«Վերածնունդ», հասարակական, քաղաքական, գրական թերթ։ Լույս է տեսել 1930-1953 թվականներին, Թեհրանում, տարբեր պարբերականությամբ (օրաթերթ, երկօրյա, եռօրյա և այլն)։ Խմբագիր-արտոնատեր՝ Հայկ Գարագաշ։ Լուսաբանել է իրանահայհամայնքի առօրյան, հանդես եկել հանուն նրա միասնության, այն խաթարող ազգայնական տարրերի և մամուլի (մասնավորապես Ալիք-ի) դեմ։ Լայնորեն ներկայացրել է Սովետական Հայաստանիտնտեսության, գիտության ու մշակույթի առաջընթացը, սփյուռքահայության գոյատևման նախապայման համարել սերտ կապը հայրենիքի հետ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին անդրադարձել է սովետա-գերմանական ռազմաճակատի իրադարձություններին, հայ ռազմիկների սխրանքներին։ Ետպատերազմյան շրջանում սատարել է ներգաղթին։ Ունեցել է գրական բաժին, ուր հայ դասական և ժամանակակից գրողների գործերից զատ թարգմանաբար ներկայացրել է պարսկական գրականությունը։ Տպագրել է նաև գիտության ու մշակույթի տարբեր բնագավառներին նվիրված հոդվածներ, բժշկական տեղեկություններ, հետաքրքրաշարժ լուրեր։ 1930-1942 թվականներին «Վերածնունդ»-ի հետ հրատարակվել է նաև «Բոբոխ» հավելվածը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 391)։