Դահրավ
| բնակավայր | ||
|---|---|---|
| Դահրավ | ||
| Դահրավ | ||
| 39°53′46.964″N 46°42′3.816″E / 39.89637889°N 46.70106000°E | ||
| Երկիր | ||
| Ենթարկում | Արցախի Հանրապետություն | |
| Շրջան | Ստեփանակերտ | |
| Գյուղ | Խոջալուի շրջան | |
| Համայնքի ղեկավար | Արշավիր Սարգսյան | |
| Հիմնադրված է | 19-րդ դար թ. | |
| Առաջին հիշատակում | 19-րդ դար | |
| Այլ անվանումներ | Даграв | |
| Տվյալ կարգավիճակում | 19-րդ դար թվականից | |
| Մակերես | Լեռնային կմ² | |
| ԲԾՄ | 863 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Խոսվող լեզուներ | Հայերեն | |
| Բնակչություն | 150 մարդ (2015) | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Տեղաբնականուն | Դահրավեցի | |
| Հեռախոսային կոդ | +374 | |
|
| ||

Դահրավ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք, 800 մետր բարձրության վրա, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 19 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 2155,3 հեկտար է։ Նախկին Խաչեն գավառում՝ Շանքար լեռան լանջին: Դահրավը Արցախի հնագույն բնակավայրերից է: Դրա մասին են խոսում գյուղի շրջակայքում գտնվող նախաքրիստոնեական շրջանի սրբատեղիները, միջնադարյան գյուղերի, գերեզմանների, մատուռների և եկեղեցիների մնացորդները: Դահրավից ոչ շատ մեծ հեռավորության վրա է գտնվում ծովի մակերևույթից 1200 մ բարձրություն ունեցող մի լեռնագագաթ, որին ժողովուրդը Նավասարդ է անվանում: Հավանաբար դա կապված է տվյալ տարածքում ապրող հայության նախաքրիստոնեական շրջանի սովորությունների և նիստուկացի հետ: Հնուց եկած և ժողովրդի զրույցի համաձայն՝ Դահրավի Քըշըմրոր անտառում է թաղված Վարդան Մամիկոնյանը: Քըշըմրորի մթին անկյուններից մեկում ժայռեր կան, որոնք նման են ծառս եղած նժույգների: Ըստ ավանդության` Ավարայրի ճակատամարտից հետո Բակ Առանշահիկը արցախյան գնդի գլուխ անցած իր հետ Արցախ է տանում նաև նահատակ սպարապետի մարմինը: Պարսիկների հետ ընդհարումներ ունենալով նա հասնում է Քըշըմրորի մթին անկյուններից մեկը, որտեղ ժայռերը նման են ծառս եղած նժույգների: Բակ իշխանի հրամանով հենց այդ ժայռերից մեկի տակ էլ փոս փորեցին և ամփոփեցին սպարապետի դին: Ժայռը դարձավ Վարդան Մամիկոնյանի շիրիմաթումբ–հուշարձանը: Դահրավի բնակիչները բնական աղետների և արտաքին թշնամիների ավերիչ հարձակումների ու կողոպուտների պայմաններում իրենց բնակավայրը տարբեր դարաշրջաններում տեղից տեղ են փոխադրել, բայց պահպանել են անունը: Ավանդույթը ասում է, որ 17–րդ դարի սկզբներին հին Դահրավի բնակիչներից մեկը` Ղուլին, բնակարան է կառուցում Շնաքար լեռան լանջին` ներկայիս բնակավայրի տարածքում: Այստեղ է հաստատվում նաև Մաղավուզ գյուղից հարյուրապետ Հախումը, և այդպես ձևավորվում է ներկայիս բնակավայրը: Ի դեպ նկատենք, որ Եղիշե Իշխանյանը Դահրավը ներկայացնում է նաև Տամբավ, Դամբավ ձևով146: Գյուղի գերեզմանոցում պահպանվել է Հախում յուզբաշու կողակցի` Մագֆարու գերեզմանաքարը` 1713 թվագրությամբ:
Մելիքական շրջանում Դահրավի հայությունը հերոսաբար պայքարել է և անսասան պահել հայրենի սահմանները: Դահրավից Հախումը իր հերոսության և անձնազոհության համար Խաչենի իշխանից հարյուրապետի պաշտոն է ստացել: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դահրավից 12 հայորդիներ, Արևմտյան Հայաստանը ազատագրելու նպատակով, մասնակցել են կամավորական շարժմանը: 1917–1920 թթ. Դահրավի հայությունը անմնացորդ նվիրվեց Արցախում հայկական պետականության վերականգնման գործին: Ցարական բանակի նախկին սպա, դահրավեցի Մուսա Խաչատրյանը վերադարձավ հայրենի երկրամաս, և Ալեքսան Բալասանյանի հետ կազմակերպեց միլիցիայի ջոկատներ, ու միասին անզիջում պայքար սկսեցին ավազակների ու թալանչիների դեմ147: Արցախում խորհրդային կարգեր հաստատելուց հետո՝ 1930 թ., գյուղում ստեղծվում է կոլտնտեսություն: 1998 թ. կոլտնտեսային կարգերի լուծարումից հետո գյուղում ստեղծվեցին մենատնտեսություններ: Կոլտնտեսության վարչության նախագահներ են աշխատել Մուխան Դանիելյանը, Ղուկաս Հայրիյանը, Գրիշա Աբրահամյանը, Միքայել Ավանեսյանը, Բախշի Մանգասարյանը, Մուշեղ Հախումյանը, Արամ Ծատրյանը, Հմայակ Դավթյանը:
Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ, և փայտամշակությամբ։ Ունի գյուղապետարան, միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն։ Գործում է առևտրի կենտրոն[2]։
Համայնքն ապահովված է էլեկտրաենգիայով։ Հեռուստատեսութունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Այստեղ գործում է 2.5G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։ Հասանելի է ինտերնետ ծառայությունը (ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով)։

