Դրածո թագավորներ
| Դրածո արքաներ, Վաղանցիկ արքաներ | |
|---|---|
Դրածո արքաներ | |
| Հռոմեական կայսրության և Պարթևական կայսրության դրածո հայ թագավորներ | |
| Երկիր | |
| Տիրույթներ | Հայկական լեռնաշխարհ |
| Տիտղոսներ | Մեծ Հայքի Արքա |
| Մեծագույն ներկայացուցիչ | Արտաշես III |
| Հիմնում | Մ.թ.ա. 5 |
| Ավարտ | 62 |
Դրածո թագավորներ, «Վաղանցիկ արքաներ», իշխել են մ.թ.ա. 5 - 2, մ.թ. 2 - 62 թվականներին Մեծ Հայքում, հանդիսանալով Մեծ Հայքի թագավորության այս կամ այն հարևանի կողմից նշանակված դրածո, օտար լինելով հայերին և Հայաստանին ու երկրում չունենալով քիչ թե շատ ամուր մի հենարան, այս արքաները, որպես կանոն, կառավարում էին համեմատաբար կարճ մի ժամանակահատվածում՝ այդ ընթացքում ոչ միայն չունենալով որևէ իրական քաղաքական կշիռ, այլ նաև՝ սեփական իշխանության ամրություն և ապահովություն: Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո Հայաստանի անկախությունը պահպանվում էր ձևականորեն։ Հռոմը նշանակում էր թագավորների, սրանք հիմնականում չէին հարմարվում հայկական միջավայրին և երկիրը հզորացնելու փոխարեն թալանում էին այն։ Սրանք հիմնականում սպանվում էին դեռևս հզոր հայկական ավագանու կողմից։ Այս թագավորներից միայն Զենոն-Արտաշեսն էր, ով կառավարեց 17 տարի և մահացավ իր բնական մահով։ Սրանք իրենց դիրքերը պահպանում էին հիմնականում հռոմեական զինված ուժերի շնորհիվ։
Արտավազդ IV
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհանգստացած Տիգրան IV-ի ինքնուրույն քաղաքականությունից, կայսր Օգոստոսն ի վերջո կարողացավ հասնել նրան, որ Տիգրան IV-ը թողնի մեծ Հայքի թագավորության գահը՝ վերջինիս փոխարեն Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով Տիգրան IV-ի եղբայր Արտավազդին` Արտավազդ IV-ին (մ.թ.ա. 5-2)[1][2]։ Մ.թ.ա. 4 թվականին, իմանալով, որ Մեծ Հայքի թագավորության գահի և Արտավազդ IV-ի դեմ հանդես եկող ուժերը կենտրոնացել են Հայոց Միջագետքի թագավորության տարածքում, Արևելքում ուղղակի մարտական գործողություններ մղելուց մշտապես խուսափող կայսր Օգոստոսը ոտքի հանեց Հուդայի թագավորությանն ու նրա բանակին, սակայն նույն թվականի գարնանն էլ Հայոց Միջագետքում տեղի ունեցած Բուգնանի ճ-մ-ում Աբգար V Մեծի և Խուրան Արծրունու գլխավորած Հայոց Միջագետքի թագավորության բանակը գլխովին ջախջախեց Հայոց Միջագետքի թագավորության տարածք ներխուժած Հուդայի թագավորության բանակին[3][4][5]։ Մ.թ.ա. 2 թվականին Աբգար V Մեծի և Տիգրան IV-ի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը, մտնելով Մեծ Հայքի թագավորության տարածք, ոչնչացրեց և երկրից հալածեց Հռոմեական կայսրության բանակին, ինչի արդյունքում Արտավազդ IV-ը գահընկեց արվեց, իսկ Տիգրան IV-ը կրկին հռչակվեց Մեծ Հայքի թագավորության արքա[6]: Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։
Արիոբարզանես Ատրպատականցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան IV-ի զոհվելուց հետո Մեծ Հայքի թագավորության գահը փաստորեն անցավ Աբգար V Մեծին, որը, բացի այն, որ հսկայական հեղինակություն ուներ, նաև հանդիսանում էր արական ուղիղ գծով սպառված Մեծ Հայքի արքայական գահատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչը՝ իրենից, ըստ էության, ներկայացնելով Մեծ Հայքի թագավորության գահի ամենամոտիկ ժառանգորդը: Աբգար V Մեծի կողմից փաստացի Հայոց արքայի լիազորությունների տեր դառնալը, սակայն, ոչ մի կերպ չէր կարող բավարարել պաշտոնական Հռոմին, որը, եթե ինչ-որ տեղ պատրաստ էր համակերպվել Տիգրան IV-ի հետ, ապա Հայոց Միջագետքի հզոր տիրակալի հետ համակերպվել, այն էլ Մեծ Հայքի թագավորության գահին, իրոք որ ոչ մի կերպ ի վիճակի չէր, մանավանդ այն բանի ֆոնին, որ Հայոց Միջագետքի թագավորության գահակալը հսկայական հեղինակության էր հասել նաև Պարթևական թագավորությունում, որտեղ Հրահատ V-ը, ընդհակառակը, բացարձակապես և ոչ մի հեղինակություն
չուներ: Արդյունքում՝ արդեն 2 թվականին կայսր Օգոստոսի որդեգիր Գայոս Կեսարի գլխավորած Հռոմեական կայսրության մի խոշոր բանակ մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք, ընդ որում միաժամանակ արևելքից առաջխաղացում իրականացրեց նաև Ատրպատականի թագավորության արքա Արիոբարզանես II-ի (մ.թ.ա. 20 - մ.թ. 4, 2-4՝ նաև Մեծ Հայքում) գլխավորած Ատրպատականի թագավորության բանակը: Ստեղծված ծանր պայմաններում Աբգար V Մեծը, ի մի հավաքելով Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորության ուժերը, բայց միաժամանակ նաև խուսափելով ուղիղ ընդհարումից, ձեռնամուխ եղավ անկանոն դիմադրության կազմակերպմանը:
Մ.թ. 2 գարուն - սեպտեմբերի 9 – Արտագերս ամրոցի ճ-մ (Այրարատ, Արշարունիք գավառ, Արաքսի ձախ ափից մոտ 5 կմ հյուսիս)[7][8][9][10][11][12]
