Հայերենի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերեն այբուբենից)
Հայերենի այբուբեն
Armenian Alphabet Letters.png
Տեսակայբուբեն, constructed script? և մեծատառերով և փոքրատառերով այբուբեն
Կազմված էԱ, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, Ի, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ, Յ, Ն, Շ, Ո, Չ, Պ, Ջ, Ռ, Ս, Վ, Տ, Ր, Ց, Ւ, Փ, Ք, և, Օ և Ֆ
Ստեղծվել է405
ՀեղինակՄեսրոպ Մաշտոց[1]
Ժառանգված համակարգմոդելավորվել է հունականից և ասորականից[փա՞ստ]
Եղբայրական համակարգվրացական, կիրիլիկ, ղպտիական, լատինական
Ժառանգել էԿովկասյան ալբաներերեն
ISO 15924Armn
Commons-logo.svg Armenian alphabet Վիքիպահեստում

Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։

Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ Մեսրոպյան այբուբենը ունի 36 տառ, որոնք ունեն գործառական ինքնատիպություն՝ սերում են այլագիր կամ հայագիր նախատիպերից։ 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ 11-րդ դարից ի վեր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել[2][3]։

Նախամեսրոպյան շրջանում հայերեն գրի և գրականության առկայությունը միանշանակորեն չի ընդունվում հայերենագետների կողմից։ Նրանց մի մասը գտնում է, որ նախամեսրոպյան շրջանում հայերը ունեցել են գիր և գրականություն, իսկ մյուս մասը հերքում է այս տեսակետը[4]։

Ժամանակակից արևելահայերենի այբուբենը ունի 38 տառ, որտեղ «ու»-ն համարվում է առանձին տառ, իսկ «ւ» տառը և «և» կցագիրը հանված են այբուբենից[5][6]։ Այբուբենում տառերի թիվը նույնպես միանշանակորեն չի ընդունվում հայերենագետների կողմից։

Հայկական գիրը միատարր ու միատիպ չէ և ներկայացված է մի շարք տարատեսակներով, որոնք անվանվում են գրատեսակներ[4]։

Այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տառ Տառի անվանում Արտասանություն Տրանս-
լիտերա
Թվային
արժեք
Ավանդ.
ուղղա-
գրու-
թյուն
Արդի
ուղղա-
գրու-
թյուն
Արտասա-
նություն
Ավան-
դական
Արևելա-
հայ.
Արևմտա-
հայ.
Լատի-
նական
Ավան-
դական
Արևելա-
հայ.
Արևմտա-
հայ.
Ա ա այբ [aɪb] [aɪpʰ] [ɑ] a 1
Բ բ բեն [bɛn] [pʰɛn] [b] [pʰ] b 2
Գ գ գիմ [gim] [kʰim] [g] [kʰ] g 3
Դ դ դա [dɑ] [tʰɑ] [d] [tʰ] d 4
Ե ե եչ [jɛtʃʰ] [ɛ], երբեմն [jɛ]1 e 5
Զ զ զա [zɑ] [z] z 6
Է է է [ɛː] [ɛ] [ɛː] [ɛ] ē 7
Ը ը ըթ [ətʰ] [ə] ë 8
Թ թ թօ թո [tʰo] [tʰ] t‘ 9
Ժ ժ ժէ ժե [ʒɛː] [ʒɛ] [ʒ] ž 10
Ի ի ին[7] [in] [i] i 20
Լ լ լիւն լյուն [lʏn]² [l] l 30
Խ խ խէ խե [χɛː] [χɛ] [χ] x 40
Ծ ծ ծա [tsɑ] [tsʼɑ] [dzɑ] [ts] [tsʼ] [dz] ç 50
Կ կ կեն [kɛn] [kʼɛn] [gɛn] [k] [kʼ] [g] k 60
Հ հ հօ հո [ho] [h] h 70
Ձ ձ ձա [dzɑ] [tsʰɑ] [dz] [tsʰ] j 80
Ղ ղ ղատ [ɫɑt] [ʁɑtʼ] [ʁɑd] [ɫ] [ʁ] ġ 90
Ճ ճ ճէ ճե [tʃɛː] [tʃʼɛ] [ʤɛ] [tʃ] [tʃʼ] [ʤ] č̣ 100
Մ մ մեն [mɛn] [m] m 200
Յ յ յի հի [ji] [hi] [j] [h]³, [j] y 300
Ն ն նու [nu] [n] n 400
Շ շ շա [ʃɑ] [ʃ] š 500
Ո ո վօ ո [o] [vo] [o], երբեմն [vo]4 o 600
Չ չ չա [tʃʰɑ] [tʃʰ] č 700
Պ պ պէ պե [pɛː] [pʼɛ] [bɛ] [p] [pʼ] [b] p 800
Ջ ջ ջէ ջե [ʤɛː] [ʤɛ] [tʃʰɛ] [ʤ] [tʃʰ] ǰ 900
Ռ ռ ռա [rɑ] [ɾɑ] [r] [ɾ] 1000
Ս ս սէ սե [sɛː] [sɛ] [s] s 2000
Վ վ վև վեվ [vɛv] [v] v 3000
Տ տ տիւն տյուն [tʏn] [tʼʏn]5 [dʏn] [t] [tʼ] [d] t 4000
Ր ր րէ րե [ɹɛː] [ɾɛ]6 [ɾɛ] [ɹ] [ɾ] r 5000
Ց ց ցօ ցո [tsʰo] [tsʰ] c‘ 6000
Ւ ւ հիւն վյուն [wʏn] [vʏn] [hʏn] [w] [v]8 w 7000
Փ փ փիւր փյուր [pʰʏɹ] [pʰʏɾ] [pʰ] p‘ 8000
Ք ք քէ քե [kʰɛː] [kʰɛ] [kʰ] k‘ 9000
Ավելացվել է 11-րդ դարում
Օ օ օ [o] [o] ò չկա
Ֆ ֆ ֆէ ֆե [fɛː] [fɛ] [f] f չկա
Ու ու ու[8] /u/ /u/ u չկա
և եվ[9] /jɛv/ /ɛv/, բառասկզբում /jɛv/ ew չկա


