Գրիգորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գրիգորիս (այլ կիրառումներ)
1rightarrow.png  Տե՛ս նաև Հայ մանրանկարիչների ցանկ 
Picto Info sciences exactes.png
Գրիգորիս
Մասնագիտություն բժիշկ

Գրիգորիս (ծննդյան և մահվան թթ. անհայտ), XII դարի վերջի և XIII դարի առաջին կեսի հայ բժշկապետ։ Կյանքի և գործունեության մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Ապրել, ստեղծագործել և բժշկական կրթությունն ստացել է հավանաբար Կիլիկյան Հայաստանում։ Տիրապետել է հունարենին, ասորերենի, արաբերենին, պարսկերենին։ Գրիգորիսի գրչին են պատկանում ընդհանուր ախտաբանությանը նվիրված «Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց» բժշկարանը, որը հայ բժշկագիտության եզակի հուշարձաններից է։ Աշխատության մեջ ընդգրկված են հին և միջնադարյան բժշկագիտությանը հայտնի հիվանդությունների կլինիկական պատկերը բնորոշող ախտանշանների մանրազնին նկարագրությունը, պատճառագիտության և ախտածնության գիտականորեն հիմնավորված մեկնաբանությունները։ Հիվանդությունների պատճառազիտության հարցում Գրիգորիսը ընդունել է Մխիթար Հերացու «բարբոսային ջերմերի» տեսությունը վարակի մասին և այդ գաղափարը տարածել է նաև մի շարք սոմատիկ հիվանդությունների առաջացման վրա։ Մշակել է վարակի տարածման հնարավոր ուղիները և տվել հպավարակության գաղափարը։ Նրա կարծիքով հիվանդից առողջին վարակն անցնում է 3 ուղիով՝ 1. երբ առողջն անմիջականորեն շփվում է հիվանդի հետ, 2. շփվում է հիվանդի իրերի հետ և 3. օդի միջոցով։ Հիվանդության առաջացման պատճառների մեջ որոշակի տեղ է հատկացրել ժառանգականության գործոնին, մարդու կոնստիտուցիային, նյարդա–հոգեկան վիճակին, աշխատանքի բնույթին, կենցաղին, տարիքին, անձնական հիգիենային և բնության պայմաններին։ Հետաքրքիր տվյալներ է տվել անատոմիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական, անատոմիայի, Ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի մասին։ Նա այն տեսակետն է պաշտպանել, որ ծայրամասային նյարդային համակարգը գտնվում է ոչ միայն անատոմիական, այլ նաև ֆիզիոլոգիական սերտ համագործակցության մեջ ողնուղեղի և գլխուղեղի հետ։ Մերժելով տեղային ախտաբանության հետադեմ ուսմունքը՝ Գրիգորիսը սկզբունքորեն պաշտպանել է օրգանիզմի միասնության, ամբողջականության առաջադեմ գաղափարը՝ որ մարմնի որևէ օրգանի ախտահարումն անդրադառնում է մյուս բոլոր օրգան–համակարգերի վրա։ Օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսները կարգավորող օրգանը Գրիգորիսը համարել է գլխուղեղը, իսկ գլուխը՝ «մարդու օրգանիզմի թագավոր»։ Գրիգորիսին հայտնի են եղել կանանց միզասեռական օրգանների անատոմիան և ֆիզիոլոգիան։ Նա կատարել է կանանց սեռական օրգանների ներքին զննում, նկարագրել արգանդի քաղցկեղը, բարոյական ուռուցքները։ Չբերության պատճառներ է համարել արգանդի թեքումները և թերզարգացումը։ Բժշկարանի առաջին մասում տրված է զանազան հիվանդությունների համար բուսական, կենդանական և հանքային դեղանյութերի զուգորդումից պատրաստվող 300 դեղատոմս։