Հայերն Իրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Պարսկաստանումից)
Իրանահայեր
ارمنی‌های ایران
Ընդհանուր քանակ

մինչև 50 000

Բնակեցում
Թեհրան 40.000
Սպահան 5.000
Թավրիզ 2.000
Լեզու(ներ)
Արևելահայերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն (հայ առաքելական՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն, հայ կաթողիկե և հայ ավետարանական)

Հայերն Իրանում (պարս.՝ ارمنی‌های ایران), հայկական սփյուռքի՝ առավել հինավուրց գաղթօջախներից մեկը` Հալեպի, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հետ միասին։ Տարբեր տվյալներով՝ հայերի թիվը 2018 թվականի դրությամբ հասնում է մինչև 50 հազարի[1], իսկ դեռ 2010 թվականին հաշվվում էր 70-90 հազար[2]։ Իրանահայերի ճնշող մեծամասնությունը բնակվում է մայրաքաղաք Թեհրանում, մասամբ նաև՝ Սպահանում[3]։

Իրանում հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի։ Հայկական էթնոսը ժամանակակից Իրանի տարածքում, որի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մաս են կազմել, հայտնվել է անհիշելի ժամանակներից։ Վաղ միջնադարի ընթացքում հայերի ներգաղթ են կազմակերպել Իրանի տարբեր արքաներ՝ Շապուհ II Երկարակյացը (309-379), Հազկերտ Բ-ն (439-457), Խոսրով Բ Փարվեզը (591-628) և ուրիշներ։ Հայաստանի երկրորդ բաժանումից (591) և արաբական արշավանքներից հետո (642) հետո Մեծ Հայքից վերջնականապես անջատվել և Ատրպատականին են կցվել Պարսկահայքը և Վասպուրականի մի քանի գավառներ։ Ուշ միջնադարում շահ Աբբաս I Սեֆիի (1587-1629) հրամանով այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արարատյան դաշտից ու հարակից տարածքներից[4]։ Նրանց բռնի բնակեցնում են մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Նոր Ջուղա քաղաքում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից հետո ձևավորվում է հայկական սփյուռքը. հայերի որոշ քանակություն Արևմտյան Հայաստանից տեղափոխվում են Իրան։ Հետագայում նրանց են միանում հայերի այլ խմբեր՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հազարավոր հայերն հայրենադարձվում են։ Նախքան իսլամական հեղափոխությունը (1979) Իրանի հայության թիվը հասնում էր 200 հազարի[5]։

20-րդ դարի ընթացքում Թեհրանում, մասամբ նաև՝ Թավրիզում ու Սպահանում հիմնադրվել են բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ։ Իրանի հայերը խիստ կապված են մայր հայրենիքին. խորհրդային տարիներին կազմակերպված փուլային հայրենադարձության և անկախացումից հետո սեփական նախաձեռնությամբ մշտապես նկատվել է իրանահայերի ներգաղթ դեպի Հայաստան։ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը նպաստել են նաև սփյուռքահայ կուսակցությունները (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար ազատական, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան), հայ առաքելական եկեղեցին։ Նրանց ջանքերով բացվել են տարբեր կազմակերպություններ, որոնք հիմնել են դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու հասարակական շինություններ։ Աշխուժանում էր ինչպես գիտական, այնպես էլ մշակութային ու մարզական կյանքը։ Իրանահայ գաղութը խիստ նոսրանում է վերջին տարիներին։ Հսկայական չափերի է հասել արտագաղթը. Ատրպատականի ամբողջ բնիկ հայ բնակչությունը չի անցնում 2000-ից (այդ թվում՝ Թավրիզ քաղաքում), խիստ կրճատվել է հայերի թիվը Սպահանում, Շիրազում, Նոր Ջուղայում[6]։

Իրանահայերի խոսակցական և գործնական լեզուն հիմնականում արևելահայերենն է, գրավոր տեսքը՝ դասական ուղղագրությամբ, պարսկերենը գերազանցապես գործնական մակարդակում է։ Իրանահայերի ճնշող մեծամասնությունը կրոնական տեսանկյունից հարում է Կիլիկիո հայոց կաթողիկոսությանը (Ատրպատականի կամ հյուսիսային, Թեհրանի կամ կենտրոնական և Սպահանի կամ հարավային թեմեր), կան նաև ավետարանականներ, կաթոլիկներ։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատվել են 1992 թվականին։ Երկու երկրների սահմանը կազմում է 44 կմ, ինչը ամենակարճ սահմանն է միաժամանակ Հայաստանի և Իրանի համար[7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական Ատրպատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թադեի վանք

Ժամանակակից Իրանի տարածքում հայերն ապրել են անհիշելի ժամանակներից։ Առաջին հայկական բնակավայրերը այսօր գտնվում են Իրանական Ատրպատականի(պարս.՝ آذربایجان) տարածքում։ Այժմ բաժանված է 3 հիմնական ոստանների (նահանգներ)՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան նահանգների։ Այն համապատասխանում է ոչ միայն նախնադարում և վաղ միջնադարում գոյություն ունեցած Ատրպատական պետությանը և Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքին ու Պարսկահայքին։ Հայ բնակչությունը հատկապես ստվար էր Պարսկահայքում, որն այժմ համապատասխանում է Արևմտյան Ադրբեջանին։ Հայաշատ գավառներ էին Հերը, Զարևանդը, Արտազը և այլն։ Վասպուրականի թագավորության (908-1021) անկումից հետո այս գավառները անջատվում են Հայաստանից։ Սելջուկների արշավանքների (1047-1054) հետևանքով հայ բնակչության մի մաս բռնի տեղահանվում և բնակեցվում է Ատրպատականի տարածքում[9]։

Զարգացած միջնադարում հայ բնակչությունը ստվարանում է նաև Թավրիզ քաղաքում (Արևելյան Ադրբեջան)։ Տեղացիների հետ միասին հայերը ակտիվ մասնակցություն են ունենում մշակութային և տնտեսական կյանքին։ Անիի թագավորության անկումից հետո ծանր տնտեսական պայմանների և քաղաքական անապահովության, անձի և գույքի անվտանգության ապահովման հետևանքով հայերը սկսում են կամովին լքել հայրենիքը և տեղափոխվել Իրան։ Մոնղոլական տիրապետության շրջանում հայության այդ հոսքի հետևանքով հայ բնակչությունը հաստատվում է ոչ միայն հայկական ու հայաշատ գավառներում, այլև Սոլթանիեում, Մարանդում, Մարաղայում, Ռեյում, ինչպես նաև Կասպից ծովի հարավային ափերին՝ Ռաշթում և այլուր։ Գործուն էր հայերի դերը Թավրիզի մանրանկարչության դպրոցում։ 12-րդ դարում հիմնադրվում է Ատրպատականի հայոց թեմը, որի կենտրոնը Արտազ գավառում էր՝ սուրբ Թադեի վանքը (4-րդ դար)[10]։

