Շոշ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոշ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Շոշ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերանի | |
Այլ անվանումներ | Շուշիքենդ | |
ԲԾՄ | 1024 մետր | |
Բնակչություն | 641[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | շոշեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Շոշ (նաև՝ Շուշիքենդ[փա՞ստ]), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Բնակավայրը տեղակայված է Շուշի քաղաքից 4 կմ հարավ-արևելք` Կարկառ գետի աջափնյակում, Ասկերան շրջկենտրոնից՝ 26 կմ, իսկ Ստեփանակերտից` 8 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց:
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոշն Արցախի բարբառում նշանակում է մատաղ ճյուղ, նաև ուռուցք, ցցվածք: Ավելի քան 4.5 հազար տարի առաջ Շոշ է կոչվել շրջապատից ներանձնացած սեղանանման այն բարձրավանդակը, որի վրա 1752 թվականին կառուցվել է Շուշի բնակավայրը, քաղաք է դարձել 1840 թվականին [2]: Շուշի տեղանունը նույն Շոշ անվան ձևափոխությունն է: Քաղաքն իր անվանումը ստացել է բարձրավանդակի անունից: Գյուղի մյուս անուններից է «Թափանգրադը»։ Շոշեցիները շատ մաքուր են մաքրում թափանը, դրա համար էլ գյուղը ստացել է և այս անվանումը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի պատմությունն սկսվում է 13-14-րդ դարերում[փա՞ստ]։
13-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի առաջին բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից: Նրանք սկզբում ապրել են վրաններում և գետնափոր տնակներում: Գաղթականներից ոմանք եղել են արհեստավորներ` կոշկակար, թիթեղագործ, ոսկերիչ, պայտառ, երկաթագործ, փայտագործ, իսկ ոմանք էլ զբաղվել են այգեգործությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ: Մինչև առաջին եկեղեցու կառուցումը գյուղում կար 700 ծուխ, թե որքան է եղել բնակչության թիվը մինչև 19-րդ դարի սկիզբը հայտնի չէ: Հաջորդ տեղեկությունը, որ հայտնի է բնակչությանը թվի մասին, վերաբերվում է 19-րդ դարի 20-ական թվականներին, այն է 150 ծուխ[3]:
Գյուղի հին գերեզմանատան տապանագրերում (13-17 դարեր) բազմիցս կրկնվում է «Շօշոյ» տեղանունը[4]: Փաստորեն այստեղից կարող ենք հետևություն անել, որ գյուղը արդեն 13-րդ դարում անուն ուներ և բնակեցված է եղել ավելի վաղ: Շոշ գյուղում երկու եկեղեցիների առկայությունը վկայում է նրա բազմամարդության մասին: Գյուղում պահպանվել են 1458, 1651, 1655 և 1712 թվականների հայերեն վիմագիր արձանագրությունները, որոնք վկայել են գյուղում կյանքի անընդհատականության մասին: Երկու եկեղեցիներից մեկը գտնվում է հյուսիսային եզրի գերեզմանատան մեջ, ու հնում եղել են հին խաչքարեր և կենցաղային քանդակներով տապանաքարեր: Երկրորդ եկեղեցին գյուղամիջումն է (այժմ վերին թաղ): Անտաշ քարերով կառուցված այս եկեղեցին հայտնի է սուրբ Ստեփանոս անունով, մուտքը` հյուսիսից, որի ճակատաքարին կա վնասված մի արձանագրություն, որ դեռևս Մ. Բարխուդարյանցի ժամանակ դժվար ընթեռնելի է եղել[5]: Եկեղեցու հյուսիսային մուտքի վրա գրված է.
Առաջին եկեղեցու մի լուսամուտի մեջ, որը խիստ վնասված է.
