Քսենոփոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քսենոֆոնից)
Քսենոփոն
հուն․՝ Ξενοφών
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 430
ԾննդավայրԷրքիա
Մահացել էմոտ մ. թ. ա. 354
Մահվան վայրԿորինթոս, Պելոպոնես, Հունաստան
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մասնագիտությունպատմաբան, վարձկան, փիլիսոփա, ռազմական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններստրատեգոս
ԵրեխաներGryllus?
 Xenophon Վիքիպահեստում

Քսենոփոն (հին հունարեն՝ Ξενοφῶν, մոտ մ. թ. ա. 430, Էրքիա - մոտ մ. թ. ա. 354, Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան), հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ։ Նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի են «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները, որոնք, ի թիվս այլ արժանիքների, եզակի տեղեկություններ են պարունակում Հայաստանի մ.թ.ա. VI-IVդդ. պատմության վերաբերյալ (երկու աշխատությունները թարգմանվել են հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկրատեսը և երիտասարդ Քսենոփոնը (հատված Ռաֆայելի «Աթենական դպրոց» որմնանկարից)

Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. Աթենքի մոտ գտնվող մի փոքր քաղաքում։ Սերվել է ազնվական ընտանիքից։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել է Կյուրոս Կրտսեր կողմից իր ավագ եղբոր՝ Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես Երկրորդի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.։ Քսենոփոնը գրում է, որ երբ խորհուրդ է հարցրել Սոկրատեսից՝ արդյոք արժե ընդունել Կյուրոսի առաջարկությունը և մասնակցել այդ արշավանքին, Սոկրատեսը նրան խորհուրդ է տվել գնալ մի դելֆյան իմաստունի մոտ, իսկ վերջինս էլ նրան տվել է հետևյալ պատասխանը.

- Ընտրի´ր. թե որ աստծուն ես ուզում աղոթել, և զոհաբերություն արա այն բանի համար, որ նա հաջողությամբ ավարտի իր նպատակադրած արշավանքը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի Սև ծով։ Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին։ Քսենոփոնը, լինելով Թուկիդիդեսի երկրպագու, հանձն առավ շարունակել նրա՝ Պելոպոնեսյան պատերազմին նվիրված անավարտ «Պատմությունը»։ Քսենոփոնը այդ կատարեց «Հունաստանի պատմություն»-ում՝ «Հելլենականք» աշխատության մեջ, որն ունի պատմական մեծ նշանակություն։ Այս աշխատությունը իրենից ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի մասին Թուկիդիդեսի «Պատմություն» անավարտ աշխատության շարունակությունը և սկսվում է «Այս դեպքերից հետո» բառերով։ Երկը ներկայացնում է Պելոպոնեսյան պատերազմի վերջին 7 տարիները։ Այն բաղկացած է յոթ գրքից ու սկսվում է մ.թ.ա. 411 թ. դեպքերի շարադրությամբ և ավարտվում է մ.թ.ա. 362 թ. Մանտինեայի մոտ տեղի ունեցած ճակատամարտով, երբ բեովտացիների ու նրանց դաշնակիցների զորքերը ջախջախեցին սպարտացիներին։

Գրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրատեսի փիլիսոփայական հայացքները՝ իր պատկերացմամբ, «Խնջույք» գործը՝ իբրև նախորդի լրացում, «Սոկրատեսի պաշտպանականը» փիլիսոփայական ուսումնասիրությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքական և գործնական բնույթի այլ գործեր։ Քսենոփոնը մեծապես սիրում էր իր հայրենի Աթենքը, սակայն չէր ընդունում նրա քաղաքական կարգը, որի պատճառով շատերը կարծում էին, որ նա օլիգարխ է։ Ավելի ուշ Քսենոփոնն արտաքսվել է Աթենքից, հավանաբար այն պատճառով, որ մասնակցել էր սպարտացի թագավոր Ագեսիլայոս Երկրորդի՝ Կոռոնեայում Աթենքի դեմ կատարած արշավանքին։ Քսենոփոնի մահվան թվականը և վայրը ստույգ հայտնի չէ։ Նա մահացել է կա´մ Կորնթոսում, կա´մ Աթենքում։ Ընդունված է, որ նա մահացել է մ.թ.ա. 354 կամ 355 թվականին։

Քսենոփոնը նաև գրել է տարբեր թեմաներով մի շարք մանր գործեր («Լակեդեմոնյան պոլիտեա», «Տնտեսության մասին», «Սոկրատական աշխատություններ»)։ Քսենոփոնի աշխատությունները, հատկապես «Անաբասիսը», առավելապես ընթերցվում են հունարենի սկսնակ ուսումնասիրողների կողմից։

