Սարգոն II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգոն II
Ծնվել է՝մ.թ.ա. մոտ 767
ԾննդավայրՆիմրուդ, Նինվեի մարզ
Մահացել է՝մ. թ. ա. 705
ԵրկիրԱսորեստան և Բաբելոն
ՏոհմՍարգոնների հարստություն
գերիշխան
ՀայրԹիգլաթպալասար III
ԵրեխաներՍինաքերիբ

Սարգոն II (ասուր․ Շարրուքին՝ «օրինական արքա»), Ասորեստանի թագավոր մ․թ․ա․ 722-705 թթ.։ Գահ է բարձրացել ավագ եղբորը՝ Սալմանասար 5-րդին դավադրաբար գահընկեց անելուց հետո։

Իր դիրքն ամրապնդելու նպատակով մեծ արտոնություններ է շնորհել բարձրաստիճան վերնախավին, զինվորականներին, վերականգնել է Ասորեստանի, Բաբելոնիայի հին քաղաքների՝ Աշշուրի, Նիպպուրի, Սիպպարի և Բաբելոնի արտոնությունները, իր կողմն է գրավել քրմական և առևտրական դասին։ Ամրացրել է բանակը, ստեղծել վարձկան զորք։ Արտաքին ասպարեզում շարունակել է հոր՝ Թիգլատպալասար III նվաճողական քաղաքականությունը։ 721 թ-ին գրավել է դեռևս Սալմանասար V ժամանակ պաշարված Սամարիան՝ Իսրայելի մայրաքաղաքը, 720 թ-ին՝ Ռաֆիա քաղաքը (Գազայից հարավ) և պարտության մատնել նրան դաշնակցած եգիպտական զորքին, 719 թ-ին հաղթել է Կարքեմիշի թագավորին։

Սարգոն II մանրակրկիտ նախապատրաստվել է Ասորեստանի գլխավոր թշնամու՝ Ուրարտուի դեմ պատերազմին, կենտրոնական իշխանության դեմ է հրահրել Ուրարտուի տարբեր մարզերի կառավարիչներին։ Մ․թ․ա․ 714 թ. Սարգոն II մտել է Մանա, ապա Ուրմիա լճի հյուսիս-արևելյան կողմից ներխուժել Ուրարտուի կենտրոնական շրջաններ, գրավել և ավերել է մի շարք քաղաքներ։ Ասորեստան վերադառնալու ժամանակ մի ընտիր գնդով անսպասելի հարձակվել է Ուրարտուի կրոնական կենտրոն Մուսասիրի (Մուծածիր) վրա, գրավել և թալանել է այն, տարել հսկայական հարստություն՝ ոսկե, պղնձե, արծաթե բազմաթիվ իրեր, արձաններ, այդ թվում՝ ուրարտական դիցարանի գլխավոր աստված Խալդիի և նրա կին Բագմաշտուի (Վարուբանի) պղնձաձույլ արձանները։ Սարգոն II խոչընդոտել է Ուրարտուի և Փռյուգիայի դաշինքին՝ արևմուտքում և Էլամի ու Բաբելոնի դաշինքին՝ արևելքում։ Գրավել է Մարաստանի մի շարք շրջաններ։ Մ․թ․ա․ 712-707 թթ. ընթացքում Սարգոն IIկառուցել է տվել նոր մայրաքաղաք Դուր-Շարրուքինը (այժմյան Խորսաբադը), այն բնակեցրել տարբեր երկրներից գերեվարած բնակիչներով և արքունիքը Քալախից տեղափոխել այնտեղ։ Սպանվել է արշավանքի ժամանակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 219