափարախոսությունից, սոցիալական դասակարգից, զբաղմունքից, արտաքինից, մտավոր ունակություններից կամ այլ տարբերակումներից։ Ատելության հանցանքի տարատեսակ է ատելության խոսքը, որը կարող է արտահայտվել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում։ Սա Օլլպորտի սանդղակի առաջին կետն է, որը չափում է նխապաշարմունքը հասարակության մեջ։ Մի շարք պետություններում ատելության խոսքի կիրառությունը հանցավոր է համարվում և արգելված է ատելության դրդման օրինագծերով։ Կարծիք կա, որ ատելության խոսքի քրեականացումը խաթարում է ընտրովի վարքի (ինչպես քաղաքական, կրոնական կամ փիլիսոփայական հացաքների) բացասական կողմերի արդարացի քննարկումը։ Որոշ պետություններում էլ հարց կա, թե որքանով է ատելության խոսքի քրեականացումը հակասում խոսքի ազատությանը։ Թե՛ ատելության հանցանք, թե՛ ատելության խոսք ձևակերպումները քննարկումների առիթ են դարձել։ Հակադարձ արգումենտներից է այն, որ դժվար է հստակեցնել, թե որն է եղել հանցանքի մոտիվը կամ նպատակը, ինչպես նաև բաց է փիլիսոփայական բանավեճը, թե որքանով է ճիշտ թիրախավորված ատելությունը ավելի մեծ չարիք համարել, քան առհասարակ միզանտրոպիան։

Կրոնական տեսանկյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին և Նոր կտակարաններում խոսվում է ատելության մասին։Ժողովող 3։8-ը սովորեցնում է, որ կա «սիրելու ժամանակ և ատելու ժամանակ»[4]։ Այնուամենայնիվ, Հին կտակարանը (նաև հայտնի որպես Հրեական Աստվածաշունչ կամ Թանախ) պարունակում է նաև ատելության դատապարտումներ։ Օրինակ․ «Քո եղբորը սրտումդ չատես»[5]։ Նոր կտակարանն ընդգծում է, որ չար մտադրությունները կարող են նույնքան լուրջ լինել, որքան չար գործողությունները[6]։ Այսպես, Հովհաննեսը ատելությունը համարում է սպանությանը հավասար․ «Ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ոչ մի մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի»[7]։ Ընդունված է կարծել, թե մարդ չի կարող մեկին միաժամանակ և սիրել, և ատել, սակայն Սաղմոս 139-ը[8] ասում է, որ կա մի «կատարյալ ատելություն», որը կապված է սիրո հետ և տարբեր է այն «չար ատելությունից», որ ցուցաբերում են Աստծո թշնամիները[9]։ Եբրայերեն բառը, որը նկարագրում է Դավթի «կատարյալ ատելությունը», նշանակում է, որ այն «ընքացքը կատարելության է բերում»[10]։ Ծայրագույն ընդդիմությունը նրանց, ովքեր ընդդիմանում են Աստծուն, կլինի նրանց դեպի Աստծո սերը բերելը։ Նոր կտակարանը նկարագրում է նման իրավիճակ․ «․․․մատնել սատանային՝ մարմինը կորչելու համար. Որ հոգին ապրի մեր Տէր Յիսուսի օրումը»[11]։ Բարի ատելության վերաբերյալ մեր օրերում կա «ատել մեղքը, բայց սիրել մեղսավորին» բանաձևը։ Այս գաղափարի արտահայտություններ կարելի է տեսնել Հին կտակարանում Դավթի արարքներում։ Չի հիշատակվում, որ Դավիթը պատժած լինի կամ պայքարած լինի նրանց դեմ, ովքեր ատում կամ մերժում են Աստծուն, այլ միայն ագրեսիայի։ Նա չարին համաչափորեն էր արձագանքում։ Նա իրեն ու իր երկիրը պաշտպանում էր բռնությունից, բայց երբ մարդիկ իրենց սրտերում հեռանում էին