![]() |
Թվ. ՋԷ. (1458) ես Ղոչ սարկաւագ գոյարեցի (կանգնեցի՞) խաչս ազիզա մաւր իմ[6]: | ![]() |
18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Սղնախների ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարի առաջին տասնամյակում, երբ ձևավորվում են սղնախներ, ձևավորվում է նաև Շոշի սղնախը: Այստեղ են հաստատվում Ավան և Թարխան հարյուրապետները: Եգան (Ավան) յուզբաշին հայ ազգային ազատագրական պայքարի կարկառուն դեմքերից է: Նա ծնվել է 1670 թվականին Ղարաբաղի Շոշ գյուղում: 18-րդ դարի սկզբին նա նշանակվում է Շիրվանում գտնվող միավորված ջոկատների հրամանատար: 1712 թվականին ընտանիքով տեղափոխվում է հայրենի գյուղը` իր հետ բերելով մի խումբ շիրվանցիներ[7]: Ավանը և Թարխանը ընտրել են Շոշից մի քանի կիլոմետր հարավ գտնվող անառիկ տեղանք և ամրացրել այն, որը կոչվել է Շոշի սղնախ և այժմ էլ գոյատևում է որպես Սղնախ անունով գյուղ: Շոշ գյուղը սղնախ լինելու ոչ մի հարմարություն չուներ և գտնվում էր ստրատեգիական անբարենպաստ դիրքում, մինչդեռ այդ սղնախը շրջապատի վրա իշխող, բնականից դժվարամատչելի մի վայր էր, որտեղ վտանգի դեպքում հավաքվում էին շոշեցիները` անասուններով, ունեցվածքով և խիզաններով[8]: Հայ մելիքները Շոշում են հավաքվել և ռուսական ցարին օգնության նպատակով նամակ ուղարկել, որի մասին վկայություն է տվել 1725 թվականի դեկտեմբերի 19-ի մի զեկուցագրում գեներալ Մատրյուշկինը հայտնի է, որ Ավան յուզբաշին, հավաքելով 10.000 հոգի լավ զինված մարդիկ, մնացել է Շոշ սղնախում և բերդ կառուցել: Այս փաստերը վկայում են, որ Ավան հարյուրապետը լիովին տիրում էր գյուղին մոտ 4-6 վերստ հեռավոության վրա գտնվող Շուշի բերդին և պաշտպանունակությունը ամրապնդել է թուրքերից[9]: Ավան յուզբաշին 8 օր համառորեն պայքար է մղել օսմանյան բանակի դեմ, որը ղեկավարում էր Սարը Մուստաֆա փաշան[10]: 1726 թվականի նոյեմբերի 15-ին նա ռուս հրամանատարին հաղորդում է, որ թուրքերը ամբողջ բանակով հարձակվել են Շոշ գյուղի վրա, օգտագործլ են հրանոթներ, 8 օր կռվելուց հետո հետ են քաշվել: Այնուհետև նա 1729 թվականին ռազմական օգնության նպատակով Թարխան յուզբաշու հետ տեղափոխվել է Բաքու` սղնախներում թողնելով Հովան և Աբրամ յուզբաշիներին, որպեսզի շարունակեն պայքարը: Ավան յուզբաշին մահացել է 1734 թվականին Աստրախանում` 64 տարեկան հասակում:
Վերաբնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
18-րդ դարում Պարսկաստանից եկած հայերը սկզբում բնավորվել են Դիզակում, սակայն մեծ թիվ կազմելու պատճառով ստիպված են եղել տեղափոխվել Շոշ գյուղի վերևի հատվածը, որը սկզբից կոչվել է Տուն-Տնատեղ: Տեղանքը սակավաջուր էր, այդ պատճառով բնակիչները իջել են ներկայիս գյուղի տարածքը, որն արդեն բնակեցված էր: Այնտեղ կար հորդառատ աղբյուր, որը բավարարում էր ողջ գյուղի բնակչությանը: Պարսկաստանից եկած հայերը գյուղն իրենց հայրենի քաղաքի անունով կոչել են Շոշ:
![]() |
Էս շինացեք Հուդրութա թիրափան ըն յէկալ` Մյուլքի բաղ ծյօրական: Ըռըչան մի էրկու հօքիյըն իլյալ, շօռ կյալավ յէկալըն, վէր շինատըղ քըթէնան: Հըսալըն ըստըղ, դինջացալ,տըղէն հավան կացալ: Վէր հըղէյըն իլալ, թա քինին, մըսլըհաթն ըրալ, մի ծառու շօշ տընգալ, հանցու վէր քօչին կյան, տըղը քթէնան: Էս շօշտ էլ շըմալա տուվալ, ծառ տըռալ: Յէտնան ըտահանք յէկալըն ըստըղ տընըվերվալ, շէն շինալ, անումըն էլ էլ շօշ ընուման տիրալ Շոշ/Շուշքենդ[11]: | ![]() |
Շոշը սկզբնական շրջանում եղել է Վարանդա գավառի գյուղերից:
![]() |
Գաւառս Վարընթոյ (Վարանդա), ի գաւղս որ կոչի Շուշոյ[12]: | ![]() |
Փաստորեն գյուղը պատկանել է մելիք Շահնազարյաններին, և եղել է նրանց կալվածքներից մեկը: 1827 թվականի դեկտեմբերի 9-ի` ցարական կառավարության ընդունած նոր օրենքով Անդրկովկասը բաժանեց 5 նահանգների: Լեռնային Ղարաբաղը մտավ Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ: Ղարաբաղի կենտրոններից մեկը դարձավ Շուշօն, որի մեջ ներառվեց ամբողջ Վարանդան[13]:
Լեոյի վկայություններով` Շուշին Ավան յուզբաշու ժամանակ գտնվում էր այն ժայռապատ բարձրության վրա, որ հետո դարձավ «Շոշվա ղալա» (բերդ), հետևաբար այժմ էլ Շոշու գյուղն իր անունը բերդից է ստացել քան անուն է տվել բերդին[14]: Սակայն մենք համաձայն չենք Լեոյի տված տեղեկության հետ, քանի որ Շոշ գյուղն ունի ավելի հին պատմություն, քան Շուշի քաղաքի բերդը: Շոշ գյուղի պատմությունը սկսվում է 14-15-րդ դարերից, իսկ Շուշի քաղաքի բերդը հիմնադրվել է 18-րդ դարում, երբ սարիջալլու ցեղի առաջնորդ Փանահը մտավ Ղարաբաղ և հաստատվեց այնտեղ[15]: Մինչ այդ Շուշիում ոչ մի բնակատեղի չի եղել: Այստեղի արոտավայրերն ու վարելահողերը պատկանել են Շոշ գյուղի բնակիչներին, որն արևելյան ամրոցից գտնվում է 6 վերստ հեռավորության վրա[16]: Պատմաբանների մի մասը` Րաֆֆի, Ղ. Ալիշան, Մ. Բարխուդարյանց, ևս հակված են այն կարծիքին, որ Շուշին իր անունը ստացել է Շոշ գյուղից[17][18]:
Սրանից կարող ենք եզրակացնել, որ գյուղն իր մեծության պատճառով կոչվել է ավան:
Պատմական սկզբանղբյուրներում Շոշ գյուղի ամենավաղ հիշատակությունը վերաբերվում է 1422 թվականին: Այստեղ արտագրված Ավետարանի հիշատակարանում վկայված է.
Սակայն նշենք, որ այս փաստը կեղծվում է Բակուր Կարապետյանի կողմից.
![]() |
Կատարեցի... զմաքրափայլ Աւետարանս ի փառս նմանե գաւարս Վարընթոց, ի գաւարս, որ կոչի Շուշոյ,... Անդ հովանեաւ սուրբ Աստուծածնին: Գրեցաւ ի թվականութեանս ՌԻԴ (1575[19]): | ![]() |
Իրականում պետք է լինի այսպես.
