Արամայիս Աղամալյանը ծնվել է 1910 թվականին, Ջուղայում։ Հայկական ջարդերի ժամանակ ընտանիքի հետ գաղթել է Իրան, հաստատվել Թավրիզում։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Երևան և 1920-1930 թվականներին բնակվել այնտեղ՝ աշակերտել է Հակոբ Կոջոյանին և Ալեքսանդր Թամանյանին։ 1927 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը և աշխատել որպես ձևավորող։ 1930 թվականին մեկնել է Գերմանիա, ուսումը շարունակել Բեռլինի դրամատիկական արվեստի քոլեջում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կրթությունը կիսատ է թողել։ 1934 թվականին վերադարձել է Իրան և հաստատվել Սպահանի հայաբնակ՝ Նոր Ջուղա քաղաքում, որտեղ աշխատել է հինգ տարի։ Թատերական գործունեությունը սկսել է 1935 թվականին՝ Նոր Ջուղայում։ 1939-1945 թվականներին բնակվել է Թավրիզում, որտեղ բեմադրել է բազմաթիվ պիեսներ։ Թեհրան հաստատվելուց հետո Քուշեշ-Դավթյան հայկական տարրական և միջնակարգ դպրոցներում դասավանդել է նկարչություն։ Ռուսերենից հայերեն է թարգմանել մի շարք պիեսներ, այդ թվում՝ Վոյնովիչի «Հասարակածային փոթորիկը», Ա. Գլադկովի «Երիտասարդ թատրոնը», Թենսի Ուիլյամսի «Ամառ և ծուխ» երկերը։ 1946 թվականից աշխատել է Թեհրանի տարբեր թատերախմբերում։ 1946 թվականին միացել է «Արարատ ակումբ» թատերախմբին։ Ձևավորել է մի քանի ուշագրավ թատերական դեկորներ՝ «Գևորգ Մարզպետունի», «Սամվել» թատերախաղերի համար։ 1960 թվականից հանդես է եկել կինոյի ասպարեզում, նկարահանել «Փեսա որոնողներ» ֆիլմը՝ քաղված Երվանդ Օտյանի «Չարշլ Արթին Աղա» թատերախաղից[1][2][3][4]։