Տիգրան IV-ի զոհվելուց հետո, նպատակ ունենալով Մեծ Հայքի թագավորությունը ենթարկեցնել Հռոմեական կայսրությանը, Գայոս Կեսարի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը (մոտ 100.000), առաջանալով Անտիոք-Կոմագենե-Մելիտե-Եփրատի հովտով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Սինորա-Դերջան-Կարին-Բասեն-Բագրևանդ-Զարեհավան-Մասյացոտն երթուղով և ենթարկվելով անկանոն հարվածների, մոտեցավ Ատոմ իշխանի գլխավորությամբ ամրոցի մոտ մարտակարգ ընդունած Մեծ Հայքի թագավորության բանակին (մոտ 50.000)։ I փուլ – Հռոմեական կայսրության բանակը անցավ հարձակման: Բռնկվեց համառ և արյունահեղ մարտ, որի արդյունքում Հայկական բանակը, ի վերջո կտրվելով թշնամու բանակից, նահանջեց՝ շարունակելով մշտական սպառնալիքի տակ պահել վերջինիս: II փուլ – Գարնանը և ամռանը Հռոմեական կայսրության բանակը պաշարեց ամրոցը, սակայն առժամանակ որևէ հաջողության չհասավ, ընդ որում այդ ընթացքում բանակցության պատրվակով Գայոս Կեսարին մոտեցած Ատոմը դաշունահարելով ծանր վիրավորեց վերջինիս և կրկին հաջողությամբ ապաստանեց ամրոցում: III փուլ – Սեպտեմբերի 9-ին թշնամու բանակն ի վերջո, հաղթահարելով Հայկական բանակի համառ դիմադրությունը, գրավեց ամրոցը, ընդ որում Ատոմը, դիմադրելով թշնամուն մինչև վերջ, գերության մեջ չհայտնվելու համար ինքնասպան եղավ: Հայերը կորցրին մոտ 10.000, թշնամին մոտ 20.000 զինվոր:
Այս կամ այն կերպ տիրելով Մեծ Հայքի թագավորության տարածքին՝ պաշտոնական Հռոմի որոշմամբ անձնական ունիայի սկզբունքով Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Ատրպատականի թագավորության արքա Արիոբարզանես II-ը՝ Մեծ Հայքի թագավորության պարագայում՝ Արիոբարզանես Ատրպատականցին, որը Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր նրանով, որ իր հոր մայրը Արիոբարզանես I-ի կինը, Մեծ Հայքի թագավորության արքա Արտավազդ III-ի աղջիկն էր: Ինչ վերաբերում է Աբգար V Մեծին, ապա վերջինս իրեն հավատարիմ և հակահռոմեական տրամադրվածություն ունեցող ուժերի հետ միասին հետ քաշվեց Հայոց Միջագետքի թագավորության տարածք՝ միաժամանակ չդադարեցնելով նաև անկանոն պայքարը Մեծ Հայքի թագավորությունում հաստատված օտար տիրապետության դեմ: 4 թվականի փետրվարի 21-ին, այդպես էլ չապաքինված երկու տարի առաջ Արտագերսի պարիսպների տակ ստացած վերքից, կյանքից հեռացավ Հռոմեական կայսրության արևելյան տարածքների կառավարումն իրականացնող Գայոս Կեսարը, ընդ որում դրանից կարճ ժամանակ անց՝ նույն 4 թվականի կեսերին, Աբգար V Մեծի մղած գաղտնի կամ բացահայտ պայքարի արդյունքում սպանվեց նաև Արիոբարզանես II-ը։
Արտավազդ V
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիոբարզանես Ատրպատականցու մահից հետո պաշտոնական Հռոմը, կրկին մնալով անձնական ունիայի սահմաններում, Մեծ Հայքի թագավորության արքա հռչակեց Ատրպատականի թագավորության նոր արքա, սպանվածի որդի Արտավազդ III-ին՝ Արտավազդ V Մեծ Հայքի թագավորության պարագայում (4-5)։ 5 թվականին, սակայն, վերջինս ևս զոհ գնաց հայերի մղած պայքարին։
Տիգրան V Հրեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտավազդ V-ի մահից հետո, հրաժարվելով Ատրպատականի թագավորության տիրակալներից, պաշտոնական Հռոմը Մեծ Հայքի թագավորության արքա հռչակեց Տիգրան V Հրեային (5-6)։ Վերջինս Հուդայի թագավորության արքա Հերովդես I Մեծի թոռն էր և Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր նրանով, որ իր մոր մայրը` Կապադովկիայի թագավորության արքա Արքելայոսի կինը, Մեծ Հայքի թագավորության արքա Արտավազդ III-ի աղջիկն էր: Մեծ Հայքի թագավորության գահը, սակայն, երջանկություն չբերեց նաև Տիգրան V Հրեային, որը, ընդ որում բավականին կասկածելի հանգամանքներում, մահացավ արդեն 6 թվականին:
Այսպիսով՝ 2-6 թվականների դրությամբ Մեծ Հայքի թագավորությունում փաստորեն առկա էր մի դրություն, երբ, կենտրոն ունենալով Աբգար V Մեծի գլխավորած Հայոց Միջագետքի թագավորությունը, երկրում ծավալվում էր հզոր դիմադրական մի պայքար, որ արդյունքում ամբողջական քաղաքներ և ամրոցներ շարունակում էին դիմադրությունը: Փաստորեն, ըստ էության ստեղծվել էր մի վիճակ, երբ Վաղանցիկ արքաները տիրապետում էին միայն այն տարածքներին, որտեղ անմիջականորեն գտնվում էին սեփական կայազորային ուժերը, ընդ որում նույնիսկ այդ պարագայում էլ գրեթե ամեն տարի սպանվում էր մեկ Վաղանցիկ արքա[13][14]:
Էրատո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան V Հրեայի մահից հետո ստեղծված իրավիճակը ի վերջո ստիպեց ինչպես պաշտոնական Հռոմին, այնպես էլ Աբգար V Մեծին գնալ որոշակի փոխզիջումների, ինչի արդյունքում Մեծ Հայքի թագավորության թագուհի հռչակվեց Տիգրան III-ի դուստր Էրատոն (6-12), ընդ որում բուն թագավորությունում շարունակում էր հսկայական մնալ նաև Աբգար V Մեծի ազդեցությունը: Իրավիճակը առժամանակ հանդարտվեց, սակայն դա կարճ էր տևելու:
Վոնոն Պարթև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական բարքերի տեր Հրահատ V-ը, մինչև վերջ էլ ատելի մնալով պարթևական հասարակությանը, 4 թվականին սպանվեց, որից հետո Պարթևական թագավորության արքա հռչակվեց Հրահատ IV-ի մեկ այլ կնոջից ծնված որդի Օրոդես III-ը (4-6), սակայն այս արքան ևս չընդունվեց պարթևական հասարակության կողմից և իր արտառոց դաժանության ու անիմաստ հրամանների պատճառով շուտով հենց որսի ժամանակ էլ սպանվեց: Օրոդես III-ի սպանությունից հետո Պարթևական թագավորության գահին հաստատվեց Հռոմում մեծացած Օրոդես III-ի եղբայր Վոնոն I-ը (6-12), սակայն նա ևս, ունենալով ընդգծված հունահռոմեական վարքագիծ և խորթ լինելով պարթևական բարքերին, չընդունվեց պարթևական հասարակության կողմից, ընդ որում Ատրպատականի թագավորությունում այս տիրակալին ընդհանրապես հրաժարվեցին ճանաչել, երբ գործն