Դարաշամբի սուրբ Ստեփանոս վանք

1603-1604 թվականներին շահ Աբբաս I-ի հրամանով Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում բնակվող 300000 հայեր բռնի տեղափոխվում են Իրան։ Նրանց մեծ մասը հաստատվում է Ատրպատականում։ Ռուս-պարսկական առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանի մի մասը միանում է Ռուսական կայսրությանը, և ավելի քան 40,000 հայեր արտագաղթում են Պարսկաստանից, մասնավորապես՝ Ատրպատականից[11]։ Տեղի հայերի կրոնական և մշակութային կենտրոնը դառնում է Թավրիզը։ 1833 թվականին այստեղի սուրբ Մարիամ Աստվածածին (կառուցվել է 1782 թվականին) եկեղեցին դառնում է առաջնորդանիստ։ 19-րդ դարի վերջին այստեղի հայ բնակչությունը անցնում էր 100 հազարից։ Հայերն ապրում էին Խոյում, Ուրմիայում, Սալմաստում, Մակուում, Մարաղայում և այլ քաղաքներում ու գյուղերում[1]։

Հայերը գործուն մասնակցություն են ունեցել առաջին համաշխարհային պատերազմին։ Նրանց համախմբելու գործում մեծ դերակատարություն ունեն Զորավար Անդրանիկը, Եփրեմ Խանը, Գայը (Հայկ Բժշկյանց) և ուրիշներ։ 1936 թվականից առաջնորդանիստը դարձավ Թավրիզի թեմական միջնակարգ դպրոցը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդային բանակը մտել էր Ատրպատական։ Հայ բնակչության խիստ սակավաթիվ լինելու պատաճառով այս տարածքները որպես Խորհրդային Հայաստանի ապագա սեփականություն չեն քննարկվում. այստեղ հիմնվում է կոմունիստական երկու խամաճիկ պետություն՝ Ադրբեջանի Ժողովրդական և Մահաբադի քրդական հանրապետությունները[12]։ 1946-48 թվականներին կազմակերպված մեծ հայրենադարձության հետևանքով հայկական գավառները սկսեցին նոսրանալ բնակչությունից։ Իսպառ դատարկվեցին Հայկական (Ղարադաղի) լեռներում հիմնված հայկական գյուղերը։ 1960-70-ական թվականներին տեղի հայությունը զանգվածաբար տեղափոխվում է մայրաքաղաք Թեհրան[13]։

21-րդ դարի սկզբին Արևելյան և Արևմտյան Ատրպատականի եկեղեցիների թիվ մնում էր 223, որոնցից 42-ը՝ կանգուն։ Դրանցից հայտնի են սուրբ Թադեի, Դարաշամբի սուրբ Ստեփանոս և Ծոր Ծոր վանքերը, որոնք 2008 թվականի հուլիսի 6-ին մտցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության իրանյան ցանկի մեջ[14]։ Հայ բնակչությունը հասնում է 2000-ի, ներառյալ Թավրիզ քաղաքը։ Նախկին հայկական գավառները բնակեցված են հիմնականում քրդերով, մասամբ՝ ազարիներով։ Հայերի թվի խիստ կրճատումը բնորոշ է նաև այլ նահանգներին ու քաղաքներին[15]։

Սպահան։ Նոր Ջուղա և Փերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Բեթղեհեմի և Սուրբ Աստվածածին եկեղեցիները

Սպահանում հայերը հաստատվել են ուշ միջնադարում[16]։ Թուրք-պարսկական հերթական (1578-1590) պատերազմից հետո Իրանի շահ Աբբաս I-ի հրամանով Կարսից մինչև Ջուղա ընկած տարածքում բնակվող 300,000 հայեր բռնի տեղափոխվում են Իրան։ Դրա նպատակը բնակչությունից զուրկ սահմանամերձ գոտի ստեղծելն էր, որպեսզի օսմանյան բանակը չկարողանա շարունակել արշավանքն Իրանի դեմ։ Մյուս կողմից՝ հայ բնակչությանը տեղափոխելով Պարսկաստանի կենտրոնական շրջաններ, շահը հույս ուներ քրիստոնյա հայերի միջոցով զարգացնել երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստները[17]։ Ջուղայից, Ագուլիսից և Գողթան գավառի հայկական այլ քաղաքներից գաղթեցված հայերը հաստատվեցին Սպահան մայրաքաղաքի մոտ և հիմնեցին Նոր Ջուղան։ Տեղի հայերը իրենց ձեռքն առան մետաքսի առևտուրը։ 1617 թվականին շահ Աբբասը չեղեալ հայտարարեց անգլիացիների հետ կնքած առևտրային պայմանագիրը և մետաքսի վաճառքի մենաշնորհը հանձնեց հայերին։ Հայերը մեծ դերակատարություն ունեցան ոսկերչության, գորգագործության, ջուլհակության և այլ արհեստների զարգացման գործում։ Այստեղ կառուցվում են հասարակական ու կրոնական նոր շինություններ, բացվում է տպագրատուն։ Այդպիսով, հայ համայնքը բաժանվեց երկու մասի՝ հյուսիսային (կենտրոն՝ Թավրիզ) և հարավային (կենտրոն՝ Նոր Ջուղա)[18]։

1670-1680 թվականներից հայերը առևտրական կապեր են հաստատում Հնդկաստանի, Ինդոնեզիայի[19] և Մյանմայի հետ[20], հիմնում հնդկահայ գաղութը, սկիզբ դնում Մանիլայի հայկական առևտրին (Ֆիլիպիններ)[21]։ Հայերը մասնակցություն են ունենում ոչ միայն այդ երկրների տնտեսական ու մշակութային, այլև հասարակական կյանքին. իրանահայ Գորգին Խանը 1760 թվականին օգնել է Բենգալիայի կառավարիչ Կասիմ Միր Կասիմին՝ անգլիացիների դեմ ապստամբություն կազմակերպելու համար, ճանաչվել Բենգալիայի զորքերի գլխավոր հրամանատար[22]։ Տեղացի հնդիկ և հայ զինագործների օգնությամբ Հարությունյանը կազմակերպել է զենքի, զինամթերքի արտադրություն և զինել հնդկական բանակը։ Հայերի դերը մեծ էր նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատման գործում։ Հայ վաճառական Աղազար Լազարյանը (1700-1782) իր եղբայրների հետ առևտուր է սկսում Ռուսաստանի հետ։ 1747 թվականից հաստատվում են Աստրախանում, իսկ 1749 թվականին տեղափոխվում Մոսկվա։ 1774 թվականին Եկատերինա II կայսրուհու հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս[23]։ Հայ վաճառական-արդյունաբերողներից հայտնի էին նաև Լիանոսյանները (Ստեփան Լիանոսյան) և ուրիշներ։

Սուրբ Ամենափրկիչ վանքը ներսից

Սպահանի հայերը մասնացություն են ունենում երկրի մշակութային ու հասարակական կյանքին։ 1905-11 թվականներին տեղի է ունենում Իրանի սահմանադրական հեղափոխությունը. որի կնքահայրն է համարվում քաղաքական գործիչ, դիվանագետ և լրագրող Միրզա Մելքում Խանը (Հովսեփ Հակոբի Մելքումյան, 1834-1908)։ Հայ համայնքը սկսեց նոսրանալ 1960-70-ական թվականներից սկսած։ Մեծ թվով հայեր են մասնակցել 1979 թվականի իսլամական հեղափոխությանը և միապետության տապալմանը[24]։ 17000 հայ մասնակցել է 1980-88 թվականների իրանա-իրաքյան պատերազմին, որոնցից 260-ը զոհվել են։ Նոր Ջուղան այժմ ունի 14 եկեղեցի, որոնցից մեկը Սուրբ Ամենափրկիչ վանքն է[25]։

