Jump to content

Խաժակ Տեր-Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաժակ Տեր-Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1941(1941-03-21)
ԾննդավայրՌաշթ, Իրան
Մահացել է2001
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունՍպահանի համալսարան և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունխմբագիր և հայագետ
ԿուսակցությունՀՅԴ

Խաժակ Տեր Գրիգորյան (մարտի 21, 1941(1941-03-21), Ռաշթ, Իրան - 2001), հայ խմբագիր, հայագետ, պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու (1971

1948 թվականին ընտանիքով տեղափոխվել են Թեհրան։ Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի ազգային «Քուշեշ Դավթյան» դպրոցում։ Բարձրագույն ուսումը ստացել է Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնում, ապա՝ Գերմանիայի և Սորբոնի (Ֆրանսիա) համալսարաններում։ 1971 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը՝ որպես պատմական գիտությունների թեկնածու։ Նույն թվականին հրավիրել են Սպահանի պետական համալսարան՝ իբրև հայագիտական ամբիոնի դասախոս։

Կուսակցական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1986 թվականներին վարել է նույն Հայագիտական ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1959 թվականին անդամագրվել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Երիտասարդ տարիքից աշխույժ և ներգործուն մասնակցություն է ունեցել ազգային-կուսակցական կյանքին։ Ուսանողական տարիներին եղել է Թեհրանի «Ալիք» օրաթերթ խմբագրակազմի անդամ։

Եվրոպայում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում, ուսանողական տարիներին կարևոր ներդրում է ունեցել Եվրոպայի հայ ուսանողական միության հիմնադրման և հատկապես դաշնակցական ուսանողական միավորների կայացման գործում։ Նույն ժամանակ եղել է Հ.Յ.Դ. Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի անդամ։ Իրան վերադարձից հետո երկար տարիներ եղել է Հարավային Իրանի Կենտրոնական Կոմիտեի անդամ, միաժամանակ որպես վարիչ մասնակցել է պատանեկան և երիտասարդական միության աշխատանքներին։ 1981 թվականի դեկտեմբերին, Հ.Յ.Դ. 22–րդ Ընդհանուր ժողովը (Ֆրանսիա), ընտրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ։ 1984-1985 թվականները գործուղվել է Ֆրանսիա, Հ.Յ.Դ նոր պաշտոնաթերթի՝ «Կամք» -ի հիմնադրումը կազակերպելու և վերահսկելու առաքելությամբ։ ՀՅԴ Բյուրոյի անդամ է վերընտրվել 1985 թվականին, Հ.Յ.Դ. 23–րդ Ընդհանուր Ժողովին (Աթենք

Խաժակ Տեր Գրիգորյան
Խաժակ Տեր Գրիգորյան
Խաժակ Տեր Գրիգորյան
Խաժակ Տեր Գրիգորյան4

ՀՅԴ Բյուրոյի անդամակցության երկրորդ շրջանը (1985-1988) չի կարողացել ամբողջացնել՝ 1986 թվականին, Նոր Ջուղայի մեջ, քաղաքական պատճառներով ձերբակալվելու և մինչև 1989 թվականին բանտարկված մնալու պատճառով։ 1989 թվականի սեպտեմբերին, բանտից ազատ արձակվելուց հետո, որպես կուսակցական գործիչ հրավիրվել է Հունաստան՝ Աթենք, մաս կազմելու Հ.Յ.Դ Բյուրոյի Կենտրոնական գրասենյակի և աջակցելու ՀՅԴ պաշտոնաթերեթ՝ «Դրօշակ»-ին, Հ.Յ.Դ. Մամլո Դիվանի և «Յեղափոխական մատենաշար»ի աշխատանքներին։