![]() |
Ի Փոսա նահանգ (Չուխուր Սաադի կամ Երևանի նահանգ) գաւարս Վարընթոյ (Վարանդա), ի գաւղս որ կոչի Շուշոյ և ընդ հովանեաւ սուրբ Ստեփանոսիս... և ընդ հովանեաւ սուրբ Աստվածածնին[20]: | ![]() |
Աբաս Միրզայի արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1826 թվականին պարսկական բանակը այս անգամ 60 հազարանոց զորքով մտնում է Ղարաբաղ և պաշարում Շուշի բերդը, որտեղ գտնվում էին գնդապետ Ռեուտի փոքրաթիվ զորքերը: Երբ Աբաս Միրզան պաշարում է Շուշու բերդը այդ օրը մի աղքատ կին իր ամուսնու հետ ցորեն էին տարել ջրաղացները աղալու: Այդ ջրաղացները պատկանում էին Շոշ գյուղի բնակիչներին: Դրանք ձգվում էին Հունոտ գյուղից մինչև Ջաղացի ձորը, որն իր անունը ստացել է քառասուն ջրաղաց ունենալու պատճառով: Սակայն նույնիսկ այդ ջրաղացները չէին հերիքում գյուղի բնակչությանը: Այդ ջրաղացներից միայն Յարամիշյանների ջրաղացն է մնացել կանգուն: Պարսիկ սարվազները հարձակվում են նրանց վրա, սակայն կինը մի կողմից քարշ է տալով պարկը մյուս կողմից պատերազմելով պարսիկների հետ կարողանում է մտնել Շուշու բերդը և փրկել իր երեխաների միակ ապրուստի միջոցը: Այդ կինը պատմության մեջ է մտել իր քաջության համար: Գիշերը բերդում գտնվողները իջնում են գյուղի ջրաղացները ցորենը աղում և բարձրանում բերդ: Դա է պատճառը, որ Աբաս Միրզան մի քանի անգամ փորձել է վերցնել իր համար ատելի ջրաղացները սակայն գյուղացիներից Սաֆար և Ռոստոմ Թարխանյանները հերոսությամբ պաշտպանել են դրանք: 1826 թվականին շոշեցիները զորավոր կերպով ընդդիմացան պարսիկներին, դուրս ելան նրանց բանակների դեմ, պարսիկների արյամբ ներկեցին Կարկառ գետը: Նրանք հավատարմություն ցուցաբերեցին Ռուսաց կայսրությանը և մեծ պարգևների ու գոհունակության արժանացան կայսեր կողմից: Ղարաբաղում չկային այնպիսի կռվողներ, ինչպիսիք այս գյուղացնիները[21]: Այս տեղեկություններից հետո հաջորդ տվյալները վերաբերվում են 19-րդ դարի երկրորդ կեսին` գյուղի բնակչությանը: Առաջին տեղեկություններ հայտնողը Մակար Բարխուդարյանը եղել է Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը, որի տվյալների համաձայն Շուշիքենդում կար 350 ծուխ[22]: 1892 թվականին Խաչիկ վարդապետ Դադյանը շրջել է Ղարաբաղի գյուղերով: Լինելով Շոշում տեղեկությունն է տվել ազգաբնակչության մասին:
19-20-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի 80-90-ական թվականներին Շոշն իրա մեծամասնությամբ համարվում էր Ղարաբաղի երկրորդ գյուղը` Գետաշենից հետո:
Գյուղացիները զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և գինեգործությամբ: Գյուղում զարգացած էր մետաքսագործությունը: Ըստ բնակիչ Կառլեն Ավագյանի մեխանիկական ֆաբրիկան գործարկվել է գյուղում 1873 թվականին մեծահարուստ Ներսեսովի կողմից, որտեղ աշխատում էր երեսունից ավելի մարդ, ինչի մասին գրում է նաև Աբրամ Կիսիբեկյանը: Ավագյանը նաև տեղեկացնում է այն մասին, շոշեցիներ Նիկոլայ, Ավետիս և Մկրտիչ Պետրոսյանները Շուշի քաղաքում ունեին ոսկերչական արհեստանոցներ, որոնց արտադրանքը սպառվում էր Մոսկվայում, Վարշավայում և Վլադիկավկազում: Շուշիում գինու գործարան ուներ Սանթուր Սուլեյմանյանը (Սրչանց): Տարածաշրջանում մեծ համբավ են ունեցել շոշեցի թիթեղագործները: Այսօր էլ թիթեղագործ վարպետները հայտնի են Ղարաբաղում:
Կրթությունը 19-20-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արխիվային մի փաստաթղթում նշվում է, որ մինչև 19-րդ դարի 70-ական թվականներն Արցախի թեմի որոշ գյուղերում, նաև Շոշ` գյուղում, գործում էր եկեղեցական ծխական դպրոց` 15 աշակերտներով: Կան տվյալներ, որ գյուղի Աստվածածին եկեղեցուն կից գործել է դպրոց, որտեղ դասավանդում էր տեր Առաքել քահանան: Հայ եկեղեցական ծխական ու վանական դպրոցների 1873 թվականին մի ցուցակում դպրոց է ցույց տրված նաև Շոշ գյուղում 41 աշակերտով 1 ուսուցիչով: 19-րդ դարի 70-ական թվականների վերջերին, երբ ակտիվանում է Արցախի ժողովրդի հասարակական նախաձեռնությունը նոր դպրոցների ստեղծման գործում, Շոշի հասարակությունը ևս խնդրանքով դիմում է կաթողիկոսին` բացելու ծխական դպրոց: 1884-1885 թվականների ուսումնական տարում բացվում է Գրիգորյան եկեղեցական ծխական դպրոցը` 20 աշակերտով, որտեղ դասավանդում էր 1 ուսուցիչ: 90-ական թվականների կեսերին դպրոցն ուներ 25 շակերտ, 2 բաժանմունք, 1 ուսուցիչ: 1896 թվականին դպրոցը փակվում է և վերաբացվում 1907-1908 ուսումնական տարում: Այս նորաբաց միադասյան երկսեռ դպրոցում սովորում էր 45 աշակերտ, որոնց թվում` 15 աղջիկ, ուներ 2 բաժանմունք, 1 ուսուցիչ:
1908-1909 թվականներին դպրոցն ուներ 42 աշակերտ` 25 տղա, 17 աղջիկ, 1 ուսուցիչ և 3 վարժուհի: Դպրոցն պահվում էր աշակերտների ուսման վարձով և բաքվաբնակ շոշեցիների կողմից տրված միջոցներով[23]:
Խորհրդային տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես հայտնի է Լեռնային Ղարաբաղը խորհրդայնացվել է 1920 թվականին և Շոշ գյուղը մտել է Ստեփանակերտի կազմի մեջ, իսկ 1978 թվականին Ասկերանի շրջանի ձևավորումից հետո նրա կազմի մեջ:
Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1930 թվականին: Այն մասնագիտացվել է անասնապահության, բանջարաբուծության և հացահատիկի մշակության ուղղություններով: Ուներ խոշոր եղջերավոր անասունների բտման կետ[24]: 1941 թվականի հունիսի 22-ին Գերմանիայի Խորհրդային միության վրա հարձակմամբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: «Զինապարտների մոբիլզացիայի մասին» հրամանագրի համաձայն` բանակ էին զորակոչում 1905-1918թվականներին ծնված զինապարտները, հունիսի 23-ից Լեռնային Ղարաբաղում, Հյուսիսային Արցախում և այլուր սկսվեցին համընդհանուր զորահավաքի աշխատանքներ: Շոշ գյուղից բնակ է զորակոչվել 700 մարդ որից ինը մեկ ընտանիքից: Ի դեպ մեր աչքից չի վրիպել այն փաստը, որ Շոշը Ճարտարից ու Տողից հետո Ղարաբաղի երրորդ գյուղն էր պատերազմի մասնակիցների թվով, ինչը ևս մեկ անգամ վկայում է գյուղի մեծության մասին: Մեծ հայրենականին Շոշը 216 զոհ տվեց[25], որի վկան գյուղի մուտքի փոքրիկ պուրակում 1966 թվականին կանգուն քարակողմ, սրբատաշ հուշարձան կոթողն է, որի հեղինակը Սայի Իշխանյանն է:
