Ռև
Գյուղ | ||
---|---|---|
Ռև | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերանի | |
Գյուղապետ | Արմեն Սամվելի Արզումանյան | |
Մակերես | 1087,45 կմ² | |
ԲԾՄ | 984 մետր | |
Բնակչություն | 110 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ռևցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Ռև, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ հեռավորության վրա։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը ուշ շրջանի պատմական փաստարկներում կրում էր նաև Շալվա (Շողվագ) անունը։
«Ռև»-ը ստուգաբանվում է երևալ, երևացող տեղ, նաև՝ արև (արևակողմ, արեգդեմ) իմաստներով, որն էլ համապատասխանում է ու նկարագրում է ներկայիս բնակավայրին։
Գյուղը կարող է ունենալ նաև այլ իմաստ, եթե դա կապվի պարսկական համանուն բառի հետ։ Մարաստանում Հիշատակվում է «Ռէ» գավառը, իսկ «Ռեվան» (Ռեվանե) նչանակում է «գետ, գետահուն, հեղեղ» և այլն, որը կարող է համապատասխանել գյուղի նախկին տեղամասին, որը գտնվում էր Խաչենագետի մոտերքում կամ էլ կարող էր վերաբերել ներկայիս բնակավայրի աղբյուրին։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ «Ռեվան» նշանակում է «Ռե բնակավայր», դարձյալ «արևային, արեգդեմ» իմաստով[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան մասում՝ Ասկերանի շրջանում՝ նախկին Արցախի Խաչեն գավառում։ Բնակավայրը գտնվում է Ղարաբաղյան լեռնաշղթայից դեպի արևելք ձգվող լեռնաճյուղերից մեկի բարձրադիր հարթավայրային մասում՝ Սբ. Գևորգ սարի արևելյան փեշին[3]։
Համայնքը լեռնային է, ունի 1087,45 հա տարածք, որից 435,65 հա գյուղատնտեսական նշանակության, 613,94 հա անտառային հողեր։ Ռև համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Քարե», «Կումուրաղեն», «Մուշուհավա», «Ծլպլպլան», «Փադի», «Միրզախանանց» և «Անջրհողեն»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում և նրա մերձակայքում մնացած որոշակի կառույցների մնացորդներն ու հնավայրերը, մասնավորապես 18-19-րդ դարերի գերեզմանոցը, մեզ կարող է հուշել այն մասին, որ բնակավայրը գոյություն ունի առնվազն 17-րդ դարի երկրորդ կեսից[3]։
Գյուղը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին ունեցել է նաև Շալվա անունը։
Ռևում 1894 թվականին կառուցվել է Սբ. Ստեփանոս եկեղեցին, որը խորհրդային տարիներին օգտագործվում էր որպես կենցաղսպասարկման տուն[3]։
Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Ռևում 1930 թվականին կոլտնտեսություն է ստեղծվել, որը խոշորացման տարիներին Ծաղկաշատի և Սարդարաշենի տնտեսությունների հետ ներառված է եղել Նորագյուղի կոլտնտեսության կազմի մեջ։ 1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո Ռևում ստեղծվել են մասնավոր տնտեսություններ[3]։
Գյուղը Հայրենական մեծ պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռևից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 86 մարդ, զոհվել է 47-ը։ Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվել։ Ծննդով Ռևից են Խորհրդային միության հերոսներ Վ. Հովհաննիսյանը և Ս. Պետրոսյանը[3]։
Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան ազատագրական շարժման առաջին շրջանում՝ 1889-1990 թվականներին, Ռևում կամավորական ինքնապաշտպանական ջոկատ է կազմակերպվել, որը Ասկերանի Պաշտպանական շրջանի զորամասերի կազմում ռազմաճակատի տարբեր հատվածներում հերոսաբար կռվելով, պաշտպանել է Արցախի Հանրապետության սահմանները։ Գյուղից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է արժանացել Արթուր Պետրոսյանը[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռև համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 110 մարդ, կա 23 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 114 | 114 | 105 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Ստեփանոս եկեղեցի (1894 թ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), հաշվառված է 7 հուշարձան։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականին Ռևում բացվել է եկեղեցական-ծխական դպրոց։ 20-րդ դարի սկզբներին գյուղի ուսուցիչն էր Աննա Մանուկյանը։
Խորհրդային տարիներին մինչև 1970-ական թվականները, գյուղում գործել է ութամյա դպրոց։ Աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով դպրոցը փակվել էր։ Ներկայումս գյուղի աշակերտները սովորում են Ծաղկաշատի միջնակարգ դպրոցում[3]։
Համայնքում գործում են գյուղապետարան, ակումբ, մշակույթի տուն, առևտրի 1 կետ, բուժկետ[5]։
Բնակավայրը էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է։ Ունի խմելու ջրագիծ։
Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունը բնակչությանը հասանելի են[3]։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Սարգսյան Սլավա (2018)։ Արցախի բնակավայրերը։ Երևան։ էջ 36
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 128–129
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 82
|