Վահան Բայբուրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Բայբուրդյան
Ծնվել է1933
Ախալցխա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունդիվանագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր, պատմական գիտությունների դոկտոր (1977) և պրոֆեսոր (1979)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ
Երեխա(ներ)Արմեն Բայբուրդյան

Վահան Առաքելի Բայբուրդյան (սեպտեմբերի 11, 1933(1933-09-11), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, արևելագետ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Բայբուրդյանը ծնվել է 1933 թվականին Ախալցխայում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո, Վահան Բայբուրդյանն իր ասպիրանտական ուսումնառությունն անցել է արևելագիտական կենտրոններից մեկում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում (Մոսկվա, 1962–1965 թթ.)։ Մոսկվայում իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո՝ 1965 թվականին՝ Վահան Բայբուրդյանը վերադառնում է Երևան ու երկար տարիներ հետազոտական աշխատանք կատարում Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։

Վահան Բայբուրդյանն արևելագիտական, հայագիտական, միջազգային հարաբերություններին վերաբերող զգալի թվով հրատարակություններ է գրախոսել, խմբագրել և հրատարակել։ Նա բազմիցս մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել արևելագիտական ու հայագիտական միջազգային գիտաժողովներում։

Վահան Բայբուրդյանը եղել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտնական-քարտուղարը, Իրանի բաժնի վարիչը, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը, նույն ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը, ռեկտորի պաշտոնակատարը, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչը, Հր. Աճառյան համալսարանի արևելագիտության և ռոմանագերմանական ֆակուլտետի դեկանն ու նույն համալսարանի արևելագիտության ամբիոնի վարիչը։ Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղվել է նաև մանկավարժական-դասախոսական գործունեությամբ։ Բայբուրդյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակվող «Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի խմբագրական կազմի անդամ է, ինստիտուտի «Համաշխարհային պատմություն» մասնագիտության գծով թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի նախագահի տեղակալն է, նաև ՀՀ տարբեր գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների անդամ։

1992 թվականին Վահան Բայբուրդյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Վեց տարի անընդմեջ Իրանում վարելով դեսպանի պաշտոնը՝ Վ. Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Իրանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո վերադառնալով հայրենիք, Վ. Բայբուրդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։

Գիտական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Բայբուրդյանը մի շարք մեծածավալ մենագրությունների և հոդվածների հեղինակ է։ Լայն է նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը. Իրանի և առհասարակ Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմություն, հայագիտություն, մասնավորապես հայ ժողովրդի և Հայկական հարցի պատմություն, հայ գաղթօջախների պատմություն, հայ առևտրական կապիտալի պատմություն, հայ-իրանական պատմական և միջպետական հարաբերություններ, քրդագիտություն, հայ-քրդական հարաբերություններ, միջազգային հարաբերություններ, քաղաքականություն և այլն։

1969 թվականին ռուսերեն լույս տեսավ Վահան Բայբուրդյանի «Նոր Ջուղայի հայ գաղթօջախը XVII դարում (Նոր Ջուղայի դերը իրանա-եվրոպական քաղաքական և տնտեսական հարաբերություններում)» մենագրությունը։

Վահան Բայբուրդյանը շարադրել է «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակի (1972 թ.) և Հայկական սովետական հանրագիտարանի Նոր Ջուղային և Իրանի հայ գաղթօջախներին նվիրված բաժինները։

2007 թվականին Բայբուրդյանը հրատարակել է «Նոր Ջուղա» մենագրությունը։ Նա բացահայտել է Իրանի հայ գաղթօջախների խաղացած դերը հայ քաղաքական մտքի ձևավորման ու ազգային-ազատագրական գաղափարների վերելքի գործում, համոզիչ փաստերով ցույց է տվել, որ ուշ միջնադարում և պատմության նոր դարաշրջանում հայերն իրենց կարևոր ավանդն են ունեցել Արևելքի ու Արևմուտքի քաղաքակրթությունների և մշակույթների շփման գործում։ Զարգացվում է նաև այն թեզը, որ պատմական ճակատագրի բերումով ապրելով օտար միջավայրում, իրանահայությունը կարևոր դեր է խաղացել մայր հայրենիքի տնտեսական ու քաղաքական կյանքում, իսկ Նոր Ջուղան ամբողջ XVII դարի ընթացքում եղել է հայ մտավոր և տնտեսական կյանքի ամենաաչքի ընկնող կենտրոնը։