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաքրիստոնեական գրային համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների՝ նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ, հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր[փա՞ստ]։ Այժմ ապացուցված է նախամաշտոցյան երկու գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց (Եբրայեցուց), Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն։

Ստեղծման նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները։ Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։ Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին։ Քաջալերելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ գտել է» հայոց լեզվի նշանագրերը։ Այդ նշանագրերը հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով։ Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայ իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում հայոց գրերի ստեղծմանը։

Գրերի գյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր հետ՝ Եդեսիա։ Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է դրանց այբուբենները։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք (Աստծո ձեռքը), որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է «Առակաց գրքից» 1-ին հայերեն նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)[10]։

Հիմնական այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական գրություն-փազլ Երուսաղեմում։ Թվագրվում է VII դարի 2-րդ կեսին։

Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Սկզբից այբուբենը ունեցել է 36 տառ, որից 7-ը ձայնավոր, իսկ 29-ը բաղաձայն։ 12-րդ դարում ավելացրեցին ևս երկու տառ՝ ձայնավոր «Օ»-ն և բաղաձայն «Ֆ»-ն։ Մինչ այդ «Օ»-ի փոխարեն օգտագրոծում էին «աւ» երկբարբառը, իսկ «Ֆ»-ի փոխարեն. «փ»-ն։

Արևմտահայ գրականության մեծամասնությունը չի ձեռնարկել որևէ ուղղագրական բարեփոխումներ ոչ 1921-ին, ոչ էլ 1940 թվականին (շնորհիվ այդ թվում նաև նրա, որ գրությունով մոտ է արևելահայերենին, Երևանյան մոտեցմանը)։

Ի շնորհիվ Հայկական եկեղեցու պահպանվել է գրային համակարգի 30 հազար հիշատակում (որից 25 հազարը ամբողջովին ձեռագրեր են), V-XVIII դարի ընթացքում ստեղծված, որոնցից շատերն են պահվում են Երևանի Մատենադարանում և Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Վարդապետ Մխիթարյանների մատենադարանում։

Հայոց գրերի պատմության համապարփակ ուսումնասիրություններ են իրականացրել տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ մասնագետներ, որոնց թվում են Հրաչյա Աճառյանը, Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Սևակը, Դմիտրի Օլդեռոգգեն, Էդուարդ Աղայանը, Սերգեյ Մուրավյովը, Անահիտ Փերիխանյանը, Արտաշես Մարտիրոսյանը, Թամազ Գամկրելիձեն, Լիպարիտ Սադոյանը, Պողոս Պողոսյանը, Վահան Սարգսյանը, Ալբերտ Մուշեղյանը, Ռուբեն Թարումյանը, և այլք[11]։