Փերիայի հայությունը գաղթեցվել է հիմնականում Վասպուրական նահանգից (Վան, Արճեշ, Արծկե)։ Հայերի հետ միասին Իրան են գաղթեցվել նաև վրացիներ։ Եթե քաղաքային բնակչությունը հիմնականում տարածված էր Սպահանում և Նոր Ջուղայում, ապա գյուղական բնակչությունը հաստատվում է ոչ հեռու գտնվող Փերիա գավառում (Ֆերեյդան, պարս.՝ فریدن): Գյուղերում հիմնվել են եկեղեցիներ։ Ի տարբերություն վրացիների՝ հայերը պահպանել են իրենց կրոնը[26]։ Իսլամացած վրացիների կենտրոնն է համարվում Ֆերեյդունշահր քաղաքը, որտեղ կա մեկ հայկական եկեղեցի։ Տարբեր տվյալներով՝ Իրան տեղափոխված վրացիների քանակը անցնում էր 300 հազարից, և այսօր նրանց ժառանգներն Իրանում ավելի քան 3 միլիոն են։ Մինչդեռ իրականում իրանահպատակ վրացիների թիվը 100 հազար է։ 1851 թվականին Փերիայի 19 հայաբնակ գյուղերում բնակվում էր 880 տուն՝ 5600 մարդ, 1901 թվականին 24 գյուղերում 1430 տուն՝ 9300 մարդ, 1918 թվականին 26 գյուղերում 1790 տուն՝ 13450 մարդ, 1946 թվականին 24 գյուղերում 2265 տուն՝ 15100 մարդ, 1965 թ. 17 գյուղերում 1550 տուն՝ 10365 մարդ։ Իրանի հայաբնակ գավառներից Փերիան վերջինն է հայաթափվել 1990-ական թվականին։ 2003 թվականին Փերիայում հայաբնակ էր միայն Բոլորան գյուղը[27]։ Հետագա տասնամյակներին հայերը այդտեղից գաղթել են մայրաքաղաք Թեհրան։

Թեհրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սարգիս մայր տաճար

Թեհրանում հայերը բնակություն են հաստատել 18-րդ դարի երկրորդ կեսին։ 1768 թվականին ձեռնարկել են սուրբ Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցու, 1790-1795 թվականներին՝ սուրբ Գևորգ եկեղեցու կառուցումը։ Առավելապես խոշոր հայկական խմբերի Թեհրան տեղափոխվելը կապված էր վերջինիս մայրաքաղաք դառնալու հետ (1785)[28]։ Այդ ժամանակ քաղաքի բնակչությունը չէր անցնում 15000-ից[29]։ 1870 թվականին այստեղ բացվում է հայկական առաջին աշխարհիկ դպրոցը։ 1908 թվականի փետրվարի 17-ին վերջնականապես կազմակերպվեց Թեհրանի հայոց ազգային խորհուրդը, որի խնդիրն էր, իբրև տեղի հայերի բարձրագույն իշխանություն, միջնորդ հանդիսանալ հայ համայնքի և կառավարության ու մեջլիսի միջև։ 1911 թվականին Իրանի սահմանադրական հեղափոխության հաղթանակից հետո Ազգային խորհուրդը պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»։ Այդ վարչության ընդունած օրենքով 1917 թվականին կազմվեցին Համադանի, Սուլթանաբադի (ներկայումս՝ Արաք) և այլ հայաշատ վայրերի համայնական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչներից էլ ստեղծվեց «Իրանահայ ընդհանուր խորհուրդը»։

20-րդ դարի կեսերին թեհրանահայության թիվը հասել էր 65 հազարի, իսկ 1970-ական թվականների վերջին այն անցնում էր 150 հազարից։ Թեհրանում կառուցվում են հասարակական-քաղաքական, կրոնական ու մշակութային կենտրոններ։ 1944 թվականին հիմնադրվում է Թեհրանի թեմը, որը Ատրպատականի և Սպահանի թեմերի հետ միասին ներկայացնում է իրանահայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը Թեհրանի սուրբ Սարգիս եկեղեցին է (1973 թվականից)։ Թեմն ընդգրկում է Թեհրանն իր շրջակայքով և Արաք, Համադան, Մաշհադ, Գորգան, Ռաշթ, Սարի, Բանդարե Անզալի, Ղազվին, Բախթարան (նախկին Քերմանշահ) քաղաքների սակավաթիվ հայ բնակչությունը։ Մինչև 1958 թվականը իրանահայ մյուս թեմերի նման Թեհրանի թեմը ենթարկվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնին, այնուհետև անցել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։ Այս տարածքում կա շուրջ 100 եկեղեցի, որոնցից կանգուն են 20-ը։ Դրանցից 8-ը գտնվում է Թեհրանում (սուրբ Գևորգ, սուրբ Թադեոս-Բարդուղիմեոս, սուրբ Թարգմանչաց, սուրբ Սարգիս, Սրբոց Վարդանանց, սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Մինաս, սուրբ Մարիամ Աստվածածին)[13]։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Թեհրանի զարգացումը պայմանավորված էր մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով. երկրորդ հանաշխարհային պատերազմից հետո Թեհրանում բնակվում էր ավելի քան 1.5 միլիոն մարդ, իսկ նախքան իսլամական հեղափոխությունը՝ 4.5 միլիոն, այդ թվում՝ 150 հազարը հայեր (համայն իրանահայության 70 տոկոսը)։ Հայերը Թեհրան էին մեկնում աշխատանք գտնելու, կյանքի հարմարավետ պայմաններ որոնելու, ուսում ստանալու, ինչպես նաև հայկական միջավայրի հետ ակտիվ շփումներ ունենալու նպատակով։ Նրանք բնակություն հաստատեցին Թեհրանի տարբեր թաղամասերում՝ Բեհջաթաբադ, Յուսեֆաբադ, Ղըզըլ-Ղալե, Հեշմաթիե, Մաջիդիե, Վահիդիե, Զարքեշ և Նարմաք։ Նախքան իսլամական հեղափոխությունը հայերը ներգրավված էին պետական համակարգում և տնտեսական ու իրավաբանական ոլորտներում, կային նաև բանակային, սպայական ծառայության մեջ գտնվող հայեր։ Քիչ չէին խոշոր ձեռնարկատերերը։ Աճ է արձանագրել նաև հայ մտավորականության թիվը (բժիշկներ, իրավաբաններ, ուսուցիչներ, ճարտարագետներ), որոնց մի մասը մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել էր եվրոպական և ամերիկյան երկրներում, մասամբ նաև՝ Խորհրդային ՄիությունումՎահան Բայբուրդյան,Վահան Բայբուրդյան. Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ Արխիվացված 2019-04-15 Wayback Machine</ref>։

Գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայուհու լուսանկար. Ղաջարիների դարաշրջան, 19-րդ դար