ի վերջո հասավ պատերազմի: Փաստորեն, ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ Պարթևական թագավորություններում շարունակվում էր զգալի ներքաղաքական անկայունության վիճակը, որը պայմանավորված էր, ինչպես արդեն նշվեց, իր հզորության գագաթնակետին գտնվող Հռոմեական կայսրության հարևանությամբ, ընդ որում պաշտոնական Հռոմի ուժն ու ազդեցությունն այնքան ուժեղ էին, որ հաճախ նույնիսկ ուղղակի միջամտության բացակայության պարագայում էլ կայսրության հարևանները ներքաղաքական անկայունություն էին ապրում: 12 թվականին Վոնոն I-ի դեմ բռնկվեց հերթական ապստամբությունը, որից հետո վերջինս, զրկված Պարթևական թագավորության գահից, նահանջեց Մեծ Հայքի թագավորության ուղղությամբ: Մեծ Հայքի թագավորության տարածքում, ինչպես արդեն ասվեց, Էրատոյի իշխանությունը մեծապես միայն անվանական էր և արդյունքում, հարմար առիթ գտնելով, ինչպես նաև վայելելով պաշտոնական Հռոմի աջակցությունը, Վոնոն I-ը կամ, Մեծ Հայքի թագավորության պարագայում արդեն Վոնոն Պարթևը (12-16) իր իշխանությունը հաստատեց Մեծ Հայքի թագավորության գահին: Ինչ վերաբերում է Պարթևական թագավորությանը, ապա Վոնոն I-ի հեռանալուց հետո Պարթևական թագավորության արքա հռչակվեց 6 թվականից Ատրպատականի թագավորության գահը զբաղեցնող, Արտավազդ II-ի որդի Դարեհ II-ի (5-6) տղա Արտավան III-ը (6-12, 12-35, 36-38՝ նաև Պարթևական թագավորությունում): Մեծ Հայքի թագավորության գահին Վոնոն Պարթևի հաստատվելը մի կողմից դրական, բայց մյուս կողմից էլ բացասական էր Աբգար V Մեծի և հայրենասեր ուժերի համար: Իրոք, մի կողմից, այո, Վոնոն Պարթևն այնուհանդերձ Պարթևական թագավորության նախկին արքան էր և դա ենթադրում էր որոշակի պրոպարթևական քաղաքական կողմնորոշում, բայց մյուս կողմից էլ լիովին հռոմեական բարքերին ու կողմնորոշմանը տրված այս տիրակալի առկայությունն այնուհանդերձ նաև զգալի հռոմեամետ կողմնորոշում էր ենթադրում: Մեծ Հայքի թագավորության գահին Վոնոն Պարթևի հաստատման ընթացքում Հայոց արքայի տիտղոսի փաստացի կրողը, այսպես թե այնպես, շարունակում էր մնալ Աբգար V Մեծը։ Հենց այս ժամանակաշրջանին են վերաբերում Պատմահոր հաղորդումներն այն մասին, որ Աբգար V Մեծը իր մայրաքաղաքը Մծբինից տեղափոխում է Եդեսիա, որը, սպասելով հռոմեական հնարավոր ներխուժմանը, մեծապես ուժեղացնում է պաշտպանական կառույցներով[15]: Մեծ Հայքի թագավորության գահին Վոնոն Պարթևի կառավարումը իր ավարտը գտավ 16 թվականին, երբ, տեղեկանալով այն մասին, որ վերջինս չի վայելում հայերի աջակցություն, ինչպես նաև տեղի տալով նրան ժամանակին գահընկեց արած Պարթևական թագավորության արքա Արտավան III-ի հարաճուն սպառնալիքներին, Հուլիոս Տիբերիոսի հրամանով Ասորիքի կուսակալը իր մոտ հրավիրեց այս տիրակալին և գերեց[16][17], ընդ որում փախուստի անհաջող փորձի ժամանակ վերջինս հետագայում սպանվեց:
Օրոդես Պարթև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոնոն Պարթևի գահազրկումից հետո նույն 16 թվականին էլ Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Արտավան III-ի որդի Օրոդեսը՝ Օրոդես Պարթևը (16-18, 35): Զուտ իրավաբանորեն այս տիրակալը Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր մի կողմից նրանով, որ իր հոր հոր հայր` Ատրպատականի թագավորության արքա Արիոբարզանես II-ի, հոր մայրը՝ Արիոբարզանես I-ի կինը, Մեծ Հայքի թագավորության արքա Արտավազդ III-ի աղջիկն էր, իսկ մյուս կողմից էլ նրանով, որ իր հոր հորեղբայրն ու հոր հորեղբորորդին թագավորել էին նաև Մեծ Հայքի թագավորությունում: Օրոդես Պարթևի հաստատվելը Մեծ Հայքի թագավորության գահին, սակայն, այստեղ կտրուկ ուժեղացնում էր Պարթևական թագավորության և Աբգար V Մեծի դիրքերը, իսկ այդ հանգամանքը իր հզորության գագաթնակետում գտնվող Հռոմեական կայսրությունը ոչ մի կերպ թույլ տալ չէր կարող:
Արտաշես III
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիբերիոսը շուտով Արևելք է ուղարկում իր որդեգիր Գերմանիկոսին։ Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և կողմերի փոխադարձ համաձայնությամբ, Մեծ Հայքի թագավորության նոր արքա հռչակվեց Արտաշես III-ը (18-34), որը Պոնտոսի թագավորության արքա Պոլեմոն I-ի որդին էր և զուտ իրավաբանորեն Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր մի կողմից նրանով, որ Պոնտոսի թագավորության արքա Միհրդատ VI Եվպատորը ամուսնացած էր Տիգրան II Մեծի դստեր հետ, մյուս կողմից էլ նրանով, որ Միհրդատ VI Եվպատորի որդի և Պոնտոսի թագավորության արքա Փառնակ II-ի քույրը Տիգրան II Մեծի կինն էր: Արտաշես III-ը մանկությունից մեծացել էր հայկական միջավայրում և քաջածանոթ էր հայկական սովորույթներին։ Արտաշես III-ի գահակալումը տարածաշրջանում ուժերի և շահերի փոխադարձ հավասարակշռության հերթական մի դրություն ստեղծեց, որը պահպանվեց մինչև այս գահակալի մահը: Այս ընթացքում տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, խաղաղ դրություն հաստատվեց։
Զենոն-Արտաշես (18-34) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով։