1990 թվականի աշնանը, իբրև Հ.Յ.Դ. Բյուրոյի լիազոր ներկայացուցիչ, գործուղվել է Հայաստան՝ ստանձնելու Հ.Յ.Դ. Բյուրոյի Հայաստանի գրասենյակի վարիչ պաշտոն։ Մինչև 1992 թվականի ավարտը գործել է իբրև այդպիսին՝ իր կարևոր ներդրումը ունենալով Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպության առաջին քայլերի գաղափարական և կազմակերպական հունավորման մեջ։ Մոտիկից աջակցել է Հ.Յ.Դ. Բյուրոյի Հայաստանյան պաշտոնաթերթի ՝ «Ազատամարտ»-ի հիմնադրության աշխատանքներին, ինչպես նաև՝ հիմնական դեր է ունեցել «Մ. Վարանդեան» տպարանի հրատարակչական գործունեությունը ծավալելու մեջ։

1993 թվականի սկզբին, համալրման կարգով, նշանակվել է Հ.Յ.Դ. Հայաստանի Կենտրոնական Կոմիտեի անդամ՝ ստանձնելով մարմնի նախագահի պաշտոնը։ Նույն պաշտոնին է վերընտրվել 1994 թվականի գարնանը գումարած Հ.Յ.Դ. Հայաստանի 4-րդ Շրջանային Ժողովում և շարունակել է մինչև 1994 թվականի դեկտեմբերը, երբ Դաշնակցության Հայաստանի գրասենյակի գործունեությունը արգելեց Հայաստանի 3-րդ Հանրապետության 1-ին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպությունը ապօրինի հռչակելու և հալածանքի ենթարկելու այդ օրերի կամայական քայլերից մեկը եղավ Խաժակ Տեր-Գրիգորյանի վտարումը Հայաստանից։ 1995 թվականի հունվարից մինչև 1998 թվականի իշխանափոխությունն ու Հայաստան վերադարձը, Խաժակ Տեր-Գրիգորյանն իր գործունեությունը շարունակել է Թեհրանում՝ աշխատակցելով «Ալիք» օրաթերթում։

Այդ շրջանում սկսվել է վատթարանալ Խաժակ Տեր-Գրիգորյանի առողջական վիճակը։ Նա կյանքի վերջին տարիներին ուժերը լարել էր որպեսզի ամբողջացնի հրատարակչական անավարտ մնացած գործերը։ Անկողնուն գամված լինելով նա կարողացավ կյանքի ընկերոջ հետ ավարտել և մամուլին հանձնել դաշնակցական մեծ գործչի, հիմնադիր սերնդի ներկայացուցիչ ՝ Յոնան Դավթյանին նվիրված երկրորդ հատորը։ Խաժակ Տեր-Գրիգորյանը մահացել է 2001 թվականին։

Հ.Յ. Դաշնակցությունը ծնվեց հայ ժողովրդին բերելու ազատություն, նա ոգի ի բռին պայքարեց ի խնդիր Հայաստանի ու հայության համար մարդկային տարրական իրավունքների նվաճման։ Նրա Գոյության իմաստը եղավ պայքարը ազատության համար։ «ԱԶՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՄԱՀ»՝ ահա միակ կարգախոսըԴաշնկացության համար անցյալում և այսօր։ Եվ այսօր, որպես առաջամարտիկը ժողովրդավարական սկզբունքների, նա շարունակում է և պիտի շարունակի իր անհաշտ ու անկաշկանդ պայքարը հայ ժողովրդի ազատությունները կատարել փորձող բոլոր կարգի ներքին ու արտաքին ուժերի դեմ, մինչև որ ազատության արծիվը անկաշկանդ թևածի հայոց երկնակամարում։
- Խաժակ Տեր-Գրիգորյան

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թաթուլ Պողոսի Բոլորչյան, Խաժակ Տեր-Գրիգորյան։ Կենսամատենագիտություն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բոլորչյան, Թաթուլ Պողոսի (2000). Խաժակ Տեր-Գրիգորյան։ Կենսամատենագիտություն. Նոր-Դար. ISBN 9789993065180.