Իրանի հայկական և հայաբնակ քաղաքներում ու գյուղերում դպրոցաշինությունը ունի դարավոր պատմություն։ Ատրպատական-Պարսկահայքի տարածքում գործող հայկական եկեղեցիներին կից գործել են ծխական դպրոցներ։ Հեր, Զարևանդ և Արտազ գավառներում դպրոցներ են բացվել դեռ վաղ միջնադարում, ավանդաբար՝ Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտների կողմից։ Զարգացած միջնադարում՝ Վասպուրականի թագավորության (908-1021), Զաքարյան իշխանապետության (1200-1360) և Մակուի իշխանության (1240-1426) շրջանում, բացվում են դպրատուն-վարժարաններ։ Դրանք ուշ միջնադարում հայտնի էին որպես «խալիֆայական» դպրոցներ[30], տեղավորված էին եկեղեցիների ու վանքերի խցերում և կրոնական բնույթ ունեին. դասավանդում էին հիմնականում մայրենի լեզու, թվաբանություն և կրոն։ Հայոց պետականության անկումից հետո Պարսկահայքի ու Ատրպատականի հայկական ծխական դպրոցները անցնում են եկեղեցիների հովանու ներքո։

Հայկական դպրոցները մեծապես տուժել են թուրք-պարսկական պատերազմների, ապա նաև՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի պատճառով։ Մեծաքանակ հայ բնակչության տեղափոխումը Սպահան և Նոր Ջուղա հանգեցնում է կրթական նոր կենտրոնների բացմանը։ 1630-ական թվականներին Խաչատուր Կեսարացու ջանքերով Նոր Ջուղայում բացվել է դպրոց-ճեմարան։ Երկար տարիներ անց՝ ռուս-պարսկական պատերազմներից (1801-1813, 1826-1828) և հայ բնակչության՝ Արևելյան Հայաստան վերադառնալուց հետո միայն, ստեղծվում են առաջին աշխարհիկ դպրոցները՝ Նոր Ջուղայում («Սամյան», 1831, «Սուրբ Կատարինյան», 1858), Թավրիզում («Արամյան», 1851, «Հայկազյան-Թամարյան», 1875), Թեհրանում («Հայկազյան», 1870)։ Դրանք հիմնականում կարճ կյանք են ունեցել։ Դարի վերջին բացված կրթահամալիրներից առավել հայտնի էր Նոր Ջուղայի «Ազգային կենտրոնական դպրոցը» (1880)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին դպրոցներ բացվեցին Մարաղայում, Ուրմիայի, Մակուի և Ղարադաղի մի քանի գյուղերում, Համադանում, Ղազվինում, Մաշհադում, Սուլթանաբադում, Ռաշթում, Բանդարե Անզալիում և այլուր։

1905-1911 թվականների սահմանադրական հեղափոխության հետևանքով ընդունված սահմանադրությամբ, թեև սահմանափակ ձևով, երաշխավորվում էր ազգային դպրոցների գոյությունը։ Բացվում են նոր դպրոցներ՝ Գևորգ Քանանյան (Նոր Ջուղա, 1905), Թեմական կենտրոնական (Թավրիզ, 1909) և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արևելքում քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում. արաբական երկրներն անցնում են Անգլիայի և Ֆրանսիայի վերահսկողության տակ (1919-1923), Հարավային Կովկասը դառնում է Խորհրդային Միության մասը (1920-1922), Թուրքիան հռչակվում է հանրապետություն (1923), Իրանում Ղաջարիներին (1795-1925) փոխարինելու են գալիս Փահլավիները (1925)։ 1936 թվականին Ռեզա շահ Փահլավիի հանձնարարությամբ հայկական դպրոցներում դասավանդումը պետք է կատարվեր պարսկերենով։ Չէր թույլատրվում հայերենով կարդալ դասախոսություններ, կազմակերպել ներկայացումներ, տպագրել որևէ բան։ Այս ճնշումները տարածվում էր նաև ամերիկյան, անգլիական, ֆրանսիական միսիոներական դպրոցների վրա, որոնք բոլորը փակվեցին։

Ալիշան դպրոց

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օտար պետությունների ճնշման արդյունքում վերացվեց հալածանքը և իրանահայությունը վերստին տեր կանգնեց իր իրավունքներին։ Հայկական դպրոցները վերաբացվեցին, սակայն դրանք «հայկական» էին միայն աշակերտների կազմով, իսկ տնօրենները և ուսուցիչների մեծ մասը պարսիկներ էին։ Ծագումով հայ ուսուցչական կազմի մեծ մասը գտնվում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ազդեցության տակ։ Դասավանդումը կատարվում էր պարսկերենով, իսկ մայրենի լեզվի ուսուցումը դուրս էր ծրագրից։ Հայկական դպրոցներում ծրագրից դուրս թույլատրված էր միայն հայոց լեզվի և կրոնի ուսուցումը։ 1960-ական թվականներին Իրանի ազգային դպրոցների թիվը 50 էր, որոնցից 23-ը՝ Թեհրանում։

1979 թվականի իսլամական հեղափոխությունից փոխվում է կրթական կարգը. կրթության համակարգը եռաստիճան է և բաղկացած է տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներից։ Ուսումնառությունը դպրոցում սկսվում է 7 տարեկանից։ Ուսումնական տարին սկսվում է հիջրայի արևային օրացույցով՝ Մեհր ամսի 1-ից (սեպտեմբերի 20-21), ավարտվում է Խորդադ 95 ամսին (հունիսի 20-21-ին)։ Բոլոր դպրոցներում ուսուցումն անվճար է։ 1982 թվականից որոշվել է, որ կրոնը (այդ թվում և՝ քրիստոնեությունը) պետք է դասավանդվի պարսկերենով։ Իրանի հայկական դպրոցներում միայն մայրենի լեզվի դասավանդումն է կատարվում արևելահայերենով, սակայն հայերենին հատկացված ժամաքանակը չափազանց քիչ է։ Հայ ծնողներն իրենց երեխաներին կրթության են տալիս նաև պարսկական դպրոցներ։ Աշակերտների թվի նոսրացման պատճառով հայկական դպրոցներ են փակվում։ Այդ դեպքում հայկական դպրոցները կարող են վերածվել պարսկականի։ Ներկայումս Թավրիզում գործում է միայն մեկ հայկական դպրոց՝ «Հայկազյան-Թամարյան», որը կրթության նախարարությունում հայտնի էր «Ասադի» անունով։ Շիրազում ամենօրյա հայոց դպրոց չի եղել։ Սպահան քաղաքից ոչ հեռու գտնվող Շահինշահր քաղաքում գործում են երկու տարրական դպրոցներ՝ «Սրբոց Վարդանանց» և «Մասիս» անվանումներով։ Թեհրանում գործում են «Արաքս» օրիորդաց դպրոց (տարրական և ուղեցույց), «Արարատ» օրիորդաց դպրոց (տարրական և ուղեցույց), «Գյուլբենգյան» տղայոց դպրոց (տարրական), «Շանթ» տղայոց դպրոց (տարրական), «Մարիամյան դպրոց» (ուղեցույց՝ ներառելով Քուշեշ-Դավթյան դպրոցը), «Թունյան» օրիորդաց դպրոց (տարրական և ուղեցույց), «Նաիրի» տղայոց դպրոց (տարրական և ուղեցույց) և «Ռոստոմ» տղայոց դպրոց (տարրական)։ Ներկայումս Իրանում կան տասից ավելի հայկական մանկապարտեզներ, որոնց գծով իշխանությունների կողմից որևէ արգելք կամ սահմանափակում չի դրվում։ Մանկապարտեզները և ծերանոցները որպես սեփականություն, ամբողջովին պատկանում են համայնքին։ Ավետարանական հայերը հիմնադրել են «Գոհար» դպրոցը, կաթոլիկ հայերը՝ «Ալիշան» դպրոցը (1981)[31]։

