Աղվանից կաթողիկոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աղվանից եպիսկոպոսապետություն կամ Աղվանից կաթողիկոսոթյուն Աղվանից եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը։ Կազմավորվել է 6-րդ դ. 2-րդ կեսին։ Ընդգրկել է բուն Աղվանքի և Մեծ Հայքի Ուտիք ու Արցախ նահանգների թեմերը, ընդունել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գահերեցությունը։ Կառուցվածքով հար և նման էր Հայ, Վրաց, Ասորվոց և Արևելյան մյուս եկեղեցիների կաթողիկոսություններին։ Կաթողիկոսը ընտրվել է եկեղեցական բարձրագույն ժողովում՝ թեմերի առաջնորդների ու հրավիրված բարձրաստիճան աշխարհականների կողմից և ձեռնադրվել Ամենայն հայոց կաթողիկոսից։ Նա կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Կաթողիկոսության կենտրոնը դարձել է մայրաքաղաք Պարտավը (462 թ.-ին հիմնել է Առանշահիկներից Վաչե Բ)։ Տարբեր ժամանակներում կաթողիկոսանիստ են եղել Կապաղակը, Ամարասի վանքը, Չարեքաբերդը, Գանձակը, Գանձասարի վանքը։

1240 թվականից բարձրացել է Գանձասարի եպիսկոպոսության հեղինակությունն ու դերը, որտեղ ժառանգաբար գահակալել են Հասան-Ջալալյանները (իշխանական տոհմ Խաչենում14-րդ դարից կաթողիկոսությունը տեղափոխվել է Գանձասարի վանք, սկսել է ավելի հաճախակի կոչվել ուղղակի Գանձասարի կաթողիկոսություն՝ ի հոգևորս ենթարկվելով Սուրբ Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը։ Աղվանից կաթողիկոսությունը (Գանձասարի) տնօրինել է բուն Աղվանքի (Կապաղակ, Շաքի, Բաղախատ), և Մեծ Հայքի «Արևելից Կողմանց» (Պարտավ, Ամարաս, Ուտիք, Գարդման, Հաշու, Մեծկըվենք, Գանձասար, Բաղասական) թեմերը։ Տարբեր ժամանակներում Աղվանից կաթողիկոսությանն են ենթարկվել նաև Հաբանդի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Դերբենդի և այլ եպիսկոպոսական թեմեր։ Աղվանից կաթողիկոսությունը հոգևոր բնագավառից բացի գործուն մասնակցություն է ունեցել հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին։

Աղվանից կաթողիկոսության անվանումը դարձել է սոսկ վերացական հասկացություն։ Գանձասարի կաթողիկոսությունը, հատկապես Հասան-Ջալալյանների հայրապետությամբ, եղել է Արցախում հաստատված մուսուլման խաների բռնակալության դեմ մելիքների ընդդիմության, XVIII դ. 1-ին քառորդի հայ ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչը, ոգեշնչողն ու հոգևոր, քաղաքական կենտրոնը։ Այն վերածվել է ռուսական կողմնորոշման ուղեցույցի և ռուսական արքունիքում թուրք-պարսկական լծից ազատագրվելու հայոց իղձերի թարգմանի։ 1815 թ. ցարական կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոսության միջնորդությամբ լուծարել է Աղվանից կաթողիկոսությունը՝ փոխարենը հաստատելով մետրոպոլիտություն։ Նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա նահանգներում կազմվել են նվիրապետական տեսակետից Էջմիածնի կաթողիկոսությանը ենթակա երկու առաջնորդական թեմեր և մեկ հաջորդական վիճակ։ Այդ իրադրությունը վերջնականապես ամրապնդվել է «Պոլոժենիե»-ում (1836)։ Առաջին առաջնորդական թեմի (Շուշիի կամ Արցախի) մեջ մտել են Դիզակ, Վարանդա, Բերդաձոր, Խաչեն, Ջրաբերդ,Գյուլիստան, Շաքի, Կապաղակ, Կամբեճան, Արեշ (Արաշ), Լենքորան (Լանքարան) գավառները։ Երկրորդ առաջնորդական թեմը (Շամախի կենտրոնով) ընդգրկել է Դերբենդի (Դար-բանդ), Ղուբայի, Շամախու, Բաքվի և հարևան գավառների հայկական եկեղեցիներն ու վանքերը։ Հաջորդական վիճակի կենտրոնն էր Գանձակ (Ելիզավետպոլ) քաղաքը, որին ենթարկվել են Գարդման, Փառիսոս, Զավե գավառները։ Հաջորդական վիճակն անմիջապես ենթակա էր Թիֆլիսի կոնսիստորիային։ Աղվանից կաթողիկոսության վերջին՝ Սարգիս Բ կաթողիկոսը մինչև իր վախճանը (1828) եղել է մետրոպոլիտ։

