Էդուարդ Պալասանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Պալասանյան
Ծնվել է1936
ԾննդավայրԻրան
Քաղաքացիություն Իրան,  ԱՄՆ և  Հայաստան
ԿրթությունԹեհրանի համալսարան (1963) և Փենսիլվանիայի համալսարան
Մասնագիտությունճարտարապետ և քաղաքաշինարար
ԱշխատավայրArmenian Assembly of America, Հայաստան համահայկական հիմնադրամ և Նորարար փորձառական արվեստի կենտրոն
ԱմուսինՍոնյա Պալասանյան
Կայքaccea.info/hy/edward.balassanian

Էդուարդ Պալասանյան (անգլ.՝ Edward Balassanian, 1936, Իրան), հայ ճարտարապետ-ուրբանիստ։ Պալասանյանն ընդգրկված է ՄԱԿ-ի համաշխարհային մասնագետների ցանկում։

Սոնյա Պալասանյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Պալասանյանը ծնվել է Իրանում 1936 թվականին։ Սովորել է Թեհրանի Դավթյան և Ֆիրուզբահրամ դպրոցներում։ 1963 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը, 1968 թվականին ստացել է քաղաքաշինության մագիստրոսի կոչում, 1975 թվականին՝ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում քաղաքաշինության և տարածքային զարգացման բնագավառներում փիլիսոփայության դոկտորի աստիճան[1]։

1970 թվականից Իրանում հիմնել և ղեկավարել է ճարտարապետա-քաղաքաշինական խորհրդատվական հիմնարկ։ 1980 թվականին Պալասանյանը ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ 1992 թվականին Վաշինգտոնում եղել է Ամերիկայի հայկական համագումարի վարչության նախագահ, 1993-1995 թվականներին` Երևանում Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն և շինարարական բաժնի պետ, 1996 թվականին՝ Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ-ի գործադիր տնօրեն Նյու Յորքում, 1997-1998 թվականներին` Նյու Յորքում Արևելյան Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի գործադիր տնօրեն։

Գործունեություն արվեստի բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալասանյանը նաև աշխատել է կատարողական արվեստի բնագավառում։ Պարսկաստանում հանդես է եկել որպես արհեստավարժ դերասան և ներկայացել է Շեքսպիրի («Օթելլո»), Չեխովի («Արջը»), Պրոսփեր Մերիմեի, Լիլիան Հելմանի, Ջոն Բոյնտոն Փրիստլիի պիեսներում, հայկական ազգային և համայնական միջոցառումների ժամանակ ասմունքել է Իրանում, ԱՄՆ-ում, և Անգլիայում[1]։

1995 թվականին Պալասանյանը, կնոջ` նկարիչ-բանաստեղծ Սոնյա Պալասանյանի հետ միասին, Երևանում հիմնել է Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ)[2][3]։

1995-2009 թվականներին ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ Պալասանյանները ՆՓԱԿ-ի միջոցով Վենետիկի Համաշխարհային Արվեստի Բիենալեներում կազմակերպել են Հայաստանի Հանրապետության տաղավարները[1]։

1998 թվականից Էդուարդ Պալասանյանը հաստատվել է Հայաստանում։ 1998 թվականից, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչ, ղեկավարել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կառուցման աշխատանքները[1]։

2002-2009 թվականներին Պալասանյանը եղել է Երևանի Կասկադ համալիրին կից կառուցվող արվեստի թանգարանի գործադիր տնօրեն և թանգարանի շինարարության ղեկավար (2008-2009 թթ)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  2. Daily, AZG. «ՆՈՐԱՐԱՐ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆՓԱԿ)». AZG Daily. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  3. «ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art». ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  4. «ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art». ACCEA - Armenian Center for Contemporary Experimental Art (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.