1946 թվականին հիմնադրված Սպահանի համալսարանում բացվում է հայոց լեզվի և գրականության ամբիոն, որտեղ կրթությունն են ստացել ավելի քան հինգ հարյուր հայ և պարսիկ շրջանավարտներ։ 2006 թվականի նոյեմբերի 22-23-ին կազմակերպվել է գրական-մշակութային կամուրջ Իրանի և Հայաստանի միջև[32]։

Բնական գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենուշ Տերյան

Միջնադարյան Իրանում զարգացած էին բնական գիտությունները։ Երկրի խոշոր կենտրոններում գոյություն ունեին համալսարաններ ու գրադարաններ։ Դասավանդումն իրականացվում էր հիմնականում պարսկերենով։ Բնական գիտությունները կարող էին դասավանդվել անգամ մզկիթներին կից։ Զարգացած միջնադարում հայ բժշկագիտությունը զարգացել է նաև օտար ազգերի հետ փոխշփման արդյունքում։ Մեր օրերն են հասել տեղեկություններ տարբեր հայ բժիշկների մասին՝ Մխիթար Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի, Ասար Սեբաստացի և ուրիշներ։ Նրանցից առաջինը ծնվել է 12-րդ դարում Պարսկահայքի Հեր (այժմ՝ Խոյ, Իրան) քաղաքում։ Նա հեղինակել է 46 գլխից բաղկացած «Ջերմանց մխիթարություն» արժեքավոր աշխատությունը[33]։ Իրանական պետության գոյության պայմաններում են ստեղծվել միջնադարյան Հայաստանի առավել հայտնի համալսարաններից Տաթևը։ Սա հայկական իշխանություններին և հայ եկեղեցուն տրված արտոնության հետևանք էր։ Ուշ միջնադարում մշտական պատերազմների հետևանքով գիտությունն անկում է ապրել։

16-19-րդ դարերում Իրանը գիտության և մշակույթի տեսանկյունից ներկայանում էր որպես հետամնաց երկիր։ Իրադրությունը որոշ փոփոխություններ է կրում 19-րդ դարի սկզբին, երբ Ռուսական կայսրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում Իրանին։ Պատերազմներին դիմակայելու և թույլ պետությանը ուժեղով չփոխարինելու համար Անգլիան և Ֆրանսիան հովանավորում էին գիտության որոշակի զարգացումը, բացվում էին նաև որոշ միսիոներական դպրոցներ։ Այդուհանդերձ՝ երկրի առաջին՝ Թեհրանի բժշկական համալսարանը բացվում է միայն 1851 թվականին։ Առանձնապես աչքի են ընկնում բժշկական համալսարանները Շիրազում, Սպահանում, Մաշհադում, բոլորը՝ բացված երկրորդ աշխարհամարտից հետո։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև տեխնոլոգիական կրթությանը. 1928 թվականին տեխնոլոգիական համալսարան է բացվում Ամիրքաբիրում, 1929 թվականին՝ Թեհրանում, Թեհրանի համալսարանը բացվում է 1934 թվականին, որին հաջորդում են Սպահանի, Թավրիզի և Շիրազի համալսարանները՝ դարձյալ հիմնադրված 20-րդ դարի երկրորդ կեսին։ Թեհրանի համալսարանում դասավանդել են կենսաքիմիկոս Գագիկ Հովակիմյանը, առաջին կին պրոֆեսոր Ալենուշ Տերյանը։ Վերջինս առաջին արևային աստղադիտարանի հիմնադիրն է, հայտնի որպես «Իրանի ժամանակակից աստղագիտության մայր»:Գիտության այսպիսի դանդաղ առաջընթացը հանգեցնում էր նրան, որ իրանահայ երիտասարդները բարձրագույն կրթություն ստանալու համար տեղափոխվում էին Ամերիկա, Եվրոպա կամ Խորհրդային Միություն։

Բժիշկ Կարո Մինասյանը (1897-1973) կրթությունը ստացել է Լոնդոնում, ապա Ահվազում, Թեհրանում և Սպահանում աշխատել է որպես բժիշկ, հիմնել իր սեփական հիվանդանոցը։ Մեծ էր իր ավանդը Չհարմահալի և Փերիայի առողջապահության բնագավառում։ Հայտնի է նաև նանով, որ ստեղծել է Սպահանի ամենամեծ անձնական գրադարանը։ Անիկ Ստեփանյանը եղել է առաջին կին ատամնաբույժն Իրանում։ Դեղագործ Արսեն Մինասյանը 1954 թվականին Գիլանում հիմնադրել է Իրանի առաջին ժամանակակից առողջարանը[34]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնի բժիշկներ էին Հարմիկ Դավթյանը, Ջեմմա Մուրադխանյանը, Անդրանիկ Օվասափյանը, քիմիկոս Արշալույս Ճգնավորյանը և ուրիշներ։ Հայտնի ճարտարագետներ էին Արմեն Սագինյանը, Մանուել Բերբերյանը, Կարո Լուկասը։ Վերջինս հայտնի է որպես «Իրանի ռոբոտատեխնիկայի հայր»[35]։

Հումանիտար գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելքոմ խան

Իրանահայ հումանիտար գիտությունը՝ ի դեմս լեզուների դասավանդման, փիլիսոփայության,կրոնի ուսումնասիրման, առավել հարուստ պատմություն ունի։ Դա կապված էր վանական-խալիֆայական դպրոցների հետ, որոնք գործում էին Ատրպատականում։ Ավելի ուշ շրջանում առաջ եկավ Նոր Ջուղայի դպրոցը։ 17-րդ դարի հայ փիլիսոփա և թարգմանիչ Հովհաննես Մրքուզը արաբերեն է թարգմանել Աստվածաշունչը։ Սիմեոն Ջուղայեցին գրում է հայոց լեզվի առաջին ամբողջական քերականությունը, որը հայերենի դասագիրք է ծառայում և հետագայում հիմք է դառնում քերականության նոր դասագրքերի համար։ Ոսկան Երևանցին Ամստերդամում տպագրել է հայերեն Աստվածաշունչը, Մովսես Խորենացու «Աշխարհացույց»-ը, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեան»-ը, Վարդան Այգեկցու առակները և այլն։ Ուշ միջնադարի մերձավորարևելյան պատմության հեղինակներից նշանավոր է Թովմաս Խոջամալյանը։ Ստեփանոս Դաշտեցին գրել է բազմաթիվ երգիծական-պարսավական և խրատական-իմաստասիրական տաղեր, հանելուկներ, որոնք ազգագրական և բանահյուսական արժեք ունեն։ Աշուղ-բանաստեղծ Հարթուն Օղլին հեղինակել է բազմաթիվ երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից ավելի քան 40-ը տեղ են գտել ազգագրագետ Արամ Երեմյանի ժողովածուում։