Քսենոփոնը Հայաստանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

...Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր։
- Քսենոփոն, «Անաբասիս»
Քսենոֆոնի արշավանքը մինչև Սև ծով
  • Քարտեզում պատկերված է Կյուրոս Կրտսերի վարձկան հույն զորամասերի արշավանքի երթուղին մ.թ.ա.401 - մ.թ.ա.400 թվականներին։ Հայաստանի սահմաններ մուտքն ու տեղաշարժի ուղղությունը մինչև Եփրատի ակունքներ համապատասխանում են ընդհանուր ընդունված կարծիքին։ Այդտեղից արդեն դեպի հյուսիս տեղաշարժը հանդիպել է մի շարք պատմաբանների քննադատությանը։ Հակոբ Մանանդյանն իր աշխատություններից մեկում մանրամասն անդրադառնում է Քսենոփոնի Հայաստանյան երթուղուն և առաջարկում սեփական տարբերակը։ Ակադեմիկոս Հ. Մանանդյանը, Հարպասոս գետը նույնացնելով Արաքսի հետ, գտնում է, որ Գյումնիաս քաղաքը, հետևաբար նաև սյութական (սկյութինների) երկիրը, գտնվում է այժմյան Շիրակում, Գյումրի քաղաքի հարևանությամբ[1]։

Փիլիսոփայական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

10 հզ ջոկատի ուղղին՝ ըստ Քսենոփոնի

Քսենոփոնի պատմափիլիսոփայական հայացքները իրենց արտացոլումն են գտել «Կյուրոպեդիա» աշխատությունում, որտեղ նկարագրել է Աքեմենյանների պետության հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունը։ Այդ գործը բարոյախոսական քաղաքական վեպ է, որի գլխավոր հերոսը մարմնավորում է իդեալական միապետի կերպարը, որը դաստիարակված է Սոկրատեսի սկզբունքներով։ «Կյուրոպեդիան» համարվում է համաշխարհային գրականության մեջ առաջին պատմավեպը։ Երկն ունի նաև գեղարվեստական բարձր արժեք, ատտիկյան դասական լեզվի վառ օրինակ է։ «Կյուրոպեդիայի» տվյալները մ.թ.ա. 6-րդ դարերի Հայաստանի մասին համահունչ են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հետ։

Ընդհանուր տեղեկություններ Քսենոփոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենոփոնը ծնվել է հարուստ արիստոկրատի ընտանիքում։ Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին, որի դպրոցում ձևավորվել են նրա հասարակական ու պատմագիտական հայացքները։ Քսենոփոնը տևական ժամանակ ապրել և ստեղծագործել է Սպարտայում։ Մ. թ. ա. 401 թվականին եկել է Փոքր Ասիա և 10-հզ-անոց հույն վարձկանների հետ մասնակցել Կյուրոս Կրտսերի ապստամբությանը նրա եղբոր՝ Պարսից արքայի դեմ։ Պատերազմում Կյուրոսը պարտվել է և սպանվել։ Հայրենիք վերադառնալու համար հունական բանակի հետ Քսենոփոնը հարկադրված էր Սև ծովի ափերը նահանջել Միջագետքով ու Հայաստանով և իր տեսածը հետագայում նկարագրել է 7 գրքից բաղկացած «Անաբասիս» («Նահանջ բյուրոց») պատմահուշագրական երկում, որն անփոխարինելի սկզբնաղբյուր է հատկապես Հայաստանի հնագույն պատմության վերաբերյալ։ Գիրքը 1970 թվականին, Սիմոն Կրկյաշարյանի թարգմանությամբ, հրատարակվել է Երևանում։ Մ. թ. ա. 365–358 թվականներին Քսենոփոնը գրել է «Կյուրոպեդիա» («Կյուրոսի դաստիարակությունը») պատմափիլիսոփայական, բարոյախոսական-քաղաքական երկը՝ առաջին պատմավեպը համաշխարհային գրականության մեջ։ Այնտեղ նկարագրված են Աքեմենյանների տերության հիմնադիր Կյուրոս II Մեծի կյանքն ու գործունեությունը։ «Կյուրոպեդիա»-ում արժեքավոր տեղեկություններ կան մ. թ. ա. IV դարի կեսի Հայաստանի, հատկապես հայ-մարական և հայ-պարսկական փոխհարաբերությունների, երկրի ներքին կյանքի ու հասարակական հարաբերությունների մասին, որոնք հավաստվում են Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ում։ Քսենոփոնի «Հելլեկանանք» աշխատությունը Պելոպոնեսյան պատերազմի (մ. թ. ա. 431–404 թվականներ) մասին Թուկիդիդեսի (մ. թ. ա. 460–400 թվականներ) անավարտ երկի՝ «Պատմության» շարունակությունն է։ Գրել է նաև «Հունական պատմություն», «Սոկրատեսյան ստեղծագործություններ» («Սոկրատեսի արդարացումը», «Հուշեր Սոկրատեսի մասին», «Խրախճան»), «Տնային տնտեսության մասին», «Հիերոն», «Լակեդեմոնական պետական կառուցվածքը» և այլ աշխատություններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Հ. Մանանդյան - Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Երևան 1944 էջ 13-17
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենոփոն» հոդվածին։