Բազմաթիվ վկայությունները ու գյուղի տարածքի հնագույն գերեզմանաքարերում (13-17դարեր) նշված «Շոշ» տեղանունն արդեն իսկ փաստում է այն մասին, որ գյուղն 13-րդ դարում արդեն անուն ուներ, որից պետք է եզրակացնել, որ այն բնակեցված է եղել ավելի վաղ: Կազմավորման սկզբից գյուղը մտել է Վարանդա գավառի մեջ և կարևոր դեր է կատարել ազգային ազատագրական պայքարի կազմակերպման գործում: Խորհրդային շրջանում գյուղի կոլտնտեսությունը եղել է ամենազարգացած տնտեսություններից մեկը ԼՂԻՄ-ում:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցը բացվել է 1894 թվականին, այժմ գյուղում գործում է Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցը կառուցվել է 2004 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ և Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով[26]։ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն[27]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոշ` Շուշիքենդ համայանքը լեռնային է ունի 6917.1 հա տարածք, որից 2876.08 հա գյուղատնտեսական նշանակության, 3686.72 հա անտառային հողեր: Շոշ համայնքի սահմանային գոտով է հոսում Կարկառ գետի վտակը:
Շոշի, ինչպես նաև Արցախի նախալեռնային բազմաթիվ գյուղերի այգեգործության համակարգում յուրահատուկ կարևոր տեղ են զբաղեցնում թթի այգիները, որը դարձել է եկամտաբեր ճյուղ: 2004 թվականին 80 տոննանոց ջրամբար է կառուցվել Շոշում, բնակիչներին ջրով ապահովելու համար: Գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2015 թվականին հունիսի 9-ին շահագործման հանձնվեց համայնքային կենտրոնը: Այն կառուցվել և կահավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական հանձնախբի` որում մեծ ներդրում է ունեցել ֆրանսիաբնակ Մադլեն Վարդանյանը, և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Համայնքային կենտրոնի կառուցմամբ լուծվեց գյուղապետարանի, մշակույթի տան և բուժկետի հարցը, ինչպես նաև համայնքն ունեցավ 250 տեղանոց հանդիսությունների դահլիճ: Դա մեծ նվեր է 667 բնակիչ (ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների) ունեցող գյուղին: Ես ականատեսն եմ եղել ԼՂՀ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, անհոգ բարերարների կողմից իրականացրած ծրագրերին, շնորհիվ որի գյուղը բարեկարգվել է:
Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 2 ակունքներից: Համայնքի տարածքում առկա է թվով 16 աղբյուրներ` Լալիկ, Սալ, Օրից, Սոֆյայի, Քռծեն տակեն Ճղացեն ծորին Խըծրկեւին Ծախլեգ Տինգո Ըլալեն Շղասարեն, պռպտանեն, Սըվծորին, Լոլակ, Թազա և Կըրվերեն: Համայնքն ապահովված է էլէկտրաեներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ: Համայնքում գործում է առևտրի 4 օբյեկտ: Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, խճից և կոպիճից, չմշակված կապակցվող նյութերից:
Պատմամշակութային վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կա երկու եկեղեցի, որոնցից մեկը կառուցվել է 1655 թվականին, իսկ մյուսը, որը կառուցվել է 1454 թվականին՝ կիսավեր վիճակում է։
Շոշը հայտնի է իր աղբյուրներով: Ամենահին և ամենահայտնի աղբյուրը Լալիկն է, որը կառուցվել է 1866 թվականին` Բուխան և Ավետիս եղբայրների կողմից: Աղբյուրի անվան շուրջ կան մի շարք ավանդազրույցներ, որոնցից առավել տարածվածը մեզ է ներկայացրել գյուղի բնակիչ Յաշա Թադևոսյանը.