18-րդ դարում սկսում է հայ լուսավորական շարժումը, որը կապված էր իրանահայ, ապա նաև՝ հնդկահայ գաղթօջախի հետ։ Հայ ազատագրական պայքարի գործիչներ էին Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Բաղրամյանը, Հարություն Շմավոնյանը, Հակոբ Շահամիրյանը, 19-րդ դարում՝ Մեսրոպ Թաղիադյանը, Թադևոս Ավետումյանը։ Լազարյանների շնորհիվ Մոսկվայում բացվում է արևելյան լեզուների ճեմարան, որը դառնում է հայագիտության նոր կենտրոն՝ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների կողքին։ Ճեմարանի հայտնի պրոֆեսորներից էր Մկրտիչ Էմինը, ով 19-րդ դարում հեղինակել և հրատարակել է բազմաթիվ աշխատություններ՝ նվիրված հայոց պատմությանը։ Նույն դարում է ստեղծագործել հայ գրականության ռոմանտիզմի ներկայացուցիչներից Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան)։

20-րդ դարում դպրոցական կյանքի աշխուժացումը խթանում է հումանիտար գիտությունների զարգացումը։ Իրանի սահմանադրական հեղափոխության լուսավորականների շարքում առանձնանում է Միրզա Մելքոմ խանը (Հովսեփ Հակոբի Մելքումյան)։ Առաջ է գալիս հայ ստեղծագործ միտքը, զարգանում տպագրական մամուլը։ Դարի առաջին կեսին ստեղծագործել են Հովհաննես Մարդը (Հովհաննես Սարգիսի Մարգարյան),Դևը (Մարգար Ավետիսի Ղարաբեկյան), Գալուստ Խանենցը (Խանյան), Արշին (Արշալույս Մելիքսեթի Բաբայան)։ Վերջինս իրանահայ առաջին բանաստեղծուհիներից էր։ Գերիշխում էր հայրենիքի կարոտի և նրա տեսլականի թեման։ Դարի երկրորդ կեսին հայտնի էին Հովիկ Էդգարյանը, ով 1963 թվականին Թեհրանում հիմնադրել է «Րաֆֆի», ապա՝ «Նոր Անի» դպրոցները, թարգմանիչ Գրիշ Դավթյանը, Խաչիկ Խաչերը, բանաստեղծուհիներ Սոնյա Պալասանյանը և Զոյա Փիրզադը։

20-րդ դարի առավել հայտնի պատմաբաններից էր հասարակական-քաղաքական գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանը։

Հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունք և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարում որոշ իրանահայ ընտանիքներ զբաղվել են քաղաքականությամբ։ 17-րդ դարում հայտնի էին Խոսրով Սուլթան Արմանին, Ալահվերդ խանը, Հակոբջան Դերիչխանը, Մանուչեհր Խանը և ուրիշներ։ Դիվանագիտական կապերի ամրապնդմանը նպաստել է Նոր Ջուղայի հայ վաճառականների նվիրած Ալմաստե գահը։ 18-րդ դարում հայ ազատագրական շարժման մեջ մեծ ներդրում են ունեցել կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, Սյունիքի ազատագրական շարժման գործիչներից Իսրայել Օրին, Արցախի ազատագրական շարժման գործիչներից Իվան Կարապետը, հնդկահայ շարժման ներկայացուցիչներ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը[36]։

Հովսեփ Էմին

Իրանական սահմանադրական հեղափոխությունից (1905-1911) հետո բարելավվեց երկրի հասարակական-քաղաքական կյանքը։ Ավելի քան 200 հազար բնակչություն ունեցող հայ համայնքը, որը կազմում էր երկրի բնակչության 2 տոկոսը, նույնպես ներգրավվեց հեղափոխական և հետհեղափոխական Իրանի կառավարման համակարգում։ Մեծ էր հայ լուսավորականների դերը. առանձնապես աչքի էր ընկել Միրզա Մելքոմ Խանը, ով համարվում էր իրանական հեղափոխության հայրերից։ Հայերն ընտրվեցին տեղական ինքնավարության մարմիններում։ 1906 թվականի հոկտեմբերի 7-ին կազմակերպվում է Իրանի առաջին գումարման խորհրդարանը։ Այն բաղկացած էր երկու պալատից՝ մեջլիս կամ ստորին, և սենատ կամ վերին։ Իրանահայերը գործուն մասնակցություն ունեցան նաև Հայաստանի առաջին հանրապետության քաղաքական կյանքում. հայտնի էր ազատագրական շարժման գործիչ Վահան Փափազյանը, թարգմանիչ և դիվանագետ Հովհաննես Մասեհյանը։ Կոմունիստական քաղաքականության մեջ Հայաստան տեղափոխված իրանահայերից հայտնի էին Ավետիս Սուլթան Զադեն, Աբրահամ Գուլոյանը և ուրիշներ[37]։

1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո խորհրդարանը դարձավ միապալատ՝ 290 պատգամավորական մանդատով։ Ընտրությունները կազմակերպվում են չորս տարին մեկ անգամ։ Իսլամական հեղափոխությունից հետո իրանահայությունը իրավունք ստացավ ունենալու երկու պատգամավոր իրանական խորհրդարանում՝ մեջլիսում (այժմ՝ «իսլամական խորհրդակցության ժողով», պարս.՝ مجلس شورای اسلامی)։ Նրանցից մեկն ընտրվում է հյուսիսային շրջաններից՝ Թեհրանից և Ատրպատականից, մյուսը՝ հարավից՝ Սպահանից։ Մինչ այժմ տեղի ունեցած խորհրդարանական 10 ընտրությունների արդյունքում (1980-2016) առավել շատ ընտրվել են Վարդան Վարդանյանը (Թեհրան) և Արտավազ Բաղումյանը (Սպահան), երկուսն էլ՝ 1984-2000 թվականներին։ 2015 թվականի մարտին պատգամավոր Կարեն Խանլարիի հետ միասին Ռոբերտ Բեգլարյանին հրավիրել են ողջ համագումարին ներկայացնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն[38]։ Նախքան այդ հայ համայնքը, մասնավորապես՝ Թեհրանում, մշտապես հանդես է եկել հայոց ցեղասպանության ճանաչման[39] հարցով։ 2016 թվականին երկրորդ անգամ ընտրվել է Կարեն Խանլարին (Թեհրան, առաջինը՝ 2012), և նույնպես երկրորդ անգամ՝ Ժորժիկ Աբրահամյանը (Սպահան, առաջինը՝ 1984)[40]: Հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2020, իսկ նախագահական ընտրությունները՝ 2021 թվականին[41]։

Հայերից բացի մեկական տեղ ունեն ևս երեք փոքրամասնություններ՝ հրեաները (Սիամաք Մորսադեղ, 2008 թվականից՝ 3 նստաշրջան շարունակ), զրադաշտականները (Էսֆանդիար Էխթիարի, 2008 թվականից՝ 3 նստաշրջան շարունակ) և ասորիները (Յոնաթան Բեթկոլիա՝ սկսած 2000 թվականից, 5 նստաշրջան շարունակ)։ Իրանաբնակ վրացիները, ինչպես նաև՝ հույները, հնդիկները, ռուսները և ազգային այլ փոքրամասնություններ երկրի կառավարմանը չեն մասնակցում։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։ Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։ Իրանահայերի ճնշող մեծամասնությունը կրոնական տեսանկյունից հարում է Կիլիկիո հայոց կաթողիկոսությանը։ Նախքան 1958 թվականը իրանահայ թեմերը ենթարկվել են Էջմիածնի կաթողիկոսի գերագահությանը։ Իրանում հայ առաքելական եկեղեցուն զուգահեռ որոշակի դեր ունեն նաև հայ կաթողիկե, հայ ավետարական-բողոքական և այլ փոքր կրոնական համայնքները։

