Կողքիս[1] կամ Կոլխիդա[1] (վրաց.՝ և լազ.՝კოლხეთი, կոլխեթի, հին հունարեն՝ Κολχίς, Colchís), հին վրացական[2][3][4] պետություն[5][6], թագավորություն և տարածաշրջան[7] արևմտյան Վրաստանում։ Կոլխիդան վրաց ազգի կայացման և կազմավորման մեջ մեծ դեր է խաղացել[8][9] և եղել է վաղ վրացական (քարթվելական) պետություն[4], որը նաև մեծ դեր է ունեցել արևելավրացական Իբերիա պետության հետ միավորումից հետո վրացական ֆեոդալական պետության կազմավորման մեջ[10][11]։
Մ.թ.ա. VI դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվեց Կոլխիդայի թագավորությունը, որը հայոց Երվանդունիների թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում էր։ Հետագայում ձևավորվում է Իբերիայի թագավորությունը։ Հետաքրքիր է, Իբերիայի առաջին մայրաքաղաքը Արմազն էր։
Ենթադրվում է, որ Կոլխիդայի թագավորությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Նրա տնտեսության առաջատար ճյուղը եղել է երկրագործությունը։ Գոյություն ունեին քաղաքատիպ առևտրա-արհեստավորական կենտրոններ՝ Փասիս (Ռիոն) գետի հովտում, և քաղաքներ՝ Սև ծովի ափին։ Զարգացած էր երկաթի մշակությունը, ոսկերչությունը, բրուտագործությունը, կտավագործությունը, փայտամշակությունը։ Շրջանառության մեջ էին արծաթե դրամներ, որոնք թողարկվում էին Սև ծովի արևելյան ափի հունական գաղութներում (Դիոսկուրիա, Գիենոս, Փասիս)։ Կոլխական ցեղային միությունը՝ «թագավորությունը», մ.թ.ա. 6-րդ դարի վերջին և 5-րդ դարի 1-ին կեսին գտնվում էր ԱքեմենյանԻրանի, այնուհետև հունա-մակեդոնյան ազդեցության ոլորտում, մ.թ.ա. 2-րդ դարի վերջին՝ Պոնտական թագավորության կազմում, իսկ մ.թ.ա. 65 թվականին՝ Հռոմի տիրապետության տակ։ Կոլխիդայի թագավորության տարածքում մ.թ. 1-2-րդ դարերի սահմանագծում առաջացան մանր իշխանություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 513)։