Աղվանից կաթողիկոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աբաս, 551-595
  2. Վիրո, 595-629
  3. Զաքարիա Ա, 629-644
  4. Հովհաննես Ա, 644-671
  5. Ուխտանես, 671-683
  6. Եղիազար, 683-689
  7. Ներսես Ա, 689-706
  8. Սիմեոն Ա, 706-707
  9. Միքայել, 707-744
  10. Անաստաս Ա, 744-748
  11. Հովսեփ Ա, 748-765
  12. Դավիթ Ա, 765-769
  13. Դավիթ Բ, 769-778
  14. Մատթե, 778-779
  15. Մովսես Ա, 779-781
  16. Ահարոն, 781-784
  17. Սողոմոն Ա, 784
  18. Թեոդորոս, 784-788
  19. Սողոմոն Բ, 788-789
  20. Հովհաննես Բ, 799-824
  21. Մովսես Բ, 824
  22. Դավիթ Գ, 824-852
  23. Հովսեփ Բ, 852-877
  24. Սամուել, 877-894
  25. Հովնան, 894-902
  26. Սիմեոն Բ, 902-923
  27. Դավիթ Դ, 923-929
  28. Սահակ, 929-947
  29. Գագիկ, 947-958
  30. Դավիթ Ե, 958-965
  31. Դավիթ Զ, 965-971
  32. Պետրոս Ա, 971-987
  33. Մովսես Գ, 987-993
  34. Մարկոս Ա, մոտ. 993
  35. Հովսեփ Գ,
  36. Մարկոս Բ, մոտ 1079
  37. Հովհաննես Գ, 1079-1121
  38. Ստեփանոս Ա, 1129-1131
  39. Գրիգոր Ա, մոտ 1139
  40. Բեժգեն, մոտ.1140
  41. Ներսես Բ, 1149-1155
  42. Ստեփանոս Բ, 1155-1195
  43. Հովհաննես Դ, 1195-1235
  44. Ներսես Գ, 1235-1262
  45. Ստեփանոս Գ, 1262-1323
  46. Սուքիաս, մոտ 1323
  47. Պետրոս Բ, մոտ 1331
  48. Զաքարիա Բ, մոտ 1331
  49. Դավիթ Է
  50. Կարապետ, 1402-1420
  51. Հովհաննես Ե, մոտ 1426-1428
  52. Մատթեոս Ա, մոտ 1434
  53. Աթանաս, մոտ 1441
  54. Գրիգոր Բ,
  55. Հովհաննես Զ, մոտ 1470
  56. Ազարիա
  57. Թովմաս, մոտ 1471
  58. Արիստակես Ա
  59. Ստեփանոս Դ, մոտ 1476
  60. Ներսես Դ, մոտ 1478
  61. Շմավոն Ա, մոտ 1481
  62. Առաքել, 1481-1497
  63. Մատթեոս Բ, մոտ 1488
  64. Արիստակես Բ, 1515- մոտ 1516
  65. Սարգիս Ա, մոտ 1554
  66. Գրիգոր Գ, մոտ 1559-1574
  67. Պետրոս Բ, 1571
  68. Դավիթ Ը, մոտ 1573
  69. Փիլիփոս Տումեցի, մեկ տարի
  70. Հովհաննես Զ, 1574-1584
  71. Դավիթ Թ, մոտ 1584
  72. Անաստաս Բ, մոտ 1585
  73. Շմավոն Բ, 1586-1611
  74. Արիստակես Գ Քոլատակեցի, մոտ 1588
  75. Մելիքսեթ Արաշեցի, մոտ 1593
  76. Սիմեոն Գ, մոտ 1616
  77. Պետրոս Բ Խանձկեցի,1653-1675
  78. Երեմիա Հասան-Ջալալյան, 1676-1700
  79. Եսայի Հասան-Ջալալյան, 1702-1728
  80. Հովհաննես Է Գանձասարեցի, 1763-1786
  81. Սարգիս Բ Գանձասարեցի, 1810-1828
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png