Կարո Լուկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարո Լուկաս
Ի ծնեԿարօ Ղուկասեան
Ծնվել է1949 Սեպտեմբերի 4
ԾննդավայրՍպահան
Մահացել է2010 Հուլիսի 8
Վախճանի վայրԹեհրան, Իրան
Ազգությունհայ
Գործունեությունճարտարագետ, գիտահետազոտող
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Թեհրանի համալսարան
ԱշխատավայրԹեհրանի համալսարան

Կարո Լուկաս (բուն անունով՝ Կարօ Ղուկասեան, սեպտեմբերի 4, 1949(1949-09-04), Սպահան, Իրան - հուլիսի 8, 2010(2010-07-08), Թեհրան, Իրան), պարսկահայ գիտահետազոտող և ճարտարագետ։ Նա հայտնի է որպես «Իրանի ռոբոտատեխնիկայի հայր»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Լուկասը ծնվել է 1949 թվականին Սպահանում։ Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Թեհրանի Պետական համալսարանի Տեխնիկական գիտությունների ֆակուլտետի էլեկտրական ճարտագիտության ճյուղում 1973 թվականին, ավարտելով մագիստրատուրան։ Ապա ուսման շարունակման համար մեկնել է ԱՄՆԲերքլի համալսարան, 1976 թվականին էլեկտրական և համակարգչային գիտությունների բաժնից ստանալով ասպիրանտուրա՝ համակարգերի հսկողություն թեքումով։ Ապա վերադարձել է Իրան, որտեղ 30 տարի դասավանդել և գիտահետազոտական աշխատանքներ է ղեկավարել Թեհրանի Պետական համալսարանի իր ուսանած Տեխնիկական գիտությունների ֆակուլտետում։ 2006 թվականին Իրանի ճարտարագիտության ասպարեզում ճանաչվել է որպես «Մնայուն դեմք»[1]։

Նա ամուսնացել է Էմիլիա Ներսիսյանցի հետ և ունեցել մեկ զավակ Արման անունով։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986-ից 1988 թվականներին ղեկավարել է Թեհրանի Պետական համալսարանի Տեխնիկական գիտությունների ֆակուլտետի էլեկտրականության բաժինը, որի ընթացքում նաև հիմնադրել է համալսարանի Ուշիմ համակարգերի հսկողության կենտրոնը։ 1993-ից 1997 թվականներին տնօրինել է Իրանի Հիմնարար գիտությունների կենտրոնի (IPM) աշխատանքները[1]։

Լուկասը Իտալիայի Թրիեստեի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (International Center for Theoretical Physics) և Ծագումնաբանական ճարտարագիտության և կենսատեխնոլոգիայի միջազգային կենտրոնի (International Center for Genetic Engineering and Biotechnology) գիտահետազոտող, Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի անդամ, Չինական գիտությունների ակադեմիայի անդամ, Հարբինի էլեկտրական տեխնոլոգիայի ինստիտուտի (Harbin Institute of Electrical Technology) գիտահետազոտող, Օնտարիոյի հետազոտական և արտադրական ընկերության գիտահետազոտական գործակից (research associate), և Բերքլի համալսարանի Էլեկտրական հետազոտությունների լաբորատորիայի (Electronic Research Laboratory) գիտահետազոտական գործակից է եղել[2][3]։

Լուկասի գիտական հետաքրքրությունների շարքում էին կենսաբանական հաշվարկումը, հաշվողական բանականությունը, անորոշ համակարգերը, բանական վերահսկումը (intelligent control), նեյրոնային ցանցերը (neural networks), բազմագործակալ համակարգերը (Multiagent Systems), տվյալների ականումը (Data Mining), ֆինանսական մոդելավորումը, և գիտելիքների կառավարումը[2][3]։

Կարո Լուկասը հրատարակել է ավելի քան 1200 գիտահետազոտական հոդված, միջազգային գիտաժողովներում ավելի քան 200 դասախոսություն ներկայացրել, 20 միջազգային գիտական պարբերականների խմբագրական կազմում է եղել, 8 գիրք է հեղինակել, և 39 գիտական խմբագրված հավաքածոների համահեղինակն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Րաֆֆի օրացոյց, Թեհրան, Իրան, 2011
  2. 2,0 2,1 «Իրանի արհեստական բանականության հայրը մահացավ (պարսկերեն)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  3. 3,0 3,1 Իրանի Պետական համալսարանում տեղի ունեցավ Պրոֆ. Լուկասի հուշ երեկոն (պարսկերեն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]