Գրերի ստեղծման բարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշտոցի առաջ ծառացել էին մի շարք դժվարություններ։ Նախ՝ հայերենը ուներ շատ բարբառներ՝ իրենց հատուկ առանձնահատկություններով։ Նա ծանոթ պիտի լիներ գոնե Տարոնի (որտեղ ծնվել էր), Սյունիքի ու Գողթնի (որտեղ քարոզել էր) և Այրարատի (որտեղ ծառայել էր արքունիքում) բարբառներին։ Հարց էր ծագում՝ այս բարբառներից ո՞րը ընտրել իբրև հիմնական և նրա համար ստեղծել գրեր։ Պե՞տք էր արդյոք մյուս բարբառների հատուկ հնչյունների համար, որոնք հիմնականում բացակայում էին, ստեղծել հատուկ նշանագրեր։ Պե՞տք էր արդյոք ձայնավորները արտահայտել հատուկ տառերով՝ հունարենի նման, թե՞ վերև դրված նշաններով՝ ինչպես ասորերենում։ Պետք էր գրել աջից ձա՞խ ասորերենի նման, թե՞ ձախից աջ՝ ինչպես հունարենում։ Տառերի ձևերն ու անունները վերցնել հունարենից, թե՞ ասորերենից։ Թե՛ հունարենը, թե՛ ասորերենը ունեին երկայն և կարճ ձայնավորներ. արդյո՞ք հայերենն էլ ունի, և եթե այո, ի՞նչ կերպ պետք է արտահայտվեն դրանք։ Եվ վերջապես ՝ ո՞ր լեզուն ընտրել որպես գաղափար ու պլատֆորմ՝ հունարենը, թե՞ ասորերենը։ Ինչպե՞ս դասավորել այն հայերենի հնչյունները, որոնք չկան ո՛չ հունարենում, ո՛չ ասորերենում։ Սրանք ընդհանուր բնույթի հարցեր էին։ Գալիս էին ապա մի շարք մասնավոր և առավել դժվար բնույթի հարցեր։ Հույները գրում էին ίαχωβ, αις (կարդացվում է՝ Իաքոբ, աիս)։ Պե՞տք էր արդյոք հայերեն ևս այդպես գրել (Իակովբ, աիս), թե՞ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր (Յակովբ, այս)։ Հունարենում «հ» հնչյունը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր « ՛ » նշանը, որը դրվում էր ձայնավորի վրա։ Պե՞տք էր նրանց հետևել, թե՞ անհրաժեշտ էր այդ հնչյունի համար հատուկ գիր ստեղծել։ Հույները չունեին «յու», «յա» հնչյունները, որոնք կային հայերենում։ Պե՞տք էր արդյոք այդ հնչյունների համար հատուկ գրեր ստեղծել, թե անհրաժեշտ էր արտահայտել իբրև երկհնչյուններ, և եթե այո, ապա ինչպես՝ յու, յա (հյուր, կյանք), թե՞ իւ, եա (հիւր, կեանք)։ ւ գիրը, որը Մաշտոցը դրեց հունական y-ի դիմաց, բազում թյուրիմացություններ էր ծագեցնում՝ մե՛կ իբրև բաղաձայն հնչելով, մե՛կ իբրև ձայնավոր (թիւր (կարդացվում է՝ թյուր), թիւ (կարդացվում է՝ թիվ)։ «Վ» հնչյունը նույնպես տագնապեցրել է Մեսրոպին՝ վազ և ավազ, վան և ավան. արդյո՞ք պետք է միակերպ գրել (վազ, բայց՝ աւազ. վան, բայց՝ աւան)։ Հույները մի « ռ » ունեին. արդյոք պե՞տք էր բավականանալ մեկով, թե՞ հայերենում առկա նուրբ « ռ »-ի համար նոր գիր ստեղծել («ր»), մանավանդ, որ անգամ նույն բառի մեջ բառակազմության ժամանակ այս հնչյունները փոխակերպվում են (դուռ + -ունք = դրունք)։ Հունարենի Λ-ի դիմաց դնելով «ղ» (այս տառը այն ժամանակ կարդացվում էր նուրբ « լ », բայց ոչ այժմվա պես «ղ»)՝նա ստեղծեց նաև հատուկ գիր կոպիտ «լ»-ի համար (այժմյան լ-ն)։ Շրթնային, լեզվային և կոկորդային թավ հնչյունները պե՞տք էր արտահայտել տառակապակցություններով՝ ինչպես լատիներենում (ph, th, kh), թե՞ հունարենի պես մի տառով (այժմյան փ, թ, ք)։ Հունարենի χ-ի դիմաց դնելով «ք»՝ նա նպատակահարմար գտավ ստեղծել գիր նաև «խ» հնչյունի համար՝ այժմյան «խ» տառը։ Անհրաժեշտ էր նաև գտնել սկզբնափակ լեզվաշրթնային հնչյունները, որոնք չկային հունարենում, և նրանց համար ևս գրեր ստեղծել (ծ, ձ, ց, ճ, ջ, չ հնչյունները)[12]։

Այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ տառը Վիքիպեդիայի պատկերանիշի ձախ հատվածում

215 թվականին Հռոմի կայսր Կարակալան թագավոր Խոսրով Ա–ին իր մոտ հրավիրեց և անօրինաբար բանտարկեց, որից հետո Հայաստան ուղարկեց լեգիոններ Ֆոլոկրիտի գլխավորությամբ։ Բայց լեգիոնները ջախջախվեցին, և Մեծ Հայքի թագավոր դարձավ Տրդատ Բ–ն՝ Խոսրով Ա–ի որդին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանին վտանգ էր սպառնում նաև Պարսկաստանից, որտեղ 226 թվականին իշխող դինաստիայի փոփոխություն էր տեղի ունեցել։ Պարթև Արշակունիների դինաստիան, որոնք հայկական Արշակունի թագավորների բարեկամն էին, կործանվել էր պարսիկ Սասանյանների կողմից։ Իրանի պետական կրոնը փոխարինվեց զորոաստրիզմով։ Իրանի թագավոր Արտաշիր Սասանյանը 230 թվականին ներխուժեց Հայաստան, բայց ջախջախվեց։ 252 թվականին Շապուհ Ա–ն այնուամենայնիվ հաղթանակ տարավ և Արտաշատում գահ բարձրացրեց իր որդի Որմիզդին։ 279 թվականին Հայաստանը հաղթանակ տարավ և թագավոր դարձավ Խոսրով Բ Մեծը՝ Տրդատ Բ–ի որդին։ 298 թվականին Անակ Պարթևը սպանեց Խոսրով Բ–ին, և թագավոր դարձավ վերջինիս որդի Տրդատ Գ Մեծը։ Այսպիսի անդադար վտանգի մեջ էր գտնվում Հայաստանը բոլոր կողմերից և անվտանգության խնդիր ուներ։ Բացի այդ, Հայաստանը ֆեոդալական (ավատատիրական) երկիր էր, և կենտրոնական իշխանությունը այնքան ուժեղ չէր, ինչպես ստրկատիրական երկրներում, մասնավորապես հարևան հզոր Հռոմեական կայսրությունում։ Հենց այս մարտահրավերներին դիմագրավելու համար Տրդատ Գ Մեծի համար քրիստոնեությունը հանդիսացավ Հայաստանի միավորման և հզորացման միջոց։ Քրիստոնեության ընդունումից հետո թագավորը եկեղեցուն շնորհեց մեծ իրավունքներ և հողեր, որպեսզի այն ուժեղ լինի և ի վիճակի լինի սատարելու թագավորի կենտրոնական իշխանությունը։ Հայաստանում նոր կրոնական գաղափարախոսության ներդրումով բավականին ամրապնդվեց կենտրոնական պետական իշխանությունը, սակայն հայկական նախաքրիստոնեական պատմությունը, մշակույթը, գիրը մեծ հարված ստացան։