Խաչատուր Կեսարացի

Իրանահայ հոգևորականներն ի սկզբանե մեծ դերակատարում են ունեցել հայ մշակութային, գիտական ու հոգևոր կյանքի կազմակերպման գործում։ Հայկական հնագույն եկեղեցիներից որոշները մինչ այժմ շարունակում են գտնվել Իրանի տարածքում։ Զարգացած միջնադարում Թավրիզում և Ատրպատականի մյուս քաղաքներում կառուցվել են նոր եկեղեցիներ։ 17-րդ դարում հայոց մեծ գաղթից հետո Սպահան են տեղափոխվում մեծաքանակ հայ հոգևորականներ։ Պետության տարածքում գործում են երկու հիմնական թեմեր՝ Ատրպատականի և Սպահանի։ 1636-1638 թվականներին Խաչատուր Կեսարացու ջանքերով այստեղ հայկական դպրոց է հիմնադրվում։ Ուսուցիչ Կոստանդ Ջուղայեցին կազմել է թվաբանության դասագիրք, իսկ մինչ այդ գրվել է Նոր Ջուղայի ավետարանը։ Գոյության տարիներին դպրոցը տվել է ավելի քան 250 շրջանավարտ, այդ թվում՝ կրոնական, քաղաքական և հասարակական անվանի գործիչներ։ Խաչատուր Կեսարացին և նրա աշակերտները առանց եվրոպացի տպագրիչների օգնության, պատրաստեցին տպատառեր, տպագրական մամուլ, այլ պարագաներ, թուղթ և 1639-1642 թվականներին հրատարակեցին 4 հայերեն գիրք, այդ թվում՝ «Սաղմոսարան» (1638), «Հարանց վարք» (1641) և այլն։ Դա Մերձավոր Արևելքի առաջին տպարանն էր, որտեղ տպագրվում է հայալեզու առաջին գիրքը[42]։ Դրանից 133 տարի անց հայալեզու տպագրությունը սկիզբ առնում Հայաստանում (Էջմիածին)։ Տպարանն ավելի կատարելագործելու համար մի քանի տարի անց ուսուցչի պատվերով Եվրոպայից Սպահան է ուղարկվում տպագրական նոր սարքավորում։ Նոր Ջուղայում հայկական տպագրությունը շարունակեցին Հովհաննես Ջուղայեցին (1647 թվականից) և ուրիշներ։ Մեկ այլ հոգևոր գործիչ՝ Հարություն Շմավոնյանը, հիմնադրում է հայկական առաջին ամսագիրը՝ «Ազդարար» (1794, Մադրաս, Հնդկաստան)։ Այդպես սկիզբ է դրվում Կալկաթայի հայկական տպագրությանը[43]։

Հայ ազատագրական մտքի զարթոնքը ուշ միջնադարում կապված էր հիմնականում իրանահայ կաթողիկոսների անվան հետ՝ Ստեփանոս Ե Սալմաստեցի (Էջմիածնի եկեղեցական ժողով (1547)), Հակոբ Դ Ջուղայեցի (Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)), 18-րդ դարում՝ Սյունիքի և Արցախի ազատագրական կռիվների ժամանակ, Աղեքսանդր Ա Ջուղայեցի, Աստվածատուր Ա Համադանցի և ուրիշներ։

20-րդ դարում Իրանահայ համայնքի ներսում ձևավորվել են երեք թեմեր, որոնք իրարից անկախ մարմիններ են։ Դրանք են Ատրպատականի (12-րդ դար), Սպահանի (1606 թվական, մինչև 1960 թվականը՝ Իրան-Հնդկաստանի թեմ), Թեհրանի (1944) թեմերը։ Վերջինս առանձնացել է Սպահանի թեմից։ Սպահանում կա երկու տասնյակ եկեղեցի, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում կա 8 գործող եկեղեցի։ Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում[44]։ Վերականգնվում, բարեկարգվում և պետական պաշտպանության տակ են առնվում հայկական եկեղեցիները, հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ։ Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Քրիստոնեական ընդհանուր հավատքի հիման վրա՝ շարունակում են զարգանալ հայ-ասորական հարաբերությունները. իրանաբնակ ասորիները պարբերաբար մասնակցում են հայկական եկեղեցական ծիսակատարություններին[45]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մասեհյան

Իրանահայ մամուլն ունի հարուստ պատմություն։ Հայ իրականության մեջ առաջին պարբերականի «Ազդարարի» խմբագիրը եղել է նորջուղայեցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Բուն Իրանի տարածքում տպագրությունը սկիզբ է առել ավելի վաղ, քան Հայաստանում. Նոր Ջուղայում բացված հայկական տպարանը առաջին գրքերը հրատարակել է 17-րդ դարի սկզբերից։ Իրանում հայ մամուլի մունետիկը հասարակական-քաղաքական և գրական «Շավիղ» շաբաթաթերթն էր, որի հրատարակությունը սկզբնավորվել է 1894 թվականից։ Նրա գլխավոր խմբագիրներն են եղել Հովհաննես խան Մասեհյանը և Վրթանես Փափազյանը։ Այդ ժամանակից սկսած հրատարակվել է մոտ 100 անուն հայերեն պարբերական։

Նախքան իսլամական հեղափոխությունը Իրանում հրատարավում էին տասնյակ թերթեր ու ամսագրեր։ Ի սկզբանե հիմք դրվեց թերթերի հրատարակությանը, առաջին հերթին՝ հայաշատ Թավրիզ քաղաքում («Զանգ», «Միտք», «Այգ» և այլն), ապա նաև՝ Թեհրան մայրաքաղաքում («Ռանչպար Իրանի», «Վերածնունդ», «Գաղափար», «Ցախավել», «Արմենուհի», «Ուսուցիչ»)։ Ամսագրերից հայտնի էին գրական-գեղարվեստական և հասարարակական թեմատիկայով «Նոր էջ», «Նոր աղբյուր», «Լույս», «Լուսաբեր», «Արփի», «Արարատ», «Հուր» ամսագրերը։ Հեղափոխությունից հետո կարճ կյանք ունեցան թվով 4 ամսագիր, որոնցից ոչ մեկ այսօր չի հրատարակվում։

Ժամանակակից իրանահայ մամուլի առավել հայտնի պարբերականը Թեհրանի հասարակական-քաղաքական, գրական-մշակութային «Ալիք» օրաթերթն է (1931)։ Ամենօրյա թերթ է դարձել 1941 թվականից։ Թերթի կուսակցական պատկանելության մասին չի նշվում, սակայն այն պատկանում է ՀՅԴ կուսակցությանը։ Դրա բովանդակության առանցքն է կազմում Հայ Դատի հետապնդումը։ Օրաթերթը լույս է տեսնում չորս հազարից ավելի տպաքանակով։ Ունի սեփական կայքէջը ինտերնետում։ Որպես այլընտրանքային ինտերնետ-լրատվամիջոց հայտնի է նաև «Իրանահայեր» կայքը։ «Ալիք պատանեկան» պարբերաթերթը, որպես «Ալիք» օրաթերթի հավելված, վերահրատարակվում է 2010 թվականի մարտ ամսից։