Ըստ Մ. Խորենացու՝ Զենոն-Արտաշեսի (Արշամայի) իշխանության տարիներին լարվեց Մեծ Հայքի և Հռոմի արևելյան պրովինցիաների իշխողների միջև հարաբերությունները, կապված հայ-պարթևական հարաբերությունների հետ։ Այդ լարվածությունը վերածվում է զինված ընդհարման Հայոց զորքերի և արևելամիջերկրածովյան պրովինցիաների, Հռոմեական լեգիոնների միջև։ Այդտեղ սպանվում է Հռոմեական զորաջոկատները գլխավորող՝ Հրեաստանի Հերովդես թագավորի եղբորորդի Հովսեփը։ Մեծ Հայքին այնուհետև միավորվում են Օսրոյենեն և Փոքր Հայքը։ Դա առիթ է դառնում Հռոմեացի զորավար Գերմանիկոսի և Զենոն-Արտաշեսի հարաբերությունների վատացման, որը հանգեցնում է Զենոն-Արտաշեսին դաշինք կնքել Պարթևստանի թագավոր Արտավան ІІІ–ի հետ։ Զենոն-Արտաշեսը՝ Արտավան ІІІ–ի հովանավորությամբ Հայոց արքունիքը տեղափոխում է Եդեսիա։ Նրանք ստանում են Օսրոյենեի թագավորների «Աբգար» տիտղոսը (Աբգար V)։ Ըստ Մ. Խորենացու տիտղոսը ուներ «ավագ այր» կամ «հզոր» իմաստը[18]։
Արշակ II
[խմբագրել | խմբագրել կոդը]34 թվականին Արտաշես III-ի մահից հետո Վաղանցիկ արքաներից Մեծ Հայքի թագավորության գահին բազմեց Արտավան III-ի որդի Արշակ II Պարթևը (34-35): Վերջինս Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր նրանով, որ նախ իր հոր մոր հոր Ատրպատականի թագավորության արքա Արիոբարզանես II-ի հոր մայրը՝ Արիոբարզանես I-ի կինը, Արտավազդ III-ի աղջիկն էր և հետո նրանով, որ իր եղբայր Օրոդեսը, իր հոր մոր հայրը և իր հոր մորեղբայրը թագավորել էին նաև Մեծ Հայքում: Ոչ լրիվ, սակայն, քան մեկ տարի անց վերջինս իր իսկ մտերիմների կողմից սպանվեց, որից հետո Մեծ Հայքի թագավորության գահի համար պայքարը ակտիվ պատերազմական գործողությունների տեսք ստացավ:
34 թվականին Արտաշես III-ի մահից հետո Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Պարթևական թագավորության արքա Արտավան III-ի որդի Արշակը Արշակ II Պարթևը: 35 թվականին պաշտոնական Հռոմի դրդումով գործող իբերական գահի թեկնածու, Իբերիայի թագավորության արքա Փարսման I-ի եղբայր Միհրդատին հաջողվեց թունավորել Արշակ II Պարթևին և իր կողմնակիցների միջոցով կազմալուծել Մեծ Հայքի պաշտպանունակությունը: Դրանից հետո Փարսման I-ի և Միհրդատի գլխավորած Իբերիայի (մոտ 30.000) ու Ալանական (մոտ 50.000) թագավորությունների միացյալ բանակը հյուսիսից ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք: Թշնամու բանակն առանց դիմադրության հանդիպելու շարժվեց Մծխեթ-Խաղխաղ (վերջինը Ուտիք, Աղվե գավառ, Կուրի աջ վտակ Աղստևի զույգ ափերին) երթուղով, միացավ Աղվանքի թագավորության բանակին (մոտ 20.000) և, շարունակելով առաջխաղացումը դեպի հարավ, առանց դիմադրության հանդիպելու մտավ Արտաշատ: Ի պատասխան այս ամենի կրկին Մեծ Հայքի թագավորության արքա հռչակված Օրոդեսի Օրոդես Պարթևի, գլխավորած Պարթևական թագավորության հեծելազորը (մոտ 40.000) հարավից մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք և, արշավելով Մարանդ-Նախիջևան-Արած-Ուրծաձոր երթուղով, միավորվեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորությամբ Արտաշատից նահանջած Հայկական հեծելազորի (մոտ 30.000) հետ: Դրանից հետո Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ հեծելազորը բանակեց Արտաշատի մոտակայքում, սակայն այնպես ստացվեց, որ վերջինս սկսեց պարենի սուր պակաս զգալ, որի պատճառով էլ, չնայած թշնամու բանակի թվական գերակշռությանը, ի վիճակի չեղավ հետաձգել մարտը: Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին, ընդ որում Օրոդես Պարթևը սխալ ընտրեց մարտի վայրը, քանի որ սեփական հեծելազորը լեռնային տեղանքում կորցնում էր իր մարտավարական առավելությունը, այն դեպքում, երբ հակառակորդի բանակը, թվական գերակշռությունից բացի իր կազմում ունենալով նաև հետևազոր, լեռնային տեղանքում մարտավարական զգալի առավելություն էր ստանում: Սրանից զատ Օրոդես Պարթևը ընտրեց սեփական հեծելազորի օգտագործման նաև սխալ մարտավարություն չօգտագործելով հեռահար մարտում սեփական հեծելազորի ակնհայտ առավելությունը թշնամու հիմնականում ծանր հեծելազորի նկատմամբ: Եվ վերջապես Օրոդես Պարթևը սեփական հեծելազորը պահեց անշարժ վիճակում դրանով իսկ թույլ տալով հակառակորդին ոչ միայն արշավի ողջ թափով հարվածել վերջինիս, այլև՝ միանգամից անցնել մերձամարտի, որի պայմաններում բոլոր առավելություններն արդեն մերձամարտում հիանալիորեն գործող ծանր հեծելազորի կողմում էին: I փուլ – Թշնամու հեծելազորը հարձակվեց Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ հեծելազորի վրա ու միանգամից անցավ մերձամարտի, ինչի արդյունքում համառ մարտ բռնկվեց: II փուլ – Իբերիայի և Աղվանքի թագավորությունների միացյալ բանակի հետևակը անցավ հակառակորդի բանակի թիկունք ու թիկունքից հզոր հարված հասցրեց վերջինիս, ընդ որում տեղի ունեցած մենամարտում Փարսման I-ը ծանր վիրավորեց Օրոդես Պարթևին, որի մահվան մասին կեղծ լուրը լիովին բարոյալքեց նրա ռազմիկներին: III փուլ – Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը վերջնական պարտություն կրեց ու դիմեց փախուստի ցրվելով և դժվարությամբ կտրվելով հակառակորդից: Հայերը կորցրին մոտ 8.000, դաշնակիցը մոտ 10.000, թշնամին մոտ 3.000 զինվոր:
Միհրդատ Իբերացի