Տրդատ Գ թագավորի քարտուղարի դերով ու Ագաթանգեղոս անունով հանդես եկող պատմաբանը, ով նաև համարվել է քրիստոնեությունն ընդունելու իրադարձությունների ականատեսը, գրել է 5-րդ դարում․[13]

Aquote1.png Այնուհետև թագավորի ու իշխանների հետ, նախարարներով ու զորքով հանդերձ, (Գրիգոր Լուսավորիչը) հավանության խորհուրդ առավ ընդհանուր խաղաղության համար՝ գայթակղությունը քանդելու, կործանելու և մեջտեղից վերացնելու ու ջնջելու նպատակով, որ այլևս ոչ ոք արգելք ու խոչընդոտ չլինի և չխանգարի վերին ազատությանը հասնելուն։ Ապա թագավորը իսկույն տիրաբար հրաման տվեց ամենքի հավանությամբ գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի և նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի։ Ապա ինքն իսկ թագավորը ամբողջ զորքով հանդերձ Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը՝ ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը և այն, որ Երազամույն կոչված տեղերում էր գտնվում։ Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմիզդի գրչի դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու իմաստության ուսման մեհյան և ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել։ Aquote2.png
Aquote1.png ․․․Գնաց հասավ Դարանաղյաց գավառը, որպեսզի այնտեղ ևս կործանեն սուտ աստվածների բագինը, որը Թորդան գյուղում էր, սպիտակափառ Բարշամինա անվանված աստծու մեհյանը։ Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին և բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին․․․ Դրանից հետո ելան սահմանակից Եկեղյաց գավառը․․․ սուրբ Գրիգորը թագավորով հանդերձ փշրեցին Անահիտ դիցուհու ոսկե արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին։ Այնտեղից Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր Նանեի մեհյանը Թիլ ավանում։ Երկու մեհյանների գանձերը ավարով՝ Աստծու սուրբ եկեղեցու ծառայությանը նվեր թողեցին տեղերով հանդերձ։ Aquote2.png

Նույնը գրել են նաև 5–րդ դարի հայ պատմիչներ Մովսես Խորենացին[14], Կորյունը[15], Փաւստոս Բուզանդը[16] և ուրիշներ։ Հայաստանի հին մշակույթը փլուզվել էր, Հայաստանում գտնվող բոլոր հայերեն գրքերը ոչնչացվել էին։ Նախաքրիստոնեական տաճարների քանդված հիմքերի վրա կառուցվել էին քրիստոնեական եկեղեցիներ, այդ թվում՝ նաև կենտրոնական Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը Վաղարշապատում։ Հայերենի այբուբենն ու գիրը ոչնչացվեցին, և այդ ժամանակվանից նույնիսկ եկեղեցիներում աղոթք անելու համար գործունեության մեջ մտան հունական ու սիրիական տառերն ու լեզուները։ Քրիստոնեությունն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հայաստան հրավիրեց 400 հույն ու սիրիացի վանական, շնորհեց նրանց եպիսկոպոսների կոչում և կարգեց նրանց բոլոր հայկական եկեղեցիների ղեկավարներ։

Հարյուր տարի անց Վռամշապուհ արքան (389-415) եկավ այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի։ Կաթողիկոս Սահակն էլ համոզվեց այն բանում, որ ժողովուրդը չի կարող լավ հասկանալ քրիստոնեությունը, քանի որ եկեղեցիներում ծառայությունը կատարվում էր հունարեն և սիրիական լեզուներով։ Նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին, որը թագավորի անձնական թարգմանիչն էր, վերականգնել հայոց գիրը։ Իհարկե նրանք գիտեին, որ հայերենի այբուբենը գոյություն ուներ շատ հին ժամանակներից։

Տառերի հնչյունային արտահայտությունը պարզաբանելու համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայկական գիրք։ Բայց դժբախտաբար, Հայաստանում բոլոր գրքերը այրվել էին հարյուր տարի առաջ։ Մաշտոցը երկու տարուց ավել Հայաստանում փնտրում էր գոնե մեկ հայկական գիրք, բայց չգտավ։ Կորյունը չի կարողանում ասել «գիրք» բառը, որովհետև այդ թեման արգելված էր։ Կորյունը ասում է, «Մաշտոցը փնտրեց, փնտրեց, շատ զրկանքներ կրեց, բայց չգտավ»[15], ու մեկնեց արտասահման։ Դասական պատմությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր փնտրում Մաշտոցը ու չէր կարողանում գտնել Հայաստանում։

