Արտավազդ Ե Մանդակունի (ծն. և մահվան թթ. անհայտ), Մեծ Հայքի թագավորության արքա (253-261)։ 253 թ-ին Մեծ Հայքի թագավորության արքա Խոսրով II-ի գահին բռնատիրելու պատճառով, ինչպես նաև ողջ թագավորությունում առկա դժգոհության արդյունքում, գահընկեց արվեց Շապուհ I-ի խամաճիկի վերածված Խոսրով II-ը, որից հետո թագավորության խնամակալ-արքա հռչակվեց երկիր վերադարձած Արտավազդ Մանդակունին՝ Արտավազդ Ե-ը (253-261)[2][3][4][5][6][7][8][9][10]։ Հայոց նոր արքան, սակայն, ելնելով ուժերի իրական հարաբերակցության ստեղծված վիճակից, որևէ կերպ չսրեց հարաբերությունները Պարսից թագավորության հետ՝ արդյունքում, ըստ էության, հայտնվելով Շապուհ I-ի յուրօրինակ ենթակայի դերում: Գահակալել է Շապուհ I-ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։ 260 թվականի գարնանը Վալերիանոս I-ը խոշոր ուժերով ժամանեց Ասորիք, որից հետո Շապուհ I-ի արագաշարժ ջոկատները, որոնք մինչ այդ անընդհատ ոտնատակ էին տալիս Հյուսիսային Ասորիքը, հետ մղվեցին Եփրատի ձախ ափ։ Դրանից հետո, ի մի բերելով բոլոր ուժերը, Վալերիանոս I-ի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (70.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (6.000) նույն տարվա սեպտեմբերին Զևգմայի գետանցով անցան Եփրատը և սկսեցին շարժվել դեպի արևելք։ Իր հերթին Շապուհ I-ի գլխավորած Պարսից (մոտ 100.000) և Արտավազդ Ե-ի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 60.000) թագավորությունների միացյալ բանակը, որն առժամանակ, կարծես թե, չէր երևում, այս դեպքերից կարճ ժամանակ անց հեծելազորի հսկայական ու շարժունակ ուժերով հակառակորդի համար լիովին անակնկալ սրընթաց առաջխաղացում իրականացրեց և Եդեսիայի մոտ շրջապատեց կայսերական հսկայական բանակին։ Արդյունքում՝ հակառակորդի մասնակի, սակայն բազմաթիվ գրոհներից, հզոր նետահարությունից, ինչպես նաև պարենի ու ջրի պակասից և բռնկված հիվանդություններից Հռոմեական կայսրության բանակը սկսեց ծանր կորուստներ կրել, որից հետո, ստեղծված պայմաններում չգտնելով այլ ելք, ի վերջո իր ողջ կազմով անձնատուր եղավ[11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27]։ Վալերիանոս I-ը գերվեց, ինչը բացառիկ մի բան էր Հռոմեական կայսրության ողջ պատմության ընթացքում, փոխադրվեց Պարսից թագավորություն և այստեղ, բազում ստորացումներից հետո, հետագայում սպանվեց։ Արտավազդ Ե-ը Շապուհ I-ից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։ 261 թվականի ամենասկզբին Սասանյանների հզոր տիրակալը Մեծ Հայքի թագավորության գահից հեռացրեց Արտավազդ Ե-ին, որը, չունենալով այլ ելք, կրկին ապաստանեց Հռոմեական կայսրության սահմաններում, որից հետո Մեծ Հայքի թագավորության արքա հռչակեց իր ավագ որդի Որմիզդին (261-273)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 144)։