Պերիպատետիկյան դպրոց
Պերիպատետիկները կամ ճեմականները (հին հունարեն՝ περιπατέω, թարգմանաբար՝ ճեմել) Հին Հունաստանի փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչներ են, հանդիսանում են Արիստոտելի հետևորդները։
Պերիպատետիկյան դպրոց անվանումն առաջացել է աթենական Լիկեոնի՝ գիմնազիայի ծառուղում ուսուցումը ճեմելով, զբոսնելով վարելու սովորությունից (այստեղից էլ՝ հայերեն «ճեմարան» տերմինը)։ Նախապես «պերիպատետիկոսներ» (հին հունարեն՝ περιπατητικός) անվանում էին Արիստոտելի անմիջական աշակերտներին, հետագայում՝ նրա փիլիսոփայական ուսմունքի և գիտական տարբեր տեսությունների պաշտպաններին ու տարածողներին։ Պերիպատետիկների շնորհիվ Լիկեոնը շարունակեց մնալ անտիկ աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից և մրցել Պլատոնյան ակադեմիայի հետ։
Պերիպատետիկյան դպրոցն ունեցել է զարգացման մի քանի շրջան և գիտությանը տվել բազմաթիվ ականավոր փիլիսոփաներ ու գիտնականներ՝ Թեոփրաստես, Եվդեմոս Հռոդոսցի, Ստրատոն Լամփսակացի (1-ին շրջան՝ մ․ թ․ ա․ 4-1-ին դարեր), Անդրոնիկոս Հռոդոսցի (2-րդ շրջան՝ մ․ թ․ ա․ 1-ին դար), Ալեքսանդր Ափրոդիզիացի (3-րդ շրջան՝ մ․ թ․ 2-3-րդ դարեր) և ուրիշներ։ Պերիպատետիկյան դպրոցը գոյատևել է անտիկ շրջանի ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև վաղ միջնադար և նպաստել հունական ու հռոմեական փիլիսոփայության, մասնավորապես ստոիցիզմի, էկլեկտիզմի և նեոպլատոնականության ձևավորմանը։
Հայ իրականության մեջ Պերիպատետիկյան դպրոցի ազդեցությունը Ալեքսանդրյան նեոպլատոնական դպրոցի միջոցով կրել է Դավիթ Անհաղթը։ Պերիպատետիզմի նշանավոր հուշարձան է միայն հայերենով պահպանված «Անանուն մեկնութիուն Ստորոգութեանցն Արիստոտէլի» աշխատությունը, որը թարգմանվել է 6-րդ դարում (հրտ․ 1961) և բարերար ազդեցություն ունեցել միջնադարի հայ իմացաբանական ու տրամաբանական մտքի զարգացման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 273)։ |