Տարածված դասական պատմությունը ներկայացնում է, որ Մաշտոցը մեկնեց արտասահմանյան խոշոր քաղաքներ, որ կային մեծ գրադարաններ։ Այնտեղ նա ուսումնասիրեց հունական, ասորական և այլ այբուբենները ու քաղելով նրանցից լավագույն հատկանիշները, ստեղծեց հայերենի այբուբենը։ Սակայն Մաշտոցը շատ լավ գիտեր այդ օտար լեզուները և կարիք չուներ լրացուցիչ ուսման։ Հայաստանում այն ժամանակ կային հունական, ասորերեն և այլ լեզունորով գործող դպրոցներ, որոնցից մեկն էլ ավարտել էր Մաշտոցը[15]։ Նա մեկնեց արտասահման, որովհետև ուզում էր իմանալ, թե ինչպես են հնչում հայկական բոլոր տառերը ու դրա համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայերեն գիրք։ Արտասահմանում հայկական գրքերը չէին այրվել։ Կորյունը գրում է, որ Սամոսատում Մաշտոցն իր երազում տեսնում է տառերը փորագրված ժայռերի վրա։ Այստեղ ակնհայտ է, որ Մաշտոցն ու Կորյունը գիտեին, որ տառերը փորագրված են Հայաստանում գտնվող ժայռերի վրա հինավուրց ժամանակներից։ Հետո Սամոսատում Մաշտոցը տառերը տվեց գեղագրության մի վարպետի, որպեսզի նա թեթևակի շտկի դրանք։ Երբ Մաշտոցը 406 թվականին վերադառնում է Հայաստան, թագավորը, կաթողիկոսն ու ժողովուրդը նրան մեծ հանդիսավորությամբ են դիմավորում։

Ագաթանգեղոսը պատմում է[17], որ Տրդատ Գ թագավորի ժամանակ գրչության արվեստը տարածված էր Հայաստանում․

Aquote1.png Արդ, հրաման է հասել ինձ՝ Ագաթանգեղոսիս․․․ Տրդատ Մեծ արքայից գրի առնել ժամանակի դեպքերը, պատմելով։ ․․․Արդ, մեր այս գրված օրինակի մեջ, ոչ թե հին ավանդույթներից տեղեկանալով, այս (բոլորը) կարգով մատենագրել ենք, այլ մենք ինքներս ականատես ենք եղել անձնավորությունների և ներկա հոգևոր գործերին․․․: Aquote2.png

Կորյունը, Խորենացին և ուրիշ պատմիչներ հաստատում են, որ այբուբենը գոյություն է ունեցել մինչև Մաշտոցը, նույնիսկ Սիրիայում եպիսկոպոս Դանիելի մոտ։ «Դանիելյան» այբուբենը չի պահպանվել, սակայն տարբեր հեղինակներ բերում են այդ այբուբենի տառերի քանակության մասին տարբեր կարծիքներ՝ 17, 19, 22, 24 և 29 տառ։

Պատմիչ Վարդանը գրել է, որ հայերեն այբուբենը ունեցել է 22 տառ դեռ շատ հին ժամանակներից[18]։

Փիլոստրատը (մ․թ․ 175-249)՝ հռոմեական կայսր Կարակալայի պատմիչը, իր «Ապոլոնի Դիանան» գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել․ «Հայոց թագավոր Արշակից Դիոնիս աստծուն»[19][20]։

Մխիթարյան բանասեր Հ. Ղուկաս Ինճիճյանը գրում է[20], որ 1788 թվականին Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ թագավոր Պարթև Արշակունու (113-114 թթ․) հարյուրավոր մետաղադրամներ։ Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր «հ», «տ», «պ», «կ», «ճ» և այլ տառերով։

Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777-1851 թթ․) կողմից Օդեսա քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված մ․թ․ա․ 7–րդ դարի մի հայատառ գիրք[21]։

Գրատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարանի էջ, որը պահպանվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում (1312/150), 1283 թվական։ Սուրբ Մարկոսի ավետարանի առաջին էջում կա երեք տարբեր գրելաոճ՝ բոլորագիր, թեք բոլորագիր, բոլորագիծ երկաթագիր[22]։

Հայկական գրերը ներկայացված են մի շարք համակարգերով, որոնք իրարից տարբերվում են տառերի գծագիր տեսքով ու կառուցվածքով։ Այս գրատեսակների անվանումները տրվել են հիմնականում միջնադարում։ Հայերեն գրատեսակների հետազոտությամբ առաջինը զբաղվել է Ղուկաս Ինճիճյանը, որը առանձնացրել է 9 գրատեսակներ։ Հետագայում գրատեսակների ուսումնասիրությամբ են զբաղվել Նիկողոս Քարամյանցը, Հակովբոս Տաշյանը, Հրաչյա Աճառյանը, Կարո Ղաֆադարյանը, Աշոտ Աբրահամյանը և այլ լեզվաբաններ[4]։ Գրատեսակների խմբավորումները և տեսակները տարբեր հայերենագետների մոտ կարող են տարբերվել[23]։

Հայերենագիտության մեջ տարբերակում են հայկական հետևյալ գրատեսակները.