Վահան Բայբուրդյանի գիտական հետաքրքրությունների մշտական առարկան է հանդիսացել նաև հայ առևտրական կապիտալի պատմությունը։ Նա հրատարակել է մի շարք ուսումնասիրություններ։ Դեռևս 1960-ական թվականներին այդ խնդրի վերաբերյալ Բայբուրդյանը Մոսկվայում և Երևանում մի շարք հոդվածներ է հրապարակել, իսկ 1996 թվականին Թեհրանում հայերեն հրատարակվում է նրա «Համաշխարհային առևտուրը և իրանահայությունը XVII դարում» մեծածավալ մենագրությունը, որն անմիջապես թարգմանվում է պարսկերեն և նույն թվականին լույս տեսնում Թեհրանում։ Ավելի ուշ, 2004 թվականին Նյու Դելիում անգլերեն հրատարակվում է «Միջազգային առևտուրը և հայ վաճառականները XVII դարում» մենագրությունը։

1974 թվականին Բայբուրդյանը հրատարակել է «Թուրք-իրանական հարաբերությունները 1900–1914 թթ.» մենագրությունը, որը նա ներկայացրել է որպես դոկտորական ատենախոսություն և հաջողությամբ պաշտպանել 1975 թվականին։ Այն թարգմանվել է պարսկերեն և «Թուրքիայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ XX դարի սկզբներին» վերնագրով 1989 թվականին լույս է տեսել Սպահանում՝ համառոտագրված տարբերակով։ Միաժամանակ աշխատության առանձին բաժիններ լույս են տեսել Ստամբուլի մամուլում՝ թուրքերեն։

1984 թվականին լույս է տեսել Վահան Բայբուրդյանի «Իրանը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» մենագրական ուսումնասիրությունը։ Իսկ 1999 թվականին հրատարակվել է «Իրանն այսօր» ծավալուն աշխատությունը, որտեղ լուսաբանվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային կյանքի բազմապիսի խնդիրները։ 2005 թվականին լույս է տեսել Բայբուրդյանի Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) աշխատությունը, որը շահել է «Հայ օգնության ֆոնդի» (ԱՄՆ) դրամաշնորհը։ 2006 թվականին լույս է տեսել այդ աշխատության երկրորդ լրամշակված հրատարակությունը։

Վահան Բայբուրդյանը քուրդ ժողովրդի պատմության և հատկապես հայ-քրդական հարաբերությունների բնագավառում ճանաչված մասնագետ է։ Այդ թեմայով գրել է մենագրություններ՝ «Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին» (Երևան, 1989 թ.) և «Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո» (Երևան, 2008 թ.)[1]։ Վերջին աշխատությունն անգլերեն թարգմանությամբ հրատարակվել է 2013 թվականին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ (2015)[2]
  • Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ
  • ԵՊՀ ոսկե մեդալ և պատվոգիր
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի հատուկ դիպլոմ
  • Ռուսաստանի հայերի միության հատուկ դիպլոմ
  • ՀՀ Սփյուռքի նախարարության հատուկ դիպլոմ
  • ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմ
  • Ռուսաստանի հայերի միության մեդալ
  • Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալ
  • ՀՀ արտաքին գործերի նախարարություն հուշամեդալ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար»
  • «Մանկավարժական համալսարան» մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրք-իրանական հարաբերությունները (1900-1914 թթ.), Երևան, 1974, 390 էջ։
  • Իրանը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին (ուսումնական առաջադրանքներ և մեթոդական օժանդակ նյութեր), Երևան, 1984, 54 էջ։
  • Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին, Երևան, 1989, 360 էջ։
  • Համաշխարհային առեւտուրը եւ իրանահայութիւնը 17-րդ դարում, Թեհրան, 1996, 247 էջ։
  • Իրանն այսօր (տեղեկատու), Երևան, 1999, 336 էջ։
  • Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան, 2005, 784 էջ։
  • Նոր Ջուղա, Երևան, 2007, 154 էջ։
  • Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո, Երևան, 2008, 421 էջ։
  • Օսմանյան կայսրության պատմություն, Երևան, ԵՊՀ, 2011, 716 էջ։
  • Իրանի հայ համայնքը (արդի հիմնախնդիրներ), Երևան, 2013, 212 էջ։
  • Իսլամ, Երևան, 2016, 404 էջ։
  • Ստեփանոս Երեց Տերտերյանի (Հազարջրիբեցու) «Պատմագիրքը» («Հանգիտագիրք»)` որպես սկզբնաղբյուր XVII - XVIII դարերի Իրանի և իրանահայության պատմության, Երևան, 2020, 124 էջ։
  • Համաշխարհային առևտուրը և հայ վաճառականությունը XVII դարում, Երևան, 2023, 300 էջ։
  • International Trade and the Armenian Merchants in the Seventeenth Century, New Delhi, 2004, 261 p.
  • The Kurds, the Armenian Question, and the History of Armenian-Kurdish Relations, Ottawa, 2013, 418 p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահան Առաքելի Բայբուրդյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. Վ. Ա. ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղամ Պետրոսյան «Վաստակաշատ գիտնականը և դիվանագետը» (Վահան Բայբուրդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 267-272