Հայտնի աղբյուրներից է նաև Շաղասարը, Ուքին, Երեց կամ Օրից(1913), Սոփին(1897), Սալը, Քարը, Պրպտանը, նաը թթի բաղերով` Բադունց, Շիլաքար, Քաչալ Բաբունց, Դեր Միքելանց, Յարամիշանց և այլն: Հայտնի վայրերից են Բդուռուն, Սվածորը, Ծվատեղը, Ճաք քարը, Կարմիր քարը:
Շոշը նշանավոր է կամուրջներով, առավել հայտնի է Ձախլիկ կամ Ճղացաձորի կամուրջը, որը գտնվում է գյուղից 1 կմ արևմուտք` Կարկառ գետի վրա (17-18 դարեր[28]):
Շոշ գյուղից 0.5 կմ արևմուտք` Զառ գետի վրա տեղակայված է Ձախլիկ կամուրջը: Ծովի մակերևույթից բարձր է 855 մետր: Կամրջի թաղի անկյունաքարերը սրբատաշ քարեր են, իսկ մյուս հատվածները շարված են տեղական անմշակ, կոպտատաշ կրաքարերով և կրաշաղախով: Թռիչքը 8.07 մետր է, անցուղու լայնությունը 306 մետր, բարձրությունը ջրի մակարդակից` 5.75 մետր: Ըստ տեղում կատարված ուսումնասիրությունների հուշարձանը վերաբերվում է 18-րդ դարին: 2007 թվականին կամուրջը վերանորոգվել է:
Պատմամշակութային հուշարձաններից են` Սբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), Սբ Ստեփանոս եկեղեցին (1655 թվական), խաչքարը (17-րդ դար), սրբատեղի Շողասարը (միջնադար), ջրաղացը (19-րդ դար), Ձախլիկ կամուրջը (18-րդ դար), հաշվառված է 41 հուշարձան:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոշ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 641 մարդ, կա 184 տնտեսություն [29]: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանսպորտային կապը կարգավորված է. ուղևորափոխադրումներն իրականվցում են տարանցիկ ԱՀ Ասկերան, Մարտունու և Հադրութի շրջանի համայնքներ սպասարկող թվով 13 միջշրջանային ավտոբուսային կանոնավոր երթուղիներով:
Հեռահաղորդակցություն և կապ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է WI-FI ինտերնետ կապով:
Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոշ գյուղի տղաները իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախյան պատերազմին: 1990 թվականին կազմավորվում է Շոշի ջոկատը: Ջոկատի հրամանատար է նշանակվում Արգամ Հարությունյանը: Արդեն 1991 թվականին սեպտեմբերին ջոկատի անդամների թիվը անցնում էր 3 տասնյակից և սկսվում է ձևավորվել Շոշի վաշտը: Ջոկատի կազմավորման առաջին իսկ օրերից շոշեցի կամավորականները հսկում էին Փարամաքիի տեղամասը, որը անընդհատ ռմբակոծվում էր Ղուշչիլար թուրքաբնակ գյուղի կողմից: Այս օբյեկտը ադրբեջանական Ղուշչիլար գյուղի ելուզակներից պաշտպանելու նպատակով Շոշի պաշտպանության խորհուրդը կազմակերպում էր շուրջօրյա հերթապահություն: Ռոլետ Հարությունյանը ով զոհվեց պատերազմում, ամեն օր, վտանգելով կյանքը, իր մեքենայով հերթապահներին Շոշից հասցնում էր Փարմաքի[30]:
Արցախյան ազատամարտն, որի հաղթանակին իրենց կյանքն են նվիրաբերել 30 շոշեցիներ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի շոշեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արսեն Տերտերյան - գրականագետ, դոկտոր - պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ[31]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ pop-stat.mashke.org - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, 2005 թ. (անգլ.)