  • Գրչագիր, աղյուսակագիր, ուղղանկյուն երկաթագիր[4] - հին գրատեսակ, որը գործել է մինչև 12-րդ դարը, պահպանվել է որպես վերնագրային գրատեսակ։
  • Երկաթագիր - գործածվել է 5-12-րդ դարերում, հատկապես վիմագրության մեջ։ Գրում էին մագաղաթի վրա՝ երկաթե գրիչով կամ երկաթի ժանգից պատրաստված թանաքով։ Ունեցել է տարբերակներ՝ 9-րդ դարից՝ միջին երկաթագիր, ապա՝ փոքր երկաթագիր։
  • Բոլորագիծ կամ բոլորագիծ երկաթագիր - տառերը համեմատաբար խոշոր են, գրանշաններն ունեն հավասար բարձրություն։
  • Բոլորագիր, բոլորգիր, բոլորակ գիր - գործածվել է 12-րդ դարից, ստեղծվել է տառերի ավելի կարճացմամբ ու փոքրացմամբ։ 16-րդ դարից դարձել է հայ տպագրության գիրը՝ Կիլիկյան և Արևելյան տարբերակներով։
  • Նոտրգիր - ձևավորվել է բոլորագրի հիման վրա. արտագրության համար տառերն ավելի են պարզեցվում՝ տալով նոր տեսակ։ Նոտրգիրը դիտվում է իբրև դպիրների, գրագիրների գիր. հայտնի է 13-րդ դարից, ընկած է ձեռագիր տարբերակների հիմքում, որից էլ ստեղծվել են ժամանակակից ձեռագրի տեսակները։
  • Շղագիր - ծագել է բոլորագրից, լայն գործածություն է ստացել 19-րդ դարում։ Տառերն ունեին շեղ դիրք և գրվում էին կապակցված, անկյունները միանում էին մազանման գծիկներով։ Դրանից է սերում շղագիր՝ շեղագիր կամ շղատառ՝ շեղատառ տպագիր տառատեսակը։
  • Զարդագիր - զարդագիր կամ դրվագագիր տառատեսակը աչքի է ընկնում գեղարվեստական ձևավորմամբ։ Ըստ տառանշանի պատկերի՝ միջնադարում տարբերակում էին մի շարք տեսակներ՝ ծաղկագիր (ծաղկի պատկերով), թռչնագիր (թռչնի պատկերով), վիշապագիր (վիշապների կամ առասպելական կենդանիների պատկերներով), մարդագիր (մարդու պատկերով), գազանագիր կամ կենդանագիր (տարբեր կենդանիների պատկերներով) և այլն։ Զարդագիր տառատեսակը կապվում է մանրանկարչության զարգացման հետ։
  • Փակագիր - կապգրի տեսակ է, գործածվել է վիմագրական արձանագրություններում՝ մասնավորաբար հատկանունները գրելու համար. բառի մեջ տառերը համակցվում են սկզբնատառի կամ որևէ այլ տառի բաղադրիչի հետ[24]։
  • Վարազագիր - մատանու և կնիքների վրա փորագրված գիրն է, դրամագիրը հանդիպում է Ռուբինյանների դրամների վրա, կոնդակագիրը՝ կաթողիկոսի պաշտոնական գրություններում[4]։

Կետադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն «Աստուած» բառի կրճատված ձևը։ Օգտագործվել է միայն բառի առաջին և վերջին տառը իսկ համառոտագրումը նշված է պատվի նշանով։

Հայերենում կետադրական նշանները անցել են արևմտաեվրոպական երկրներից[25]։ Հայերենում կետադրական նշանները սովորաբար բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, բացահայտության և առողգանության նշաններ[26]։

Սկզբնապես հայերենում կետադրական նշանները շատ քիչ էին։ Բառանջատում չունեցող երկաթագիր տեքստերում հիմնական կետադրական նշանը միայն միջակետն էր։ Կետադրական նշանների կանոնների ստեղծմամբ են զբաղվել Արիստակեսը, Գևորգ Սկևեռացին, հետագայում՝ Դավիթ Զեյթունցին[4]։

Ժամանակակից հայերենի կետադրական նշաններն են՝

Հանդիպում են նաև որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատվի նշանը (՟), որն օգտագործվում է հապավումներ նշելու համար, մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //), քմայնացման նշանը (”), աստղանիշը (*) և այլն։ Գրաբարյան տեքստերում հանդիպում են նաև սուղը, թավը, սոսկը, ստորատը որպես առոգանության նշաններ, ինչպես նաև՝ պատիվը, պատիվն ու երկարացման նշանը միասին, լերկը, մակակետը, սրբագրական, վրիպակներ և վերնագրեր ցույց տվող նշանները[27]։

Թվանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս օգտագործվող արաբական թվանշանները հայերենում գործածվում են 17-18-րդ դարերից սկսած։ Մինչ այդ հայերենում որպես թվանաններ օգտագործվել են այբուբենի տառերը։ Այբուբենը բաժանվել է չորս մասի՝ «Ա»-ից մինչև «Թ» տառերը համարվել են միավորներ, «Ժ»-ից մինչև «Ղ»՝ տասնավորներ, «Ճ»-ից մինչև «Ջ»՝ հարյուրավորներ և «Ռ»-ից մինչև «Ք» ներառյալ՝ հազարավորներ։

Ի տարբերություն արաբական թվաշանների, հայկական գրության մեջ զրոյի համար առանձին թվանշան չի գործածվել. թվերի միջև գրվելիք զրոն հասկացվել է բնական ձևով։ Օրինակ՝ 1080 թվաշանը գրվել է ՌՁ, 1608-ը՝ ՌՈԸ։ 18-րդ դարի որոշ ձեռագրերում հանդիպում են 0-ի գործածության դեպքեր։ Օրինակ՝ Ո00 (600)։

Հազարավորներից բացի թվերը հաշվել են բյուրերով, որը նշանակել է 10000։ Հաշվումները հեշտացնելու համար օգտագործվել է «^» նշանը։ Օրինակ՝ Ա^ - 10000[23]։

Կցագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հայերենում գործածվող «վն» կցագիրը։

Հայերենում գոյություն ունեն կցագրեր կամ կապգրեր։ Կցագրերը երկաթագիր գրչության մեջ գրեթե չեն հանդիպում։ Սակայն 17-րդ դարի վիմագրության մեջ սկսում են օգտագործվել մեց թվով կցագրեր։ Կապգրերում ամենից հաճախ գործածվում են այն տառանիշները, որոնք սյունագծեր ունեն։ Ամենից շատ հանդիպում էին այն կցագրերը, որոնց նախորդ տառի աջ սյունագիծը միանում էր հաջորդ տառի ձախ սյունագծին։ Մի այլ խումբ կցագրերում՝ մի տառը նստում էր մյուսի ուսին։ Կային երեք տառեր՝ Զ, Շ և Ջ, որոնք տառերն ընդունում էին իրենց բոլորակի մեջ։

Բավականին մեծ թիվ էին կազմում նաև այն կապգրերը, որոնք կազմված էին երեք և ավելի տառերից։ Կապգրերում վերևից երբեք պատվի նշանը չի գործածվել, բացառությամբ, եթե օգտագործվել են տերունական աղոթքներում։ Գոյություն ունեին բառեր, որոնք միատեսակ էին կապգրվում, օրինակ՝ «ամէն», «որդի», «ես», «թուական» և այլն։

Հնատիպ գրականության մեջ պոչավոր տառերից հետո եկող տառերը ձուլվել են այնպես, որ երկրորդ տառը դրվել է պոչիկներից վերև։ Գրի այս տեսակը կոչվել է ծոցագիր։ Մյուս բնագրերի համեմատությամբ ամենից շատ կապգրեր են հանդիպել կնիքների վրա գրված անունների մեջ[23]։

Ժամանակակից հայերենում գործածվում են մի քանի կցագրեր։ «Եւ» → «և» կցագիրը, Խորհրդային Միության բարեփոխումներից հետո, ստացավ առանձին փոքրատառի կարգավիճակ։ Հետագայում «և»-ը հանվեց այբուբենից և ներկայումս համարվում է կցագիր[5]։

Յունիկոդում կան հայերենի ևս հինգ կցագրեր։

Անուն Նշան
կցագիր ե+ւ «և»
կցագիր մ+ն «ﬓ»
կցագիր մ+ե «ﬔ»
կցագիր մ+ի «ﬕ»
կցագիր վ+ն «ﬖ»
կցագիր մ+խ «ﬗ»

Առանձին հայերեն գրվածքներ ունեցող տառատեսակներում կիրառվում են ավելի մեծ թվով կցագրեր, որոնցից են Ե+Վ, Թ+Յ, Մ+Ծ, Մ+Ն, Մ+ն, մ+կ, մ+ն, մ+ե, մ+ի, մ+խ, զ+յ, լ+յ, կ+յ, պ+յ, վ+ն, վ+յ, ճ+ն։

Թվանշային գիր[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարասկզբի հայերեն գրամեքենա, պատրաստված ամերիկյան «Անդերվուդ» ընկերության կողմից։

Հայերենի գրանշանները Յունիկոդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի գրանշանները ավելացվել են Յունիկոդ ստանդարտի 1.0 տարբերակում 1991 թվականին[28][29][30]։ Ներառում է U+0530 - U+058F միջակայքը։ Ներկայումս օգտագործվում են՝

  • U+0531—U+0556 - մեծատառեր
  • U+0561—U+0587 - փոքրատառեր
  • U+0559—U+055F - կետադրության և այլ նշաններ
  • U+0589—U+058A - կետադրության նշաններ
  • U+AB00—U+FB4F - լրացուցիչ միջակայքը ներառում է հինգ կցագրեր[31]։
Հայերենի տառեր և կետադրական նշաններ Յունիկոդում
  0 1 2 3 4 5 6 7 8 9 A B C D E F
U+053x Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ
U+054x Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ
U+055x Ր Ց Ւ Փ Ք Օ Ֆ ՙ ՚ ՛ ՜ ՝ ՞ ՟
U+056x ՠ ա բ գ դ ե զ է ը թ ժ ի լ խ ծ կ
U+057x հ ձ ղ ճ մ յ ն շ ո չ պ ջ ռ ս վ տ
U+058x ր ց ւ փ ք օ ֆ և ֈ ։ ֊ ֍ ֎ ֏
U+201x
U+202x
Հայերենի կրճատագրեր Յունիկոդում
U+FB1x
Էմոջի
U+1F1E6 U+1F1F2 🇦🇲


Ստեղնաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի առաջին համակարգչային ստեղնաշարը մշակվել է 1987 թվականին ArmSCII ― Armenian Standard Code for Information Interchange (ՏՓԿՀՀՏեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ) հիմնօրինակի ստեղծման հետ միասին, և մոտ էր հայերեն գրամեքենայի ստեղնաշարի դասավորությանը[32]։ QWERTY ստեղնաշարը տարածվել է հայերենի գրանշաններով համակարգչային ստեղնաշարերի բացակայության և տրանսլիտ (լատինատառ) հայերենով հաղորդակցության հետևանքով։ Windows համակարգում հայերեն և այլ լեզուներով աշխատելու համար 1997 թվականին ծրագրավորող Ռաֆիկ Մարությանը ստեղծել է KDWin ծրագիրը, որը թույլ էր տալիս ստեղծել ցանկացած գրանշաններով և դասավորությամբ ստեղնաշար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crystal D. The Cambridge Encyclopedia of LanguageCambridge University Press, 1987. — P. 300. — ISBN 978-0-521-42443-1
  2. Кудрявцев О. В. Армения в III—IV вв. // Всемирная история / Ред. А. Белявский, Л. Лазаревич, А. Монгайт. — М.: Гос. изд.-во полит. лит-ры, 1956. — Т. 2. — С. 770.
  3. Russell J. R. Poets, Heroes, and their Dragons: Armenian and Iranian Studies. — BRILL, 2021. — Vol. II. — P. 1223. Արխիվացված է Ապրիլ 30, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Պետրոսյան Հրանտ Զինավորի (1987)։ Աղայան Էդուարդ Բագրատի, Աթայան Էդուարդ Ռաֆայելի, Գալստյան Սերգեյ Սարգսի, Գարեգինյան Գրիգոր Լևոնի, Իշխանյան Ռաֆայել Ավետիսի, Սուքիասյան Աշոտ Մուրադի, eds.։ Հայերենագիտական բառարան։ Երևան: Հայաստան։ էջեր 303–305, 343–346 
  5. 5,0 5,1 Այս նախագիծը կազմել է Սերգեյ Աբրահամյանը խմբագրել՝ Հովհաննես Բարսեղյանը։ Հաստատվել է հայերենի բարձրագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 13-ի նիստում։ Վերահաստատվել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետի 2000 թվականի փետրվարի 1-ի հրամանով։
  6. Բարսեղյան Հովհաննես Խաչատուրի, Միրզոյան Լավրենտի Աշոտի, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, eds. (2006)։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 281։ ISBN 978-99941-56-03-0 
  7. Հ․ Աճառյան, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 561
  8. Դասական ուղղագրության մեջ «ու»-ն համարվում է կցագիր։ Ժամանակակից արևելահայերենի այբուբենում «ու» ընդունվում է որպես առանձին տառ և փոխարինում է «ւ»-ին։
  9. «և»-ը կցագիր է և չի համարվում այբուբենի առանձին տառ։
  10. Հայ մշակույթի 5-18-րդ դդ. նշանավոր գործիչները, 1976
  11. Հակոբյան (Թարումեան) Ռուբեն (2017)։ Հայոց տառերը։ Ձեւագոյացման համեմատական քննություն, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ։ Երևան: Անտարես։ էջ 5։ ISBN 978-9939-0-2360-1 
  12. Մ. Խորենացի, Հայոց պատմություն (Ստ. Մալխասյանի թարգմանությամբ ու ծանոթագրություններով), ծանոթագրություն # 316
  13. Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 777, 778, 784, 786 և այլն։
  14. Խորենացի Մովսես, «Հայոց պատմություն», Երևան 1990։
  15. 15,0 15,1 15,2 Կորյուն, «Վարք Մաշտոցի», Երևան 1962։
  16. Բյուզանդ Փավստոս, «Պատմություն Հայաստանի», Երևան 1987։
  17. Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն», Երևան 1983 թ․, պարբերություն 12-14։
  18. Հ․ Աճառյան, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 433։
  19. Филострат, ՛՛Жизнь Аполлония Тианского՛՛, Москва 1985 թ․
  20. 20,0 20,1 Ինճիճեան Ղ․, «Դարապատում», Վենետիկ 1827, էջ 75։
  21. Բժշկեան Մ․ «Պատմութիւն Պոնտոսի», Վենետիկ 1819 թ․:
  22. Սթոուն Մայքլ Է, Գույումճեան Տիգրան, Լեմանն Հեննինգ (2002)։ Հայկական հնագրութեան ալբոմ։ Նուիրւում է հայոց գրերի գիւտի 1600 ամեակին։ Մայր Աթոռ Ս. Էջմիածին «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոն։ Երևան: Տիգրան Մեծ։ ISBN 978-99941-0-154-2 
  23. 23,0 23,1 23,2 Աբրահամյան Աշոտ Գարեգինի (1973)։ Մուրադյան Պարույր Մամբրեի, ed.։ Հայոց գիր և գրչություն =: Армянское письмо и письменность։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն 
  24. Խաչատրյան Լ. Մ. (2020)։ Հայերենագիտական տերմինների ուսումնական բառարան։ Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջ 37 
  25. «Հ. Աճառյան. Լիակատար Քերականություն Հայոց լեզվի, Հ. VI»։ serials.flib.sci.am։ էջ 357։ Վերցված է 2023-01-05 
  26. Սարգսյան Արտաշես Լիպարիտի (2005)։ Ժամանակակից հայերենի կետադրությունը։ Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ։ էջ 5։ ISBN 978-5-8084-0640-7 
  27. Մխիթարյան Հակոբ Մկրտիչի (1972)։ Խաչերյան Լևոն Գևորգի, ed.։ Հայերենի կետադրության համառոտ պատմություն։ Երևան: Լույս հրատարակչություն 
  28. Յունիկոդ 1.0
  29. Յունիկոդ 1.0 - General Scripts
  30. Յունիկոդ 1.0 - Code Charts
  31. «Armenian Phonetic Characters in Unicode»։ unicode.org։ Վերցված է 2023-01-04 
  32. ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ և ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ (Ստանդարտ)