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշատի ճակատամարտի արդյունքում Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց հերթական Վաղանցիկ արքա Միհրդատը` Միհրդատ Իբերացին (35-37, 47-50), իսկ Գուգարքի Գոդերձական գավառն էլ անցավ Իբերիայի թագավորությանը։ Մեծ Հայքի թագավորության նոր արքան Իբերիայի թագավորության արքա Փարսման I-ի եղբայրն էր, այս երկուսը Իբերիայի թագավորության արքա Միհրդատ I-ի թոռներն էին, իսկ վերջինս էլ հանդիսանում էր Տիգրան II Մեծի որդի Արշակ I Հայի թոռ Բարտոմ I-ի աղջկա որդին՝ մի հանգամանք, որով հիմնավորվում էին Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ Վրաց Արշակունիների իրավունքները: Իր հերթին իրեն գահի վրա դեռևս բավարար ամուր չզգալով և ցանկանալով ազատվել Իբերիայի թագավորության գահի համար բացահայտ գահակալական պայքար մղող անչափ փառասեր սեփական եղբորից, Հռոմեական կայսրության օժանդակությունից օգտվող Փարսման I-ը, չնայած ոչ վաղ անցյալի թշնամությանը, սկսեց ակտիվորեն աջակցել Մեծ Հայքի թագավորության գահին հաստատված եղբորը՝ դրանով միաժամանակ փորձելով նաև իր ազդեցությունը տարածել վերջինիս թագավորության վրա: Այսպիսով՝ Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունները փաստորեն անսպասելի մի պարտություն կրեցին: Ստեղծված ծանր պայմաններում Արտավան III-ն և Աբգար V Մեծը[24], ցանկանալով շտկել իրավիճակը, իրենց թագավորության հիմնական ուժերով շարժվեցին Մեծ Հայքի թագավորության ուղղությամբ, սակայն այս անգամ գործեց արդեն պաշտոնական Հռոմը։ Հենց այս ժամանակ Աբգար V Մեծի ու Արտավան III-ի հարաբերությունները սկսոցին լուրջ ճգնաժամ ապրել և արդյունքում Հայոց Միջագետքի արքան ավելի սերտացրեց հարաբերությունները պաշտոնական Հռոմի հետ։
Գիսակ Դիմաքսյան
[խմբագրել | խմբագրել կոդը]37 թվականի կեսերին Կալիգուլան գահընկեց արեց Մեծ Հայքի թագավորության արքա, Աբգար V Մեծի հակառակորդ ընկալվող Միհրդատ Իբերացուն, որից հետո, նոր արքայի բացակայության պայմաններում, թագավորության կառավարումը փաստացի ստանձնեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանը, ինչը Հայոց Միջագետքի տիրակալի օգտին էր[25][26][27]։ Քննարկվող ժամանակաշրջանում «թագավոր Հայոց» տիտղոսի իրական կրողը փաստացի կրկին հանդիսանում էր Աբգար V Մեծը: Արձագանքելով այս փոփոխություններին՝ 37 թվականի աշնանը Պարթևական ու Ադիաբենեի թագավորությունների միացյալ բանակը Հայոց Միջագետքի թագավորության կայազորից այնուհանդերձ գրավեց Մծբինը և միացրեց այն Ադիաբենեի թագավորությանը[28]: Սա, սակայն, եղավ Արտավան III-ի վերջին ձեռնարկումներից մեկն և 38 թվականի սկզբին նա այլևս կենդանի չէր: 41 թվականի հունվարի 24-ին դավադիրները սպանեցին Կալիգուլային և Հռոմեական կայսրության նոր կայսր հռչակվեց սպանվածի հորեղբայր Կլավդիոսը՝ Կլավդիոս I-ը (41-54), որը թույլ մի անձնավորություն էր։ Կլավդիոս I-ի գահ բարձրանալուց հետո, սակայն, պաշտոնական Հռոմի վերաբերմունքը Մեծ Հայքի թագավորության նկատմամբ կրկին փոխվեց, այս ուղղությամբ վարվող քաղաքականությունը կրկին խստացվեց և որոշվեց ձևականորեն թափուր, իսկ փաստացի Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծի ազդեցության տակ գտնվող Մեծ Հայքի թագավորության գահին կրկին հաստատել հռոմեամետ մի թեկնածուի։ Արդյունքում՝ Մեծ Հայքի թագավորության տարածք ներխուժած Հռոմեական կայսրության խոշոր բանակը, օգտվելով որոշ հայ նախարարների դավաճանությունից, հաղթեց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակին։
Կոտիս Թրակիացի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիսակ Դիմաքսյանին հաղթելուց հետո Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Օդրիսի և Փոքր Հայքի թագավորությունների արքա Կոտիս Թրակիացին, որը Արտաշես III-ի քրոջ որդին էր և Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր հենց դրանով[29]։ Այսպիսով՝ մի ինչ-որ պահի Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունները միավորվեցին մեկ տիրակալի իշխանության ներքո, սակայն, հերթական այս Վաղանցիկ արքան ևս ոչ մի կերպ չկարողացավ հասնել իրական իշխանության։ Արդյունքում՝ 47 թվականին Կլավդիոս I-ը ի վերջո գահընկեց արեց նաև Կոտիս Թրակիացուն, որից հետո կրկին Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Միհրդատ Իբերացին:
Միհրդատ Իբերացի
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանության վերադարձած Միհրդատ Իբերացին, սակայն, ևս իրական իշխանություն չուներ և Մեծ Հայքի թագավորությունում շարունակվեց Վաղանցիկ արքաների դարաշրջանին բնորոշ անորոշ դրությունը: Իրոք, եթե իր թագավորության առաջին շրջանում արդեն իսկ նկարագրված պատճառներով Փարսման I-ն աջակցում էր հարավում գործող եղբորը, ապա այժմ, ամրապնդած սեփական դիրքերը տեղում, վերջինս ոչ միայն զրկեց եղբորն այդ աջակցությունից, այլև սկսեց գործել նրա դեմ: 50 թվականի աշնանը, Աբգար V Մեծի քրոջ որդի Սանատրուկը (50-51, 76-106՝ Մեծ Հայքում, 50-106՝ նաև Հայոց Միջագետքում)[30] հռչակվեց Մեծ Հայքի թագավորության արքա, երբ Միհրդատ Իբերացին, ըստ էության, գահընկեց արվեց և փակվեց Գառնի ամրոցում:
51 թվականին Պարթևական թագավորության արքա հռչակվեց վերջինիս որդի Վաղարշ I-ը (51-79), որը խնդիր դրվեց վերսկսել պայքարը Մեծ Հայքի թագավորության համար, ընդ որում Պարթևական թագավորության արքան նախատեսում էր այստեղ արքա հռչակել իր ավագ եղբայր Տրդատին։ 51 թվականի գարնանը Միհրդատ Իբերացուն գերելու նպատակ հետապնդող արքայազն Հռադամիզդի գլխավորած Իբերիայի թագավորության բանակը (մոտ 10.000) պաշարեց Գառնի ամրոցը (Արարատ, Ոստան Հայոց գավառ) Հռոմեական կայսրության կայազորից (մոտ 1.000), որի ղեկավարը, վերցնելով խոշոր կաշառք, ի վերջո առանց մարտի հանձնվեց: Հռադամիզդի կողմից բավարար երաշխիքներ ստացած վերջինիս հորեղբայր Միհրդատ Իբերացին գերվեց և հետագայում այնուհանդերձ սպանվեց՝ չնայած նույնիսկ այն բանին, որ ամուսնացած էր Հռադամիզդի քրոջ հետ: Այս առումով հետաքրքիր է նշել, որ նենգամիտ Հռադամիզդը, դրդելով հորեղբորը սեփական ընտանիքի հետ միասին հանձնվել, երդվեց չթափել հանձնվողների արյունը և արդյունքում հավատարիմ մնաց իր երդմանը՝ արդյունքում ուղղակի հրամայելով գերված հորեղբոր և նրա ընտանիքի անդամների վրա ծանր գորգեր լցնել, ինչի հետևանքով վերջիններս խեղդամահ եղան[31][32]։
Հռադամիզդ Իբերացի
[խմբագրել | խմբագրել կոդը]Միհրդատ Իբերացու սպանությունից հետո Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Հռադամիզդը Հռադամիզդ Իբերացին (51, 51-54)։ Այս առումով հարկ է նշել, որ Հռադամիզդ Իբերացին Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր մի կողմից նրանով, որ հանդիսանում էր Տիգրան II Մեծի որդի Արշակ I Հայի թոռ Բարտոմ I-ի աղջկա որդի Միհրդատ I-ի թոռ Փարսման I-ի որդին, մյուս կողմից էլ նրանով, որ իր հորեղբայրը՝ Միհրդատ Իբերացին, թագավորել էր Մեծ Հայքի թագավորությունում: 51 թվականի դեկտեմբերին պարթևական Տրդատ արքաեղբոր և սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Պարթևական (մոտ 30.000), ինչպես նաև Մեծ Հայքի (մոտ 30.000) ու Հայոց Միջագետքի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը արշավեց Գանձա-Տրպատունիք-Թավրիզ-Գաբիթյան-Մարանդ-Հեր-Զարավանդ-Ճվաշ-Արտազ-Զարեհավան-Մասյացոտն-Արտաշատ-Մասյացոտն-Զարեհավան-Բագրևանդ-Մանազկերտ-Տարոն-Բաղեշ-Տիգրանակերտ երթուղով Հռադամիզդ Իբերացու գլխավորությամբ նահանջող Հռոմեական կայսրության (մոտ 5.000) և Իբերիայի թագավորության (մոտ 10.000) միացյալ բանակից առանց լուրջ դիմադրության հանդիպելու գրավելով Մեծ Հայքի թագավորության տարածքը։ Արդյունքում՝ Հռադամիզդ Իբերացին դիմեց փախուստի և ապաստանեց հոր մոտ, իսկ Մեծ Հայքի թագավորության արքա հռչակվեց Տրդատը` Տրդատ I-ը (51, 54-59, 62-76)։ Ստացվեց այնպես, սակայն, որ պարենի անբավարարության, վերահաս ձմեռվա և բռնկված համաճարակի պատճառով դաշնակից բանակը արդյունքում ինքն էլ Տիգրանակերտ-Ադիաբենե երթուղով նահանջեց Պարթևական թագավորության տարածք, իսկ Հռադամիզդ Իբերացու բանակն էլ իր հերթին կրկին մտավ Մեծ Հայքի թագավորության տարածք[33]։ Այսպիսով՝ Վաղարշ I-ի կողմից Մեծ Հայքի թագավորության գահին տիրելու փորձն ավարտվեց անհաջողությամբ, սակայն պայքարը դեռևս առջևում էր։ 54 թվականի դեկտեմբերին Գանձա-Տրպատունիք-Թավրիզ-Գաբիթյան-Մարանդ-Գողթն-Նախիջևան-Արած-Ուրծաձոր երթուղով Տրդատ I-ի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ արշաված Պարթևական (մոտ 30.000), ինչպես նաև Մեծ Հայքի (մոտ 30.000) ու Հայոց Միջագետքի (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակը Արտաշատի ճ-մ-ում հաղթեց Հռադամիզդ Իբերացու գլխավորած Իբերիայի թագավորության բանակին (մոտ 30.000): Հռադամիզդ Իբերացին դիմեց խուճապահար փախուստի, ընդ որում Մեծ Հայքի թագավորության գահի այս անհաջողակ հավակնորդի փախուստն այն աստիճան հապճեպ էր, որ, չկարողանալով հետը տանել սուր ցավերից տառապող իր հղի կնոջը, նա նույն այդ կնոջ իսկ խնդրանքով դաշունահարեց վերջինիս և նետեց Արաքս գետը։ Ստացվեց այնպես, սակայն, որ տեղի հայ հովիվները փրկեցին ծանր վերք ստացած այդ կնոջը, իսկ հետո էլ, պարզելով վերջինիս բարձր ծագումը, նրան հասցրին Տրդատ I-ի մոտ։ Արդյունքում՝ ծանր ճակատագրի արժանացած այս կինը հետագայում հաջողությամբ ծննդաբերեց և լույս աշխարհ բերեց տղա մի երեխայի, որը տասնամյակներ անց տարածաշրջանի քաղաքական զարգացումներում դեռ իր դերն ունենալու էր։ Այս առումով հետաքրքիր է նաև հենց իրեն՝ Հռադամիզդ Իբերացուն, բաժին հասած ճակատագիրը, որը, այս ամենից հետո ևս չդադարեցնելով պայքարը սեփական հոր դեմ այս անգամ արդեն Իբերիայի թագավորության գահի համար, ի վերջո հենց Փարսման I-ի իսկ հրամանով էլ սպանվեց։
Տրդատ I
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի թագավորության տարածքի մեծ մասը ազատագրվեց և թագավորության արքա կրկին հռչակվեց Տրդատ I-ը, սակայն Ծոփքը մնաց պաշտոնական Հռոմի տիրապետության տակ, որը այստեղ վերականգնեց Ծոփքի թագավորությունը և անձնական ունիայի սկզբունքով նրա արքա հռչակեց Հեմսի գահակալ Հուլիոս Սոհեմոսին (54-72), ընդ որում վերջինս Ծոփքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր նրանով, որ հեռավոր ազգակցական կապ ուներ Ծոփքի թագավորության վերջին արքա Արտանես II-ի հետ։
