Խույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոյթից)
Jump to navigation Jump to search

Խույթ, գրաբար՝ Խոյթ (արտասանվում է Խույթ), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, գտնվում է Սասունի արևելյան կողմում, Տարոն գավառից հարավ-արևելք, Սանասունք լեռան հարավային կողմում։ Խիստ լեռնային գավառ է, ցուրտ կլիմայով և աղքատ բնությամբ[1]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուներ մոտ 1190 կմ2 տարածություն՝ շրջապատված անտառապատ լեռներով։ Կլիման բարեխառն է, մակերևույթը՝ հարթ։ Կենտրոնն էր համանուն բերդը։ Գավառի միջով հոսում է Բռնաշեն գետը։ Խույթը սահմանակից էր Սասուն գավառին, ուստի աղբյուրներում հաճախ այդ երկու տեղանունները գործածված են միևնույն նշանակությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ դարի երկրորդ կեսին միացվում է Տարոնի Մամիկոնյանների նախարարությանը, իսկ արաբական տիրապետության շրջանում և ավելի ուշ Սասունի հետ կազմում էր մեկ իշխանություն։ Խույթի հայությունը հայտնի էր օտար լուծի նկատմամբ իր ոչ հնազանդ վերաբերմունքով, Խույթից էր Հովնանը, որը 9-րդ դարի կեսերին Հայաստանում արաբական լծի դեմ ծավալված ապստամբության նշանավոր առաջնորդներից էր։

Խութեցիները հնուց հայտնի էին իրենց ազատասեր ու քաջակորով բնավորությամբ։ Նրանց կենցաղը, բարքերը, նիստուկացը նկարագրել է IX—X դդ. պատմագիր Թովմա Արծրունին՝ 851—852 թթ.-ի ժողովրդական ապստամբության առնչությամբ։ Այս ապստամբության ժամանակ Խույթի լեռնականները, Հովնան Խութեցու գլխավորությամբ, 851 թ.-ի գարնանամուտին, իջնելով լեռներից, ծանր պարտության են մատնել արաբական խալիֆայության զորքին, սպանել նրա զորապետ Յուսուփին։ Այդ դրվագը արտացոլվել է «Սասունցի Դավիթ» էպոսում։ Ապստամբությունը հիշատակում են նաև արաբ մատենագիրներ Բելազուրին և Թաբարին, Հայաստանի անկախության կորստից հետո էլ Խույթը պահպանել է իր կիսանկախ վիճակը։

1459—1460 թթ.-ին հակաթուրքական պայքարին մասնակցելու նպատակով Խույթից, որպես բանագնաց, Հռոմ է մեկնել (պապի հետ բանակցելու) Հեթումը։ 1514 թվականից հետո Խույթն ընկել է օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ։ Թուրքիայի կազմում Խույթը մտնում էր Բիթլիսի վիլայեթի մեջ՝ Բռնաշենի հետ կազմելով առանձին նահիե։

Ճարտարապետական կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խույթում XV դարում հիշվում է Քեռգու գյուղաքաղաքը։ Այդտեղ էր գտնվում Սբ. Աղբյուրիկ (Աղբերկա) կամ Վանդիր վանքը, որը կառուցվել էր V—VI դդ.։ Վանքը եպիսկոպոսանիստ էր, ուր իր կյանքի վերջին տարիներին եղել է Գրիգոր Մագիստրոսը։ Գմբեթավոր էր, պարսպապատ և ծառայում էր որպես ամրոց։ X—XIII դդ. այն եղել է Սասունի իշխանների դամբարանը։

Եղեռնի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թ.-ին Խույթն ուներ 19 հայաբնակ գյուղ։ Բնակչության մեծ մասը զոհվել է 1915 թ.-ի Մեծ եղեռնի ժամանակ։ 1916 թ.-ի գարնանը ռուս կազակների մի զորամաս մտել է Խույթ և ազատել նրա մնացած բնակիչներին (որոնք եղեռնի ժամանակ թաքնվել էին լեռնածերպերում) և տեղափոխել Մուշ՝ ապահովելով նրանց սննդամթերքով։ 1917 թ.-ի վերջին Խույթի ողջ մնացած բնակիչներն անցել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Աշտարակի ու Թալինի շրջանների գյուղերում։

Խույթի Կոռ գյուղում է ծնվել հայ նշանավոր փիլիսոփա, Գլաձորի համալսարանի հիմնադիր Ներսես Մշեցին (XIII—XIV դդ.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»
  • Պետոյան Վ., Սասնա ազգագրությունը, Ե., 1965

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png