Աստծուց, նա Սաղմոսներ էր ստեղծում․ թերևս սա այն տեսակ «ատելությունն» է, որը կար Դավթի մտքում, երբ ինքն ու իր որդին գրում էին Հին կտակարանի հինգ տողերը, որոնք ենթադրում են, թե Աստված «ատում է» ոչ միայն մեղքը, այլև մեղսավորին[12]։ Նոր կտակարանը, սակայն, հստակորեն պաշտպանում է ժամանակակից հղացքը․ այն որևէ տեղ չի ասում, թե Աստված կամ Հիսուսը ատում է որևէ մեկին, կամ որ ինչ-որ մեկը պետք է[13]։ Հիսուսը ատում էր Նիկողայոսյանների «վարդապետությունները»[14] և «արարքները»[15], բայց ոչ իրենց՝ Նիկողայոսյաններին։ Մինչ Հիսուսը ատում է մեղքը, նա հորդորում է մեզ սիրել մեր թշնամիներին[16]. նա ցույց է տալիս, որ Աստված հավասար է վարվում «չարի և բարու հանդեպ»[17]։ Ղևտացոց 19։17-ը ցույց է տալիս, թե ինչպես են այժմյան պատկերացումները սիրո և ատելության մասին հեռացել աստվածաշնչյան պատկերացումներից։ Այս հատվածը ասում է, որ «սրտումդ չատես», բայց մնացյալ հատվածում բացատրվում է, թե ինչ է հասկացվում դրա տակ․ «քո դրացուն անպատճառ յանդիմանե՛ս, որ նորա համար մեղք չկրես»։ Այսօրվա մշակույթը հաճախ համաձայնում է, կոչելով դա «դժվար սեր»։ Սակայն մինչ ժամանակակից մշակույթն ու Աստվածաշունչը համաձայնության են գալիս այս հարցի շուրջ, նրանք հակասություններ ունեն նրա վերաբերյալ, թե որ վարմունքներն են արժանի խրատի։ Այս տարբերությունների ամենածայրահեղ կետերում ժամանակակից մշակույթը կարող է Աստվածաշնչում բերվող կշտամբանքը համարել ատելություն, մանավանդ եթե այդ վարմունքները թույլատրելի են աշխարհիկ հասարակությունում[18][19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freud, S. (1915). The instincts and their vicissitudes.
  2. Reber, A.S., & Reber, E. (2002). The Penguin dictionary of psychology. New York: Penguin Books.
  3. Zeki, S.; Romaya, J.P. (October 2008). Lauwereyns, Jan, ed. "Neural Correlates of Hate". PLoS ONE. 3 (10): e3556. doi:10.1371/journal.pone.0003556. PMC 2569212Freely accessible. PMID 18958169. Archived from the original on January 3, 2009.
  4. Ecclesiastes 3:8". Bible Hub.
  5. "Leviticus 19:17". Bible Hub.
  6. "1 Corinthians 4:5". Bible Hub.
  7. "1 John 3". Bible Hub.
  8. "Psalm 139:22". Bible Hub.
  9. Psalm 25:19". Bible Hub.
  10. Harris, R Laird (10/01/2003). Theological Wordbook of the Old Testament. Moody Publishers; New Edition. ISBN 0802486495.
  11. "1 Corinthians 5:5". Bible hub.
  12. "Psalm 5". Bible Hub.
  13. "Luke 14:26". Bible Hub.
  14. "Revelation 2:15". Bible Hub.
  15. "Revelation 2:6". Bible Hub.
  16. "Matthew 5:44". Bible Hub.
  17. "Matthew 5:45". Bible Hub.
  18. Stotzer, R.: Comparison of Hate Crime Rates Across Protected and Unprotected Groups, Williams Institute, 2007–06. Retrieved on 2007-08-09.
  19. Hate crime Archived November 26, 2005, at the Wayback Machine., Home Office
  20. "Dictionary.com: Hate speech". Dictionary.reference.com. Retrieved 2012-12-07.