Տիգրան VI Հրեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմիցիանոս Կորբուլոնի առաջին արշավանքի (58 գարուն - 59 աշուն) արդյունքում Դոմիցիանոս Կորբուլոնը Մեծ Հայքի թագավորության արքա հռչակեց Տիգրան VI Հրեային (59-62) ու, թողնելով նրան պահակային մի ջոկատ (1.000 լեգեոներ, 1.500 դաշնակից ռազմիկներ, 1.000 հեծյալ), ինքը Հռոմեական կայսրության բանակի հիմնական մասով (մոտ 72.000) շարունակեց արշավանքը նպատակ ունենալով հեռանալ Մեծ Հայքի թագավորության տարածքից: Տիգրան VI Հրեան Հուդայի թագավորության արքա Հերովդես I Մեծի թոռան որդին էր, որը Մեծ Հայքի թագավորության գահի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր մի կողմից նրանով, որ իր հոր մոր մայրը Կապադովկիայի թագավորության արքա Արքելայոսի կինը, Արտավազդ III-ի աղջիկն էր, մյուս կողմից էլ նրանով, որ իր հորեղբայրը՝ Տիգրան V Հրեան, թագավորել էր Մեծ Հայքում։ Չնայած իրավաբանական այս խրթին և ոչ համոզիչ փաստարկներին, սակայն, Մեծ Հայքի թագավորության բնակչության հիմնական մասը այդպես էլ որևէ կերպ հակված չէր իր համար որպես արքա տեսնել Տիգրան VI Հրեային, որն իր դիրքերը երկրում պահում էր բացառապես միայն Հռոմեական կայսրության ռազմական մեքենայի շնորհիվ: 60 թվականի գարնանը Մծբինի ճ-մ-ում Տրդատ I-ի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Պարթևական (մոտ 5.000), Մեծ Հայքի (մոտ 10.000) ու Հայոց Միջագետքի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակը հաղթեց Տիգրան VI Հրեայի գլխավորությամբ քաղաքը գրավել փորձող Հռոմեական կայսրության բանակին (մոտ 3.000), ընդ որում թշնամու բանակի մնացորդները նահանջեցին և ապաստանեցին Տիգրանակերտում, որտեղ վերջիններիս միացան Դոմիցիանոս Կորբուլոնի ուղարկած 2 լեգեոններ[34][35]: 61 թվականի գարնանը Տրդատ I-ի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորած Պարթևական (մոտ 20.000) և Մեծ Հայքի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակը Տիգրան VI-ի Հրեայի գլխավորած Հռոմեական կայսրության բանակից (մոտ 16.000) պաշարեց Տիգրանակերտը` ոչնչացնելով պարեն ձեռք բերելու նպատակով քաղաքից դուրս եկած թշնամու մի ջոկատի: Հռանդեայի ճակատամարտից հետո մի կողմից Դոմիցիանոս Կորբուլոնի, իսկ մյուս կողմից էլ Վաղարշ I-ի և Տրդատ I-ի միջև նույն Հռանդեայում սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքում կնքվեց Հռանդեայի հաշտության պայմանագիրը ու Հռոմեա-Պարթևական I պատերազմն ավարտվեց։ Արդյունքում՝ Տրդատ I-ը հռչակվեց Մեծ Հայքի թագավորության արքա, սակայն նա իր թագը պետք է ստանար կայսր Ներոնից[36][37][38][39]։
«Դրածո թագավորներ» ձևակերպման վերաբերյալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնուց մինչև ներկա ժամանակաշրջանի մարդկության պատմութան ուսումնասիրությունները հանգեցնում են մեկ ընդհանուր օրինաչափության, որ գրեթե բոլոր մարդկային պատմության ժամանակաշրջաններում գոյություն են ունեցել երկու իրար հետ մրցակցող գերտերություններ կամ պետական խմբավորումներ, որոնց միջև իրենց գոյությունն են պահպանել մնացած պետական կառույցները, որոնք տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադրություններից ելնելով ընդունել են տվյալ գերտերություններից որևէ մեկի իշխանությունը կամ հովանավորությունը։ Հետևաբար, եթե առաջնորդվենք հոդվածում ներկայացված <դրածո թագավորներ> ձևակերպման սկզբունքով (որը ի դեպ՝ երևի միայն Հայ ժողովրդի պատմության մեջ առաջ քաշված ձևակերպում է), ապա Հայոց բոլոր թագավորներին՝ ընդհուպ Տիգրան Բ Մեծին (Տիգրան Բ-ն Երկար տարիներ պատանդ մնալով Պարթևստանի արքա Միհրդատ II-ի մոտ, մ.թ.ա. 95-ին՝ վերջինիս զիջելով Հայաստանի հարավ-արևելյան գավառները (70 հովիտները)՝ ազատվել է պատանդությունից և Միհրդատ II-ի հովանավորությամբ ժառանգել Հայոց գահը), Տրդատ Գ Մեծին (Պարսից տերության դեմ Ավրելիանոս կայսեր հաղթական արշավանքին մասնակցած Տրդատ Գ-ն ժամանակավորապես (274-276) տիրել է Հայոց գահին։ 287-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը պաշտոնապես Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր) և վերջացրած Բագրատունյաց թագավորության հիմնադիր Աշոտ Ա Բագրատունուց (885-ին խալիֆը Արմինիայի ոստիկան Իսա իբն-Շեյխին հանձնարարեց արքայական թագ ու զգեստ տանել Աշոտին և հայտարարել Արմինիաի թագավոր։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ Ա
կայսեր ուղարկած թագը և հովանավորությունը՝ գտնելով միջազգային ճանաչում)՝ ստիպված կլինենք ընդգրկելու <դրածո թագավորներ>-ի շարքում։
Հետևաբար ժամանակն է ձերբազատվելու նախկինում օգտագործվող նման անտեղին ձևակերպումներից։
Դրածո թագավորների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անուն | Իշխել է | Ծանոթագրություններ |
|---|---|---|
| Արտավազդ IV | Մ.թ.ա. 5 - 2 | Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան III-ի որդին, Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան IV-ի եղբայրը |
| Արիոբարզանես Ատրպատականցի | Մ.թ. 2 - 4 | Ատրպատականի թագավորության արքա Արտավազդ II-ի որդի, Ատրպատականի թագավորության արքա (մ.թ.ա. 20 - մ.թ. 4) |
| Արտավազդ V | 4-5 | Ատրպատականի և Մեծ Հայքի թագավորությունների արքա Արիոբարզանես II-ի որդին, Ատրպատականի թագավորության արքա (4 - 5) |
| Տիգրան V Հրեա | 5 - 6 | Հուդայի թագավորության արքա Հերովդես I Մեծի թոռը |
| Էրատո | 6-12 | Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան III-ի դուստրը, Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան IV-ի քույրը |
| Վոնոն Պարթև | 12 - 16 | Պարթևական թագավորության արքա Հրահատ IV-ի որդի, Պարթևական թագավորության արքա (6-12) |