Այսօր հրատարակվում են նաև մշակութային և հասարակական «Լույս» երկշաբաթաթերթը, գրական-մշակութային, հասարակական «Արաքս» շաբաթաթերթը, «Ապագա» եռամսյա հանդեսը, բոլորը՝ Թեհրանում։ Մայրաքաղաքում է գտնվում նաև «Նայիրի» հրատարակչությունը, որը հրատարակում է պատմական, հուշագրական, մանկական գրքեր, բառարաններ, պատի և գրպանի օրացույցներ և այլն։ Սպահանի առաջնորդարանի համայնքային, հասարակական և մշակութային պարբերաթերթը «Նոր Ջուղայի տեղեկատուն» է, իսկ Ատրպատականի հայոց թեմի կրոնական-մշակութային լրատուն՝ «Արտազը»։

Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ։ Հասարակական կազմակերպությունները հիմնականում հայտնի են «Արարատ», «Արաքս» և այլ անուններով։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վահան Բայբուրդյան,Վահան Բայբուրդյան. Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ Արխիվացված 2019-04-15 Wayback Machine
  2. Abrahamyan, Gayane (2010 թ․ հոկտեմբերի 18). «Armenia: Iranian-Armenians Struggle to Change Image as "Foreigners"». eurasianet.org. Open Society Institute. «Iran, which borders Armenia to the south, is home to an estimated 70,000-90,000 ethnic Armenians...»
  3. Թաթուլ Հակոբյան, Մի քանի օր Թեհրանի հայ համայնքում Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
  4. Սփյուռքի նախարարություն, Հայերն այսօր. Իրանի հայ համայնք Արխիվացված 2019-07-10 Wayback Machine
  5. Վահան Բայբուրդյան, Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ Արխիվացված 2019-04-15 Wayback Machine
  6. Ալիք, Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը. «Ալիք» օրաթերթի խմբագիր Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
  7. worldatlas.com, Which Countries Border Iran?
  8. worldatlas.com, Which Countries Border Armenia?
  9. Դերենիկ Մելիքյան, Ատրպատականի հայկական գավառների իրավիճակը եւ բնակչության տեղաշարժը 20-րդ դարի սկզբին Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
  10. ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Ատրպատականի թեմ Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
  11. Հայկական հանրագիտարան, Թուրքմենչայի պայմանագիր Արխիվացված 2019-10-31 Wayback Machine
  12. Allain, Jean (2004). International Law in the Middle East: Closer to Power than Justice. Ashgate Publishing Ltd. pp. 27–28.
  13. 13,0 13,1 Շահեն Հովսեփյան, Թեհրանի հայկական եկեղեցիները
  14. Centre, UNESCO World Heritage. «Armenian Monastic Ensembles of Iran». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. a1plus.am, Հայերն Իրանում ակտիվ չեն
  16. «Հայաստան, Արցախ, Սփյուռք» ամսագիր, Հայ ժոդովրդի բռնագաղթը Իրան. ինչպես հիմնվեց Նոր Ջուղան
  17. Սպահանի հայոց թեմ, Նոր Ջուղա. պատմական ակնարկ
  18. Աստղիկ Հակոբյան, Իրանահայ համայնքի ժողովրդագրական տեղաշարժերը 1920–1945 թվականներին
  19. Եկեղեցական լուրեր ամբողջ աշխարհից,Գիտե՞ք, որ հայերն Ինդոնեզիայում ունեցել են 1 մատուռ և 2 եկեղեցի Արխիվացված 2020-10-30 Wayback Machine
  20. Margaret Sarkissian, 'Armenians in South-East Asia', (1987) 3 Crossroads, an Interdisciplinary Journal of Southeast Asian Studies, 1-33.
  21. Սեպուհ Ասլանյան, Հնդկահայ վաճառականության պատմությունից Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
  22. ՀՀ պաշտպանության նախարարության հանդես «Հայ զինվոր», Հայերը հնդկական բանակում
  23. mediamax.am, Լազարյաններ. Ռուսական կայսրության ազնվականները
  24. Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոն, Հայերը և Իրանի իսլամական հեղափոխությունը
  25. Նոր Ջուղայի ազգային առաջնորդարան, Հայոց եկեղեցիներ
  26. kafkassam.com, Ինչու Ստալինը հրաժարվեց Իրանից վրացիների ներգաղթից,սակայն համաձայնեց հայերի ներգաղթին
  27. Ալիք, Վերաբացւեց Փերիա գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի առողջապահական կենտրոնը Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
  28. ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Թեհրանի թեմ Արխիվացված 2019-05-26 Wayback Machine
  29. G.A. Olivier (1802), Reise durch das Türkische Reich, Egypten und Persien, während der ersten sechs Jahre der französischen Republik oder von 1792 bis 1798 (in German), Weimar: Verlag des Landes-Industrie-Comptoirs, OCLC 13068445 Quoted in: Encyclopædia Britannica, 1911.
  30. Ս. Նազիկյսւն, Արևմտահայ մանկավարժական մտիքն ու դպրոցը Արխիվացված 2019-05-29 Wayback Machine
  31. Հ. Մարտիրոսյան, Իրանի հայկական դպրոցներ Արխիվացված 2020-11-28 Wayback Machine
  32. The Armenian Studies in Modern Iran
  33. «Ս. Կծոյան, Մխիթար Հերացի» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  34. آرسن خاچاطوریان میناسیان։ رسانه مجازی نگاه - استان گيلان Արխիվացված 2019-05-02 Wayback Machine
  35. The body of the 'father of robotics science in Iran' was taken aback
  36. Պավել Չոբանյան, Հայ-ռուս-վրացական հարաբերությունները 18-րդ դարի երկրորդ կեսին
  37. Հրաչիկ Սիմոնյան1905-12 թվականների Պարսկական հեղափոխությունը և հայերը Արխիվացված 2018-11-23 Wayback Machine
  38. ASIA/IRAN - Iranian MPs are preparing to commemorate the Armenian Genocide retrieved June 2015
  39. panarmenian.net, Թեհրանի հայերն Իրանում ակտիվորեն տարածում են «Արմին Վեգներ` Հայոց ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը
  40. armedia.am, Իրանի հայերը կմասնակցեն գալիք խորհրդարանական ընտրություններին
  41. «Potential Contenders in 2021 Presidential Election». Financial Tribune. 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 7 March 2018-ին.
  42. Pars Today, Իրանում առաջին գրքերը հայերն են տպագրել
  43. Լեո, Հայկական տպագրություն, հատոր Ա, Թիֆլիս, 1904
  44. Հայաստանի հանրային ռադիո, Հայերը Իրանում հազարավոր տարիներ պահպանում են իրենց ինքնությունը(չաշխատող հղում)
  45. news.am, Իրանում հայերն ու ասորիները մասնակցել են Սուրբ Թադեոսին նվիրված արարողությանը (ֆոտո)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]