Դահրավի համայնքային բուջեյի ծախսերի ֆինանասավորման աղբյուրներն են ընքացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դահրավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 179 մարդ։ Հիմնական դպրոցում սովորում են 15 աշակերտներ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ ԽՍՀ տարիներին Դահրավում առանձին թաղերով ապրում էին նույն տոհմի ներկայացուցիչները: Ներկայումս Դահրավում ապրում են Կիրակոսանց (Գյուրգյուսանց), Աբրահամանց, Սայունց, Ղուլունց, Փականց, Կոստանդանց, Նանանց, Սարքիջանանց, Թիրիփանց, Նեսունց, Մռանանց, Առուշանց, Պրսեղանց, Խաչունց, Ենգիբարանց, Կիլիգյանց, Հայրունց ազգատոհմերի ներկայացուցիչները:
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 2008 | 2009 | 2010 | 2015 |
|---|---|---|---|---|
| Բնակիչ | 209 | 218 | 209 | 150 |
Կրթությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]19–րդ դարի կեսերին Դահրավի ունևորներից մեկը ուսուցիչ էր վարձել, որը երեխաներին գրել ու կարդալ էր սովորեցնում: 1870 թ. գյուղում բացվել է նախակրթարան, իսկ 1873–1874 ուսումնական տարում՝ եկեղեցական–ծխական դպրոց: Ուսուցիչն էր տեր Սարգիս քահանան: Այնուհետև նրան փոխարինել է Սեդրակ Պետրոսյանը: Ցարական կառավարության որոշմամբ 1896 թ. փակվել են հայկական դպրոցները, այդ թվում Դահրավի կրթարանը: 1906–1907 ուսումնական տարում դպրոցը վերաբացվել է: Այն մեկդասյա երկսեռ դպրոց էր, ուներ 40 աշակերտ և մեկ ուսուցիչ` Բախշի վարժապետը: Նրան էլ փոխարինեց ջավախքեցի Սերգեյ Կորգանյանը: Խորհրդային առաջին տարիներին Դահրավում գործում էր տարրական դպրոց: 1929–31 թթ. նոր դպրոցական շենք կառուցվեց: Դպրոցը ստացավ ութամյայի կարգավիճակ: 1988–1990 թթ. դպրոցում սովորում էր 92 աշակերտ, դասավանդում` 16 ուսուցիչ: Հետպատերազմյան տարիներին աշակերտների թիվը կտրուկ նվազել է: 2014– 2015 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 15 աշակերտ, դասավանդում 9 ուսուցիչ: Դպրոցի շենքը հիմնանորոգվել է 2003 թ. Լոս Անջելեսի «Հայ կրթական հիմնարկություն» կազմակերպության և բարերար Սերգեյ Բաղդասարյանի միջոցներով: Դպրոցը կրում է պատմավիպասան՝ ծննդով Դահրավից, Հայկ Խաչատրյանի անունը: Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել` Վանյա Քոչարյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, Հակոբ Հակոբյանը, Միշա Անդրյանը, Հրաչիկ Ղազարյանը, Միշա Պետրոսյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հովհաննես Սամվելյանը, Վարդան Անդրյանը, Անիկ Հախումյանը, Նինա Սարգսյանը, Սերգեյ Հախումյանը, Ժորա Աբրահամյանը, Միքայել Գասպարյանը, Սուսաննա Գաբրիելյանը, Զոյա Ղալայանը, Սլավա Առուշանյանը, Եվգենյա Գրիգորյանը: Դահրավը տվել է տնտեսության, գիտության, մշակույթի, գրականության նշանավոր գործիչներ` հիդրոճարտարագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Սարկիսովը (Եգիպտոսի Ասուանի հիդրոհանգույցի կառուցման գլխավոր փորձագետ, Վոլժսկի ՀԷԿ–ի գլխավոր ինժեներ նրա նախաձեռնությամբ գյուղում ժամանակին փոքր ՀԷԿ է կառուցվել), գրող, պատմավիպասան Հայկ Խաչատրյանը, ճարտարապետ Արսեն Խաչատրյանը, Չելյաբինսկի մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր Լյուդմիլա (Լյուսիկ) Հախումյանը, ԱՀ գյուղնախարար Բենիկ Բախշյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր, «Հայբիզնես» բանկի վարչության նախագահ, տնտեսագիտության թեկնածու Արսեն Միքայելյանը:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դահրավ համայնքը լեռնային է։ Տարածքը՝ 2155,3 հեկտար է, որից 1011,55 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 1090,6 հա անտառային հողեր են։ Դահրավի սահմանով հոսում է Բադարա գետը։ Գյուղի նշանավոր հանդամասերն են՝ Բալին դուզ, Զնալի, Պլպլան, Ջնաել հող, Բխշիշ, Նավասարդ, Ժմհարեն կյումեր, Քշմրոր, Բլանց տափ, Սորփեն սեռ, Կռպաշտեն սեռ, Թեղուտ աղբյուր, Պիծի խովուխութ, Մեծ խովուխութ, Աղալլու, Մոշոտ թալա, Ղարա կապ:

Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում կա 70 տնտեսություն։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 2 ակունքներից։ Համայնքի տարածքում առկա են թվով 13 աղբյուրներ՝ «Մռվեն», «Կրմնջին», «Հարթեն», «Օրհնած», «Ռաֆֆու», «Խաչ», «Խաչի հող», «Պիծի կյումեր», «Սիսեռն», «Սորթուն հորթ», «Սուրթնեն երթ», «Նիկոսեն» և «Ումուռլու»։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսպորտային կապը կարգավորված է։ Կատարվում են ուղևորափոխադրումներ Դահրավ-Ստեփականերտ-Դահրավ միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղով։ Համայնքային ենթակայության ճանապարհները պատված են խճով և կոպճով, չմշակված կապակցող նյութերով։
Պատմամշակույթային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (XlXդ.), «Սռեն նահատակ» եկեղեցի (Xll-lllդդ.), աղբյուր (XlXդ.), մատուռ (Xll-Xlllդդ.), որմնափակ խաչքար (1081թ.), (1276թ.), շրջակայքում՝ մատուռ (XVl-XlXդդ.), սրբավայր «Եղցահող»(XVll-XVlllդդ.), Րաֆֆու աղբյուր-հուշարձանը (1800թ.), հին եկեղեցիների ավերակներ (Xlդ.)(Xlllդ.)։
Դահրավ գյուղում առկա է որմնափակ խաչքարեր, հուշարձանը Դահրավ գյուղի գլխավոր սրբավայրերից է։ Բուն սրբատեղին, որի վերնամասում (հարավ-արևելք) տեղադրված է որմնափակ խաչքարը՝ գեղեցկահյուս զարդաքանդակներով, կոչվում է «Փռշնի նահատակ», որտեղ պահպանվում են հոգևոր շինության մատուռի մնացորդները։ Անցյալում այստեղ կանգնած են եղել երեք որմնափակ խաչքարեր, այժմ միայն մեկն է կանգուն,Դահրավի որմնափակ խաչքարը գտնվում է գյուղից ոչ հեռու, Նահատակ կոչված մատուռի մոտ։ Հուշարձանը գտնվում է բարձր բլրի վրա, որը հարավային կողմից երիզված է քարաժայռերով, որոնք անմատչելի են դարձնում բլուրն այղ կողմերից: Պատերազմից առաջ հուշարձանը գտնվում էր բարվոք վիճակում։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական հայաթափումից հետո տարածքն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Հուշարձանի մասին տեղեկություններ չկան։

Դահրավն Արցախյան պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ հրամանատար՝ Սլավիկ Առուշանյան, որի հիմքի վրա ստեղծվել է դասակ, ապա ձևավորվեց վաշտ 118 հոգուց բաղկացած որի հրամանատարն էր Էդիկ Խաչատրյանը: Վաշտը մասնակցել է Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի և Մարտակերտի շրջաններում ընթացող մարտական գործողություններին: Ջոկատը ունեցել է 24 նահատակ, որոնցից 7–ը Դահրավից էին: Վաշտի հրամանատար Էդիկ Խաչատրյանը արժանացել է ԱՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի: ԱՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Բենիկ Հակոբյանը, Յուրա Ղարայանը, «Արիության համար» մեդալով՝ Ռ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը, Մ. Համբարձումյանը, Մ. Խաչատրյանը, Ա․Դավթյանը, Ս. Հովակիմյանը, Ա. Դանիելայնը, Վ. Բարսեղյանը, Վ. Միքայելյանը։ Գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ[4]

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 39.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 175։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 265)։ |
| |||||||||||||