| Օրոդես Պարթև | 16 - 18 | Պարթևական թագավորության արքա Արտավան III-ի (6-12՝ Ատրպատականում, 12-35, 36-38՝ նաև Պարթևական թագավորությունում) որդին |
| Արտաշես III | 18 - 34 | Պոնտոսի և Փոքր Հայքի թագավորությունների արքա Պոլեմոն I-ի որդին |
| Արշակ II Պարթև | 34 - 35 | Պարթևական թագավորության արքա Արտավան III-ի (6-12՝ Ատրպատականում, 12-35, 36-38՝ նաև Պարթևական թագավորությունում) որդին |
| Օրոդես Պարթև | 35 | Պարթևական թագավորության արքա Արտավան III-ի (6-12՝ Ատրպատականում, 12-35, 36-38՝ նաև Պարթևական թագավորությունում) որդին |
| Միհրդատ Իբերացի | 35 - 37 | Իբերիայի թագավորության արքա Քարտամ II-ի որդի, Իբերիայի թագավորության արքա Փարսման I-ի ավագ եղբայրը |
| Գիսակ Դիմաքսյան | 37 - 41 | Մեծ Հայքի թագավորության սպարապետ, Դիմաքսյան տոհմի նահապետ |
| Կոտիս Թրակիացի | 41 - 47 | Պոնտոսի թագավորության արքա Պոլեմոն I-ի աղջկա և Արտաշես III-ի քրոջ` Տրիփոնիայի և Թրակիայի Կոտիս թագավորի որդին, Օդրիսի և Փոքր Հայքի թագավորությունների արքա (38-47) |
| Միհրդատ Իբերացի | 47 - 50 | Իբերիայի թագավորության արքա Քարտամ II-ի որդի, Իբերիայի թագավորության արքա Փարսման I-ի ավագ եղբայրը |
| Սանատրուկ | 50 - 51 | Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար V Մեծի քրոջ որդին, Հայոց Միջագետքի թագավորության արքա (50-106), Մեծ Հայքի թագավորության արքա (76-106) |
| Հռադամիզդ Իբերացի | 51 | Մեծ Հայքի թագավորության արքա Միհրդատ Իբերացու եղբոր որդին |
| Տրդատ I | 51 | Պարթևական թագավորության արքա Վոնոն II-ի որդին, Պարթևական թագավորության արքա Վաղարշ I-ի ավագ եղբայրը |
| Հռադամիզդ Իբերացի | 51 - 54 | Մեծ Հայքի թագավորության արքա Միհրդատ Իբերացու եղբոր որդին |
| Տրդատ I | 54 - 59 | Պարթևական թագավորության արքա Վոնոն II-ի որդին, Պարթևական թագավորության արքա Վաղարշ I-ի ավագ եղբայրը |
| Տիգրան VI Հրեա | 59 - 62 | Հուդայի թագավորության արքա Հերովդես I Մեծի թոռան որդին, Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան V Հրեայի եղբոր որդին |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 55, գլուխ 10
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 3, 4
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 26
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 6
- ↑ Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 4
- ↑ Ֆլորիանոս «Համառոտագրություններ», գիրք 4, գլուխ 32
- ↑ Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 55, գլուխ 10a
- ↑ Վելլեյուս Պատերկուլոս «Հռոմեական պատմություն», գիրք 2, գլուխ 100
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 4
- ↑ Ստրաբոն «Աշխարհագրություն», գիրք 11, գլուխ 14, մաս 6
- ↑ Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 19
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 4
- ↑ Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 17, գլուխ 5
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 27
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 3, 4, 5, 6
- ↑ Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 17, գլուխ 2
- ↑ Մովսես, Խորենացի, 5-րդ դար. (2014). Հայոց պատմություն. Ēditʻ Print. ISBN 978-9939-52-891-5. OCLC 951628371.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 31-35
- ↑ Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 17, գլուխ 4
- ↑ Սվետոնիոս «Տասներկու կեսարների կյանքը, Տիբերիոս», մաս 41
- ↑ Ավրելիանոս Վիկտոր «Քաղվածքներ հռոմեական կայսրերի կյանքից և բարքերից», գլուխ 2
- ↑ Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 27
- ↑ Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 58, գլուխ 26, գիրք 59, գլուխ 27
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 6, գլուխ 36
- ↑ Պետրոս Պատրիկոս «Պատմություն», հատված 1
- ↑ Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 20, գլուխ 3
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 11, գլուխ 8, 9
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 34
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 12, գլուխ 44-48
- ↑ Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 54
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 12, գլուխ 50
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 1-4
- ↑ Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 62, գլուխ 20
- ↑ Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 24-31
- ↑ Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 62, գլուխ 22, 23, գիրք 63, գլուխ 1
- ↑ Ֆրոնտին «Ստրատեգամներ», գիրք 4, գլուխ 2, մաս 3
- ↑ Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 54
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ ժողովրդի պատմություն, h.1., Երևան, 1971։
- Գ․ Տ․ Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Ե․, 1986։
- Աստարյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912։
- Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր II, Երևան, 1984։
- Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, հ. Ա, Երևան, 2001։
- Ժամկոչյան, Հայ ժողովրդի պատմություն, Երևան, 1975։