- ↑ Խաչատրյան Հ. Վաչագան (1998)։ ։ Երևան: Զանգակ։ էջ 30
- ↑ Ջալալեանց Ս.։ Նշվ.աշխ Մաս Բ։ էջ 244
- ↑ Մկրտչյան Շ. (1980)։ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ։ Երևան։ էջ 147
- ↑ Բարխուդարյան Ս. (1982)։ Դիվան հայ վիմագրություն,պրակ 5։ Երևան: Արցախ։ էջ 145
- ↑ Բարխուդարյան Ս.։ ։ Արցախ։ էջ 228
- ↑ Իրատես դե ֆակտո։ 19 հունիսի,2012
- ↑ Արզումանյան Զ. (1985)։ Մեծ և փոքր սղնախների հարցի շուրջ, Լրաբեր հասարակական գիտությունների, թ. 4։ էջ 90
- ↑ Չոբանյան Պ. (1964)։ Շոշ և Քարագլուխ սղնախների նույնացման շուրջ. Պատմա-բանասիրական հանդես, թ. 1-2։ էջ 184
- ↑ Մաղալյան Ա.։ Արցախի մելիքությունները և մելիքական տները 17-19 դդ։ Երևան։ էջ 146
- ↑ Սարգսյան Ա. (2005)։ Արցախի բանահյուսություն։ Երևան։ էջ 199
- ↑ Ա. Հովհաննիսյան (1959)։ Դրվագներ հայ ազտագրական մտքի պատմության։ Երևան: գիրք 2։ էջ 24
- ↑ Բաղդասարյան Ն.։ Նշվ. աշխ։ էջ 105
- ↑ Լեո։ Նշվ. աշխ.։ էջ 267
- ↑ Բալայան Վ.։ Նշվ. աշխ։ էջ 131
- ↑ Ջալալեանց Ս. (1842)։ Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, մաս Ա։ Տփղիս։ էջ 181
- ↑ Ալիշան Ղ.։ Երկեր։ էջ 109
- ↑ Րաֆֆի (1987)։ Երկերի ժողովածու։ Երևան: հատոր 9։ էջ 454
- ↑ Կարապետյան Բ. (2000)։ Շուշի բերդաքաղաքը։ Երևան։ էջ 12
- ↑ Հարությունյան Հ. (2013)։ Շուշի քարեղեն անխոս վկաներ։ Ստեփանակերտ։ էջ 57
- ↑ Ջալալեանց Ս.։ Նշվ. աշխ Մասն Բ։ էջ 244
- ↑ Գեղամյանց Ե. (Հայկուհի) (2010)։ Ուղեգնացական ակնարկներ, գիրք 13։ Երևան։ էջ 90
- ↑ Գրիգորյան Հ. Հարությունյան Գ. (2005)։ Արցախի դպրոցը հին ժամանակներից մինչջ մեր օրերը։ Երևան։ էջեր 273–274
- ↑ Մելումյան Ս. (2010)։ Արցախ-Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Երևան։ էջ 159
- ↑ Մելքումյան Ս. (1990)։ Լեռնային Ղարաբաղ։ Երևան։ էջ 127
- ↑ Գյուղի նորակառույց դպրոցը/
- ↑ «Համայնքային կենտրոն Շոշում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-02-04
- ↑ Կարապետյան Ս. (2009)։ Արցախի կամուրջներ։ Երևան: գիրք 12։ էջ 86
- ↑ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ http://stat-nkr.am/
- ↑ ԼՂ հանրապետություն (17 հունիս, 1995)։
- ↑ Հարությունյան Գ. (2001)։ Շուշիի ռեալականը։ Երևան։ էջեր 114–115
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շոշ կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2018 թվականի հունվարի 17 -ի օրվա հոդված: |